HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քաղաքացուն գետնանցումում հարվածել են, սակայն նրա բողոքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել

Վոլոդյա Հովսեփյանը նոյեմբերի 13-ին` երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, Սուրբ Գր. Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկի գետնանցումով գնացել է դիմացի մայթի վրա գտնվող դեղատուն։ Գետնանցումում Վոլոդյան լսել է, թե ինչպես է մի տղամարդ տեսազանգով խոսում ու ցույց տալիս գետնանցումի այդ հատվածի լույսերն ու ասում, որ դրանք չեն աշխատում։

«Հետո հեռախոսի լույսը գցեց երեսիս, մտածեցի՝ ինչ-որ հարց ունի, ես էլ հեռախոսով քարտեզն էի բացել, բան էի փնտրում։ Որ հեռախոսի լույսը գցեց դեմքիս, զարմացած նայեցի, ասացի՝ բան եմ փնտրում, ու շարունակեցի ճանապարհս»,- պատմում է Վոլոդյան։

Դեղատնից դուրս գալուց հետո նա նորից մտել է գետնանցում, որպեսզի փողոցն անցնի, նստի երթուղայինն ու տուն գնա։ Այդ օրը գետնանցումի լուսավորությունը լավ չէր աշխատում, ոչ բոլոր լույսերն էին միացված։ Հետո տղամարդը, որն այդ պահին նորից լույսերն էր կարգավորում, ըստ Վոլոդյայի, եկել է իր հետևից, հարցրել, թե ով է ու ինչ է անում էդտեղ։

«Ասեց՝ դու ստեղ շատ շուտ-շուտ ես երևում, աչքիս դու ես էստեղի լույսերը անջատում։ Ես ասեցի՝ ինչի՞ պիտի անջատեմ։ Հետո ասեց՝ բա գիտե՞ս ես ով եմ, քաշեց ժիլետիցս ու դնչիս տակից ուժեղ հարվածեց։ Հետո մի քանի մետր հեռացա, մոտեցա անցումի ելքին, մի ծանր քար շպրտեց հետևիցս, որը, բարեբախտաբար, ինձ չկպավ, շրջվեցի, որ վազեմ հետևից, գտնեմ, բայց անհետացավ տեսադաշտիցս»,- պատմում է Վոլոդյան։

Իր ասելով՝ հեռախոսն անջատվել էր։ Մի քանի րոպե սպասել է, որպեսզի հեռախոսը լիցքավորվի, որ կարողանա տաքսի կանչել ու ոստիկանություն գնալ։ Հարվածից նրա դեմքն այտուցվել էր։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում Վոլոդյա Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ անհայտ անձը, որն, ըստ Վոլոդյայի, եղել է Երեւանի քաղաքապետարանի կամ Կենտրոն վարչական շրջանի աշխատակից, հարվածել է իրեն։ Ներկայացրել է նաեւ հարվածող երիտասարդի արտաքին տվյալները՝ 30-35 տարեկան, միջահասակ, մորուքով տղամարդ։

Վոլոդյան դիմել է նաև քաղաքապետարան։

«Ուզում էի նախ հասկանալ՝ արդյո՞ք էդ տղամարդը քաղաքապետարանի կամ թաղապետարանի աշխատակից էր, որը պատասխանատու էր լուսավորության համար, հետո էլ ուզում էի ևս մեկ անգամ առաջարկել, որ գետնանցումներում տեսախցիկներ տեղադրեն նման դեպքերից խուսափելու համար։ Ինչ ասես կատարվում է, որ ժամին ինչ ասես՝ հնարավոր է տեսնել»,- ասում է նա։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասել է, թե կփորձի պարզել՝ արդյո՞ք հարվածողը քաղաքապետարանի աշխատակից է, բայց դեռևս չի պատասխանել։

Հարվածի հետեւանքով Վոլոդյան դեմքի, պարանոցի ու ականջի շրջանում մինչև հիմա ցավեր ունի։ Ոստիկանությունում հաղորդում ներկայացնելիս Վոլոդյան նաև դատաբժշկի եզրակացություն է պահանջել, բայց իր պահանջը չի բավարարվել, քանի որ վարույթ չի նախաձեռնվել:

Դեպքի հաջորդ օրը նա դիմել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ, որտեղ բժիշկն ախտորոշել է գլխի և մարմնի այլ հատվածների մակերեսային վնասվածք։

Տեղեկանալով, որ վնասվածքը հարվածի հետեւանքով է, «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ն դիմել է ոստիկանություն, որտեղից հայտնել են, որ այդ դեպքով արդեն հաղորդում է ներկայացվել, գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնում։

Նոյեմբերի 18-ին Վոլոդյան փոստից ստացել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պատասխանը, որում ասվում է, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել։

«Ոստիկանների համար քաղաքացու ով լինելը պարզելը րոպեների գործ էր, կարող էին ուղղակի անցումից դուրս գտնվող տեսախցիկների տեսագրությունով գտնել։ Ինձ ասում էին՝ լավ, դե մի անգամ հարվածել է, բայց ի՞նչ կապ ունի քանի անգամ, այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրին էսօր կարող են փողոցում անմեղ տեղը հարվածել ու դրա դեմ ոչինչ չարվի, պատճառաբանությամբ, որ մի անգամ է հարված եղել»,- ասում է նա։

Վոլոդյա Հովսեփյանը որոշել է բողոքարկել որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter