
Իրանի նախագահը նախատեսում է այցելել Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին նախատեսում է այցելել Թուրքիա: Այդ մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանին։
«Մոտ ժամանակներս մենք Համագործակցության հարցերով բարձր հանձնաժողովի նիստ կանցկացնենք, որ ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա»,- նշել է Աբդոլահյանը՝ Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարները չեն հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը Ռաիսիի հետ հեռախոսով քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել էսկալացիան նվազեցնելու համար:
Իրանի ԱԳ նախարարը Թուրքիա է ժամանել Կատարից, որտեղ բանակցություններ էր վարել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ:
Լուսանկարը՝ IRNA գործակալության
Մեկնաբանել