
Իսրայելը երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում փախստականների ճամբարին
Իսրայելը երկու օրվա մեջ երկրորդ հարվածն է հասցրել Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին։ Ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ: Այդ մասին հայտնում են CNN-ը և Reuters-ը։
Գազայի հատվածում տեղակայված ինդոնեզական հիվանդանոցի տնօրեն Աթեֆ ալ Կախլուտը չորեքշաբթի հայտարարել է, որ հարվածից հետո առնվազն 80 դի է տեղափոխվել հիվանդանոց: Մյուս մարդկանց շարունակում են հանել փլատակների տակից։
Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ հարյուրավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Իսրայելական ուժերը հաստատել են հարվածի մասին տեղեկությունները և հայտարարել, որ այս հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատար։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ իրենց կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ Ջաբալիայում տեղակայված հրամանատարաշտաբային համալիրին՝ սպանելով իսլամիստական խմբավորման հակատանկային հրթիռային ստորաբաժանման ղեկավար Մուհամեդ Ասարին:
«ՀԱՄԱՍ-ն իր ահաբեկչական ենթակառուցվածքը կառուցում է քաղաքացիական շենքերի տակ, շրջակայքում և դրանց ներսում՝ միտումնավոր վտանգելով Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը»,- ասված է իսրայելական կողմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ջաբալիա ճամբարին հասցված ավիահարվածի հետևանքով Գազայի հատվածում զոհվել էր առնվազն 47 մարդ։ Իսրայելը պնդում էր, որ այդ հարվածների հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի «Ջաբալիա» գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարին։
Լուսանկարը՝ Fadi Wael Alwhidi/DPA/Picture Alliance via Getty Images
Մեկնաբանել