HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ICCROM-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները

Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։ 

Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման նիստին ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները և Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։  Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը: 

Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Ադրբեջանի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։

Նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) հիմնական 4 ծրագրերից մեկի՝ Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգության «Առաջին օգնություն և կայունություն» (FAR) նախագծի շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանում վտանգված և սահմանային հուշարձանների թիվը։ Հստակ նախագծերի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter