HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրությունը

Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է ու այս պահին, թերեւս, ամենահարուստ պաշտոնյան: Նա ԱԺ պատգամավորներից ամենամեծ կարողությունն ունի: Սկսելով Աբովյանի շրջանից՝ ժամանակի ընթացքում նա իր բիզնեսը ծավալել է ոչ միայն Հայաստանի ամբողջ տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս՝ նախկին խորհրդային ու եվրոպական երկրներում: Գործարար պաշտոնյան, սակայն, տեղում չի կանգնում. այս հոդվածի պատրաստման ժամանակ էլ նա նոր ընկերություններ է հիմնել: Ծառուկյանը պաշտոնապես ուղղակի մասնակցություն ունի շուրջ 50 ձեռնարկություններում, որոնք ներկայացնում են տնտեսության ամենատարբեր ճյուղեր, բայց սա նրա ամբողջ կարողությունը չէ, որովհետեւ ընկերությունների մի մասը ղեկավարվում են միջնորդավորված՝ այլ անձանց միջոցով:    

Ծառուկյան Գագիկ Կոլյայի. պաշտոնական կենսագրություն

Ծնվել է 1956 թ. նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում:

1975-1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989 թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզկուլտուրայի եւ սպորտի ուսուցիչ է, ըմբշամարտի մարզիչ:

Աշխատանքային գործունեությունը

1989-1990 թթ. եղել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992 թթ.՝ «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992-ից ծավալել է ագարակատիրական եւ ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր եւ կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն Առինջ գյուղում։

1998 թ. հիմնադրել է «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնը, որը ներառում է նրա կողմից ստեղծված բազմաթիվ ընկերություններ:

2004-ից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է:

Մարզական կարիերան

Պաշտոնական կենսագրության մեջ նշված է (այս մասին պատմվում է նաեւ գործարարին նվիրված ֆիլմում), որ եղել է բազկամարտի 1996-ի աշխարհի (առաջնությունն անցկացվել է ԱՄՆ-ում) ու 1998-ի Եվրոպայի (Լիտվա) չեմպիոն: Մարզական վիճակագրական արխիվներում էլ նշվում է, որ 1996-ին բազկամարտի աշխարհի առաջնությանը («World Armwrestling Federation»-ի հովանու ներքո, ԱՄՆ) 3-րդ տեղն է զբաղեցրել +110 կգ քաշային կարգում։ 1998-ին հաջողությունը կրկնել է՝ աշխարհի առաջնությանը («World Armsport Federation»-ի հովանու ներքո, Եգիպտոս) նորից զբաղեցնելով 3-րդ տեղը +100 կգ կարգում:

Քաղաքական գործունեությունը

Եղել է երրորդ (2003-2007 թթ.), չորրորդ  (2007-2012 թթ.), հինգերորդ (2012-2017 թթ.), վեցերորդ (2017-2019 թթ.) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր: Վերստին ընտրվել է 2018-ի ընտրություններում՝ դառնալով 7-րդ գումարման պատգամավոր: 2004 թ. հիմնադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախագահն է եղել մինչեւ 2015 թ. մարտ ամիսը, երբ հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին: 2017-ի հունվարին հայտնեց կրկին քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ մեկ ամիս անց նորից ընտրվեց ԲՀԿ նախագահ:

2011-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամ, ազատվել է 2015-ի սկզբին: 

Բարեգործությունը

2003 թ. պետական գրանցում է ստացել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: Գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի գործունեության հաշվետվություններն ըստ տարիների՝ 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 (Ծառուկյանի բարեգործության մասին է պատմում նրան նվիրված այս ֆիլմը):

Շքանշաններ ու մեդալներ

Ծառուկյանը ստացել է բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, որոնց թվում են ստորեւ ներկայացվածները:

2002 թ. Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից եկեղեցաշեն գործունեության համար շնորհվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան։

2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։ 

2008 թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

2015 թ. Սերժ Սարգսյանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

2016 թ. Սերժ Սարգսյանի կողմից ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար արժանացել է Պատվո շքանշանի: 

2016 թ. ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից ԱՀ 25-ամյակի կապակցությամբ, ԱՀ-ին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:  

Ընտանիքը

Ամուսնացած է Ջավահիր Ծառուկյանի (Ջավահիր Ռաֆիկի Առաքելյան) հետ, ունի վեց երեխա՝ Ռոզա, Գայանե, Էմմա, Անահիտ, Նվեր եւ Հովհաննես Ծառուկյանները:

Ռոզա Ծառուկյանն ամուսնացած է Կարապետ Գուլոյանի հետ, ով եղել է Աբովյանի քաղաքապետ ու Կոտայքի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է:

Գայանե Ծառուկյանն ամուսնացած է Դավիթ Մանուկյանի հետ, ով ԱԺ պատգամավոր է, նախկին նախարար ու դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է:

Էմմա Ծառուկյանն ամուսնացած է Արգամ Աբրահամյանի հետ, ով եղել է ԱԺ պատգամավոր ու Արտաշատի քաղաքապետ, ՀՀ նախկին վարչապետ ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին է:

Անահիտ Ծառուկյանն ամուսնացած է Ալբերտ Սուքիասյանի հետ, ով գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է:

Նվեր Ծառուկյանը նշանված է: 

Ծառուկյանի ունեցվածքն՝ ըստ հայտարարագրերի

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին Գ. Ծառուկյանը ներկայացրել է 2011-2018 թթ. գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրեր, որոնց համաձայն՝ նա հսկայական թանկարժեք գույք, եկամուտներ, դրամական միջոցներ, արժեթղթեր ու ներդրումներ ունի: 

Գործարար պատգամավորի՝ դրամով արտահայտված միջոցները կտրուկ աճել են 2013-2014 թթ., իսկ դոլարով եւ եվրոյով արտահայտված գումարներն ամենաշատը եղել են 2018-ին:

Tsarukyan's money
Infogram

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Ծառուկյանը բարձր դրամային մուտքեր է ունեցել 2011, 2013 եւ 2017 թթ., դոլարով՝ 2017-ին, եվրոյով՝ 2011 եւ 2017 թթ.:  

Tsarukyan's income
Infogram

2018-ի դեկտեմբերի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուց առաջ ԲՀԿ ղեկավարը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուի գույքի եւ եկամուտների հայտարարագիր:

Ըստ դրա՝ անցյալ տարվա նոյեմբերի 19-ի դրությամբ նա ունեցել է 678.509.000 դրամ, 161.321.000 դոլար, 29.073.000 եվրո: Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում էլ տեսնում ենք, որ տարեվերջին գործարար պատգամավորի դրամային միջոցները (543.845.000) նվազել են, իսկ դոլարներն (168.531.000) ու եվրոները (30.641.000)՝ աճել:

Բացի դրանից՝ գործարարն ունի 13 միավոր անշարժ գույք: Այսպես՝ հարազատ Առինջում նա 3 շենք-շինություն (ընդհանուր՝ 6665 քմ) եւ 5 հողամաս ունի (ընդհանուր՝ 30 հա), Սեւան քաղաքում՝ 2 շենք-շինություն (ընդհանուր՝ 1205 քմ), Ծաղկաձորում՝ 1 հողամաս (4 հա): Սրանք բոլորն էլ համատեղ սեփականություն են: Պատգամավորը նաեւ վարձակալած 2 հողամաս ունի Սեւան քաղաքում (ընդհանուր՝ 2 հա): Ծառուկյանի հիմնադրած ու սեփականություն հանդիսացող ընկերություններն իրենց հերթին եւս մեծածավալ անշարժ գույք ունեն:

Գ. Ծառուկյանը նաեւ ավտոմեքենաների տպավորիչ պարկ ունի՝ կազմված 13 «նժույգից»: Դրանց մակնիշներն ու արտադրման տարեթվերը՝ նկարում: Ընդ որում՝ բոլորն էլ համատեղ սեփականություն են:  

GT auto.jpg (491 KB)

Գագիկ Ծառուկյանը նաեւ 8 մլն դրամից ավելի արժեք ունեցող գույքի սեփականատեր է: Նա ունի այդպիսի մեծածավալ գույք. 15 միավոր ննջարանի կահույք (ընդհանուր արժեքը՝ 1.998.130 եվրո), 10 միավոր նախասրահի կահույք (1.711.000 եվրո), 5 միավոր ճաշասենյակի կահույք (915.620 եվրո), խոհանոցի կահույք (110.000 եվրո), կահույք (118.485 եվրո), մետաքսե վարագույր (251.799 եվրո), 20 հատ ջահ (1.587.300 եվրո), ադամանդե քարերով ձեռքի ժամացույց (300.000 դոլար), ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով 2 հատ ժամացացույց (1 մլն դոլար), ադամանդե քարերով 3 հատ ոսկե մատանի (4,7 մլն դոլար), 3 հատ ձեռքի ոսկե ժամացույց (0,5 մլն դոլար), ոսկե շղթա (100.000 դոլար):

Գործարար պատգամավորի հետ միասին հայտարարագրեր են ներկայացրել նաեւ կինն ու համատեղ բնակվող 3 զավակները՝ Անահիտը, Նվերը, Հովհաննեսը: Նրանց հայտարարագրերում հետաքրքիր են թանկարժեք գույքի, դրամական միջոցների ու եկամուտների տվյալները:

Ծառուկյանն անմիջական մասնակցություն ունի հայաստանյան ու արտասահմանյան շուրջ 50 գործող ընկերություններում (տես ստորեւ՝ պատկերում): Սրանց պետք է գումարենք նաեւ այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերերն են «Մուլտի Գրուպը» կամ Ծառուկյանի մերձավորներն ու հարազատները, հաշվի առնենք նաեւ, որ ընկերությունների մի մասի գործունեությունն էլ ժամանակավոր դադարեցված է:

VIS_Gagik Tsarukyan-1565974983312.jpg (830 KB)

Հաշվի առնելով Ծառուկյանի անձնական, ինչպես նաեւ նրա տեղական ու արտասահմանյան ընկերությունների կարողությունները, այդ թվում՝ գույքի ծավալը, քննարկելով շուկայի մասնագետների ու տնտեսագետների հետ՝ եկել ենք այն եզրակացության, որ Գագիկ Ծառուկյանի կարողությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը:  

Իսկ մինչ ընկերություններին անդրադառնալը տեսնենք, թե ինչից ու ինչպես է նա սկսել իր ճանապարհը:

Բիզնեսի սկիզբը

Իր մասին պատմող ֆիլմում Գ. Ծառուկյանն ասում է, որ հայրն էլեկտրիկ է եղել, մայրը՝ հաշվապահ: Վերջինս՝ Ռոզա Ծառուկյանը, պատմում է, որ բիզնես-գործունեությունը ծավալել են 1984-ի նոյեմբերից, երբ շամպինյոն սունկ են սկսել աճեցնել եւ, ի տարբերություն շատերի, հաջողության են հասել: Ըստ Գ. Ծառուկյանի՝ 1 քմ-ից 25-30 կգ սունկ էին հավաքում: Ռ. Ծառուկյանը հավելում է, որ սնկից հետո օղու արտադրություն են դրել: Ծառուկյանի ընկեր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պատմում է, որ օղին ոչ միայն ներմուծվում ու վաճառվում էր, այլեւ արտադրվում տեղում ու արտահանվում: Ըստ Առուստամյանի՝ առաջին բիզնեսներից էր նաեւ զուգագուլպաների առք-վաճառքն ու արտադրությունը: Գործարարի մայրը հիշում է նաեւ, որ անասնապահական ֆերմա ձեւավորելու նպատակով Մարտունու շրջանի Մադինա գյուղից 300 գլուխ ոչխար էին բերել, ընդ որում՝ ամեն 100 ոչխարից ստացվում էր 125 գառ: «Անընդհատ շարունակում էի՝ գումարը չկուտակելով, անմիջապես նորից գործի մեջ դնելով: Ամբողջ ԽՍՀՄ-ում մատակարարման մեծ ցանց ունեինք: Ռուսաստանի շուկան անծայրածիր էր, ինչ արտադրեիր, վաճառվում էր»,- ասում է Գ. Ծառուկյանը: Մայրը շարունակում է, որ նշվածից հետո սկսել են մեղվաբուծությամբ զբաղվել, ինչի շնորհիվ էլ որդին, վաճառելով 50 մեղվաընտանիք, 1987-ին գնել է իր առաջին «ԳԱԶ-24» մեքենան: Գործարարն ասում է, որ 1990-1991 թթ. ինքն արդեն միլիոնատեր էր եւ օրը 1-3 մլն կարող էր աշխատել: Հետաքրքիր է, սակայն, որ պաշտոնական կենսագրության մեջ ասվում է, թե նա ֆերմերությամբ ու ձեռնարկատիրությամբ սկսել է զբաղվել միայն 1992-ից:

Ծառուկյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է նաեւ, որ 1989-ին է ավարտել ֆիզկուլտինստիտուտը, այսինքն՝ 33 տարեկանում: Մամուլում հրապարակումներ են եղել, որ նա 1980-ականներին աշխատել է խորհրդային միլիցիայի համակարգում, ըստ մեր տեղեկությունների՝ եղել է ԽՍՀՄ ՆԳՆ արտագերատեսչական պահպանության (ОВО) ստորաբաժանման աշխատակից: «Հետքի» անանուն աղբյուրն էլ հայտնել է, որ Ծառուկյանը ուժային համակարգում եղել է նաեւ 1990-ականների առաջին կեսին (ծառայել է ներքին զորքերում), երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր: «Գագիկ Ծառուկյանը սկզբում սունկ էր աճեցնում իրենց հողամասում, հետո Երեւան-Աբովյան մայրուղու վրա գազ էր վաճառում։ Հետո Վանո Սիրադեղյանը տվեց գազալցակայան աշխատեցնի, էդ գազալցակայանից մի քիչ վերեւ օբյեկտ բացեց՝ խորտկարան, այսպես ասած։ Էս ընթացքում արդեն ձեռնամարտի մրցումների էր մասնակցում, նույնիսկ էն ժամանակ խոսում էին, որ որպես մրցանակ հարյուր հազար դոլար են տվել, էն թվերին դա մեծ փող էր։ Հետո Առինջում կաթնամթերքի արտադրություն սկսեց ու էդպես ծավալվեց»,- պատմում է մեր աղբյուրը։

Առաջին ընկերությունները. ֆերմերային բիզնես

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի էլեկտրոնային համակարգի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ առաջին ընկերությունը «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ն է, որը պետական գրանցում է ստացել 1995-ի դեկտեմբերին: Նախկինում սա եղել է ընտանեկան ձեռնարկություն (ԸՁ), հիմնադիրներն էին Գագիկ եւ Ռոզա Ծառուկյանները: Առինջ գյուղում գրանցված ընկերությունը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ, 2002-ին արժանացել է կառավարության մրցանակի: Այդ տարի ՍՊԸ-ն դարձել է Գ. Ծառուկյանի միանձնյա սեփականությունը, իսկ 2003-ի մարտին փոխանցվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Նույն տարվա օգոստոսին ընկերությունը, որի տնօրենն էր Ռ. Ծառուկյանը, միաձուլվել է նորաստեղծ «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ին եւ դադարեցրել գործունեությունը:      

2003-ի օգոստոսին Առինջում հիմնադրված «Մուլտի Ագրո» ՍՊԸ-ն, համաձայն պետռեգիստրի, «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ի, ««Նեկտար» մեղվաբուծական» ՓԲԸ-ի (1994 թ.) եւ «Գիտահետազոտական մեղվաբուծական փորձակայան» ԲԲԸ-ի (2002 թ.) իրավահաջորդն է: Ընկերության կայքում էլ նշվել է, որ ստեղծվել է՝ միավորվելով «Ծառուկյան ԳԱԿ» ՍՊԸ-ի (1989 թ.), նախկին «Նեկտար» գիտաարտադրական միավորման եւ Առինջի մեղվաբուծական գիտահետազոտական փորձակայանի հետ: «Ծառուկյան ԳԱԿ»-ի մասին ռեգիստրում տվյալներ չկան, բայց այն, թերեւս, նույն «Գ. Կ. Ծառուկյան» ՍՊԸ-ն է։  

2005-ին «Մուլտի Ագրոն» վերանվանվել է ««Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ: Դրա 70 %-ը պատկանում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, 30-ը՝ Ռոզա Ծառուկյանին։ Գործարարի մայրն ընկերության գլխավոր տնօրենն է հիմնադրման օրվանից։

multi-agro.jpg (548 KB)

Չնայած ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է, որ «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ը զբաղվում է բենզալցակայաններում ավտոմեքենաների բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ առեւտրով, ընկերության կայքում ասվում է, որ դրա ուղղությունն անասնապահությունն է, իբրեւ գործունեության սկիզբ էլ նշվում է «Ծառուկյան ԳԱԿ»-ի հիմնադրման տարեթիվը՝ 1989-ը: Ըստ կայքի՝ «Մուլտի Ագրոն» ունի մանր ու խոշոր եղջերավորների տոհմային տնտեսություն, անգլիական ու արաբական խառնածին ձիերի երամակ, մեղվաընտանիքներ, ջերմոցներ: «Մուլտի Ագրոյի» կանոնադրական կապիտալն ի սկզբանե եղել է մոտ 89 մլն դրամ, ապա դարձել ավելի քան 127 մլն դրամ: Ընկերությունն արժանացել է կառավարության 2008 թ. մրցանակին:

Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի ֆերմերային բիզնեսը, որից նա սկսել է իր ուղին, ներկայում միավորված է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի մեջ:   

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը

Սա Գ. Ծառուկյանի գլխավոր ընկերությունն է, որի միջոցով գործարար պաշտոնյան ղեկավարում է իր բիզնեսի մի մասը: ««Մուլտի Գրուպ» կոնցեռն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998-ի փետրվարին 7 ընկերությունների կողմից, որոնց կանդրադանանք ստորեւ:

MULTI-GROUP.jpg (199 KB)

ՍՊԸ-ն մինչեւ 2002 թ. գրանցված էր Առինջում, ապա տեղափոխվել է Երեւանի Թումանյան 21 հասցե, գործունեության տեսակ է նշված ծառայությունների մատուցումը: Գլխավոր տնօրենն ի սկզբանե Սեդրակ Առուստամյանն է, ով Ծառուկյանի «աջ ձեռքն» է: Բացի այս կոնցեռնի գլխավոր տնօրեն լինելուց՝ Առուստամյանը ներկայանում է որպես Ծառուկյանի մասնակցությամբ բոլոր առեւտրային կազմակերպություններում նրա բաժնեմասերի եւ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ եւ լիազորված անձ:

«Մուլտի Գրուպի» կանոնադրական կապիտալը 1998-ին եղել է 50 հազ. դրամ, ապա գնալով աճել է ու 2018-ի մայիսից դարձել 9,2 մլրդ: Ըստ կոնցեռնի կայքի՝ դրա կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցների թիվն անցնում է 25 հազարից: Գործարարի մասին պատմող ֆիլմում էլ նշվում է, որ կոնցեռնը ներառում է ավելի քան 40 ընկերություն Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Բելառուսում, Լատվիայում, սակայն նշենք, որ Ծառուկյանն ընկերություններ ունի նաեւ Ուկրաինայում ու Կիպրոսում:   

Ներկայում «Մուլտի Գրուպի» 65,8 %-ը պատկանում է Գ. Ծառուկյանին, իսկ մնացած 34,2-ը՝ նույնպես առինջեցի Սամվել Ստյոպայի Ծառուկյանին, ում անունը հանդիպում ենք գործարարի այլ ընկերություններում եւս: Նաեւ այս հանգամանքն է հուշում, որ նրանք բարեկամներ են: Ս. Առուստամյանը մեր հարցմանն ի պատասխան հաստատել է, որ Սամվել Ծառուկյանը գործարար պատգամավորի հորեղբոր որդին է: Ս. Ծառուկյանը «Մուլտի Գրուպի» փայատեր է դարձել անցյալ տարվա մայիսից, մինչ այդ՝ 2002-2018 թթ., կոնցեռնի սեփականատերը Գ. Ծառուկյանն էր, 2002-2007 թթ. նրան ընկերակցել է ԱՄՆ Օրեգոն նահանգում գրանցված «Fortex Investments Group» ընկերությունը, որն այժմ չի գործում, սակայն պատկանել է Ծառուկյանին: Այն, որ հենց վերջինս է եղել ամերիկյան ընկերության սեփականատերը, հաստատել է նաեւ Ս. Առուստամյանը: 

1998-2002 թթ. «Մուլտի Գրուպի» սեփականատերերն են եղել հետեւյալ 7 ՍՊԸ-ները՝ «ՄԵԿ», «Անի», «Էրեբունի-2», «Սիս-96», «ՄԵԿ Ինտերսերվիս», «Տեխնալյումին», «Ֆիրմա Նյու»:

«Ֆիրմա Նյու»

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ի մարտին Առինջում Գ. Ծառուկյանի ու երեւանցի Մեսրոպ Մովսիսյանի կողմից: Գործունեության տեսակը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Նախկինում ընկերությունը ներկայացնում էր «Ֆիրմա Նյու» մաքսային պահեստը, որտեղ մաքսային հսկողության տակ պահպանվում էին ՀՀ ներմուծված եւ դեռեւս որեւէ մաքսային ռեժիմով բաց չթողնված ապրանքներն ու տրանսպորտային միջոցները:

2000-ին Ծառուկյանի գործընկերը փոխվել է. Մովսիսյանի փոխարեն փայատեր է դարձել նույնպես երեւանցի Արմեն Մխիթարյանը: 2003-ին Ծառուկյանը դուրս է եկել ՍՊԸ-ից՝ իր բաժնեմասը փոխանցելով «Մուլտի Գրուպին»: Գործարարն իր անմիջական մասնակցությունը վերականգնել է միայն 2015-ին, երբ ընկերությունը լքել է Մխիթարյանը: 2018-ի հունիսին նրան միացել է հորեղբոր որդին՝ Սամվել Ծառուկյանը: Այժմ «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի 64,45 %-ը պատկանում է Գ. Ծառուկյանին, 35,54-ը՝ Ս. Ծառուկյանին, շատ փոքր (0,003 %) մաս էլ՝ «Մուլտի Գրուպին»: 2015-ից տնօրենը երեւանցի Սամվել Հակոբյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը տարիների ընթացքում աճել է՝ 250 հազար դրամից հասնելով շուրջ 9,4 մլրդ-ի:

DSC_9511.jpg (749 KB)

Այսօր «Ֆիրմա Նյու» ընկերությունը ներկայացնում է ոչ թե մաքսային պահեստ, այլ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնը: «Մուլտի Գրուպի» կայքը հայտնում է, որ 2015-ի ապրիլին բացված այս կենտրոնը ժամանակի ընթացքում ընդլայնվել է, ավելացել են նոր տաղավարներ: Ներկայում գործում են 1000-ից ավելի տաղավար, օֆիսային տարածքներ, սննդի կետեր, պահեստներ, ավտոկայանատեղիներ, բուժկետ: Այստեղ վաճառվում է հագուստ, շինանյութ, տնտեսական ապրանքներ: Ըստ «Մուլտի Գրուպի»՝ նպատակ կա «Առինջ Մոլում» կառուցել նաեւ պտուղ-բանջարեղենի եւ ոսկու շուկա: Վերջինս արդեն կառուցվել է. դրան կանդրադառնանք առանձին: 

«Տեխնալյումին»

Հիմնադրվել է 1998-ի հունվարին Աբովյան քաղաքում (Զորավար Անդրանիկի 4)՝ Գ. Ծառուկյանի ու երեւանցի Թաթուլ Մխիթարյանի կողմից, ով նրա մտերիմներից է: Զբաղվում է ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ: Գործունեության ճյուղերից է նաեւ մետաղե ֆասադների եւ ավտոկայանատեղիների ինքնակառավարվող դռների արտադրությունը։

2003-ին Ծառուկյանն իր բաժնեմասը փոխանցել է «Մուլտի Գրուպին», սակայն 2015-ին կրկին դարձել է «Տեխնալյումինի» սեփականատեր՝ փոխարինելով Թ. Մխիթարյանին: Ներկայում 50-50 համամասնությամբ ՍՊԸ-ի փայատերերն են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը եւ Գ. Ծառուկյանը: Տնօրենը Երեւանի բնակիչ Սամվել Գալստյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը սկզբում եղել է 25 հազար դրամ, հետո կրկնապատկվել է:    

Քանի որ «Մուլտի Գրուպի» սկզբնական հիմնադիր մյուս 5 ընկերությունները կահույքի վաճառքի ոլորտից են, դրանք կառանձնացնենք մեկ խմբի մեջ: Մյուս բիզնեսները նույնպես կխմբավորենք ըստ ոլորտների:

Կահույք

«ՄԵԿ»

Ըստ պետռեգիստրի՝ այս ընկերությունը հիմնադրվել է 1994-ի դեկտեմբերին որպես «Մ.Ե.Կ.» ՍՊԸ, չնայած Ծառուկյանի կահույքի բիզնեսը ներկայացնող mekfurniture.net կայքը հայտնում է, որ հիմնադրվել է 1986-ին եւ արդեն 1993-ից սկսել է զբաղվել արտադրությամբ, իսկ 1994-ից՝ կահույքի ներմուծմամբ ու վաճառքով: Կայքի տվյալներով՝ իրենք առաջինն էին, որ արտերկրից կահույք են ներկրել, իսկ հիմա աշխատում են իտալական, իսպանական, անգլիական, գերմանական, ռումինական, բուլղարական եւ մալայզական ավելի քան 240 ընկերությունների հետ՝ Հայաստանում հանդես գալով որպես հայտնի ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ:   

Ընկերությունը հիմնադրել են երեւանցիներ Թաթուլ եւ Արայիկ Մխիթարյանները: 2000-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, նրա տեղը զբաղեցրել են Հասմիկ (Արայիկի կինը) եւ Արմեն Մխիթարյանները: Միաժամանակ փոխվել է անունը՝ «ՄԵԿ»: 2016-ին Թաթուլ եւ Հասմիկ Մխիթարյանների փոխարեն մասնակից է դարձել Նարինե Մխիթարյանը: Արդյունքում 50-50 համասնությամբ ՍՊԸ-ի փայատեր են դարձել Արմեն Սիմոնի Մխիթարյանն (Գ. Ծառուկյանի «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի նախկին համասեփականատեր) ու Նարինե Հրաչիկի Մխիթարյանը, ովքեր ամուսիններ են, գրանցված են Երեւանում: Արմենը «Տեխնալյումինի» նախկին համահիմնադիր Թաթուլ Մխիթարյանի հարազատ եղբայրն է: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է, գրանցված է Երեւանի Սեւակի 114 հասցեում, որտեղ գործում է «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցի սրահներից մեկը: Հենց այս ցանցն է միավորում Գ. Ծառուկյանի կահույքի բիզնեսը: 

Ինչպես տեղեկանում ենք հարկ վճարողների փնտրման համակարգից, «ՄԵԿ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Բացի դրանից, ըստ համակարգի, ընկերության գործունեության տեսակ է գրանցված ոչ մասնագիտացված խանութներում սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի գերակշռությամբ մանրածախ առեւտուրը:

«Անի»

Սա կահույքի վաճառքով զբաղվող ու Ծառուկյանին առնչվող երկրորդ ընկերությունն է ըստ հիմնադրման տարեթվի: Պետռեգիստրի տվյալներով՝ ստեղծվել է 1995-ի դեկտեմբերին որպես ««Անի» վարձակալական» ՍՊԸ (անվանափոխվել է 1996-ին): Այս առումով պատահական չէ, որ գործունեության տեսակը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Գրանցված է Երեւանի Սեբաստիայի 6 հասցեում, որտեղ այժմ գործում է «Natuzzi» կահույքի սրահը: Սա իտալական հայտնի ապրանքանիշ է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցն է:

ՍՊԸ-ն հիմնադրել են երեւանցիներ Գագիկ Թովմասյանը, Շողեր Սահակյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Արտաշես Վարդանյանը, որոնցից առաջին երկուսը դուրս են եկել 1997-ին, իսկ Մկրտչյանի տեղը 2002-ին զբաղեցրել է Գ. Ծառուկյանը: Գործարարը, սակայն, արդեն 2003-ին իր բաժնեմասը գրանցել է «Մուլտի Գրուպի» անունով: Կոնցեռնը եւ Ա. Վարդանյանը ՍՊԸ-ի սեփականատեր են եղել մինչեւ 2015 թ., երբ նրանց փոխարինել են Արմեն եւ Թաթուլ Մխիթարյանները, որոնք, ինչպես ասվեց, եղբայրներ են: 2016-ին եղբայրներն իրենց 100 % սեփականությունը փոխանցել են երեւանցի Հասմիկ Վերդինանդի Մխիթարյանին, ով, կրկնենք, վերը նշված Արայիկ Մխիթարյանի կինն է (ըստ էության, Արայիկն էլ Թաթուլի ու Արմենի եղբայրն է): Հ. Մխիթարյանը նաեւ «Անի» ՍՊԸ-ի տնօրենն է:

«Անիի» կանոնադրական կապիտալը 1995-ին եղել է ավելի քան 142 մլն դրամ, ապա նվազել է մինչեւ 65 մլն, սակայն հետո կրկին աճել է ու այժմ 129 մլն դրամ է:

«Էրեբունի-2»

Հիմնադրվել է 1996-ի սեպտեմբերին: Մասնակիցները եղել են երեւանցիներ Հակոբ Հակոբյանը, Գուրգեն Սահակյանն ու առինջեցի Հովիկ Առաքելյանը: Ամենաշուտը՝ 1999-ին, ՍՊԸ-ից դուրս է եկել Հակոբյանը, իսկ 2002-ին Առաքելյանին փոխարինել է Գագիկ Ծառուկյանը, սակայն արդեն 2003-ին գործարարն իր փայը փոխանցել «Մուլտի Գրուպին»: 2012-ին էլ Սահակյանի տեղը զբաղեցրել է արդեն հիշատակված Արմեն Մխիթարյանը: 2015-ին նրան միացել է եղբայրը՝ Թաթուլը, ով փոխարինել է «Մուլտի Գրուպին», իսկ 2016-ի նույն օրը, ինչպես «Անի» ՍՊԸ-ի, այնպես էլ «Էրեբունի-2»-ի իրենց փայը եղբայրներն ամբողջությամբ զիջել են Հասմիկ Մխիթարյանին: Բայց ի տարբերություն «Անի» ընկերության՝ «Էրեբունի-2»-ում իր 100 % բաժնեմասը Հ. Մխիթարյանը 2018-ին փոխանցել է որդուն՝ Էդգարին, ով դարձել է նաեւ ընկերության տնօրենը (Երեւանի բնակիչ է):      

Այս ՍՊԸ-ի գործունեության տեսակը, ինչպես «Անիի» պարագայում, սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: «Էրեբունի-2»-ը գրանցված է Երեւանում՝ Էրեբունու 30 հասցեում, որտեղ նախկինում գործում էր «Ինտերսերվիս ՄԵԿ» ցանցի սրահներից մեկը: Ընկերության կանոնադրական կապիտալը 1996-ին եղել է մոտ 29 մլն դրամ, 2003-ին աճել է մինչեւ 36 մլն, ապա նվազել ու դարձել 24 մլն:

«Մուլտի Սիս»

Պետռեգիստրի համաձայն՝ հիմնադրվել է 1996-ի հոկտեմբերին ու մինչեւ 2000 թ. կոչվել «Սիս-96»: Սա «Հայկահույք» մեծամանրածախ պետական ձեռնարկության «Ապրանքներ տան համար թիվ 1» դուստր ձեռնարկության իրավահաջորդն է: Գրանցված է Երեւանի Շիրակի 1ա հասցեում, որտեղ գործում է Ծառուկյանի ու բելառուսների հիմնած «Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տունը:

Պետռեգիստրում որպես «Սիս-96»-ի հիմնադիրներ նշված են երեւանցիներ Մնացական Գեւորգյանը, Մինաս Ղազանչյանը, Էդիկ Մադաթյանը, Անահիտ Սաֆարյանը, Արամ Քոչարյանն ու Արթուր Խաչատրյանը, ինչպես նաեւ 9 հիմնադիրներ, որոնք հենց այդպես էլ ներկայացված են: Բացի Ա. Խաչատրյանից՝ բոլորը դուրս են եկել ընկերությունից 1997-ին: Նրանց փոխարինել է Ռոբերտ Մկրտչյանը, ով «Անի» ՍՊԸ-ի հիմնադիրներից էր: 2000-ին ՍՊԸ-ն լքել է Ա. Խաչատրյանը, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Մուլտի Սիս»: 2002-ին դրանից դուրս է եկել նաեւ Ռ. Մկրտչյանը, 100 % բաժնեմասն անցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: 2007-2010-ին ընկերության փայատեր է եղել նաեւ Թաթուլ Մխիթարյանը, ում փոխարինել է Գ. Ծառուկյանը: Այժմ գործարարն ու նրա կոնցեռնը «Մուլտի Սիսի» 50-ական %-ի փայատերեր են: Տնօրենը Առինջում հաշվառված Մկրտիչ Գասպարյանն է:         

Ընկերության կանոնադրական կապիտալը 235 մլն դրամ է, գործունեության տեսակը նույնն է, ինչ «Անի» եւ «Էրեբունի-2» ՍՊԸ-ների դեպքում:

«Ջավահիր Առաքելյան»

Սա «Մուլտի Գրուպի» սկզբնական հիմնադիրներից չէ, բայց նույնպես կահույքի ոլորտից է: Աբովյանի թիվ 1/1 տնտհաշվարկային խանութի սեփականաշնորհման արդյունքում 1997-ի հունիսին գրանցվել է «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն: Հիմնադիրը՝ առինջեցի Հովիկ Գեւուշի Առաքելյանը, թերեւս, Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ռաֆիկի Առաքելյանի (Ծառուկյանի) ազգականն է: Հատկանշական է, որ 1999-ի տարեվերջին «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն դարձել է «Ջավահիր Առաքելյան» ՍՊԸ: Ամիսներ անց՝ 2000-ի մայիսին, սեփականատերն իր ամբողջ փայը հանձնել է հենց Ջ. Առաքելյանին, ով էլ 2002-ի դեկտեմբերին այն փոխանցել է Գ. Ծառուկյանին: 2003-ի մարտին միակ փայատեր է դարձել «Մուլտի Գրուպը»:

Ըստ ՍՊԸ-ի կանոնադրության՝ գործունեության հիմնական տեսակներն են կահույքի, պարենային ապրանքների առեւտուրը, միջնորդական ոչ բորսային գործունեությունը: Կանոնադրական կապիտալը 159 մլն դրամ է, տնօրենը Ջ. Ծառուկյանն է: Ընկերությունը գրանցված է Աբովյանի Զորավար Անդրանիկի 4-ում:    

«ՄԵԿ Ինտերսերվիս»

Այս ՍՊԸ-ն 1998-ի հունվարին ստեղծել են Գ. Ծառուկյանը եւ վերոնշյալ «Հովիկ Առաքելյան» ԱՁ-ն: «ՄԵԿ Ինտերսերվիս» ընկերությունը գրանցված էր Աբովյանի նույն հասցեում՝ Զորավար Անդրանիկի 4-ում: Այստեղ նույնպես կահույքի վաճառքի խանութ-սրահ է, որը նախկինում կոչվում էր «Ինտերսերվիս Արմենիա», իսկ այժմ՝ «Ինտերսերվիս ՄԵԿ»: Հավելենք, որ 2003-ին «ՄԵԿ Ինտերսերվիս» ՍՊԸ-ն լուծարվել է, այդ ժամանակ 50 հազար դրամ կապիտալով ընկերության փայատերերն էին Գ. Ծառուկյանն ու Ալբերտ Աբրահամյանը:       

«Ինտերսերվիս ՄԵԿ»

Սա նույնպես «Մուլտի Գրուպի» հիմնադիրներից չէ, սակայն այն ընկերությունն է, որի անվան տակ միավորված է Ծառուկյանի կահույքի բիզնեսը: 2010-ի մայիսին հիմնադրել են վերը նշված Արմեն Մխիթարյանն ու «Մուլտի Սիսի» տնօրեն Մկրտիչ Գասպարյանը: Վերջինս, որը մինչ օրս ընկերության տնօրենն է, 2015-ին դուրս է եկել փայատերերի կազմից, նրան փոխարինել են Թաթուլ եւ Հասմիկ Մխիթարյանները: Այդուհանդերձ, 2016-ին նրանք էլ լքել են ՍՊԸ-ն, ինչի արդյունքում Ա. Մխիթարյանը դարձել է 100 %-ի սեփականատեր:

Ընկերության կապիտալը 50 հազար դրամ է, գրանցված է Առինջում, հարկ վճարողների փնտրման համակարգի համաձայն՝ զբաղվում է մասնագիտացված խանութներում կահույքի մանրածախ առեւտրով: 2018-ին ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ՍՊԸ-ն եղել է 784-րդ տեղում. տարվա կտրվածքով վճարել է ընդհանուր մոտ 183 մլն դրամ հարկ: 

Այսպիսով՝ եթե հաշվի չառնենք լուծարված «ՄԵԿ Ինտերսերվիս» ՍՊԸ-ն, ապա մնացած 6 ընկերություններից («ՄԵԿ», «Անի», «Էրեբունի-2», «Մուլտի Սիս», «Ջավահիր Առաքելյան», «Ինտերսերվիս ՄԵԿ») 4-ը գտնվում են Մխիթարյանների վերահսկողության ներքո. սեփականատերերի ցանկում են ամուսիններ Արմեն եւ Նարինե Մխիթարյանները, Հասմիկ Մխիթարյանը, նրա որդի Էդգար Մխիթարյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնը: 

Խմիչքների արտադրություն եւ վաճառք

1990-ականների կեսերին Ծառուկյանը մտել է ալկոհոլային խմիչքների շուկա: Այս ոլորտում նա նախ ձեռք է բերել Աբովյանի գարեջրի գործարանը:

««Կոտայք» գարեջրի գործարան»

Աբովյանի գարեջրի գործարանը հիմնադրվել է 1970-ականներին: Հայկական սովետական հանրագիտարանը նշում է, որ 1976 թվականին Աբովյանի շրջանում շահագործման է հանձնվել 7,2 մլն դեկալիտր հզորությամբ գարեջրի նոր գործարան: Հետագայում «Կոտայք» անվանակոչված գործարանի պաշտոնական կայքում, որը ներկայում անհասանելի է, հիմնադրման տարեթիվ է նշվել 1974 թ.: Ըստ այդմ՝ գործարանը հիմնվել է Չեխոսլովակայից հրավիրված մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով գարեջրով ապահովել ամբողջ կովկասյան տարածաշրջանը: Այն կառուցվել է չեխական սարքավորումներով եւ տեխնոլոգիայով՝ օգտագործելով տեղական եւ ներմուծված հումքը: «Մուլտի Գրուպի» կայքն էլ հայտնում է, որ գործարանը շահագործման է հանձնվել 1978-ին՝ զբաղեցնելով 6,5 հա տարածք (այլ աղբյուրում նշվում է, որ այդ տարի պարզապես գործարանն սկսել է աշխատել ամբողջ թափով):     

Անկախությունից հետո գործարանը մասնավորեցվել է: 1995-ի մայիսին Աբովյան քաղաքում գրանցվել է «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ն (հետագայում լուծարվել է), որն, ըստ «Մուլտի Գրուպի» կայքի, գլխավորում էր Ծառուկյանը: Վերջինս 1996-ին որոշել է այս բիզնեսում ներգրավել գարեջրագործության մեջ փորձ ունեցող արտասահմանցի գործընկերների: Այդպիսին էր ֆրանսիական հայտնի «Castel Group»-ը, որը մասնագիտացած է ալկոհոլային խմիչքների ու, մասնավորապես, գարեջրի արտադրության ոլորտում: Ծառուկյանի մտերիմ Սեդրակ Առուստամյանը նրա մասին պատմող ֆիլմում հիշում է, որ գործարարը վաճառել է իր 30 %-ը, իսկ գործարանն այդ ժամանակ ապահովում էր գարեջրի տեղական շուկայի արտադրանքի ավելի քան 70 %-ը, նաեւ արտահանում էր Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա:

Ֆրանսիացի ներդրողների գալով հիմնադրվել է նոր ընկերություն: Այսպես՝ 1997-ի հունիսին Երեւանի Չելյուսկինցիների 62 հասցեում (ներկայում սա Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքն է) գրանցվել է «ՍԻԼ-ԲԺԻ-Հայաստան» հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն (ՀՁ) ՍՊԸ-ն, որի սեփականատերերն էին գործարար, 1999-2009 թթ. ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու ֆրանսիական «BGI» ընկերությունը («Castel Group»-ի մաս է):

Մի փոքր շեղվելով՝ նշենք, որ 1997-ի հուլիսին Խ. Սուքիասյանն ու Գ. Ծառուկյանը, որոնք ընկերներ են, 50-50 համամասնությամբ նույն հասցեում՝ Չելյուսկինցիների 62-ում, հիմնել են «Արմ-Արտ» ՍՊԸ-ն: 100 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը լուծարվել է 2012-ի օգոստոսին:

Ինչ վերաբերում է գարեջրի գործարանին, ապա ֆրանսիացիներն այստեղ ներդրել են ավելի քան 15 մլն դոլար: 1999-ին Խ. Սուքիասյանը դուրս է եկել «ՍԻԼ-ԲԺԻ-Հայաստան» ՍՊԸ-ից՝ միակ սեփականատեր թողնելով «BGI»-ին: Միաժամանակ փոխվել է ընկերության անունը՝ դառնալով «Մուլտի-ԲԺԻ», որի հասցեն Երեւանից տեղափոխվել է Աբովյան քաղաք (Աբովյան 10), որտեղ գործարանն է: 2002-ին ՍՊԸ-ին է միաձուլվել նույն հասցեում գրանցված «ՋիՔեյԲի» ԲԲԸ-ն:

kotayk brewery.jpg (515 KB)

2003-ին «Մուլտի-ԲԺԻ» ՍՊԸ-ն վերանվանվել է ««Կոտայք» գարեջրի գործարան»: Նույն տարվա վերջին ֆրանսիական «BGI»-ի փոխարեն գործարանի միանձնյա սեփականատեր է դարձել Ջիբրալթարում գրանցված «B.I.H.(E) - Brasseries Internationales Holding (Eastern) Limited»-ը, որը նույնպես «Castel Group»-ի ընկերություններից է: 2008-ին «Կոտայքի» 1 %-ի սեփականատեր է դարձել ֆրանսիացի Ժան Պոլ Լաֆրանկին (Jean-Paul Lafranchi), ով «B.I.H.(E)»-ի ղեկավարն էր: Մինչ այդ՝ դեռ 2004-ին, հայտնի էր դարձել, որ «Castel»-ը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 20 մլն դոլար վարկ է վերցնելու՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Ռուսաստանում ներդրումներ կատարելու համար: Եվ պատահական չէ, որ ՎԶԵԲ-ը 2010-2011 թթ. «Կոտայքի» սեփականատերերից մեկն էր (մասնաբաժին՝ վարկի դիմաց): 2011-ի մայիսին ջիբրալթարյան ընկերությունն ու ֆրանսիացի Լաֆրանկին իրենց ամբողջ բաժնեմասը փոխանցել են Գագիկ Ծառուկյանին, որն էլ մինչ օրս ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի միակ փայատերն է:

Եթե 1997-ին ընկերության կանոնադրական կապիտալը 9000 դրամ էր, ապա այսօր շուրջ 1,1 մլրդ է: Գլխավոր տնօրենը երեւանցի Գաբրիել Զաքարյանն է: 2018-ին 1000 խոշոր հարկատուների մեջ ՍՊԸ-ն եղել է 833-րդը՝ վճարած լինելով 171 մլն դրամ հարկ:          

Գործարանն արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ արտերկրում ստացել է «Պլատինե աստղ», «Ադամանդե աստղ», ըմպելիքների որակի պրեմիում դասի պարգեւ: Գարեջրից բացի՝ 2013-ից «Կոտայքն» արտադրում է նաեւ զովացուցիչ ըմպելիքներ:

«Մուլտի-Բարդ»

Այս ՍՊԸ-ն 1999-ի դեկտեմբերին Առինջում հիմնադրել են Գ. Ծառուկյանն (50 %) ու փարիզցի Անտուան Բարդոնը (Antoine Bardon, 50 %): 2003-ի ապրիլին Ծառուկյանն իր բաժնեմասը փոխանցել է «Մուլտի Գրուպին»: Կանոնադրական կապիտալը եղել է 500 հազ. դրամ: Ֆրանսիացի Ա. Բարդոնը, ով այժմ ֆրանս-վրացական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահն է, նախկինում հիմնել է, մասնավորապես, «A. Bardon Consulting Ltd» ընկերությունը, որը մասնագիտացած է եղել զարգացող երկրներում ներդրումներ անելու մեջ: Բիզնեսի կառավարիչ, իրավաբան եւ ֆինանսիստ Բարդոնի ընկերությունը ծառայություններ է մատուցել ԱՊՀ երկրներում, մասնավորապես՝ Կովկասում ներդրումներ կատարողներին: «A. Bardon Consulting»-ը եղել է «Castel Group»-ի ներդրումների կառավարիչը: «Castel»-ը, ինչպես վերը նշվեց, 1997-2011 թթ. Կոտայքի գարեջրի գործարանի հիմնական սեփականատերն էր: 2012-ի օգոստոսին «Մուլտի-Բարդ» ՍՊԸ-ն լուծարվել է: 

«Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»          

Այս կոմբինատի պատմությունը շատ ավելի հին է, քան գարեջրի գործարանինը: Գինու արդյունաբերական արտադրությունը Հայաստանում սկսվել է 1877-ին վաճառական Ներսես Թաիրյանի (Թաիրով) կողմից, որը նաեւ առաջինն էր, ով 1887-ին Անդրկովկասում սկսել է կոնյակի սպիրտ արտադրել ֆրանսիական տեխնոլոգիայով: 19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզբին Երեւանի բերդի տարածքի մի մասում կառուցվել է Թաիրյանի գինու-կոնյակի գործարանը: Հայկական սովետական հանրագիտարանի տեղեկացմամբ՝ երկաթուղային ճանապարհի բացակայության եւ սպառման սահմանափակ հնարավորության պատճառով Թաիրյանը նախ գրավադրել է գործարանը, ապա 1899-ին վաճառել «Ն. Շուստով եւ որդիներ» մոսկովյան ընկերությանը: 1900-ին Փարիզի ցուցահանդեսում Շուստովների արտադրած կոնյակն արժանացել է Գրան-պրիի, եւ նրանց թույլատրվել է արտադրանքի վրա կիրառել ոչ թե «բրենդի», այլ հենց «կոնյակ» տերմինը: 1920-ին դաշնակցական կառավարությունը պետականացրել է Շուստովների գործարանը, որը շուտով կոչվել է «Արարատ»: 1921-ին՝ արդեն կոմունիստների օրոք, «Արարատին» է միացվել գինու եւ կոնյակի պետականացված եւս 5 գործարան: 1922-ին էլ ստեղծվել է «Արարատ» տրեստը, որին են հանձնվել Հայաստանում գինի, կոնյակ, օղի արտադրող բոլոր գործարանները: 1949-ին գինու գործարանից առանձնացել է Երեւանի կոնյակի գործարանը, որն սկսել է արտադրանք տալ 1953-ից: 1964-ին «Արարատ» տրեստը վերանվանվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության մինիստրության գինու եւ կոնյակի արդյունաբերության գլխավոր վարչություն, որը 1974-ի դրությամբ միավորում էր գինու 25, կոնյակի 3, շամպայնի ու գինեթթվի 1-ական գործարան եւ խաղողագործական 4 սովետական տնտեսություն:

Ըստ կոմբինատի պաշտոնական կայքի՝ Հայաստանի անկախացումից հետո այն գտնվում էր լքված վիճակում: 1994-ի հուլիսին գրանցվել է «ՀՀ պարենի եւ մթերումների նախարարության Երեւանի գինու կոմբինատ» պետական ձեռնարկությունը, որը շուտով դադարեցրել է գործունեությունը: Դրա իրավահաջորդ է դարձել 1996-ի մայիսին հիմնադրված «Երեւանի գինու կոմբինատ» ԲԲԸ-ն, որը նույն տարվա աշնանը վերանվանվել է «Երեւանի «Արարատ» գինու կոմբինատ»: 1999-2011 թթ. ընկերությունը կոչվել է «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ», իսկ 2011-ից՝ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ: 2002-ին ընկերության բաժնետեր է դարձել Գագիկ Ծառուկյանը:

2002-2004 թթ. կոմբինատում կատարվել են վերանորոգման-վերակառուցման աշխատանքներ, որոնք շարունակվել են նաեւ հետագայում: Իր մասին պատմող ֆիլմում գործարարն ասում է, որ ֆրանսիական «Pernod Ricard» ընկերությանն առաջարկ էր արվել կես մլն դոլարով գնել այս գործարանը, սակայն նրանք հրաժարվել էին: 1998-ին ֆրանսիացիները գնել էին Երեւանի կոնյակի գործարանը: Քանի որ վերջինիս արտադրանքը հայտնի է «Արարատ» անունով, Ծառուկյանն իր կոմբինատի ապրանքանիշն անվանել է «Նոյ», չնայած ԲԲԸ-ի անվան մեջ առկա է պատմական «Արարատ» անունը: «Մուլտի Գրուպի» ղեկավար Սեդրակ Առուստամյանն էլ նույն ֆիլմում պատմում է, որ իրենց եւ ֆրանսիացիների միջեւ խնդիր էր ծագել «Արարատ» լոգոյի շուրջ, քանի որ վերջինս Ռուսաստանում գրանցված էր Երեւանի կոնյակի գործարանի անունով: Ըստ Առուստամյանի՝ չնայած ֆրանսիացիները լոգոյի օգտագործման իրավունքից հրաժարվելու դիմաց առաջարկել էին 16 մլն դոլար, Ծառուկյանը մերժել էր: Արդյունքում համաձայնության էին եկել լոգոն օգտագործել համատեղ: 2006-ից կոմբինատն իր «Kremlin Award» տեսականիով Կրեմլի պաշտոնական մատակարարն է: 2011-ին էլ ԲԲԸ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով «Արմյանսկի ստանդարտ» («Армянскі стандарт») անունով կոնյակագործական ընկերություն է հիմնել Մինսկում բելառուսական կողմի հետ: Այս եւ Ծառուկյանի արտասահմանյան մյուս ընկերություններին առանձին կանդրադառնանք:

2008-ին «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն ուներ 124 բաժնետեր, որոնցից Ծառուկյանին պատկանում էր բաժնետոմսերի շուրջ 82 %-ը, եւս 10 %-ը «Մուլտի Գրուպինն» էր, մոտ 7 %-ն էլ բաշխված էր մնացած բաժնետերերի միջեւ, որոնցից ամենամեծ բաժինը՝ 3,2 % կամ 1520 բաժնետոմս, պատկանում էր գերմանական «Der Ostinvestor» ներդրումային հիմնադրամին: Վերջինիս եւ Ծառուկյանի միջեւ վեճի մասին «Հետքը» գրել է: Գլխավոր բաժնետերը 2008-ին արտասահմանյան ներդրողից պահանջել էր վաճառել բաժնետոմսերը, սակայն մերժում էր ստացել, ինչից հետո ԲԲԸ-ի արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) բաժնետոմսերը՝ 2363,5 հատը դարձնելով 1 հատ: Այդպիսով՝ «Der Ostinvestor»-ը դուրս էր մղվել բաժնետերերի միջից, քանի որ համախմբումից հետո 1 բաժնետոմս էլ չէր ստացել: Հայաստանի իշխանություններին ուղղված դիմումներն ու դատական պրոցեսը արդյունք չէին տվել, ինչից հետո հիմնադրամը ստիպված էր դիմել Եվրադատարան (մանրամասները՝ այստեղ):      

Այսօր Գ. Ծառուկյանը կոմբինատում ունի 98,63 % բաժնետոմս: ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը 2,7 մլրդ դրամ է, իսկ գլխավոր տնօրենը 2015-ից ի վեր չարենցավանցի Արմեն Զաքարյանն է: Չնայած ընկերության իրավաբանական հասցեն Ծովակալ Իսակովի 9-ն է (սա ՀՀ ճանապարհային ոստիկանության հասցեն է), փաստ է, որ կոմբինատը գտնվում է Արգիշտիի 9-ում: 2018-ին երկրի 1000 խոշոր հարկատուների մեջ «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն վճարած 908 մլն դր հարկով եղել է 185-րդը:

««Շուստով» առեւտրի տուն»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008-ի հունիսին եւ գրանցվել Երեւանի Ծովակալ Իսակովի 9 հասցեում, բայց փաստացի գործում է Արգիշտիի 9-ում: «Մուլտի Գրուպի» կայքի տեղեկացմամբ՝ ընկերությունը զբաղվում է վերոնշյալ կոմբինատի արտադրանքի մանրածախ եւ մեծածախ առեւտրով, նպատակն էլ շուստովյան ավանդույթների շարունակումն է: Խոսքը 1863-ին հիմնադրված «Ն. Շուստով եւ որդիներ» («Н. Шустовъ и сыновья») ընկերության մասին է, որը Մոսկվայում զբաղվում էր ալկոհոլային խմիչքների արտադրությամբ: 1896-ին Շուստովների առեւտրի տունն անվանափոխվել է՝ դառնալով «Ն. Լ. Շուստով որդիների հետ» («Н.Л.Шустовъ съ Сыновьями»): Ինչպես ասվեց, 1899-ին վերջինս գնել է Ներսես Թաիրյանի երեւանյան գործարանը:

««Շուստով» առեւտրի տուն» ՓԲԸ-ի 50 %-ի բաժնետերը Գագիկ Ծառուկյանն է: Կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է: 2011-ից մինչ օրս գլխավոր տնօրենը երեւանցի Մարինե Հարությունյանն է: Ինչպես կտեսնենք հետո, այս ՓԲԸ-ի հետ գրեթե միաժամանակ Մոսկվայում հիմնվել է նույնատիպ ընկերություն:

«Մուլտի Ակվամարին»

Այս ՍՊԸ-ն 2009-ի մարտին 50-50 համամասնությամբ հիմնադրել են Գ. Ծառուկյանն ու Երեւանի գրանցում ունեցող Կեւորկ-Սարկիս Թորամանյանը, սակայն 2011-ին վերջինիս փոխարինել է Սեդրակ Առուստամյանը: Գրանցված է «Մուլտի Գրուպի» հասցեում՝ Թումանյան 21-ում, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 2012-ից այս կողմ գլխավոր տնօրենը երեւանցի Հարություն Հարությունյանն է:  

ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալներով՝ ընկերության գործունեության տեսակը սեփական կամ վարձակալված անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններն են: Միաժամանակ հայտնի է, որ 2011-ի վերջին Կոտայքի մարզի Ակունք գյուղում շահագործման է հանձնվել «Մուլտի Ակվամարին» բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանը, որի համար, ըստ կառավարության, ներդրվել է 2,9 մլրդ դրամ: Ընկերության տեխնիկական պայմանների համաձայն՝ «Ակվարինա» անունով աղբյուրի խմելու ջուրը շշալցվում է Կոտայքի Կաթնաղբյուր գյուղի տարածքի հորատանցքից՝ մեխանիկական մաքրման եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ենթարկվելուց հետո: Սակայն «JurJur» ապրանքանիշով հայտնի «Էվրի Դեյ» ընկերությունը, որը նաեւ «Բյուրեղ» եւ «Մաքուր Ջուր» ապրանքանիշերի մատակարարմամբ է զբաղվում, իր կայքում նշում է, որ «Մաքուր Ջուրը» («ՄԳԱ Վոթըր» ՍՊԸ-ի արտադրանք) շշալցվում է «Մուլտի Ակվամարին» ընկերության գործարանում՝ վարձակալված արտադրական հզորությունների միջոցով:

Այսինքն՝ Ծառուկյանի գործարանը ներկայում ծառայում է այլ ընկերության արտադրանքի պատրաստմանը:

Դեղագործություն

«Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրմա»

Սա Երեւանի քիմիա-դեղագործական գործարանն է, որը հիմնադրվել է 1967-ին: «Մուլտի Գրուպի» կայքը հայտնում է, որ 1968-ին գործարանը տվել է առաջին արտադրանքը՝ 10 անուն դեղանյութ: 1970-ականների վերջին գործարանը թողարկում էր 56 անուն դեղանյութ, այդ թվում՝  ներարկային միջոցներ, հաբեր, ինչպես նաեւ գալենային պրեպարատներ (բուսական ծագման էքստրակտներ), վիրակապեր: 1977-1983 թթ. գործարանը մտել է «Երեւանվիտամին» միավորման մեջ:

1994-ի սեպտեմբերին պետական գրանցում է ստացել «ՀՀ արդյունաբերության նախարարության քիմիա-դեղագործական գործարան» պետական ձեռնարկությունը (ՊՁ), որի իրավահաջորդ է դարձել 1995-ի ապրիլին հիմնադրված «Քիմիա-դեղագործական գործարան» ՊՁ-ն: Ըստ «Մուլտի Գրուպի» կայքի՝ 1995-ի փետրվարին կառավարությունը որոշել էր մասնակի սեփականաշնորհել գործարանը, իսկ արդեն ապրիլին որոշվել է այն վերակազմավորել ԲԲԸ-ի: Վերջինիս հիմնադիր ժողովը կայացել է նույն տարվա նոյեմբերին, իսկ 1996-ի հունվարին «Քիմիա-դեղագործական գործարան» ՊՁ-ն վերանվանվել է «Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ: Պետռեգիստրի տվյալներով՝ ընկերության 80,6 % բաժնետոմսերը պատկանել են արդյունաբերության նախարարությանը, իսկ մնացած 19,4-ը՝ կոլեկտիվին: Ներկայում ԲԲԸ-ի 40,95 % բաժնետոմսերը Գագիկ Ծառուկյանինն են: Ընկերության կանոնադրական կապիտալը շուրջ 615 մլն դրամ է: 2013-ից մինչ օրս տնօրենը երեւանցի Սիրազ Մաթեւոսյանն է: ԲԲԸ-ն գրանցված է մայրաքաղաքի Աճառյան 2-րդ նրբանցքի 6 հասցեում եւ, ըստ «Մուլտի Գրուպի», զբաղեցնում է 3 հա տարածք:

Կոնցեռնի տվյալներով՝ ֆիրմայի արտադրած ներարկային դեղամիջոցների 70 %-ն արտահանվում է Ռուսաստան եւ Ուզբեկստան, իսկ գալենային պրեպարատներն ամբողջությամբ իրացվում են Հայաստանում ու Արցախում: «Երեւանի քիմիա-դեղագործական ֆիրման» անդամակցում է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությանը, որի կայքի համաձայն՝ ֆիրման հումքը ներկրում է Ռուսաստանից, Վրաստանից եւ Չինաստանից։ Ըստ նույն աղբյուրի՝ ԲԲԸ-ն ունի 215 աշխատող:

2018-ին ընկերությունը վճարել է 197 մլն դր հարկ եւ 1000 խոշոր հարկատուների մեջ զբաղեցրել 731-րդ տեղը:    

«Ֆարմ-Ադամա» եւ «Նեֆրա-Մեդ»

«Ֆարմ-Ադամա» ՍՊԸ-ն 2010-ի փետրվարին 50-50 համամասնությամբ հիմնադրել էին Գ. Ծառուկյանն ու մոսկվաբնակ Հակոբ Հովսեփյանը: 2014-ին գործարարն իր բաժնեմասը փոխանցել է բալահովիտցի Տիգրան Մանուկյանին, բայց այն, որ մինչեւ 2015 թ. «Ֆարմ-Ադամայի» տնօրենը Սեդրակ Առուստամյանն էր, հուշում է, որ Ծառուկյանը շարունակել է փաստացի մասնակցություն ունենալ: Այդուհանդերձ, 2015-ին Մանուկյանն ու Հովսեփյանն ընկերությունն օտարել են Մոսկվայի բնակիչ Լեւա Հակոբյանին, գլխավոր տնօրեն է դարձել ջերմուկցի Աննա Թունանյանը: Հասցեն էլ Երեւանի Թումանյան 21-ից տեղափոխվել է Պռոշյան 2/1: Այս ամենը հուշում է, որ Ծառուկյանն ընկերությունում այլեւս մասնակցություն չունի: Ներկայում ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալն ավելի քան 45 մլն դր է, իսկ մինչեւ 2015-ը 50 հազ. էր:

Ծառուկյանի օրոք՝ 2011-ին, «Ֆարմ-Ադաման» ինսուլինի պետգնման մրցույթ էր շահել եւ մատակարարել ֆրանսիական «Sanofi» ընկերության դեղորայքը: Ընդ որում՝ 2007-2012 թթ. առողջապահության նախարարը գործարարի թիմակիցն էր՝ ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը։ ԱՆ աշխատակազմի ղեկավարը 2013-ին «Հետքին» հայտնել էր, որ տեղական միջնորդները հավելյալ գումարներ են աշխատում պետգնումներից, ինչի հետեւանքով պետությունը որոշել էր գնումներ կատարել ոչ թե նրանցից, այլ անմիջապես օտարերկրյա արտադրողներից:

2011-ի գարնանը հայտնի էր դարձել, որ «Ֆարմ-Ադաման» մտադիր է միջազգային չափանիշներին համապատասխան դեղագործական գործարան կառուցել, որն սկզբնական փուլում իրականացնելու էր «Sanofi»-ի դեղերի երկրորդային փաթեթավորում, այնուհետեւ անցնելու էր հաբերի, հեղուկ դեղերի ու վիտամինների, իսկ վերջում՝ նաեւ ինսուլինի արտադրության: Դրան ընդառաջ 2011-ի փետրվարին «Մուլտի Գրուպի» հասցեում (Թումանյան 21) գրանցվել էր «Նեֆրա-Մեդ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն էին Գ. Ծառուկյանը (30 %), Ռուբեն Բաբակեխյանը (20 %) եւ Ասատուր Ասատրյանը (50 %)։ Վերջինս նաեւ ընկերության տնօրենն էր։ Ասատրյանը գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի քեռու որդին է: Նա եւ Մկրտչյանը «Նատալի Ֆարմ» դեղագործական ընկերության փայատերերն են, Ասատրյանը՝ նաեւ տնօրենը։ Ի դեպ, Հ. Քուշկյանի նախարար լինելու տարիներին «Նատալի Ֆարմը» եղել է ինսուլինի պետգնման մրցույթների հիմնական հաղթողը: Կարելի է ասել, որ «Նեֆրա-Մեդի» 50 %-ի իրական փայատերը եղել է հենց Սամվել Ալեքսանյանը կամ նրա կինը։

Եթե 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում Գ. Ծառուկյանը հիշատակել էր «Նեֆրա-Մեդ» ընկերության իր բաժնեմասը, ապա 2018-ի հայտարարագրում այն չկա: Պատճառը ՍՊԸ-ի լուծարումն է:    

«Մուլտի Ֆարմ»

2018-ի մարտին Գ. Ծառուկյանն ու գերմանացի Ինգո Պետեր Զյոնգենը (Ingo Peter Söhngen) 50-50 համամասնությամբ Արգիշտիի 9 հասցեում հիմնադրել են «Մուլտի Ֆարմ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը, ըստ կանոնադրության, դեղորայքի, սննդային հավելումների եւ կոսմետիկայի առքուվաճառքն է: Տնօրենը Մայնի Ֆրանկֆուրտի բնակիչ Զյոնգենն է, ով տարբեր ոլորտներում (այդ թվում՝ կոսմետիկայի, սննդային հավելումների եւ բժշկական միջոցների արտադրություն ու մատակարարում) ներգրավված եւ «Gemini» (լատիներենից թարգմաբար՝ երկվորյակ) անվամբ ներկայացող գերմանական մի շարք ընկերությունների գործադիր տնօրենն է: «Մուլտի Ֆարմի» կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 

Շարունակելի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, համացանցի բաց աղբյուրների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter