
Սոչիում խուզարկել են գործարար Ռուբեն Թաթուլյանին պատկանող սեփականությունը
Սոչիում ռուսական իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանին («Ռոբսոն») պատկանող սեփականություններում։ «Известия»-ի փոխանցմամբ, որը հղում է անում իր զրուցակցին, խուզարկությունն իրականացվել է հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների գործով:
«Известия»-ի զրուցակցի խոսքով՝ խուզարկությունների շարքն իրականացվել է դեռևս օգոստոսի 31-ին։ Ռուսական պարբերականի տրամադրության տակ է հայտնվել նաև օպերատիվ տեսանյութը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները մտնում քաղաքի բիզնես կենտրոններից մեկի վերելակ։
Աղբյուրը հայտնել է, որ Թաթուլյանին կասկածում են Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախությունների մեջ։
Իրավապահներն այցելել են նաև գործարար Անդրանիկ Մումջյանի գրասենյակ, ինչը, ըստ ռուսական կողմի, նույնպես կարող է կապված լինել ապօրինի գործարքների հետ: Նշվում է, որ երկու գործարարներն էլ ներկայում գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս:
2017 թվականի մայիսին Թաթուլյանը ձերբակալվել էր Չեխիայում։ Նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր։ Ինչպես ինքը պնդում էր մինչև 2018 թվականի քաղաքական իրադարձությունները, եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական ու ունեցել դիվանագիտական անձնագիր։
2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուբեն Թաթուլյանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ մեղադրելով վեջինիս «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ: Անդրադառնալով ամերիկյան պատժամիջոցներին՝ «Ռոբսոն» մականունով հայտնի գործարարը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե իր դեմ ինչ պատժամիջոցներ են սահմանվել.
«Ես ոչ մի կապ չունեմ «օրենքով գողերի» հետ: Բացարձակապես ոչ մի բիզնես չունեմ Ամերիկայում և ցանկություն էլ չունեմ ունենալու: Այնտեղի ֆինանսների նախարարը դեբիլ է: Ես նույնիսկ չեմ ցանկանում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա: Իմ միակ «ակտիվները» Ամերիկայում այնտեղ ծնված երկու թոռներս են»,- ասել էր Թաթուլյանը:
Ըստ պատժամիջոցների՝ Թաթուլյանին և պատժամիջոցների տակ հայտնված մյուս 9 անձանց արգելվում է ԱՄՆ-ի տարածքում զբաղվել բիզնեսով: Բացի դրանից, այդ անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ այնտեղ ունեցած հաշիվները սառեցվում են:
Լուսանկարը՝ Коммерсант-ի
Մեկնաբանել