
«Լճաշեն. ջրասույզ գանձարան»․ ցուցադրություն Պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ներկայացվում է Լճաշենում 1956-1975 թթ․-ին Հարություն Մնացականյանի գլխավորած հնագիտական արշավախմբի պեղումների մի մասը։ Ցուցադրությունը պատմում է ուշբրոնզեդարյան Լճաշենի ամրոցի, կենցաղի, արհեստների, ծեսերի, ծիսական առարկաների և անվավոր փոխադրամիջոցների մասին։ Լճաշենը Հայաստանի պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են սկսած 1866թ․-ից և շարունակվում են մինչ հիմա։ Պեղումները վկայում են, որ Լճաշենը բրոնզի դարում եղել է տարածաշրջանի կարևոր ռազմաքաղաքական, մշակութային և տնտեսական կենտրոններից։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նոյեմբերի 7-ին` բացման օրը, ներկաներին պատմեց ցուցադրության նպատակի, խորագրի մասին․ «Վերնագիրը «Լճաշեն. ջրասույզ գանձարան» է, որովհետև 1950-ական թվականներին ինչ-որ առումով ջուրը մեզ զիջել է այդ կարևոր ժառանգությունը և Սևանա լճի ջրերի ազատված տարածքում սկսվել են պեղումներ։ Այն հատկապես վերաբերում է բրոնզեդարյան շերտերին և մեզ պատմում է մեզնից արդեն դարերով բաժանված մի հետաքրքիր քաղաքակրթության մասին։ Ցուցադրությունը նաև տուրք է պեղումները իրականացնող հնագետներին, գիտնականներին` Հարություն Մնացականյանի գլխավորությամբ»։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը ցուցադրության բացման օրը նշեց, որ Լճաշենը համաշխարհային կարևորության հուշարձան է, և Հայաստանի հուշարձաններից ամենաշատը միջազգային գիտական հարթակներում նրա մասին են խոսում, գրում, հղումներ անում։
Պատմության թանգարանի գիտաշխատող Բենիկ Վարդանյանը ներկաներին պատմեց պեղումների մասին պատմող գիտական հատորյակի մասին։
Առաջիկայում «ԲՈՒՆ TV»-ին պատրաստվում է հրապարակել Լճաշենի պեղումների մասին պատմող իրենց պատրաստած ֆիլմը։
Լուսանկարները` «Հետքի», գլխավոր լուսանկարում՝ մարտակառքի պատկերով բրոնզե արձանադրոշ, Լճաշեն մ․թ․ա 15-14-րդ դարեր
Մեկնաբանել