HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 ընկերությունում բաժնեմաս և բաժնետոմս

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ:

Ըստ դատախազության, ուսումնասիրության ընթացքում իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները՝ վարչությունը համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան:

«Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ: 

Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել:

Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ:

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 79 անշարժ գույք. 
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Տես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter