HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲԴԽ-ն Հանրապետության նախագահի անստորագիր առարկության հիման վրա դատավորի վերաբերյալ որոշում է կայացրել

Վերաքննիչ վարչական դատարանը 2023թ. հուլիսի 3-ին արձանագրել է, որ անվավեր է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում Ռուզաննա Հակոբյանին նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի առարկությունն ընդունելու մասին: 

Հիշեցնենք, որ վարչական դատարանը բավարարել էր Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի հայցադիմումը: Դատավորը պահանջում էր անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունվել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Դատարանն անվավեր էր ճանաչել ԲԴԽ որոշումը՝ պարտավորեցնելով ԲԴԽ նախագահին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին հայտարարությունը:

Դատարանն արձանագրել էր, որ եղած ապացույցներով չի հաստատվում վիճելի փաստն այն մասին, որ ԲԴԽ-ն եռօրյա ժամկետում ետ է ստացել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու իր առաջարկությունը՝ նախագահի առարկությունով: Եղած փաստաթուղթը միայն վկայում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՆ-840-2022 հերթական համարով առարկությունը:

Դրանից հետո Հանրապետության նախագահը վճռի դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա են Հանրապետության նախագահի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին հասցեագրված «Առարկություն» վերտառությամբ 3 փաստաթուղթ։ Այդ 3 օրինակներն էլ ունեն միևնույն բովանդակությունը, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահ նշանակելու համար Ռուզաննա Հակոբյանի թեկնածությունը հակասում է Սահմանադրության պահանջներին: Մասնավորապես, այն, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ, մինչդեռ Հանրապետության նախագահի 2018թ. հոկտեմբերի 4-ի ՆՀ-428-Ա հրամանագրով Ռուզաննա Հակոբյանն արդեն իսկ մեկ անգամ նշանակվել է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ։ 

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ թեև 3 օրինակներն էլ ունեն միևնույն բովանդակությունը, սակայն մի օրինակը, որի ստորին հատվածում առկա է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի մուտքի կնիքը, ստորագրված չէ, չի պարունակում ընդունման ամսաթիվ և հերթական համար։ Երկրորդ օրինակը նույնպես չի պարունակում ընդունման ամսաթիվ և հերթական համար, սակայն ստորագրված է: Իսկ երրորդ օրինակը՝ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված է Հանրապետության նախագահի կողմից, և այդ ստորագրված օրինակը թվագրված է 2022թ. օգոստոսի 8 և ունի ՀՆ-840-2022 հերթական համարը:

Վերաքննիչ դատարանը ստացել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի գրությունը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի անունով ուղարկված նշված բոլոր փաստաթղթերը եղել են ստորագրված՝ վավեր էլեկտրոնային ստորագրությամբ։

Նշենք, որ ԲԴԽ-ն ստանալով Հանրապետության նախագահի առարկությունը պարտավոր է հրավիրել նիստ՝ առարկությունը չընդունելու հարցը քննարկելու և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնելու համար։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ առարկությունը տպագրվել է այնպես, որ Հանրապետության նախագահի ստորագրությունը բացակայել է։ ԲԴԽ-ում քննարկման առարկա է հանդիսացել Հանրապետության նախագահի չստորագրված առարկությունը, որով պայմանավորված չէր կարող որոշում կայացվել: 

Ստացվել է, որ ԲԴԽ-ն վիճարկվող որոշումը կայացրել է Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկության բացակայության պայմաններում, հետևաբար այն անվավեր է։

Ռուզաննա Հակոբյանի պահանջը եղել է ոչ միայն ԲԴԽ-ի որոշումն անվավեր ճանաչելը, այլ՝ վերջինիս պարտավորեցնել դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին հայտարարություն:

Վերաքննիչ դատարանը հայտարարության մասով մերժել է Ռ. Հակոբյանի պահանջը՝ համարելով, որ Հանրապետության նախագահը սահմանված կարգով ներկայացրել է առարկությունը, հետևաբար այստեղ չէր կարող գործել «իրավունքի ուժը»: Այլ բան է, որ ԲԴԽ-ում քննարկման առարկա է դարձել առարկության չստորագրված տարբերակը, որով էլ անվավեր է դարձել ԲԴԽ-ի որոշումը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter