HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Էյր Դիլիջանսը» չունի թռիչքների համար պիտանի օդանավ. փոխադրողի վկայականի գործողությունը կասեցվել է

Քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, ինչը նշանակում է, որ այս փոխադրողը չի կարող թռիչքներ իրականացնել մինչեւ վկայականի վերականգնումը:

2015-ի դեկտեմբերին հիմնադրված «Էյր Դիլիջանսը» հայկական երկնքում աշխատում է 2016 թ. հուլիսից: Մինչեւ այս տարվա մարտ այն կոչվում էր «Ավիակոմպանիա Արմենիա», բայց քանի որ «Արմենիա» անվան կիրառմամբ էլի ավիաընկերություններ կան մեր երկրում, այս օպերատորի ղեկավարությունը որոշեց անվանափոխություն անել:

«Էյր Դիլիջանսի» 51 %-ի սեփականատերը ՀՀ քաղաքացի, թբիլիսահայ Ռոբերտ Օգանեսյանն է, որը նաեւ տնօրենն է, մնացած 49 %-ը պատկանում է վրացի Թամազ Գաիաշվիլիին, որը վրացական «Georgian Airways»-ի հիմնադիրն ու փաստացի տերն է: Գաիաշվիլին նաեւ «Էյր Դիլիջանսի» փաստացի տերն է, պարզապես «Ավիացիայի մասին» օրենքը պարտադրում է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունների առնվազն 51 %-ը պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց:

Մինչեւ այս տարվա հունիսի 19-ը «Էյր Դիլիջանսն» իրականացնում էր թռիչքներ Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեգծով: Այսինքն՝ Երեւանի միջոցով Մոսկվա էր տեղափոխում Վրաստանից ու Հայաստանից մեկնող ուղեւորներին եւ այնտեղից բերում Հայաստան ու Վրաստան ժամանողներին: Երեւանը, փաստորեն, Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ կապող օղակ էր դարձել: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ 2019-ի հունիսին Վրաստանում ծագած հակառուսական սկանդալից հետո ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով արգելվեցին ռուսական ավիաընկերությունների թռիչքները Վրաստան եւ վրացականների մուտքը՝ Ռուսաստան: Դեպի Ռուսաստան թռչող «Georgian Airways»-ի ղեկավարությունը այդուհետ գործարկեց «Ավիակոմպանիա Արմենիայի» միջոցով Երեւանից դեպի Մոսկվա մեկնելու եւ այնտեղից նույն ճանապարհով վերադառնալու տարբերակը:

Դա բավական շահավետ էր Գաիաշվիլիի եւ նրա գործընկերների համար: «Հետքի» աղբյուրը վերջերս հայտնել էր, որ Վրաստանից Ռուսաստան մեկնող եւ այնտեղից ժամանող ուղեւորներին Երեւանի միջոցով տեղափոխելու նոր եւ ընդլայնման ենթակա ծրագրեր ունեին նաեւ 3 հայկական ավիափոխադրողներ, սակայն դրանց իրականացմանը խոչընդոտել են վրացական իշխանությունները՝ չտալով համապատասխան թույլտվություններ: Ըստ մեր աղբյուրի՝ դրանում իր ազդեցությունն է ունեցել Թամազ Գաիաշվիլին: Վերջինս, Ռոբերտ Օգանեսյանն ու «Էյր Դիլիջանսը» չեն արձագանքել «Հետքի» հարցերին եւ չեն հերքել Գաիաշվիլիի մասին մեր ստացած տեղեկությունները:

Քանի դեռ հայկական ավիաընկերությունները պայքարում էին վրացական շուկայում աշխատելու իրենց իրավունքների համար, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին արեւմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի նախագահ Պուտինն այս տարվա մայիսին հանեց 2019-ին սահմանած իր արգելքը, ինչից հետո ռուսական «Ազիմուտն» ու վրացական «Georgian Airways»-ն առաջինը հայտարարեցին չվերթերի վերականգնման մասին: 4 տարվա դադարից հետո մայիսին «Georgian Airways»-ը կրկին կատարեց Թբիլիսի-Մոսկվա չվերթը: Ու չնայած դրա պատճառով վրացական օպերատորը խիստ քննադատության տակ հայտնվեց թե՛ սեփական երկրում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ մասնավորապես, հայտնվելով նաեւ Ուկրաինայի պատժամիջոցների տակ, այս ֆոնին «Էյր Դիլիջանսի» ազդեցությունը Հայաստանի ու Վրաստանի ավիափոխադրումների շուկայում կտրուկ նվազեց, քանի որ այլեւս կարիք չկար Վրաստան-Ռուսաստան հաղորդակցությունը կազմակերպել հայկական ընկերության միջոցով:

2022 թ. ամառվանից մինչ օրս «Էյր Դիլիջանսի» շարժակազմում միայն 1 օդանավ կա՝ EK-73736 համարով «Boeing 737-500»-ը: Այսինքն՝ վերջին մեկ տարում հենց այս ինքնաթիռն էր կատարում Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեգծով թռիչքները, բայց անհրաժեշտության դեպքում նրան օգնության էին գալիս «Georgian Airways»-ի օդանավերը, որոնք 2019-2022 թթ. գրանցված էին Հայաստանում՝ «Էյր Դիլիջանսի» («Ավիակոմպանիա Արմենիայի») շարժակազմում:

Հունիսի 18-ին EK-73736-ը Մոսկվա-Երեւան-Թբիլիսի ուղեգծով կատարել է վերջին թռիչքն ու հաջորդ օրը Թբիլիսիից վերադարձել Երեւան՝ այլեւս չմեկնելով Ռուսաստան: Ինքնաթիռը մինչ օրս կանգնած է «Զվարթնոց» օդանավակայանում: Այլ կերպ ասած՝ այդ օրվանից մինչեւ հիմա «Էյր Դիլիջանսն» ուղեւոր չի տեղափոխել: Ch-aviation.com-ն օգոստոսի 7-ին գրել էր, որ հայկական ընկերությունը կասեցրել է բոլոր թռիչքներն ու ապագրանցում է իր միակ օդանավը: Այն, որ թռիչքներ չեն կատարվում, փաստ է, բայց ինքնաթիռը ապագրանցելու, այսինքն՝ ՀՀ օդանավերի ռեգիստրից հանելու ինֆորմացիա, ինչպես տեղեկացանք Քաղավիացիայի կոմիտեից, ներկա պահին չկա:

Հարկ է նկատել, որ ցանկացած օդանավ գրանցվում եւ ապագրանցվում է սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա (ապագրանցման այլ հիմքեր էլ կան, բայց նշվածը կարելի է ամենատարածված հիմքը համարել): 2016-ից Հայաստանում շահագործվող EK-73736-ի սեփականատերը «Raph Trade Corporation»-ն է։ Այս ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում, բայց չենք բացառում, որ կապ ունի վրացիների, մասնավորապես՝ «Georgian Airways»-ի տերերի հետ։

EK-73736-ի հայկական ներկա գրանցումը վավեր է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 4-ը, ինչը նշանակում է, որ եթե այն չթարմացվի, ապա օդանավն այլեւս չի կարող հայկական համարվել։

Ամեն դեպքում, ըստ ՔԱԿ-ի, «Էյր Դիլիջանսի» բորտի ապագրանցման մասին ներկայում խոսք չկա, սակայն հարցն այն է, որ օդանավը չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ: Ու քանի որ սա ընկերության միակ օդանավն է, դրա՝ թռիչքների համար պիտանի չլինելը խնդիր է հարուցել՝ «Էյր Դիլիջանսի» ՕՇՎ-ն կասեցվել է:

Օդանավ շահագործողի վկայական տալու կարգը սահմանում է, որ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «Էյր Դիլիջանսի» միակ օդանավը ներկա պահին չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ընկերության ՕՇՎ-ն չի կարող վավեր համարվել:

ՔԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հայկական փոխադրողի վկայականի գործողությունը կասեցվել է օգոստոսի 8-ին: Ըստ վերոնշյալ կարգի՝ կասեցումն արվում է մինչեւ 6 ամսով: Այս պարագայում «Էյր Դիլիջանսի» ՕՇՎ-ի գործողությունը կասեցվել է մինչեւ 2024 թ. փետրվարի 8-ը: Վկայականի գործողությունը կարող է վերսկսվել ՔԱԿ նախագահի համապատասխան հրամանով, երբ օդանավ շահագործողն իսպառ վերացրած կլինի կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին նա գրավոր պետք է տեղեկացնի ՔԱԿ-ին ոչ ուշ, քան կասեցման ժամկետի ավարտից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

Այսպիսով՝ եթե «Էյր Դիլիջանսը» փետրվարի 8-ից առնվազն 10 աշխատանքային օր առաջ չունենա թռիչքների համար պիտանի գոնե մեկ օդանավ, նրա ՕՇՎ-ի գործողությունը կդադարեցվի: Իսկ եթե ենթադրենք, որ այդ օդանավը հենց EK-73736-ն է լինելու, ապա սա պետք է ունենա ոչ միայն թռիչքային պիտանիության վավերական սերտիֆիկատ, այլեւ ՀՀ վավերական գրանցում դեկտեմբերի 4-ից հետո:  

Լուսանկարում՝ EK-73736-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում, հեղ.՝ Լիանա Սայադյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter