HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեհաստանի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին: Ինչպես հայտնում է լեհական PAP գործակալությունը, դա արվել է Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նոր գումարման առաջին նիստի ժամանակ։ 

«Ես մտադիր եմ հրաժարական տալ խորհրդարանի կանոններին համապատասխան»,- ասել է Մորավեցկին։

Ինչպես փոխանցում է պարբերականը, երեկոյան նախագահական պալատում Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան Մորավեցկիին նոր կաբինետ ձևավորելու առաջին փորձի լիազորություն կտա, ինչի համար կհատկացվի 14 օր: Նոր խորհրդարանում իշխող կուսակցությունը չունի մեծամասնություն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Լեհաստանի ընդդիմադիր 3 կուսակցությունները ստորագրել էին կոալիցիոն համաձայնագիր։ «Քաղաքացիական կոալիցիայի», «Երրորդ ուղու» և «Նոր ձախերի» ներկայացուցիչների ստորագրած կոալիցիոն համաձայնագիրը բաղկացած է 24 կետից և շոշափում է «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարության պատասխանատվության, ԶԼՄ-ների ազատության և իրավունքի գերակայության հարցերը: 

«Այսուհետ մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր երկրի և առաջիկա տարիների համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք շատերը անվանում էին «երկրի պատմության ամենակարևոր ընտրությունները», կայացել էին հոկտեմբերի 15-ին։ 

Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը հավաքել էր ձայների 36%-ից մի փոքր ավելին։ Դա բավարար չեղավ նույնիսկ «Համադաշնություն» կուսակցության հետ ձևավորել կառավարություն, որին աջակցել էր ընտրողների մոտ 8 %-ը։ Ընդդիմադիր երեք կուսակցությունները միասին ստացել էին ձայների գրեթե 54 %-ը։

Լեհ քաղաքագետները նշում են, որ դեռևս վերջնական հստակ չէ, թե ի վերջո Մորավեցկին կկարողանա ձևավորել կառավարություն, քանի որ ընդդիմությունը պատրաստ չէ համագործակցել գործող վարչապետի գլխավորած քաղաքական ուժի հետ, որը վերջին ընտրությունների ժամանակ պարտվել էր ընդդիմությանը։

Լուսանկարը՝ AP Photo / Geert Vanden Wijngaert

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter