HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը հիմնավոր չի համարել դատավոր Ռուզաննա Հակոբյանի վերաբերյալ նախագահի առարկության՝ 3-օրյա ժամկետում ներկայացումը

Վարչական դատարանը բավարարել է Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի հայցադիմումը: Դատավորը պահանջում էր անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունվել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: 

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի, անվավեր է ճանաչել ԲԴԽ  որոշումը՝ պարտավորեցնելով ԲԴԽ նախագահին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին հայտարարությունը:

Ռուզաննա Հակոբյանն իր դիրքորոշման մեջ նշել էր, որ Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի ընդունել իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հրամանագիրը և առաջարկությունը առարկություններով չի վերադարձրել ԲԴԽ: Արդյունքում իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել իրավունքի ուժով, ինչի մասին ԲԴԽ նախագահը պետք է հայտարարություն հրապարակի դատական իշխանության պաշտոնական կայքում:

ԲԴԽ-ից հայտնել են, որ սահմանված կարգով և ժամկետում ստացել են Ռ. Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի առարկությունը: Այն մուտքագրվել է էլեկտրոնային եղանակով, տեխնիկական վրիպակի պատճառով սկզբում ներբեռնվել է անստորագիր վիճակում, որից հետո խնդիրը շտկվել է և ներբեռնվել է ստորագրված օրինակը: Դրանից հետո նախագահի առարկությունը չընդունելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ նիստում: Արդյունքում ընդունվել է նախագահի առարկությունն ընդունելու վերաբերյալ որոշում:

ԲԴԽ-ն ներկայացրել է Հանրապետության նախագահի առարկության երկու օրինակ, որոնցից մեկը՝ չստորագրված, մյուսը՝ ստորագրված, սակայն առանց ամսաթվի և հերթական համարի: Հանրապետության նախագահը ներկայացրել է իր առարկության ստորագրված օրինակը, թվագրված 2022թ. օգոստոսի 8-ով և ՀՆ-840-2022 հերթական համարով:

Վարչական դատարանը նշել է, որ դատավորների նշանակման հարցում առաջնային դերակատարը ԲԴԽ-ն է (բացառությամբ Ազգային ժողովի կողմից նշանակվող դատավորների), որը կատարում է թեկնածուի ընտրությունը: Հանրապետության նախագահը դատավորների նշանակման հարցում իրականացնում է ԲԴԽ-ի հակակշռում և կարող է առարկություն հայտնել: Ընդ որում, նախագահի առարկությունը պարտադիր չէ, այն կարող է հաղթահարվել խորհրդի կողմից: Այդ դեպքում Հանրապետության նախագահը կարող է միայն հարցն ուղարկել Սահմանադրական դատարան, որը սահմանադրական մարմինների միջև առաջացած վեճը լուծող միակ իրավասու մարմինն է:

Սկզբում անդրադառնալով Հանրապետության նախագահի ներկայացրած ապացույցին՝ դատարանն արձանագրել է, որ դրանով չի հաստատվում վիճելի փաստն առ այն, որ ԲԴԽ-ն եռօրյա ժամկետում ետ է ստացել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու իր առաջարկությունը՝ նախագահի առարկությունով: Նշված փաստաթուղթը միայն վկայում է, որ Հանրապետության նախագահը ստորագրել է ՀՆ-840-2022 հերթական համարով առարկությունը: 

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի ներկայացրած փաստաթղթերին, դրանք ևս չեն հաստատում այն, որ վերջինս եռօրյա ժամկետում ետ է ստացել նախագահից:

Վարչական դատարանն արձանագրել է, որ թեև Հանրապետության նախագահի առարկության մյուս օրինակը ստորագրված է, սակայն պարզ չէ, թե այն երբ և ինչ եղանակով է հայտնվել ԲԴԽ տիրապետության տակ: Նախ՝ նշված առարկությունը չունի ամսաթիվ և հերթական համար: Երկրորդ՝ բացակայում է դրա մուտքագրելը հավաստող դրոշմակնիքը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ներկայացնելով էլեկտրոնային համակարգից կատարված քաղվածքը, պնդել է, որ 2022թ. օգոստոսի 8-ին էլեկտրոնային եղանակով ստացվել է առարկության ստորագրված օրինակը, իսկ անստորագիր օրինակը մուտքագրվել է տեխնիկական սխալի պատճառով:

Վարչական դատարանը գտել է, որ էլեկտրոնային համակարգից կատարված քաղվածքով չի հաստատվում, որ ԲԴԽ-ն եռօրյա ժամկետում ետ է ստացել առարկությունը: Մասնավորապես, նշված քաղվածքից պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է (փաստաթղթեր են) ստացվել էլեկտրոնային եղանակով Հանրապետության նախագահից:

Դատարանը կարևոր է համարել նաև այն, որ դատավորի թեկնածուի առաջարկության հետ մեկտեղ Հանրապետության նախագահին է ուղարկվում նրա անձնական գործը: Դա նշանակում է, որ առաջարկությունը վերադարձվում է Բարձրագույն դատական խորհուրդ դատավորի անձնական գործով և Հանրապետության նախագահի առարկությունով: Մինչդեռ  գործում առկա որևէ նյութով չի ապացուցվում, որ 2022թ. օգոստոսի 8-ին ԲԴԽ է վերադարձվել Ռուզաննա Հակոբյանի առաջարկությունը և անձնական գործը՝ Հանրապետության նախագահի առարկությունով:

«Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ առկա են օրենքի 117-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հայցվորին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած համարելու հիմքերը, ուստի դրա մասին հայտարարությունը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուն Բարձրագույն դատական խորհրդի նախագահին պարտավորեցնելու՝ հայցվորի պահանջը հիմնավոր է»,-նշված է վճռում:

Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ վարչական դատարանում՝ մեկամսյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter