
Դատավորները հետ են վերցնում ԲԴԽ-ի դեմ ներկայացրած հայցադիմումները
Առաջխաղացման ցուցակներից հանված դատավորները հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ): Սակայն, քննության ընթացքում հրաժարվում են հայցադիմումներից, որի հիմքով էլ գործերը կարճվում են:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցադիմումից, որով պահանջում էր չընդունել Հանրապետության նախագահի առարկությունները՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Մոտ մեկ տարվա քննությունից հետո նոյեմբերի 1-ին գործը կարճվել է:
Ավելի վաղ հայցադիմումից հրաժարվել էին վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:
Նշենք, որ ԲԴԽ-ն 2022թ. օգոստոսի 4-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել: ԲԴԽ-ի այդ որոշմամբ Նաիրա Ավետիսյանը ևս հանվել էր դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնից:
Դատավորների կարիերայի վրա հետևանք են թողել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները: Օրինակ, դատավոր Ավետիսյանը համաձայն չէր եզրակացության մեջ տեղ գտած որոշ փաստերի շարադրումից: Քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքությանը վերաբերող եզրակացություններն օրենքով հրապարակման ենթակա չեն, հայտնի չէ, թե ինչպիսի եզրակացություն է տվել հանձնաժողովը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` բարեվարքության ուսումնասիրության հիման վրա կազմած եզրակացությունները խորհրդատվական բնույթի են, այսինքն՝ պարտադիր չեն պատկան մարմինների համար:
Մեկնաբանել