HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ինչո՞վ պիտի ապրեն ծերերը, եթե թոշակ էլ չեն ստանում». արցախցիների բողոքի ակցիան

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արցախի տարբեր շրջաններից բռնի տեղահանված թոշակառուները հավաքվել էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ։ Արցախցիները պահանջում են, որ Կառավարությունը վճարի իրենց կենսաթոշակներն ու նպաստները։

Սուսաննա Օհանյանը 16 տարի ծառայել է Պաշտպանության բանակում, պայմանագրային զինծառայող է եղել։ 2020-ից անցել է թոշակի։ Ապրում էր Ստեփանակերտում։ 2023 թվականի սկզբից Արցախի կառավարությունից 23 000 դրամ էր ստանում, որպես թոշակի անցած նախկին զինծառայող, իսկ զինվորական թոշակը կազմում էր 55 000 դրամ։ Երեխաներն աշխատում էին, իսկ պետությունից ստացած գումարով Սուսաննան կարողանում էր հոգալ իր ծախսերը։

Արդեն երկրորդ ամիսն է՝ Սուսաննան թոշակ չի ստացել։ Երեխաներն էլ դեռևս չեն աշխատում։ Վարձով տան համար ամսական 300 000 դրամ են վճարում։ Պետությունից ստացած 50 000-ական դրամներով իրենց ծախսերն են հոգում, իսկ 100 000-ական միանվագ օգնությամբ բնակարանի վարձն ու դեպոզիտն են վճարել։ Սուսաննան չգիտի՝ ինչպես են հոգալու ընտանիքի ծախսերը։

«Ինձ ասում են պասպորտս պետք է փոխեմ, բայց ինչի՞ պիտի փոխեմ, փոխեմ, որ ամեն ինչից զրկվենք, հետո չկարողանանք ապացուցել, որ Արցախից ենք տեղահանվել։ Ես ծառայել եմ ՊԲ-ում, թոշակ ստացել եմ Հայաստանից, քանի որ գրանցած էի ՊՆ-ի պահեստազորում։ Հիմա իմ թոշակը ինչու՞ չեն տալիս, եթե ՊԲ գոյություն չունի, լուծարվել է, ես մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, ինչո՞վ ապրեմ, ինձ աշխատանք էլ չեն տալիս։ Ինչո՞վ պիտի ապրեն ծերերը, եթե թոշակ էլ չեն ստանում»,- ասում է Սուսաննա Օհանյանը։

Սուսաննա Հովհաննիսյանը նույնպես Ստեփանակերտում էր ապրում։ 63-ամյա Սուսաննայի և իր ամուսնու թոշակը ընդհանուր կազմում էր ամսական 150 000 դրամ։ Այդ գումարը բավարարում էր ամուսինների ծախսերը հոգալու համար։

Այժմ Սուսաննա Հովհաննիսյանը իր 8 հոգանոց ընտանիքով բնակվում է Երևանում՝ վարձով բնակարանում, որի վարձն ամսական 550 000 դրամ է։ Բնակարանի վարձը դեռևս վճարել են միանվագ ստացած օգնության գումարներից, հետո չգիտեն ինչ են անելու։ 

Ժամը 12:30-ին ցուցարարներից 5 հոգու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հրավիրեցին քննարկման։ Քննարկումը դեռևս չի ավարտվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter