HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանն Իսրայելից ձեռք կբերի Barak MX զենիթահրթիռային համալիրներ

Ադրբեջանը որոշել է Իսրայելից ձեռքբերել Barak MX տեսակի զենիթահրթիռային համալիրի լրացուցիչ համակարգեր։ Գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 1,2 միլիարդ դոլար։ Ինչպես նշում է Defense Industry Europe պարբերականը, մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Ադրբեջանում Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն էր իրականացրել։

Իսրայելական արտադրության ՀՕՊ տարբեր համակարգերն արդեն մի քանի տարի կիրառվում են Ադրբեջանում, սակայն վերջին ցուցադրությունը վերաբերվել է արդիականացված տարբերակներին։ Israel Aerospace Industries-ի հետ Ադրբեջանն ունի համագործակցության երկար պատմություն։ Հենց այս ընկերությունն է մշակում և Բաքվին վաճառում Harop հարձակողական անօդաչուներն ու LORA օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները։

Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռային և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարելու համար: Գործում է ինչպես ծովային հարթակներում, այնպես էլ ցամաքում։

Այս տարվա հոկտեմբերին էլ գրել էինք, որ Ադրբեջանի «Azercosmos» տիեզերական գործակալությունը և Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը Բաքվում համաձայնագիր էին ստորագրել՝ Azersky-2 ծրագրի համար դիտարկման երկու արբանյակ ստեղծելու մասին։

Ինչպես փոխանցում էր ադրբեջանական կողմը, այս արբանյակները հագեցած կլինեն բարձր կարգի էլեկտրաօպտիկական ընկալող-հաղորդող սարքերով։ Իսրայելական կողմն իր վրա կվերցնի առաջին արբանյակի նախագծման, հավաքման, ինտեգրման և թեստավորման պարտավորությունը՝ գործընթացին ներգրավելով ադրբեջանցի մասնագետներին։

Բացի այդ, իսրայելական կողմը «Azercosmos»-ին օգնելու է Ադրբեջանի տարածքում արբանյակների ստեղծման նոր կենտրոնի նախագծի մշակման հարցում։ 

Իսրայելական Globes պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում էր, որ խոսքը Ադրբեջանին OptSat500 տեսակի արբանյակների վաճառքի մասին է: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 120 միլիոն դոլար։ Այդ արբանյակները շահագործման տեսանկյունից երկարաժամկետ են և ունեն բարձր ճշգրտության նկարահանման հնարավորություններ:

Նոր արբանյակները կփոխարինեն Azersky արբանյակին, որն արտադրվել էր ֆրանսիական Airbus-ի կողմից։ Վերջինս արձակվել էր 2014 թվականին, բայց դրա հետ կապը կտրվել էր այս տարվա ապրիլի 20-ին։

Լուսանկարը՝ defense-update.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter