
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուբեն Թաթուլյանի դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Ռոբսոն» մականունով հայտնի ռուսաստանաբնակ «հեղինակություն» Ռուբեն Թաթուլյանի դեմ: Թաթուլյանից բացի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել ռուսաստանցի և հետխորհրդային այլ երկրներում բնակվող 9 քրեական հեղինակությունների դեմ:
Ըստ պատժամիջոցների՝ Թաթուլյանին և մյուսներին արգելվում է ԱՄՆ-ի տարածքում զբաղվել բիզնեսով: Բացի դրանից, այդ անձանց արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ այնտեղ ունեցած հաշիվները սառեցվում են:
РБК-ի փոխանցմամբ՝ պատժամիջոցների տակ հայտնված անձանցից երեքը, այդ թվում Ռուբեն Թաթուլյանը, մեղադրվում են «օրենքով գողերին» նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Թաթուլյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև 2017 թվականի մայիս ամսին, երբ Չեխիայում քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալվել էր: Նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր, ինչը հաստատվել էր նաև Հայաստանի արտգործնախարարության կողմից, մասնավորապես ասվում էր, որ Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր է տրամադրվել «օրենքով սահմանված կարգով»:
Այս տարվա սեպտեմբերին «Հետքը» նամակ էր ստացել Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցումների ոլորտում վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»)՝ տեղեկացնելով, որ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է իրենց՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում: «Роскомнадзор»-ի պահանջը «Հետքը» մերժել էր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել