HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էյր Դիլիջանսը» կրկին իրավունք ունի փոխադրումներ կատարել

«Էյր Դիլիջանս» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը վերականգնվել է: Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքից: Սա նշանակում է, որ օպերատորը կրկին կարող է զբաղվել կոմերցիոն փոխադրումներով:

Այս տարվա օգոստոսին գրել էինք, որ ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը ՔԱԿ-ը կասեցրել է 6 ամսով՝ մինչեւ 2024 թ. փետրվար, քանի որ փոխադրողն այդ պահին չուներ թռիչքների համար պիտանի օդանավ: ՕՇՎ տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «Էյր Դիլիջանսի» կողմից շահագործվող միակ օդանավը օգոստոսին տեխնիկական անսարքություն ուներ եւ պիտանի չէր թռիչքների համար, դա հանգեցրել էր փոխադրողի ՕՇՎ-ի գործողության կասեցմանը:

Բայց քանի որ ավիաընկերությունը կարողացել է սահմանված ժամկետում օդանավը բերել սարքին վիճակի եւ կրկին պիտանի դարձնել թռիչքների համար, Քաղավիացիայի կոմիտեն վերականգնել է ՕՇՎ-ի գործողությունը:

Այսպիսով՝ ներկա պահին Հայաստանում կա 9 ավիաընկերություն, որոնք ունեն գործող ՕՇՎ-ներ:

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways)
«Էյր Դիլիջանս» ՍՊԸ (Air Dilijans)
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters)
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir)
«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia)
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball)
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ (FlyOne Armenia)
«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ (Fly Arna)
«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ (Armenian Airlines)

Ինչ վերաբերում է 2015 թ. դեկտեմբերին հիմնադրված եւ 2016-ի հուլիսից հայկական երկնքում աշխատող «Էյր Դիլիջանսին», ապա նրա միակ՝ «Boeing 737-500» տիպի ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-73736), որը տեւական ժամանակ կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում, նոյեմբերի 3-ին Երեւանից թռել է Թբիլիսի:

Այս օդանավը 2022-ի ամառվանից «Էյր Դիլիջանսի» շարժակազմում գրանցված միակ ինքնաթիռն է: Մինչեւ հարկադիր կայանումը այն կատարում էր թռիչքներ Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեգծով, այսինքն՝ Երեւանի միջոցով իրար էր կապում Թբիլիսին ու Մոսկվան:

Հիշեցնենք, որ «Էյր Դիլիջանսի» 51 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանն է, որը նաեւ ընկերության տնօրենն է, մնացած 49 %-ը պատկանում է վրացի Թամազ Գաիաշվիլիին, որը վրացական «Georgian Airways»-ի հիմնադիրն ու փաստացի տերն է: Գաիաշվիլին նաեւ «Էյր Դիլիջանսի» փաստացի տերն է, պարզապես «Ավիացիայի մասին» օրենքը պարտադրում է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 %-ը պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց:

Լուսանկարում՝ EK-73736-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, հեղ.՝ Լիանա Սայադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter