HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատավորը՝ վկային․ «Նիստից հետո միջնորդելու եմ հրամանատարությանը, որ Ձեզ ազատեն»

Պատերազմական գործողությունների ժամանակ նահանջի հրաման ստանալու դեպքում ի՞նչ էր պարտավոր անել շտաբի պետը։ Դատավարության մասնակիցներն այս հարցի պատասխանն այսօր ուզում էին լսել հարցաքննվող վկա Արթուր Հակոբյանից, որը 44–օրյա պատերազմի ժամանակ ղեկավարել էր Ցորի Դ–20 հրետանային դիվիզիոնի 3–րդ մարտկոցը։

Վկան ամեն կերպ խուսափում էր ուղիղ պատասխանից կամ թվարկում էր շտաբի պետին վերապահված կանոնագրային որոշ պարտավորություններ, սակայն չէր որոշակիացնում, թե կոնկրետ դեպքում դրանք ով պետք է կատարեր։ «Խնդիրներ առաջադրի մարտկոցների սպաներին, որ նրանք ճիշտ կատարեն և զեկուցեն։ Նահանջ հրամանի դեպքում պետք է կազմակերպես մարտկոցների ծածուկ դուրս գալը, բայց արդեն ծածուկ չէր ստացվում»,– կրկնեց վկան՝ դարձյալ չհստակեցնելով, թե այս դեպքում ով պետք է աներ թվարկված գործողությունները։

Դատավարության մասնակիցները մի քանի անգամ պահանջեցին՝ հստակեցնել, թե ում պարտականություններն են դրանք, ո՞ւմ նկատի ունի վկան։ Միջամտեց նաև գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ «ո՞ւմ մասին է խոսքը՝ ձե՞ր, թե՞ շտաբի պետի»։

«Շտաբի պետը հանդիսանում է հրամանատար, շտաբի պետը պետք է հրաման տա, որ մենք կատարենք»,– կրկնեց վկան՝ այդպես էլ չցանկանալով հնչեցնել ամբաստանյալ Գևորգ Գևորգյանի անունը, որը եղել էր դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, և քրեական գործը նրա նկատմամբ է հարուցվել։

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանը վկային հարցրեց՝ ընդհանրապես, եթե հակառակորդը հարձակվում է կրակային դիրքի վրա, այդ ժամանակ ի՞նչ գործողություններ է իրականացնում դիվիզիոնի շտաբի պետը։ Այստեղից սկսվեց բարձրաստիճան զինվորականի «չգիտեմ»-ների շղթան։

«Կոնկրետ չեմ կարող նշել։ Կրակի կառավարում, կրակային դիրքերի պահպանություն է իրականացնում, մարտկոցների, կրակի կառավարման կետերի հետ կապն է ապահովում, որպեսզի կարողանան խնդիրները կատարել, կազմակերպում է կրակային դիրքերի տեղափոխումը և այլն»,– հայտնեց նա։

Հավելեց, որ սովորական պայմաններում այդ ամենը հեշտ է ասվում, բայց պատերազմական ժամանակահատվածում դա անբացատրելի բան է։ Կարող է մտքովդ էլ չանցնի, որ այս բանը պետք է արվեր, բայց վերջնարդյունքում չի արվել։

Դատավոր Ա․ Գաբրիելյանի համբերությունը հատեց։ «Նիստից հետո միջնորդելու եմ Ձեր հրամանատարությանը, որ Ձեզ ազատեն։ Դուք եք այդ պաշտոնում աշխատում և ասում եք՝ ես չգիտեմ։ Եթե պարտավորությունդ չգիտես, հիմա ո՞նց ես զինվորներին կառավարում։ Բա ե՞ս պետք է իմանամ ձեր պարտավորությունները»,– ասաց դատավորը։

Արթուր Հակոբյանը ծնունդով Ստեփանակերտ քաղաքից է և մինչ այդ դատարանին հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունից (ԱՀ) բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում նշանակվել է զորամասերից մեկի դիվիզիոնի շտաբի պետ։ Դատավորին պատասխանեց՝ «հենա գրել եմ, որ հելնեմ»։ 

Արթուր Հակոբյանը 2021թ․–ից մինչև այս տարվա սեպտեմբերի 19–20–ի պատերազմական գործողություններից հետո Արցախից բռնի տեղահանվելը զբաղեցրել էր Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնը։ Նա վկայակոչված էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվող Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վկայություններ տալու համար։ 

Հիշեցնենք, որ 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու դեպքով մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել զինվորների ինքնապաշտպանությունը, տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: 

Դատավարության կողմերը հարցաքննվող հրամանատարից ցանկանում էին լսել, թե ինչ գործողություններ է կատարել այդ օրերին մայոր Գևորգ Գևորգյանը, և որոնք են եղել նրա պարտականություններն իբրև շտաբի պետ։ 

Ա․ Հակոբյանը հայտնեց, որ հոկտեմբերի 12–ին տեղի ունեցած դեպքերին ինքը մասնակից չի եղել, այդ ժամանակ Կարմիր շուկա գյուղում է գտնվել։ «Հոկտեմբերի 10–ին իմ մարտկոցի հրանոթները խփել էին, և ես գնացել եմ այնտեղ, քանի որ պատերազմը շարունակելու համար տեխնիկա չունեի։ Իմացել եմ, որ հակառակորդը հասել  է կրակակետերին, փոխհրաձգություն է տեղի ունեցել, ահագին մարդ մնացել է այնտեղ, անձնակազմից ոմանք դուրս են եկել»,– հայտնեց վկան։ 

Ա․ Հակոբյանը դատարանին ասաց, որ Գևորգ Գևորգյանին ճանաչում է 2013թ․–ից, միասին ծառայել են նախ՝ Մարտակերտի շրջանի Հոռաթաղի, այնուհետև՝ Ցորի զորամասում։ Ինքը նույն զորամասի Դ–20 դիվիզիոնում նշանակվել է 3–րդ մարտկոցի հրամանատար։ Գ․ Գևորգյանը դեպքից օրեր առաջ նշանակվել է դիվիզիոնի շտաբի պետ–հրամանատարի տեղակալ։ Իր հրամանատարն է եղել, իրենց փոխհարաբերությունները եղել են կանոնագրային։

Վկան նկարագրեց 2020թ․պատերազմի ժամանակ Ցորի Դ–20 դիվիզիոնի մարտական գործողությունների վայրերը, որը սկսվել էր Վազգենաշենից, այնուհետև ամբողջ դիվիզիոնով հոկտեմբերի 5–ին տեղափոխվել են «9–րդ կմ» կոչվող շրջան, հետո՝ Ջրաշխարհ, ապա՝ Ջուվառլու։ Հոկտեմբերի 9–ի գիշերը Նորաշենից վերադարձել են Ջրաշխարհ։ Ասաց, որ դիվիզիոնի երեք մարտկոցներն իրարից 500 մետր հեռավորության վրա էին տեղակայված։ Առաջադրանքները ստանում էին հրամանատարական դիտակետից և գործում էին նրանց ցուցումներով։ 

«Ես երկու օր եմ մնացել այնտեղ, երկրորդ օրն իմ մարտկոցը խփել են, հոկտեմբերի 10–ին, ժամը 10–ին առաջին հրադադարը տվել են և  երկու ժամվա ընթացքում 4 հրանոթներից 3–ը խփել են։ Դա նշանակում է, որ մարտկոցը շարքից հանվել է, այն դառնում է հանձնարարություն կատարելու անընդունակ։ Դրանից հետո «Ուրալ» մեքենաներով գնացել եմ Կարմիր շուկա գյուղ, առանց հրանոթների»,– հայտնեց վկան։ Տեղեկացրեց, որ մինչ այդ Դ–20 հրետանային դիվիզիոնն ուներ  12 հրանոթ, 12 «Ուրալ»։ Իր գլխավորած մարտկոցը, հիմնականում, պահեստազորից եկած անձնակազմով էր համալրված։

Ասաց, որ պատերազմից հետո իրեն պարգևատրել են «Մարտական խաչ» շքանշանով։ Վստահ էր, որ եթե մարդկանց  պետական պարգևների, շքանշանների են արժանացնում, ուրեմն մի լավ բան արել են։ 

Վկայի խոսքով՝ պատերազմից հետո Գ․ Գևորգյանը որոշ ժամանակ ծառայել է Ցորի զորամասում, այնուհետև տեղափոխվել է Հայկազով։ Դատախազ Հայկ Ռափյանի հարցին՝ ինչո՞ւ էին նրան տեղափոխել այլ զորամաս, վկան ասաց, թե չգիտի։

Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հարցին՝ շտաբի պետը պատասխանատու է դիվիզիոնի կրակային կետում եղած ո՞ղջ անձնակազմի համար, թե՞ միայն կառավարման դասակի համար։ Դարձյալ պատասխանեց՝ չգիտեմ, չեմ կարող ասել։ 

Նրա պատասխաններից տարակուսած դատավորը վկային հարցրեց․ «Հիմա Դուք որպես շտաբի պետ ձեր պարտականությունները գիտե՞ք»։

«Մոռացել եմ, գրքով սահմանված է»,- ասաց վկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter