Գործադիրն Ասիական զարգացման բանկից 88,5 մլն դոլար վարկ է վերցրել 46 դպրոցի կառուցման կամ ամրացման համար
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Ըստ հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է 2016թ․-ից և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը:
Ծրագրի շրջանակում մինչ այժմ կառուցվել է 16 դպրոց, ներկայում ընթանում են 19 դպրոցի շինարարական աշխատանքներ, ևս մեկ դպրոցի կառուցման նպատակով հայտարարված է մրցույթ։
10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքների իրականացման տարբեր փուլերում։
Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական։
Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 5900 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։
Հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ փոխարժեքի կուրսի տատանումը, շինարարական նյութերի թանկացումը, իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ արխիվային, © «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել