HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի սպա. «Էսօր Սյունիքը վտանգավոր գոտի է, էս պահին պիտի էստեղ օգնենք»

35-ամյա ավագ լեյտենանտ Արման Հակոբյանը Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից է։ 2022 թ. նոյեմբերին ծառայության բերումով ժամանակավոր եկել էր Հայաստան, սակայն այդպես էլ չէր կարողացել վերադառնալ Արցախ։ Դեկտեմբերին ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Արմանը մնացել էր Գորիսում։

Նրան հանդիպեցինք Գորիսի «Մթնաձոր» հյուրանոցում։ Ասում է՝ սեպտեմբերյան տարհանման օրերին ամբողջ հյուրանոցում արցախցիներ էին տեղավորվել։ Մեր այցելության ժամանակ մոտ 40 արցախցի էր մնացել այդտեղ։ Արմանը նշում է, որ հյուրանոցում մթնոլորտը մի մեծ ընտանիք է հիշեցնում, սակայն բռնի տեղահանվածները հասկանում են, որ այդտեղ երկար մնալ չեն կարող։

Արմանը պատմում է, որ 2020 թ․ պատերազմից հետո էլ երբեք չեն մտածել, որ մի օր կարող են կորցնել Արցախը։ Նկատում է, սակայն, որ երբ ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատվել էր Արցախում, մտավախություն կար, որ այն ավելի շատ ձեւական է։ Որպես դրա ապացույց Արմանը բերում է 44-օրյա պատերազմին հաջորդած սահմանային դեպքերը, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ ու մասնակցությամբ Արցախում բարձունքներ էին հանձնվում Ադրբեջանին։

Հիշում է 2022 թ. գարնանը Փառուխ գյուղի դեպքը, ապա ավելացնում իրենց գումարտակի կողմից պահվող բարձունքները, որոնք նույն տարվա ամռանն անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Արմանը պատմում է, որ Մարտակերտի շրջանի արեւմտյան հատվածում առաջնագիծ պահող իրենց գումարտակը 2022 թ․ մարտական դիրք է կորցրել Բուզդուխ լեռան վրա: Այս բարձունքը, ըստ մեր զրուցակցի, շատ հարմար դիտարկման կետ էր հայկական ուժերի համար, եւ հարակից բարձունքների համեմատ դրա գերիշխող դիրքի շնորհիվ այդտեղից հնարավոր էր դիտարկել ու վերահսկողության տակ պահել հակառակորդի տեղաշարժը:  

«Մեր տղերքն էնտեղ կանգնած էին։ Համար մեկ տվեցին, ասեցին՝ հակառակորդը շարժ ունի էդ ուղղությամբ, մերոնք հանգիստ դիրքավորվեցին։ Էնտեղ բարձունքի մի մասը քարտեզով իրենցն էր համարվում։ Էնպես ստացվեց, որ ադրբեջանցիները եկան դիրքավորվեցին էդտեղ, ռուսն էլ եկավ կանգնեց, իբր պահպանությունն ինքն է կազմակերպում, մեզ ներքեւ իջեցրին՝ ձորի մեջ, էնտեղ դիրք դրեցինք, բայց կապ չունի՝ մենք կորցրեցինք էդ բարձրունքը»,- նշում է սպան։

Քիչ անց շարունակում է, որ նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո Արցախում ժողովուրդը ապրելու եւ ստեղծելու տրամադրություն ուներ, մարդիկ կային, որ շինարարություն էին սկսել ու չէին էլ մտածում, որ խաղաղապահ զորախումբն ընդամենը կողքից դիտողի դեր է ստանձնելու։ «Ես չգիտեմ՝ իրենց (ռուսների ու ադրբեջանցիների – հեղ.) միջեւ համագործակցություն եղե՞լ է, թե՞ չէ, բայց ոնց նայում ես, էդպես է երեւում»,- ասում է մեր զրուցակիցը:

Արման Հակոբյանը պատմում է նաեւ Մռավի լեռնաշղթայի ամենաբարձր կետի՝ Գոմշասար լեռան հատվածում ստեղծված իրավիճակի մասին: Բարձունքը գտնվում էր Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ, սակայն գագաթից ներքեւ՝ դեպի ձախ, ադրբեջանցիները դիրք ունեին: «Հակառակորդը հանգիստ եկավ, փակեց մեր պոստերի միջեւ ճանապարհը, ռուսն էլի եկավ մտավ արանքը։ Թույլ տվեցին, որ ադրբեջանցիները գան, կանգնեն ճանապարհին, իրենք էլ կանգնեցին հետները: Ռուսները մեր դիրքերով էին գալիս-գնում այդ հատված։ Մեր էրեխեքն էին օգնում իրենց ուտելու, տաքության, ջրի հարցում։ Բայց հետո տեսանք, թե ոնց [ռուսները] սարքեցին մեր էրեխեքի գլխին»,- նկատում է արցախցի զինվորականը։

Պատմում է նաեւ, որ 2021 թ․ ադրբեջանցիները Քարվաճառի իրենց դիրքերից եկել էին ու սկսել ճանապարհ բացել դեպի Մարտակերտի շրջանի խորքը՝ նախկին Աղդաբան բնակավայր, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել: Չնայած, ըստ Արման Հակոբյանի, Աղդաբանը հայկական ուժերի թիկունքում էր 2,5 կմ խորությամբ, հայ դիրքապահները ուշ էին նկատել ադրբեջանցիների տեխնիկայի շարժը, քանի որ այն աշխատում էր ձորի մեջ: Ըստ «Հետքի» զրուցակցի՝ երբ հայ դիրքապահները նկատել են, որ տեխնիկա է աշխատում, շրջափակել են այդտեղ աշխատող ադրբեջանցի քաղաքացիական անձանց ու նրանց տեխնիկան, կասեցրել շինաշխատանքները: Սակայն ռուսների միջնորդությամբ հակառակորդի շինտեխնիկան դուրս է բերվել տարածքից, ու այդտեղ ադրբեջանցիները «բլոկպոստ» են դրել:

Այսպիսի գործողությունների շղթայով էլ ադրբեջանական կողմն, ըստ Արմանի, առաջ էր շարժվում։ Ասում է՝ հակառակորդը ռուսների ներկայությամբ աստիճանաբար սկսել է վերցնել կարեւոր նշանակության դիրքերը, որպեսզի հետագայում կարողանա նոր տարածքներ գրավել՝ ավելի քիչ զոհերով տալով։

Հնարավորություն չունենալով վերադառնալ Արցախ՝ շրջափակման ժամանակ Արմանը որոշել է զորացրվել Արցախի պաշտպանության բանակից ու ծառայության անցնել Սյունիքում։ Ասում է, որ մինչեւ տարեվերջ անպայման կրկին զորքերում է լինելու։ «Եթե պարզ ասեմ, էսօր Սյունիքը վտանգավոր գոտի է, էս պահին պիտի էստեղ օգնենք։ Ինչքան էստեղից մարդ տեղաշարժվի, ի վնաս մեզ է լինելու։ Վտանգը կա, վտանգը հենց առաջնագծում է, եւ առաջնագիծն էստեղից է սկսվում»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter