
Ալիևը թյուրքախոս պետություններին կոչ է արել ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել մեծացնել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում:
«Ցավոք, այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը, բռնկվում են պատերազմներ, արյունալի հակամարտություններ։ Այդ դեպքում անվտանգության հիմնական երաշխավորն առաջին հերթին դառնում է երկրների պաշտպանական ներուժը։ Կարծում եմ, որ համագործակցությունն անդամ երկրների միջև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը, պաշտպանական արդյունաբերությունը, պետք է էլ ավելի զարգանա»,- Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ այսօր Աստանայում մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են այդ կազմակերպության անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները:
Գագաթնաժողովի արդյունքներով նախագահությունն Ուզբեկստանից կանցնի Ղազախստանին։ Այսօր առավոտյան կայացել էր նաև կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել