HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթությունից դուրս մնացած երեխաներ. արժանահավատ տվյալներ չկան (վիդեո)

Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, անչափահաս Աննա Դեմուրխանյանը հաշմանդամության պատճառով չի կարողացել գնալ դպրոց եւ ընդամենը 2-րդ դասարանի կրթություն ունի: Աննայի համար օրենքով սահմանված տնային ուսուցում չի կազմակերպվել, որի պատճառով խախտվել է երեխայի կրթության իրավունքը:

Աննայի մասին Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղյակ չէին: «Արդյոք մարզի մնացած 60 հիմնական դպրոցներում նույնպես չկան կրթությունից դուրս մնացած  անչափահասներ»,- հարցրինք Ընտանիքի , կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Սվետլանա Ասրյանին: «Միգուցե կան, բայց մենք ունենք այն, ինչ ունենք»,- պատասխանեց առաջատար մասնագետը: 

Կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառումը եւ նրանց պարտադիր ուսուցման ապահովումը Հայաստանում, մեղմ ասած, թերի է: Այն թողնված է համայնքապետերի հայեցողությանը: Համայնքի ղեկավարն իրականացնում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում («Կրթության մասին» օրենք, հոդված 39), իսկ մարզպետը համակարգում եւ վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում («Կրթության մասին» օրենք, հոդված 38): Մեր ուսումնասիրությունները Լոռու մարզի մի շարք գյուղերում ցույց տվեցին, որ եթե համայնքապետերն ինչ-ինչ պատճառներով «մոռանում» են դպրոցից դուրս մնացած երեխաների մասին հայտնել, մարզպետարանների «վերահսկողության» արդյունքում էլ դա չի բացահայտվում: 

Գրավոր հարցումներով փորձեցինք պարզել պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների ճշգրիտ թիվը Լոռու մարզում: Ազգային վիաճակագրական ծառայության տվյալներով՝ 2011/2012 ուստարվա սկզբին ուսումը կիաստ թողած կամ դպրոցից հեռացած երեխաների թիվը Լոռու մարզում 72 է, որից 58-ը՝ ցանկության բացակայության պատճառով,  4-ը՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով, 4-ին ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել, իսկ 6-ը՝ տեսողական, հենաշարժողական, մտավոր եւ այլ խնդիրների պատճառով չեն հաճախում:

Ըստ Կրթության եւ գիտության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ նույն ժամանակահատվածում Լոռու մարզում գրանցվել է 11 դպրոց չհաճախող երեխա: Նույն թիվն է հայտնել նաեւ Լոռու մարզպետարանը:

Սակայն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Սվետլանա Ասրյանի՝ մեզ ներկայացրած ցուցակի համաձայն՝ 2011թ. սեպտեմբերի 22-ի դրությամբ մարզի դպրոցներում հաշվառված են կրթությունից դուրս մնացած 8 անչափահասներ: Որ տվյալներն են արժանահավատ՝ դժվար է ասել: Ակնհայտ է, որ հաշվառման հստակ գործող համակարգ եւ դրա նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա:   

Երեխաների ազգանունների դիմաց ցուցակում կատարված նշումներից տեղեկացանք, որ Վանաձորի թիվ 3 դպրոցի աշակերտ Հենրիխ Կիլինկադիրիսը  ազգությամբ հույն է, վատ է տիրապետում հայերեն լեզվին, այդ պատճառով ամաչում է դպրոց գնալ: Նույն դպրոցի աշակերտ Մերգուշ Գաբրիելյանը դպրոց չի գնում, որովհետև որոշել է արհեստ սովորել: Վանաձորի թիվ  27 դպրոցի աշակերտներ Կարեն Թանյանը և Վեիս Թանյանը ամառային արձակուրդներին մեկնել են արտերկիր և չեն վերադարձել:

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի աշակերտ Ցոլակ Աբելյանը, Կողես գյուղի հիմնական դպրոցի աշակերտ Գևորգ Բոշյանը, Լերմոնտովո գյուղի միջն. դպրոցի աշակերտ Դիմիտրի Կորոլկովը նույն դասարանում մնալու պատճառով են խուսափել դպրոցից, իսկ  Ֆիոլետովո գյուղի միջն. դպրոցի աշակերտ Անդրեյ Կարտոշովի ծնողները ուղղակի չեն ցանկանում, որ իրենց անչափահաս տղան շարունակի ուսումը դպրոցում:

Թե անհատական ինչ աշխատանքներ են տարվել այս անչափահասներին դպրոց վերադարձնելու համար, Սվետլանա Ասրյանը չասաց, սակայն փաստեց, որ իրենց չի հաջողվել  հաշվառվածներից որևէ մեկին վերադարձնել դպրոց: 

Մարզպետարանը դպրոցից դուրս մնացող և դժվար իրավիճակում հայտնված  անչափահասների մասին տեղեկատվություն պետք է ստանա նաև ոստիկանությունից: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Անուշ Գևորգյանը «Հետքին» հայտնեց, որ  2011թ. ոստիկանության մարզային վարչությունում հաշվառման մեջ են եղել մարզի 101 անչափահասներ: Նրանցից 74-ը սոցիալապես անապահով ընտանիքներից են: Վարչությունում գրանցվել է  անչափահասների մասնակցությամբ կատարված 38 հանցագործություն:   

Ըստ ոստիկանության փոխգնդապետի՝ 2012թ. անցած ժամանակաշրջանում ոստիկանության մարզային վարչությունում  հաշվառվել է 49 անչափահաս, որոնցից 34-ը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Մարզում այս ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների կողմից կատարված 10 հանցագործություն: 2012թ.-ի անցած ժամանակաշրջանում 3 անչափահասներ խուսափել են դպրոցից: Ոստիկանության մարզային վարչությունում հաշվառված անչափահասների մասին էլ, փաստորեն, մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում տեղյակ չէին: 

Մարզպետարանում  գրանցված կրթությունից դուրս մնացած անչափահասների մասին էլ տեղեկացված չէին Վանաձորի «Զանգակատուն» բարեգործական և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ները, որոնք երեխաների իրավունքների պաշտպանության առաքելություն ունեն: «Մենք այս պահին «Հայկական Կարիտաս»  բարեգործական ծրագրով իրականացնում ենք դժվար իրավիճակում գտնվող երեխաների աջակցության ծրագիր: Ծրագրում ընդգրկված են 95 երեխաներ, նրանց մեջ դասերից բացակայողներ ունենք, սակայն կրթությունից դուրս մնացածներ չունենք»,- ասաց ՀԿ-ի փոխնախագահ  Եգանյանը: 

Դժվար  իրավիճակում հայտնված երեխաների մասին «Հետքը» հարցում արեց նաև «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի  Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Վարազդատ Սարգսյանին: Նա ասաց, որ որպես երեխայակենտրոն կազմակերպություն աշխատում են Թումանյանի տարածաշրջանի 10 շահառու համայնքների հետ:

Այդ համայնքներում կազմակերպությունն ունի 10 սոցիալական աշխատողներ, ովքեր դժվար իրավիճակում գտնվող 58 ընտանիքների կարիքի գնահատում են կատարել. «Մեր շահառու համայնքներում այդպիսի դեպք չկա, որ երեխան հագուստի պատճառով դպրոց չհաճախի»,- ասաց Վարազդատ Սարգսյանը:

«Զանգակատուն» բարեգործական ՀԿ-ի համակարգող Իրինա Չախոյանը նկատեց, որ թեև Լոռու մարզկենտրոնում անչափահասների հարցերով զբաղվող ՀԿ-ները շատ են, սակայն դժվար վիճակում հայտնված երեխաների խնդիրները մեծ մասամբ մնում են անլուծելի: Նրա կարծիքով՝ ժամանակն է Լոռու մարզում ստեղծել ՀԿ-ների աշխատանքը համակարգող ցանց, որպեսզի պարզ լինի, թե ընտանիքի և երեխաների որ խնդիրներով որ ՀԿ-ն է զբաղվելու: 

Ժամանակն է նաեւ, որ պետությունը կատարելագործի դպրոցական տարիքի երեխաների հաշվառման, նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում ապահովելու մեխանիզմները եւ պատշաճ վերահսկողություն սահմանի կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների ուսուցումը կազմակերպելու նկատմամբ: 

Ստորեւ՝ այս խնդրի մասին Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունում «Հետաքննող լրագրողներ»-ի կազմակերպած հեռուստահաղորդումը, որը եթեր է հեռարձակվել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter