HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան «հակառուսական ժեստ» է համարում Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Մալթայի համաժողովին

Մոսկվան Հայաստանի կողմից «հակառուսական ցուցադրական ժեստ» է որակել Մալթայում Ուկրաինային նվիրված համաժողովին Երևանի մասնակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե խոսում եք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի կողմից հակառուսական ցուցադրական ժեստ»,- նոյեմբերի 2-ի բրիֆինգի ժամանակ նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Զախարովան հայտարարել է, որ Երևանում «պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն դիմակայում են Ռուսաստանին»։

«Եվ ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված կերպով, համառորեն քայքայում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում հենց ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,- եզրափակել է Զախարովան։

Վերջին ամիսներին Կիևն ակտիվորեն փորձում է առաջ տանել կարգավորման մի պլան, որն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այն, ինչպես պնդում է ռուսական կողմը, հաշվի չի առնում Մոսկվայի դիրքորոշումը։ Համապատասխան միջազգային խորհրդակցությունները, որոնց չի հրավիրվել Ռուսաստանը, տեղի են ունեցել հունիսի 24-ին Կոպենհագենում (Դանիա) և օգոստոսի 5-6-ը Ջիդդայում (Սաուդյան Արաբիա): Ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով վերջին հանդիպումը, որը նվիրված էր Ուկրաինայում հակամարտության հաղթահարման ուղիներին, տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-29-ը Մալթայում:

Հենց այս հանդիպման ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Վերջինս ընդգծել էր Գրանադայում Ուկրաինայի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև կայացած առաջին հանդիպման, ինչպես նաև Աննա Հակոբյանի՝ Կիև կատարած այցի կարևորությունը։

«Նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի՝ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու տրամադրվածությունը, հատկապես եվրոպական ինտեգրացիային նվիրված հարցերում»,- ասված էր Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում տարածված հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ cepa.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter