«ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանն ապօրինի է կալանավորված»․ պաշտպան
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի անվտանգության վարչության պետի տեղակալ, գնադապետ Նորայր Ասլանյանը, ըստ պաշտպանական կողմի, հինգ ամիս է՝ ապօրինի կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ՝ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Ասլանյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը «Հետքին» հայտնեց, որ ապացույցներ են ներկայացրել նախաքննական մարմնին առ այն, որ Նորայր Ասլանյանի մոտ հայտնաբերված զենքը ապօրինի չէ։ Պաշտպանական կողմը հարցում է արել Արցախի նախագահի աշխատակազմ և փաստաթղթավորված պատասխան ստացել, որ նշված զենքերը Նորայր Ասլանյանին տրամադրվել են պետության կողմից՝ որոշակի գործառույթներ իրականացնելու համար։ Սակայն, Անդրիկյանի հաղորդմամբ, նախաքննական մարմինը և դատարանը այս փաստին ուշադրություն չեն դարձնում և 2 ամիսը մեկ Նորայր Ասլանյանի կալանքի ժամկետը երկարաձգում են։
Նորայր Ասլանյանին կալանավորելու մասին որոշումների հիմքում դրվել է երկու փաստարկ. առաջին՝ զինվորականը կարող է խոչընդոտել քննությանը, քանի որ վայելում է հեղինակություն հանրության շրջանում, երկրորդ՝ կարող է թաքնվել քննությունից՝ մեկնելով Արցախ։
Պաշտպանի խոսքով՝ կալանավորման վերոնշյալ երկու հիմքերն էլ անհիմն են, և Նորայր Ասլանյանն ապօրինի է կալանավորված։ Անդրիկյանն ասում է՝ եթե քննության սկզբնական փուլերում խոչընդոտելու վերաբերյալ կասկածի հանգամանքն առկա էր, ապա քննության հաջորդ փուլերում այդ կասկածը նվազում է։ Քննությունից թաքնվելու հիմքը ևս, պաշտպանի համոզմամբ, գոյություն չունի, քանի որ Արցախը հայաթափվել է, և Նորայր Ասլանյանը չի կարող հեռանալ Արցախ։
Այդ փաստարկները հաշվի առնելով՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատարանը, ըստ Անդրիկյանի, առանց որևէ հիմնավորման մերժել է միջնորդությունը։
Նորայր Ասլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությանը, սակայն պաշտպանական կողմի համար պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է նման ենթադրյալ հանցագործության դեպքը ՀՀ քննչական կոմիտեում քննվելու փոխարեն քննվում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում։
Արմեն Անդրիկյանը կասկածներ ունի, որ այս քրեական հետապնդումը գաղտնի նպատակներ է հետապնդում, սակայն դրանց մասին չի ցանկանում այս փուլում խոսել, քանի որ դրանք դեռևս ամրապնդված չեն։ «Երբ պաշտպանական կողմը տեսնում է, որ ընդհանրապես գոյություն չունի հանցանք և տեսնում է 5 ամիս շարունակվող կալանք և նախաքննություն, այլ բան չի մնում, քան մտածելը, թե ինչի՞ համար է կալանքի տակ գտնվում Նորայր Ասլանյանը, կամ ինչի՞ համար է նրա նկատմամբ այս ապօրինի գործընթացն իրականացվում»,- ասում է Արմեն Անդրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի, Արցախ, 2016 թ.
Մեկնաբանել