
Հնդկական Bharat Forge-ն հաստատել է Հայաստանին հաուբիցների մատակարարման մտադրությունը
Հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է Հայաստանին MArG 155 տեսակի ինքնագնաց հաուբիցների մատակարարման մտադրությունը։ Այդ մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը։
«Հնդկաստանում հրետանային համակարգերի առաջատար արտադրողը՝ Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս իր ներկայացրած MArG 155 ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար։ Սա կարևոր ուղենիշ է միջազգային գործընկերներին իր պաշտպանական տեխնիկան արտահանելու Հնդկաստանի ջանքերում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանը դառնում է Հայաստանին պաշտպանական տեխնիկայի հիմնական մատակարարը։ Մասնավորապես, ընդգծվում է, որ 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել Swathi տեսակի չորս շարժական ռադարային համակարգ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է համազարկային կրակի Pinaka ռեակտիվ համակարգերի, հակատանկային հրթիռների և այլ սպառազինության ձեռքբերման պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 245 միլիոն դոլար։
Նոյեմբերի կեսերին հնդկական Indian Aerospace Defence News (IADN) գործակալությունը հայտնել էր, որ Munitions India Limited ընկերությունը Հայաստանին կմատակարարի շուրջ 150 000 30 մմ և 40 մմ նռնակներ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկու ամիս առաջ ընկերությունը Հայաստանին մատակարարել էր 7,62 մմ տրամաչափի 5 միլիոն փամփուշտ։
Նոյեմբեր ամսին հնդկական EurAsian Times պարբերականն էլ հայտնել էր, որ Հայաստանը հնդկական Zen Technologies ընկերության հետ ստորագրել է հակադրոնային համակարգերի մատակարարման պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար։
Լուսանկարը՝ Indian Defence Research Wing-ից
Մեկնաբանել