«Ջալալ Հարությունյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ մեղավորությունը դիվիզիոնի հրամանատարությանն է»․ պաշտպան
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով օրեր առաջ դադարեցվեց արդարացնող հիմքով։ Սակայն երկրորդ դրվագով, որը վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին, Ջալալ Հարությունյանը շարունակում է մեղադրվել։ Այս առիթով այսօր՝ նոյեմբերի 10-ին մամուլի ասուլիս էր հրավիրել Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։
Նա նշեց, որ շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը նոր են ստացել, և 11 փորձագետները միակարծիք եզրակացություն են տվել, որն, ըստ նրա, առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապանդման հիմքերի բացակայության մասին։
«Այս եզրակացությունը ստանալուց հետո մենք ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում առաջին դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ. խոսքը հակահարվածի դրվագի մասին է»,- ասաց Սարդարյանը։
Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց Ջալալ Հարությունյանին․ «Անունով նոր է, բայց ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը, կարծես այս ռազմագիտական փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել»,- նշեց փաստաբանը։
2-րդ դրվագով մեղադրանքը Դ-20 դիվիզիոնի վրա հոկտեմբերի 12-ին հակառակորդի կողմից կատարված հարձակման մասին է, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է թե՛ մարդկային, թե՛ զրահատեխնիկայի կորուստներ։ Սարդարյանի խոսքով՝ այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ իբր, երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապվել է Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է Հարությունյանին, որ խմբավորում է մոտենում, և Ջալալ Հարությունյանն իբր ասել է, թե դա յուրային խմբավորում է, և այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները։
Սարդարյանն ասում է՝ ռազմագետները այս մասով պատասխանում են, որ դիվիզիոնի հրամանատարությունը պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ․ պետք է տեղում խրամուղիներ պատրաստած լինեին, պետք է ունենային համապատասխան դիտակետեր և բոլոր ուղղություններով ունենային դիտորդներ, ինչի շնորհիվ կբացահայտեին հակառակորդին, սակայն առաջանում է երկրորդ հարցը՝ եթե դիտորդը լիներ և բացահայտվեր, կարո՞ղ էին յուրային ուժերը պաշտպանությունը կազմակերպել։ Այս հարցի պատասխանը, ըստ փաստաբանի, ևս առկա է ռազմագիտական փորձաքննությունում։ «Միանշանակ է, որ անկախ նրանից, թե Ջալալ Հարությունյանը Գենադի Բաղդասարյանի բանավոր հարցին ինչ է պատասխանել, Դ–20 դիվիզիոնի ունեցած կորուստները, գործող մարտական կանոնների համաձայն, միանշանակ դիվիզոնի հրամանատարության թերացման հետևանք են»,- նշեց փաստաբանը։
Արսեն Սարդարյանն այդ թեմայով խորհրդակցել է նաև իրավաբան Արա Գաբուզյանի հետ, որը ևս հայտնել է, որ Ջալալ Հարությունյանի պատասխանից անկախ՝ քրեաիրավական առումով այդ արարքի համար Ջալալ Հարությունյանը չի կարող պատասխանատվության ենթարկվել, քանի որ մեղավորությունը դիվիզիոնի հրամանատարությանն է։
Փաստաբանն այսօր տեղեկացել է, որ քննչական մարմնից իրենց հրավիրում են՝ գործի ավարտի մասին հայտնելու, այսինքն՝ ՔԿ-ն արդեն ունի վերջնական կարծիք, որ երկրորդ դրվագով գործն ուղարկում է դատարան։
Փաստաբանի խոսքով՝ տպավորություն ունեն, թե, անկախ ամեն ինչից, որոշվել է գործը դատարան ուղարկել։ Նրա կարծիքով՝ մեղադրանքում որևէ անդրադարձ չի կատարվել ռազմագիտական եզրակացությանը․ «Գիտե՞ք՝ ինչու չեն անդրադարձել, որովհետև հենց անդրադառնան այս եզրակացությանը, պետք է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնեն»։ Փաստաբանն ասում է՝ Հայաստանում չկա հնչեղություն ունեցող որևէ գործ, որ դատարան չի ուղարկվել, և այս գործում ևս այդ տրամաբանությունն է առաջնորդում քննչական մարմնին՝ «Մի բան ուղարկենք դատարան»։
Ըստ Սարդարյանի՝ մեղադրանքում ներկայացված է միայն Գենադի Բաղդասարյանի պատմածը, թե Ջալալ Հարությունյանին երկու անգամ է մոտեցել։ Առաջին անգամ Ջալալ Հարությունյանն իր սեղանի մոտ է եղել և ասել է՝ մերոնք են, իսկ երկրորդ անգամ Հարությունյանը մոտեցել է քարտեզին, հետախույզների հետ քննարկել է և կրկին ասել, որ մերոնք են։ Սակայն, ըստ փաստաբանի, այնտեղ եղել է ևս մեկ անձ, որ լսել է այդ խոսակցությունը՝ Գենադի Բաղդասարյանի տեղակալը, որի պատմելով՝ Ջալալ Հարությունյանն առաջին հարցադրմանը պատասխանել է՝ «Պետք է, որ մերոնք լինեն»։ Իսկ Ջալալ Հարությունյանի խոսքով՝ ինքն ասել է՝ «Հնարավոր է մերոնք լինեն»։ Փաստաբանն ասում է՝ Հարությունյանի այս խոսքի մասին 3 անձ է հայտնել, որոնցից 2-ն ասում են, որ պատասխանը ոչ հաստատուն կերպով է հնչել, սակայն մեղադրանքում նշվել են միայն Գենադի Բաղդասարյանի խոսքերը։
Սարդարյանն ասում է՝ փաստական տվյալներում ևս այլ իրադրություն է ներկայացված, քան Հարությունյանին առաջադրված մեղադրանքում է։ Մասնավորապես, մատյաններում արձանագրված է, որ երկրորդ անգամ Հարությունյանին ասել են, թե մոտեցող խմբավորման թևքերին կարմիր ժապավեններ կան, ինչին հնչել է պատասխան, թե հակառակորդն է, անմիջապես խոցել։ Սակայն Գենադի Բաղդասարյանի խոսքով՝ երկրորդ անգամ ևս Հարությունյանը պատասխանել է, թե մերոնք են, ու մեղադրանքում դա է ներառված։
Սարդարյանն ասաց, որ դեռևս հույս ունեն, որ գործը դատարան չի գնա, բայց եթե ուղարկվի, չեն միջնորդելու, որ նիստերը դռնփակ լինեն, ավելին՝ եթե նման միջնորդություն լինի, իրենք դեմ կլինեն։
Մեկնաբանել