
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նրա խոսքով՝ սպասվում է եվրոպացի պաշտոնյայի ելույթը Ուկրաինայի խորհրդարանում։
Կիևում ակնկալում են ԵՄ ղեկավարից «դրական ազդանշան» ստանալ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին: Ուրբաթ Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել էր, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Կիև կժամանի «Ուկրաինայի համար դրական նորություններով»՝ կապված ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հետ:
Միևնույն ժամանակ «Страна» պարբերականը, հղում անելով Ուկրաինայի կառավարության իր աղբյուրին, հայտնել է, որ այցի ընթացքում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություններ չեն արվի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է. նախ պետք է դրական գնահատական տրվի Ուկրաինային ԵՄ առաջարկների կատարողականին։
Նոյեմբերի 1-ին Politico պարբերականի եվրոպական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, սակայն Կիևը չպետք է սպասի, որ դրանք կանցնեն արագացված ռեժիմով: Պարբերականը նաև ուշադրություն էր հրավիրել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ Միության անդամ երկրների և անդամակցության թեկնածու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ուղղված նամակին, որտեղ նշվում էր, որ ԵՄ-ին անդամակցելու ոչ մի հայտ «չի կարող քննարկվել արագացված ռեժիմով»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի փետրվարի 28-ին ստորագրեց Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները նույն թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն տվեցին Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն: Համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ տարբեր ոլորտներում բարեփոխումների անցկացում։
Լուսանկարը՝ Reuters/Janis Laizans
Մեկնաբանել