Ռուսաստանը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսության բացմանը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին։ TACC գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ընդունել Ռուսաստանի ԱԳն առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում։
Սա կդառնա ՀՀ տարածքում ռուսական երկրորդ գլխավոր հյուպատոսությունը։ Առաջինը գործում է Գյումրիում։
ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվել է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք «սկզբունքային բնույթ չունեն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Մոսկվան «ցանկություն է հայտնել Կապանում հյուպատոսություն բացել», ինչին Երևանը համաձայնություն է տվել:
Լուսանկարը՝ Վիքիպահեստից
Մեկնաբանել