
Փաշինյան. «ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ»
Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի համար հերթագրվել է 24 պատգամավոր: Ընդդիմադիր պատգամավորները ևս հերթագրվել են վարչապետին ու նախարարներին հարցեր ուղղելու համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, թե երեկ պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում նախատեսված ՀԱՊԿ նիստին: Իսկ հոկտեմբերի 12-ին չի մեկնել Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին: Բիշքեկ չի մեկնել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Բացի այդ, նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական նիստին հրաժարվել է մասնակցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստից էլ բացակայել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Պատգամավորի դիտարկմամբ` դրան զուգահեռ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և նորին չի նշանակել: Հրաժարվել է Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններից:
«Շատ ուղիղ հարց եմ տալիս՝ ի՞նչ է այս ամենը նշանակում: Ձեր այս քայլով արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը` պահանջելով նաև բացատրություն, թե ինչ անվտանգային համակարգով է փոխարինվելու գործող համակարգը, եթե իշխանությունները որոշել են դուրս գալ ՀԱՊԿ-ից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ թե հրաժարվել են, այլ որոշում են կայացրել այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով: Վարչապետը նշեց, որ որևէ բանի համար «հող չի նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա` անկախ մեր նախապատրաստելուց»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, և դա կրկնվել է մի քանի անգամ: Վարչապետը նշեց, որ հանրության համար էլ պարզ չէ, թե ինչու են ամեն անգամ գնում ու նույն բաները կրկնում` չստանալով ոչ մի արձագանք ու թողնում հետ գալիս:
Վարչապետը նշեց, որ այդ միջոցառումներին չմասնակցելով՝ թե՛ Հայաստանին, թե՛ ՀԱՊԿ-ին ժամանակ են տալիս մտածելու հետագա գործողությունների ժամանակ:
Ագնեսա Խամոյանը արկածախնդրություն որակեց իշխանությունների քաղաքականությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ակնարկեց, որ Ռուսաստանը հրաժարվել է զենք վաճառել Հայաստանին, իսկ այդ պայմաններում պետք է անվտանգային այլ գործընկերներ փնտրեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել