HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանի բիզնես կայսրությունը. գազ, նավթամթերք, մեքենաներ, հանքեր, սարքաշինություն, ծառայություններ

սկիզբը

Գազ եւ նավթամթերք

Գագիկ Ծառուկյանի ընկերությունները խոշոր խաղացողներ են գազի վաճառքի ոլորտում: Նրանք նաեւ տիրապետում են գազալցակայանների ցանցի:

«Մուլտի-Լեոն»

Այս ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000-ի օգոստոսին Առինջում: «Մուլտի Գրուպի» կայքի տեղեկացմամբ՝ զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ: «Մուլտի-Լեոնը» գազալցակայաններ ունի թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, աշխատողների թիվը շուրջ 140 է: Ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ 2018-ին (նաեւ 2017-ին) ընկերությունը եղել է հեղուկ գազի ձեռքբերման ոլորտի գերիշխող. նախորդ տարի Հայաստան ներմուծված ավելի քան 17 հազ. տոննա հեղուկ գազի 58 %-ը «Մուլտի Լեոնն» է ներկրել: Վերջինս նախկինում նաեւ գերիշխող դիրք է ունեցել սեղմված բնական գազի երեւանյան շուկայում: Անցյալ տարի վճարած ավելի քան 1 մլրդ դրամ հարկով ՍՊԸ-ն 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 162-րդը:

DSC_9633.jpg (423 KB)

«Մուլտի-Լեոնի» առաջին հիմնադիրներն էին բալահովիտցի Ալբերտ Աբրահամյանն ու երեւանցի Ռոբերտ Մկրտչյանը: Վերջինս Ծառուկյանի մերձավորներից է, կահույքի բիզնեսով զբաղվող «Անի» եւ «Մուլտի Սիս» ընկերությունների հիմնադիրներից: 2002-ին Մկրտչյանն իր բաժնեմասը փոխանցել է Ծառուկյանին, սակայն հաջորդ տարի գործարարն այն գրանցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի անունով: Իսկ ահա Ա. Աբրահամյանը, որը Ծառուկյանի գործընկերն էր «ՄԵԿ Ինտերսերվիսում», 2003-ին իր փայը հանձնել է համագյուղացի Ալեքսանդր Սարգսյանին: Վերջինս էլ 2012-ին բաժնեմասը փոխանցել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում գրանցված «Փաբլիք Սըփորթ Սերվիսիս Լիմիթեդ» ՓԲԸ-ին, որն զբաղվում է ապահովագրական գործակալների եւ միջնորդների գործունեությամբ: Այս ընկերության բաժնետերը երեւանյան «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ն է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հագուստի մեծածախ առեւտրով), որի սեփականատերն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է՝ Սեդրակը: 

Այսպիսով՝ ներկայում 50-50 համամասնությամբ «Մուլտի-Լեոնի» փայատերերն են նշված ՓԲԸ-ն (իսկ անուղղակիորեն՝ Սեդրակ Քոչարյանը) եւ «Մուլտի Գրուպը»: «Մուլտի-Լեոնի» կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: Տնօրենը 2015-ից այս կողմ երեւանցի Աղասի Մարգարյանն է: 

«Մուլտի գազ»

Հիմնադրվել է 2002-ի մայիսին Առինջում: Զբաղվում է սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ: Ունի ավելի քան 170 աշխատող: Ըստ «Մուլտի Գրուպի»՝ լցակայաններ է շահագործում Երեւանում, Կոտայքում ու Շիրակում: Անցյալ տարի ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 267-րդն էր. վճարել է 611 մլն դր. հարկ:

ՍՊԸ-ի առաջին հիմնադիրը եղել է առինջեցի Սամվել Ստյոպայի Ծառուկյանը, ով Գ. Ծառուկյանի հորեղբոր որդին է եւ ներկայում նրա գործընկերը «Մուլտի Գրուպում»: Ս. Ծառուկյանը, սակայն, երկար չի մնացել «Մուլտի գազում» եւ հիմնադրումից ամիսներ անց իր բաժնեմասը հանձնել է Գ. Ծառուկյանին: Վերջինս էլ 2003-ին այն փոխանցել է «Մուլտի Գրուպին»: Կարելի է ասել, որ «Մուլտի գազն» ու «Մուլտի-Լեոնը» քույր ընկերություններ են, քանի որ զբաղվում են նմանատիպ գործունեությամբ, «Մուլտի Գրուպի» համակարգում են, կանոնադրական կապիտալը երկուսի պարագայում էլ 50. հազ դրամ է, իսկ տնօրենը նույն մարդն է՝ Աղասի Մարգարյանը:

2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր անցկացրել գազալցակայաններում, ինչից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ 8 կազմակերպությունների պատկանող լցակայաններ խուսափել են մոտ 946 մլն դրամ հարկերից. հարուցվել էր քրգործ: Գազալցակայաններ ունեցողների շարքում Անանյանը նշել էր նաեւ Գ. Ծառուկյանի անունը: Հրապարակվել էր 7 ընկերության անուն, որոնք, վաճառած գազի փոքր ծավալ ցույց տալով, խուսափել էին հարկերից: Դրանց մեջ, սակայն, Ծառուկյանի ՍՊԸ-ները չկային: Այդուհանդերձ, datalex.am հարթակից տեղեկանում ենք, որ թե՛ «Մուլտի-Լեոնը», թե՛ «Մուլտի գազը» վարչական դատարանում վիճարկում են ՊԵԿ-ի կողմից իրենց մոտ անցկացված համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը:

Երկու ընկերություններն էլ, ըստ ՏՄՊՊՀ-ի, գերիշխողներ են ավտոգազալիցքավորման ցանցով: Օրենքի համաձայն՝ այդպիսիք են համարվում այն տնտեսվարողները, որոնց կառավարման ներքո գտնվում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը: Գերիշխող են համարվում նաեւ նրանք, որոնց պատկանող կամ որոնց կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը: ՏՄՊՊՀ-ն 2016-2018 թթ. Երեւանում եւ մերձակա շրջաններում կատարած ուսումնասիրության հիման վրա հայտնել է, որ «Մուլտի-Լեոն» եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ներն այդ ժամանակահատվածում ունեցել են համապատասխանաբար 5 եւ 7 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (մանրամասները՝ այստեղ):

«Մուլտի Պրոպան Գազ»

Հիմնադրվել է այս տարվա հունիսին: 50-50 համամասնության սեփականատերերն են Գ. Ծառուկյանն ու Ուկրաինայի քաղաքացի, Դոնեցկի մարզի Ամվրոսիեւկա քաղաքի հաշվառում ունեցող Հովհաննես Հովսեփյանը (քաղաքը 2014-ից գտնվում է չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ):

ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գրանցված է Երեւանի Արգիշտիի 9 հասցեում, որտեղ «Արարատ» կոմբինատն է: Գլխավոր տնօրենը երեւանցի Աղասի Մարգարյանն է, ով, փաստորեն, ղեկավարում է Ծառուկյանի գրեթե բոլոր գազային ընկերությունները: Համաձայն կանոնադրության՝ ընկերության գործունեության ոլորտը հեղուկ գազի առեւտուրն է:

«Մուլտի Թրեյդ Հաուս»

Սա եւս նորաստեղծ ընկերություն է, գրանցվել է «Մուլտի Պրոպան Գազից» հաշված օրեր անց՝ կրկին հունիսին: Հասցեն էլ նույնն է՝ Արգիշտիի 9, գլխավոր տնօրենը Սեդրակ Առուստամյանն է: Վերջինս նաեւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն է, բացի դրանից՝ ներկայանում է որպես Գ. Ծառուկյանի մասնակցությամբ բոլոր առեւտրային կազմակերպություններում նրա բաժնեմասերի եւ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարիչ եւ լիազորված անձ: «Մուլտի Թրեյդ Հաուսի» 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալը 70-30 համամասնությամբ կիսում են Գ. Ծառուկյանն ու Ստեփանակերտի հաշվառում ունեցող Դմիտրի Սարկիսյանը: Ընկերության կանոնադրության մեջ նշվում է, որ գործունեության նպատակը հեղուկ գազի առեւտրից շահույթ ստանալն է:

Փաստորեն, վերոնշյալ 4 գազային ընկերություններից 2-ը զբաղվում են հեղուկ գազի, 1-ը՝ սեղմված բնական գազի, իսկ 1-ն էլ՝ այդ երկուսի վաճառքով:  

Բացի գազային ընկերություններից՝ Ծառուկյանը նախկինում ունեցել է նաեւ բենզինի վաճառքով զբաղվող ՍՊԸ՝ «Մուլտի Գրուպ Պետրոլ»: Վերջինս հիմնադրել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, կահույքի բիզնեսում ներգրավված «Մուլտի Սիս» եւ «Ինտերսերվիս ՄԵԿ» ընկերությունների տնօրեն, առինջեցի Մկրտիչ Գասպարյանը, աբովյանցի Սեւան Քոչարյանը, ով նաեւ այս ՍՊԸ-ի տնօրենն էր, ու Սյունիքի Ագարակ քաղաքի բնակիչ Վարդան Վարդանյանը: «Մուլտի Գրուպ Պետրոլը» գրանցված էր Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում, որտեղ «Ինտերսերվիս ՄԵԿ» կահույքի խանութն է: 2008-ի մայիսին ընկերությունը լուծարվել է: «Մուլտի Գրուպը» բենզալցակայան ունի Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասում՝ Ծառուկյանի առանձնատան հարեւանությամբ (լուսանկարում):

DSC_9545.jpg (1.01 MB)

«Արմօյլ»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013-ի հոկտեմբերին Երեւանում իրանահայերի կողմից: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերության գործունեության տեսակը հեղուկացված վառելագազի մեծածախ առեւտուրն է, սակայն «Արմօյլի» կայքում նշվում է, որ զբաղվում է նավթային հումքի, նավթամթերքի՝ ավտոյուղերի, դիզվառելիքի, բիտումի ներմուծմամբ ու մանրամեծածախ առեւտրով: Ըստ կայքի՝ ՓԲԸ-ն հիմնել են տվյալ ոլորտում ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող անձինք, ովքեր Հայաստանից առաջ գործունեություն են ծավալել ԱՄԷ-ում, ասիական, եվրոպական, աֆրիկյան մի շարք երկրների շուկաներում: «Արմօյլն» ավտոյուղերի «Lubrex» ապրանքանիշի (ԱՄԷ) պաշտոնական ներկայացուցիչն է ԱՊՀ-ում:

DSC_9576.jpg (608 KB)

ՓԲԸ-ն գրանցված է Դավթաշենի 2-րդ թաղամասի 28/4 հասցեում, որտեղ ունի խանութ-ցուցասրահ: Կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, 2014-ից գլխավոր տնօրենը իրանահայ Ալֆրեդ Աբեդին է, որը հաշվառված է Երեւանում: Գ. Ծառուկյանն «Արմօյլի» 50 %-ի բաժնետեր է դարձել 2017-ին, մյուս մասնակիցը իրանահայ Հենրիկ Տեր-Ղուկասյանն է:      

«Արմօյլը» մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Եղվարդ քաղաքում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի պատճառով, որի դեմ ընդդիմացան բնակիչներն ու հարեւան տնտեսվարողները: Այս թեմային «Հետքը» պարբերաբար անդրադառնում է: ՓԲԸ-ն տեւական ժամանակ հրաժարվում էր, որ սպասվող գործունեությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ փորձաքննություն անցնի, ինչը պահանջում էր ԲՆ-ն (ներկայում կոչվում է շրջակա միջավայրի նախարարություն): Ըստ Ա. Աբեդիի՝ գործարանում ոչ թե հում նավթ է մշակվելու, այլ յուղերի եւ բիտումի հումք, իսկ արտադրանքի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել: ԲՆ-ն էլ «Հետքին» հայտնել է, որ ընկերության կողմից ներկայացված նախնական գնահատման հայտի համաձայն՝ գործարանում իրականացվելու է օրգանական նյութերի վերամշակում. նման արտադրությունը դասվել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին, ինչը ենթակա է գնահատման եւ փորձաքննության:

Ահա Գ. Ծառուկյանի գազանավթային գործող ընկերությունների ընդհանուր պատկերը:

VIS_Tsarukyan-gas-1568987319991.jpg (317 KB)

Տրանսպորտ եւ տրանսպորտային միջոցների վաճառք

Գագիկ Ծառուկյանի ընկերություններից մի քանիսը ներգրավված են ուղեւորափոխադրումների մեջ, մյուսները՝ մեքենաների առքուվաճառքում:

«Մուլտի Տրանս»

Հիմնադրվել է 2000 թ. նոյեմբերին 3 աբովյանցիների՝ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի (այժմ պատգամավոր է ԲՀԿ-ից), Վարդան Ղազարյանի ու Արամ Սարգսյանի կողմից: 2007-ին այս եռյակն իր տեղը զիջել է Արտյոմ Գասպարյանին եւ Մարիամ Դանիելյանին, որոնք 50-50 %-ի սեփականատեր են դարձել: Աբովյանցի Ա. Գասպարյանը «Մուլտի Սիս» եւ «Ինտերսերվիս ՄԵԿ» ընկերությունների տնօրեն Մկրտիչ Գասպարյանի որդին է: Ներկայում «Մուլտի Տրանս» ՍՊԸ-ի տնօրենը երեւանցի Կառլեն Խաչատրյանն է: 

Ընկերությունը գրանցված է Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում, որտեղ, ինչպես ասվեց վերեւում, «Ինտերսերվիս ՄԵԿ» խանութն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գործունեության տեսակը՝ տաքսու ներքաղաքային ուղեւորափոխադրման ծառայությունները: «Մուլտի Տրանսը» ներկայանում է «Մինուտկա» տաքսի ծառայությամբ, որը գործում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:

Նախորդ տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 մլն դրամով տուգանեց այս ընկերությանը, որն առանց թույլտվության ռադիոհաճախականություն էր օգտագործում եւ անտեսել էր այն դադարեցնելու՝ հանձնաժողովի պահանջը:  

«Մուլտի Ավտոտրանս»

2016-ի փետրվարին այս ՍՊԸ-ն հիմնադրել են Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյանները. 90 %-ը պատկանում է գործարարին, 10-ը՝ կնոջը: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 2018-ի փետրվար-դեկտեմբեր ամիսներին տնօրենն աբովյանցի Արթուր Ալբերտի Դալլաքյանն էր, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններում դարձավ ԱԺ պատգամավոր: Նրան տնօրենի պաշտոնում փոխարինել է երեւանցի Արթուր Ավետիսյանը:

«Մուլտի Ավտոտրանսը» գրանցված է Աբովյանի Սեւանի 6 հասցեում, գործունեությունը  ավտոբուսներով ներմարզային ուղեւորափոխադրումներն են: Այս պահին շահագործում է թիվ 259 (Աբովյան-Երեւան) եւ 275 (Չարենցավան-Երեւան, Երեւան-Չարենցավան) ավտոբուսային երթուղիները: Բացի դրանից՝ լիցենզավորված է կատարել նաեւ ուղեւորափոխադրումներ տաքսիներով («Մուլտի» տաքսի ծառայություն):

ՍՊԸ-ի անունը կապվում է ՀՀ քննչական կոմիտեում հարուցված մի քրեական գործի հետ, որը վերաբերում է Ծառուկյանի նախկին մտերիմ Արթուր Հարությունյանի (մականունը՝ «Պալաչ») նմանատիպ ընկերությունների փակմանը: 2018-ի դեկտեմբերին կոմիտեն հայտարարեց նոր դրվագի ու քրգործի մասին, որում ներգրավված է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:     

«Մուլտի Ինտերտրանս»

ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2017-ի օգոստոսին: Միակ հիմնադիրը Գ. Ծառուկյանն է, իսկ գլխավոր տնօրենը՝ Սեդրակ Առուստամյանը: Ընկերությունը գրանցված է Երեւանի Արգիշտիի 9 հասցեում, որտեղ, հիշեցնենք, «Արարատ» կոմբինատն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«Մագաս Ինվեստ»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003-ի դեկտեմբերին Երեւանում, սակայն 2006-ին իրավաբանական հասցեն տեղափոխվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղ: Դա պատահական չէր, քանի որ ՓԲԸ-ն հիմնադրել եւ տնօրինել է Մալիշկայի բնակիչ (այժմ՝ Երեւանի գրանցումով) Արմեն Արշավիրի Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կրտսեր եղբայրն է: Արմեն Աբրահամյանը 2007-2012 թթ. ԱԺ պատգամավոր էր Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ից: Պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ ՓԲԸ-ի տնօրեն է եղել 2004-2007-ին՝ մինչեւ պատգամավոր դառնալը (պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ), սակայն պետռեգիստրի տվյալներով՝ նա «Մագաս Ինվեստը» ղեկավարել է 2003-2008 թթ. եւ միայն 2008-ի ապրիլին է տնօրենի տեղը զիջել իր համագյուղացի Արմեն Հարությունյանին, որն աշխատում է մինչ օրս:

Պետռեգիստրում չեն ներկայացվում բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի անունները, սակայն «Մագաս Ինվեստի» կանոնադրության փոփոխությունից պարզ է դառնում, որ 2007-ին դրա մասնակից է դարձել Գ. Ծառուկյանը: Մյուս կողմից՝ 2018-ի նոյեմբերին (ԱԺ վերջին ընտրություններից առաջ) ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրում Ծառուկյանը «Մագաս Ինվեստում» նշել է 50 % բաժնետոմս, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ նա կիսում է ՓԲԸ-ն Ա. Աբրահամյանի հետ: Կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, գործունեության տեսակը՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլների մանրածախ առեւտուրը:

xz.jpg (606 KB)

«Մագաս Ինվեստը» հարավկորեական «Hyundai Motors» հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ իրականացնում է «Hyundai» ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների վաճառք, մեքենաների երաշխիքային եւ ետերաշխքային սպասարկում: Խանութ-սրահը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու աջ հատվածում՝ Առինջ գյուղի մուտքի մոտ:

«Գլոբալ Մոթորս»

Հիմնադրվել է 2007-ի փետրվարին Երեւանում: Գրանցված է եղել Թումանյան 21-ում, սակայն 2011-ին տեղափոխվել է Առինջ՝ Երեւան-Սեւան մայրուղի, որտեղ գտնվում է խանութ-սրահը: Ըստ ՊԵԿ-ի՝ ՓԲԸ-ն զբաղվում է թեթեւ մարդատար ավտոմոբիլների մեծածախ առեւտրով: Ընկերությունը ռուսական «АвтоВАЗ»-ի արտադրած «Лада» մակնիշի ավտոմեքենաների ներկայացուցիչն է Հայաստանում, զբաղվում է նոր ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով, իրականացնում է տեխսպասարկում եւ պահեստամասերի վաճառք: 

DSC_9304.jpg (602 KB)

ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն ի սկզբանե երեւանցի Սամվել Գեւորգյանն է: Կանոնադրական կապիտալը նախապես եղել է 100 հազ. դրամ, իսկ այժմ՝ շուրջ 305 մլն: Չնայած պետռեգիստրում չի երեւում, թե ովքեր են սեփականատերերը, Գ. Ծառուկյանը 2018-ի իր հայտարարագրում նշել է, որ 99,97 % մասնակցություն ունի այստեղ:   

2017-ին եւ 2018-ին պատգամավորության թեկնածու Գ. Ծառուկյանի՝ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար «Գլոբալ Մոթորսից» որպես վարձակալության վճար ստացել է 24 մլն դրամ, իսկ 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր՝ 6,5 մլն դրամ:

«Մուլտի Մոթորս»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008-ի ապրիլին Երեւանում: Նախապես գրանցվել է Թումանյան 21-ում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Երեւան-Սեւան մայրուղի՝ «Մագաս Ինվեստի» եւ «Գլոբալ Մոթորսի» հարեւանությամբ: Գլխավոր տնօրենը, ինչպես «Գլոբալ Մոթորսի» պարագայում, Սամվել Գեւորգյանն է: Ընկերության 100 %-ի սեփականատերն ստեղծման օրվանից Գագիկ Ծառուկյանն է, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

DSC_9298.jpg (676 KB)

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների առեւտրով, իսկ ավելի կոնկրետ՝ այն գերմանական «Opel»  եւ ռուսական «ГАЗель» մակնիշի մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է մեր երկրում: Ըստ «Մուլտի Գրուպի» կայքի՝ «Մուլտի Մոթորսն» իրականացնում է նոր մեքենաների ներմուծում, վաճառք, տեխսպասարկում, ինչպես նաեւ պահեստամասերի վաճառք: 2018 թ. ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում եղել է 867-րդը վճարած ավելի քան 163 մլն դրամ հարկով:   

DSC_9307.jpg (560 KB)

ԿԸՀ-ին ներկայացրած վերջին երկու հայտարարագրերում (2017 եւ 2018 թթ.) Ծառուկյանը նշել է, որ 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար ՍՊԸ-ից ստացել է 30 մլն դրամ շահաբաժին, իսկ 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր՝ 11 մլն դրամ վարձակալության վճար:

«Մուլտի Դիսթրիբյուշն»

ՍՊԸ-ն 2011-ի ապրիլին հիմնել է Գ. Ծառուկյանը: Ընկերության հասցեն եղել է Երեւանի Ծովակալ Իսակովի 9-ը: Ըստ ՊԵԿ-ի՝ գործունեության ոլորտը ավտոմեքենաների եւ թեթեւ մարդատար ավտոմոբիլների առեւտուրն էր: Կանոնադրական կապիտալը եղել է 50 հազ. դրամ, տնօրենը երեւանցի Արա Սաղումյանն էր, ով նախկինում եղել է նաեւ ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ի տնօրենը:

Ըստ պետռեգիստրի՝ 2017-ի դեկտեմբերին «Մուլտի Դիսթրիբյուշնը» լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի:

«Եուրոմոթորս»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2014-ի մայիսին: Սեփականատերերն են եղել գործարար Հայրապետ Հայրապետյանը (Փայլակ Հայրապետյանի որդին) եւ Արթուր Եգորյանը: Վերջինս մինչեւ 2015 թ. զբաղեցրել է նաեւ ընկերության տնօրենի պաշտոնը: ՓԲԸ-ն մինչ օրս իրավաբանորեն գրանցված է Երեւանի Գրիգոր Լուսավորչի 7 հասցեում, որտեղ գտնվում է Հայրապետյանների հիմնած «Արարատ» հյուրանոցը:

Փայլակ Հայրապետյանն ու նրա որդիները՝ Վարդանն ու Հովիկը, 1998-ին հիմնել էին «Եվրոմոթորս» ՍՊԸ-ն, որը, մասնավորապես, գերմանական «BMW» եւ բրիտանական «MINI» մակնիշի մեքենաների պաշտոնական ներկայացուցիչն էր Հայաստանում: Հետագայում դրան փոխարինել է «Եուրոմոթորս» ՓԲԸ-ն, որն էլ 2015-ին վաճառվել է Գ. Ծառուկյանին (50 %-ի տերն է) եւ նրա արաբ գործընկերներին: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Հայրապետյաններն իրենց ընկերությունը վաճառել են 4-5 մլն դոլարով:

DSC_9281.jpg (593 KB)

Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նշվում է, որ ՓԲԸ-ի մյուս սեփականատերը արաբական «Princess Group»-ն է, որի կայքում որպես խմբի մաս կազմող ընկերություն է ներկայացված հայկական «Եուրոմոթորսը»: Ներկայում վերջինիս տնօրենը Ջաբեր Մոհամեդ Ալի Ջասիմ Ալմարզուքին է, որն, ըստ ամենայնի, ազգակցական կապ ունի Աբու Դաբիում գրանցված «Princess Group»-ի նախագահ Ադել Ալմարզուքիի (Adel Almarzooqi) հետ: Ընդ որում՝ սա Ծառուկյանի ու արաբ գործարարների միակ համատեղ ընկերությունը չէ:

DSC_9287.jpg (553 KB)

Նոր տերերը Լուսավորչի փողոցից «Եուրոմոթորսի» սրահը տեղափոխել են Ծառուկյանի՝ մեքենաների վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների մոտ՝ Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատված: Ընկերությունն առաջարկում է ոչ միայն «BMW» եւ «MINI» մեքենաներ, այլեւ նույն մակնիշի հեծանիվներ, աքսեսուարներ, հագուստ: Այն նաեւ բրիտանական «Rolls-Royce» մեքենաների պահեստամասերի ներմուծողն ու սպասարկում իրականացնողն է Հայաստանում: Ընդ որում՝ նշված 3 մակնիշների սեփականատերը գերմանական մեքենաշինական հսկաներից մեկն է՝ «BMW AG»-ն:

Ըստ պետռեգիստրի՝ «Եուրոմոթորս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլն դրամ է, սակայն սա, թերեւս, հին տվյալ է, քանի որ 2017-ի հայտարարագրում Ծառուկյանն իր 50 % բաժնետոմսերի արժեքը նշել է 591 մլն դրամ: 2018-ին «Եուրոմոթորսը» Հայաստանի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 234-րդը. վճարել է ընդհանուր մոտ 726 մլն դրամ հարկ:   

«Մուլտի Քարս»

Հիմնադրվել է 2017-ի հոկտեմբերին: Գլխավոր տնօրենը «Գլոբալ Մոթորսի» եւ «Մուլտի Մոթորսի» ղեկավար Սամվել Գեւորգյանն է: Այս ՍՊԸ-ն էլ գրանցված է Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատվածում: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

Ընկերության բաժնեմասերը 50-50 համամասնությամբ կիսում են Գ. Ծառուկյանն ու Աբու Դաբիում գրանցված «Princess Group»-ը:    

«Մուլտի Թրաք»

ՍՊԸ-ն Ծառուկյանի ամենանոր ընկերություններից է, հիմնադրվել է այս տարվա հունիսին՝ նույն օրը, ինչ «Մուլտի Պրոպան Գազ» ՍՊԸ-ն: Նախապես կոչվում էր «Մուլտի Թրաքս», սակայն անվանափոխվել է սեպտեմբերին: 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալով «Մուլտի Թրաքի» միակ սեփականատերը գործարար պատգամավորն է, իսկ գլխավոր տնօրենը՝ Սեդրակ Առուստամյանը: ՍՊԸ-ն գրանցված է «Արարատ» կոմբինատի տարածքում՝ Երեւանի Արգիշտիի 9-ում:

Ընկերության գործունեության ոլորտի մասին կանոնադրության մեջ հստակեցում չկա (նշվում է միայն, որ նպատակը ծառայություններ մատուցելուց, աշխատանքներ կատարելուց եւ ապրանքներ արտադրելուց շահույթ ստանալն է), սակայն «truck» անգլերեն նշանակում է բեռնատար մեքենա, ինչից էլ կարելի է որոշ ենթադրություններ անել:   

Ծառուկյանի տրանսպորտային եւ մեքենաների վաճառքով զբաղվող գործող ընկերությունների ցանցն ունի հետեւյալ տեսքը:

VIS_Tsarukyan-car-1569015026428.jpg (318 KB)

Հանքարդյունաբերություն եւ շինարարություն

«Արարատցեմենտ»

Հայկական սովետական հանրագիտարանը հաղորդում է, որ խորհրդային Հայաստանի շինանյութերի արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկը համարվող Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը ստեղծվել է 1957-ին՝ միավորելով մինչ այդ ինքնուրույն գործող ցեմենտի (1933-ից), շիֆերի (1952-ից), կրի գործարանները եւ կրաքարի բաժանմունքը: Ձեռնարկության համար բազա են եղել քաղաքին մոտակա Սալակիթ լեռան բարձրորակ կրաքարի ու կավի նստվածքները. հումքն արդյունահանվում է բաց եղանակով: Հետաքրքիր է, որ կոմբինատը ժամանակին մեծ քանակությամբ կրաքար է հատկացրել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատին (սրա հիմքի վրա է ստեղծվել Հրազդանի ցեմենտի գործարանը), Կիրովականի քիմկոմբինատին, Երեւանի սինթետիկ կաուչուկի կոմբինատին («Նաիրիտ»), նույնիսկ՝ ադրբեջանական Թովուզի ցեմենտի գործարանին: Ձեռնարկությունը եղել ու շարունակում է մնալ առաջինը ցեմենտի արտադրության հայկական շուկայում:

2001_og.jpg (553 KB)

Ըստ «Արարատցեմենտի» կայքի՝ 1989-ին կոմբինատը վերակառուցվել է, 1995-ին էլ «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատ» պետական ձեռնարկությունը (ՊՁ) վերանվանվել է «Արարատի ցեմենտի կոմբինատ», իսկ 1998-ին վերակազմավորվել՝ դառնալով «Արարատցեմենտ» պետական ՓԲԸ, որի գլխավոր տնօրենը 1998-1999 թթ. Արամ Սարգսյանն էր՝ պաշտպանության նախարար, ապա վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո եղբոր տեղում վարչապետ նշանակված Ա. Սարգսյանը 2000-ի գարնանը պաշտոնանկ արվեց ու կրկին ստանձնեց գործարանի ղեկավարի պաշտոնը՝ աշխատելով մինչեւ 2003 թ.:

2001-ի ամռանն ընդունվել էր «Պետգույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրերի մասին» օրենքը, որում ներառվել էր նաեւ այս ՊՓԲԸ-ն: Նույն տարում վերջինս դարձել էր «Արարատցեմենտ» ԲԲԸ: Գործարանի ձեռքբերման մրցույթում հաղթել էր շվեյցարական «Holcim» ընկերությունը, որի հայտը միակն էր: Վերջինս պատրաստ էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում կատարել, որից 6 մլն-ով «Արարատցեմենտի» բաժնետոմսերը պիտի գներ (դրանց անվանական ընդհանուր արժեքը 3.170.030.000 դրամ էր): Սա տրամաբանական գին էր, եթե հաշվի առնենք, որ դոլարն այն ժամանակ արժեր 555 դրամ, ընդ որում՝ կառավարության պահանջած նախնական գինն ավելի ցածր էր՝ 4 մլն դոլար: 

Ա. Սարգսյանի գլխավորած կոլեկտիվը չէր կարողացել մասնակցել միջազգային մրցույթին, քանի որ նման հնարավորություն ունեին միայն միջազգային աուդիտ անցած կազմակերպությունները: Այդուհանդերձ, շվեյցարացիները, վճարած լինելով մրցույթի մասնակցության 158,5 մլն դրամ կանխավճարը, մտափոխվել էին, ու վերջնական մասնավորեցումը չէր կայացել: Այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ակնարկելով «Արարատցեմենտի» ղեկավար Արամ Սարգսյանին, հայտարարել էր, թե ինչ-որ մարդկանց հաջողվել է վախեցնել «Holcim»-ին, սակայն Սարգսյանը հետագայում նշել էր, որ «վախեցնողներ» իսկապես եղել են, բայց դրանք եղել են «Ռոբերտոները»: Նա նկատի ուներ բելգիական «Roberto» ընկերությունը, որը, ի տարբերություն «Holcim»-ի, անհայտ կազմակերպություն էր, սակայն 2002-ի սեպտեմբերին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը հենց «Roberto»-ին ուղղակի վաճառքով օտարեց «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը, որոնք գնահատվեցին ընդամենը 200 հազ. դոլար: Բայց գործադիրը գնորդի առաջ պայման դրեց վճարել նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիային ունեցած 6,8 մլն դոլարի պարտքը (այսինքն՝ գործարքը գնահատվել է ընդհանուր 7 մլն դոլար): Իսկ հետագայում «Արարատցեմենտի» նոր ղեկավարությունը պիտի հայտարարեր, թե գործարանը նաեւ 1,4 մլրդ դրամի բազմաթիվ այլ պարտքեր ուներ, որոնք փակելու դեպքում միայն հնարավոր կլիներ դրա շահագործումը:   

Ցեմենտի շուկայի վերաբերյալ այս տարի ծավալված բուռն քննարկումներում կրկին անդրադարձ եղավ «Արարատցեմենտի» մասնավորեցմանը: «Հետքն» արդեն գրել է, որ բելգիական «Roberto»-ն հիմնադրել էին 3 հայեր, իսկ կառավարիչը Ծառուկյանի խնամու՝ Մուրադ Գուլոյանի եղբայրն էր՝ Վահագն Գուլոյանը: 2003-ի գարնանն էլ, երբ ցեմենտի գործարանն արդեն վաճառված էր «Roberto»-ին, վերջինիս միանձնյա կառավարիչ է դարձել Գագիկ Ծառուկյանը, սակայն նույն տարվա ամռանը բելգիական ընկերության լուծարման գործընթաց է սկսվել: Հատկանշական է, որ դեռ մասնավորեցման ժամանակ էին լուրեր շրջանառվում այն մասին, որ գործարանի իրական գնորդը հայ օլիգարխներից մեկն է: Պատահական չէ, որ թե՛ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, թե՛ գործարանի կայքերում ասվում է, որ վերջինս 2002-ին մասնավորեցվել է կոնցեռնի կողմից, իսկ ահա Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում պնդում է արվում, որ 2002-ին նա է գնել «Արարատցեմենտը»:

Սակայն այս տարվա քննարկումների ժամանակ «Արարատցեմենտը» հայտարարեց. «2002 թվականին «Roberto» ընկերության կողմից «Արարատցեմենտ» գործարանի մասնավորեցումից միայն ամիսներ հետո է Գագիկ Ծառուկյանը ձեռք բերել բաժնեմասերի 25 տոկոսը, իսկ հետագայում արդեն՝ 2006 թվականին, նոր միայն ձեռք է բերել մնացած 75 տոկոսը»: Այս պարագայում թվում է, թե գործարանն ամբողջությամբ հենց Ծառուկյանին է պատկանում, այնինչ նա ԱԺ վերջին երկու (2017 եւ 2018 թթ.) ընտրություններից առաջ ԿԸՀ-ին ներկայացրած իր հայտարարագրերում չի նշել, որ անհատական մասնակցություն ունի «Արարատցեմենտում», ինչը նշանակում է, որ ՓԲԸ-ի անմիջական բաժնետեր չէ: Սակայն ի հակառակ դրա՝ նույն այդ հայտարարագրերում ներկայացրել է ընկերությունից ստացած շահաբաժին՝ 70,2 մլն դր (2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար) եւ 83,4 մլն դր (2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր):

Թե որն է անմիջական բաժնետեր չլինելու, բայց շահաբաժին ստանալու հակասության պատճառը, Ծառուկյանի լիազորված անձ Սեդրակ Առուստամյանը հայտնել է հետեւյալը. «2017, 2018 թթ. հայտարարագրերում նշված եւ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից ստացած շահութաբաժինները չեն վերաբերում այդ ֆինանսական տարիների արդյունքում բաշխված շահութաբաժիններին: Նշված շահութաբաժինները վերաբերում են մինչեւ 2014 թ. Գ. Ծառուկյանի կողմից բաժնետոմսերի օտարումը նախորդ տարիների համար բաշխված շահութաբաժիններին, որոնց փաստացի վճարումները նախկին բաժնետեր Գ. Ծառուկյանին կատարվել են ընդամենը 2017 եւ 2018 թվականներին»:

Փաստորեն, Ծառուկյանը ստացել է նախկինից իրեն հասանելիք շահաբաժինները, իսկ 2014-ից այլեւս անմիջական մասնակցություն չունի ՓԲԸ-ում: Քանի որ պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների մասնակիցների տվյալները չեն տեղադրվում, հստակ չէ, թե ովքեր են «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետերերն այս պահին:

mine.jpg (300 KB)

Վերադառնալով 2000-ականների սկիզբ՝ նշենք, որ մասնավորեցված «Արարատցեմենտ» ԲԲԸ-ի իրավահաջորդ է դարձել 2003-ի ապրիլին հիմնադրված նույնանուն ՓԲԸ-ն: Հասցեն Արարատ քաղաքի Շահումյան 5-ն է, որտեղ գործարանն է: Կանոնադրական կապիտալը մասնավորեցումից հետո չի փոխվել՝ 3,17 մլրդ դրամ է, գլխավոր տնօրենը մինչեւ վերջերս արարատցի Մանուկ Առաքելյանն էր, որին իբրեւ ժամանակավոր պաշտոնակատար փոխարինել է նույնպես արարատցի Սամվել Թադեւոսյանը: 2018-ին ընկերությունը վճարած 2,1 մլրդ դրամ հարկով 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 84-րդը:

Ըստ «Արարատցեմենտի» կայքի՝ գործարանն աշխատում է տեղական հումքով եւ այլ երկրներից հումք ներկրելու կարիք չունի: Կատարված հաշվարկների համաձայն՝ կավի ու կրաքարի տեղական պաշարները բավարար են մոտ 300 տարվա համար: Ընդ որում՝ Արարատի կրաքարը ոչ միայն տեղական ցեմենտի արտադրության մեջ է օգտագործվում, այլեւ որպես շինանյութ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա: Այս պահին «Արարատցեմենտն» ունի Արարատի տրավերտինի եւ կավի հանքավայրի ընդերքօգտագործման երկու թույլտվություն, որոնցից մեկը գործում է մինչեւ 2020 թ., մյուսը՝ 2032 թ.:      

«Արարատցեմենտը» խնդիրների է բախվել Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելիս, որին դեմ են տեղի ակտիվիստները: Չնայած նախագծի շուրջ հանրային լսումները դեռ ընթացքում էին, ու շինթույլտվություն չէր տրվել, ընկերությունը գրեթե ավարտին էր հասցրել արտադրամասի շինարարությունը: Մյուս կողմից՝ Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը հավաստիացնում էր, թե ընկերությունը տուգանվել է անօրինական շինարարության պատճառով, վճարել տուգանքը, իսկ աշխատանքները դադարեցվել են: Սակայն փաստի առթիվ հարուցել էր քրգործ, որի թիրախում հայտնվել էր արդեն հրաժարական տված Հայրապետյանը, ով մեղադրվում էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մեջ: Նախկին համայնքապետն ավելի ուշ չէր առարկել, որ իր հանդեպ կիրառվի համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվի: 

«Մուլտի Գրուպ-Սթոուն»

«Կոմտեխ-Վիգ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000-ի դեկտեմբերին «Չափիչ-2» ԲԲԸ-ից առանձնանալու եղանակով (վերջինիս իրավահաջորդն է): Հիմնադիրներն էին երեւանցիներ Լեւոն Իսանյանն ու Կարինե Վարդերեսյանը, որոնց՝ Թումանյան 5ա շենքում գտնվող բնակարանում էլ գրանցված էր ՓԲԸ-ն: Գործունեության տեսակները տարբեր են եղել՝ կոնստրուկցիաների, կահույքի, շինանյութերի, սարքավորումների արտադրությունից մինչեւ անասնաբուծություն, ձվի, մսի, պահածոների, կաթնամթերքի արտադրություն, տարբեր իրերի առեւտուր:

2002-ի սեպտեմբերին ընկերությունը ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանը, եւ այն անվանափոխվել է «Մուլտի Գրուպ-Սթոուն»: Հասցեն տեղափոխվել է Թումանյան 21, իսկ 2005-ից՝ Աբովյան քաղաքի Սեւանի 6: Ծառուկյանի օրոք փոխվել է նաեւ գործունեության ոլորտը, ինչը կարելի է հասկանալ անունից: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունն զբաղվում է գեղազարդային (դեկորատիվ) եւ շինարարական քարերի արդյունահանմամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Մուլտի Գրուպ-Սթոունը» շահագործում է Արարատի տրավերտինի եւ կավի հանքավայրի՝ իր անվամբ տեղամասը, որի վերաբերյալ գործող թույլտվության ժամկետն ավարտվելու է գալիք տարվա ապրիլին: «Մուլտի Գրուպի» կայքն էլ հայտնում է, որ ՓԲԸ-ն արդյունահանված տրավերտինը վերամշակում է գործարանում՝ թողարկելով երեսպատման սալիկներ: Աբովյանում գտնվող քարամշակման գործարանը զբաղեցնում է 25 հազ. քմ տարածք, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ընկերությունն արտադրանքն արտահանում է ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ռուսաստան:

«Մուլտի Գրուպ-Սթոունի» կանոնադրական կապիտալը 95 մլն դրամ է: Տնօրենը երեւանցի Սպարտակ Առուստամյանն է, ով «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կրտսեր եղբայրն է:

«Ջի Էմ Մաղարո»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006-ի փետրվարին, միանձնյա սեփականատերը եղել է Գ. Ծառուկյանը, տնօրենը՝ երեւանցի Տիգրան Աթանեսյանը: Կանոնադրական կապիտալը 190 մլն դրամ էր, հասցեն՝ «Մուլտի Գրուպի» Թումանյան 21-ը: Հիմնադրումից շաբաթներ անց՝ մարտ ամսին, ՓԲԸ-ն ստացել է Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքի շահագործման թույլտվություն, սակայն օրեր անց այդ իրավունքը փոխանցվել է «Մուլտի Գրուպին»: Վերջինս այս պահին ունի Մղարթի հանքավայրի թիվ 8 եւ 5 հանքային մարմինների ընդերքօգտագործման թույլտվություն, որը ստացել է 2012-ին եւ ուժի մեջ է մինչեւ 2031 թ. (կոնցեռնն անցյալ տարի ստացել է նաեւ Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների հանքավայրի շահագործման իրավունք, որն ուժի մեջ է մինչեւ 2042 թ.): «Հետքը» պարբերաբար անդրադառնում է Մղարթի ոսկու հանքին, նախկինում, երբ «Ջի Էմ Մաղարո» ընկերությունը գործում էր, գրել ենք այստեղ աշխատողների աշխատանքային իրավունքների մասին: 

2012-ին ՊԵԿ-ը դիմել է դատարան՝ հարկային պարտավորությունները չկատարելու հիմքով «Ջի Էմ Մաղարո» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու խնդրանքով, սակայն պատասխանողի գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով դատարանը կասեցրել էր գործի վարույթը ու վերսկսել միայն 2015-ին, ինչից հետո Ծառուկյանի ընկերությունը սնանկ էր ճանաչվել, ապա լուծարվել: 

«Արսիլիցիում»

Այս ՍՊԸ-ն 2018-ի սեպտեմբերին հիմնել են Գ. Ծառուկյանն (85 %) ու երեւանցի Դավիթ Գեւորգյանը (15 %): Ընկերության հասցեն Երեւանի «Արարատ» կոմբինատում է՝ Արգիշտիի 9-ում: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գլխավոր տնօրենը Սեդրակ Առուստամյանն է:

Այս տարվա փետրվարին Առուստամյանի դիմումի հիման վրա Արարատի քաղաքապետի առաջարկով համայնքի ավագանուն է ներկայացվել որոշման նախագիծ՝ քաղաքի վարչական տարածքում գտնվող եւ «Արսիլիցիում» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 10 հա հողամասից 7 հա-ի նպատակային նշանակությունը փոխելու մասին (գյուղատնտեսական հողը (արոտավայր) պետք է դառնար արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության (արդյունաբերական օբյեկտների հող), որպեսզի այդտեղ արտադրություն կազմակերպվեր):

Ծառուկյանի վերահսկողության տակ գտնվող «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժից (եթեր է թողարկվել 2018-ի նոյեմբերին) տեղեկանում ենք, որ խոսքը սիլիցիումի գործարանի մասին է, որի ծրագրի ավարտին ներդրումների ծավալը կազմելու է մոտ 1 մլրդ դոլար, իսկ աշխատատեղերի թիվը՝ շուրջ 3000: Սակայն Ս. Առուստամյանը «Հետքին» հայտնել է, որ սիլիցիումի գործարանի կառուցման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ «Արսիլիցիումը» դեռեւս 2018-ի հոկտեմբերին դիմել էր Արարատի համայնքապետարան՝ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու խնդրանքով, սակայն մինչ օրս հարցը լուծում չի ստացել (ըստ Արարատի համայնքապետարանի կայքի՝ նախագծի վերաբերյալ ավագանին չի քվեարկել): Ընկերության գլխավոր տնօրենը մեզ նաեւ տեղեկացրել է, որ նախկինում կատարվել է միայն սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի ցանկապատում:

Ռեպորտաժում ասվում է, որ սիլիցիումի գործարանի նախագծում Ծառուկյանի գործընկերը Քուվեյթի թագավորական Ալ Սաբահ ընտանիքի անդամ շեյխ Ահմեդն է, որը նաեւ սպորտի մարդ է՝ Ասիայի օլիմպիական խորհրդի ու Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահն է, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ: Գ. Ծառուկյանն ասել է, որ գործարանը պատրաստ կլինի շահագործման 2 տարուց՝ 2020-ին:

Մեր հարցին, որ եթե շեյխ Ահմեդն է Ծառուկյանի գործընկերը, ապա ինչու նրա անունը նշված չէ «Արսիլիցիում» ՍՊԸ-ի հիմնադիրների մեջ, Սեդրակ Առուստամյանը նշել է. «Իրոք, «Արսիլիցիում» ՍՊԸ-ի եւ Ալ Սաբահի միջեւ կա գրավոր պայմանավորվածություն Գ. Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ գործընկերային հարաբերությունների եւ ներդրումային ծրագրին մասնակցության վերաբերյալ: Ինչ վերաբերում է «Արսիլիցիում» ՍՊԸ-ում Ալ Սաբահի մասնակցությանը եւ պետական ռեգիստրում որպես ընկերության մասնակից գրանցվելուն, ապա կողմերը պայմանավորվել են այդ հարցին անդրադառնալ գործարանը շահագործման հանձնելուց հետո: «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով՝ օտարերկրյա ներդրումների իրականացման ձեւերը չեն սահմանափակվում միայն ընկերության հիմնադիր հանդիսանալով»:

Հավելենք, որ թթվածնից հետո սիլիցիումը երկրորդ ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա, սակայն հանդիպում է գլխավորապես միացությունների մեջ, մասնավորապես՝ գրանիտի, բազալտի, քվարցի, կավի, ավազի: Սիլիցիումն օգտագործվում է տարբեր սարքեր, փոխարկիչներ, համաձուլվածքներ, հավելանյութեր պատրաստելիս: Այս առումով արժե մեջբերել «Արարատցեմենտի» կայքի տեղեկությունն այն մասին, որ ցեմենտի արտադրության մեջ որպես ճշգրտող հավելանյութ օգտագործվում են քվարցիտները (ինչպես արդեն ասվեց վերեւում, «Մուլտի Գրուպը» Վայոց ձորի մարզի Էրթիչի քվարցիտների հանքավայրի շահագործման իրավունք ունի 2018-2042 թթ.), քանի որ դրանք հարուստ են ամորֆ սիլիկահողով (հայտնի է նաեւ որպես սիլիցիումի երկօքսիդ), որի պարունակությունը կազմում է 40 %: Կայքում նշվում է, որ այլ խառնուրդներ քվարցիտներում չկան, իսկ սիլիկահողի պարունակությունը հասնում է մինչեւ 97 %-ի

«Յունիմետխիմ»

ՍՊԸ-ն 2001-ի հոկտեմբերին հիմնադրել են երեւանցի Արսեն Ղազարյանն ու այն ժամանակ թբիլիսցի Գագիկ Աղաջանյանը, որոնցից առաջինը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահն է, բեռնափոխադրումներով հայտնի «Ապավեն» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը, իսկ երկրորդը նույն ընկերության մյուս համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: 2006-ի մարտին Ղազարյանին ու Աղաջանյանին միացել են պետական, քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին որդին՝ դիվանագետ, 2007-2008 թթ. Չինաստանում ՀՀ դեսպան, երեւանցի Վահագն Մովսիսյանը, ինչպես նաեւ Գ. Ծառուկյանն ու մեկ այլ երեւանցի Դավիթ Մանուկյանը, որը, թերեւս, գործարարի փեսան է ու նախկին նախարար, դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին: Ծառուկյանը նշվածների մեջ ունեցել է 30 % փայ: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը եղել է 50 հազ. դրամ:

«Յունիմետխիմը» նախապես գրանցված է եղել Գյումրիում, իսկ 2006-ին տեղափոխվել է Երեւան՝ Աբելյան 6/1: Ծառուկյանի մասնակցության օրոք՝ 2007-2011 թթ., ընկերությունը «Միկմետալ» ՓԲԸ-ի հետ «ամրան» ապրանքային շուկայում եղել է գերիշող դիրք զբաղեցնող: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ իրացման ծավալներով այս երկուսը միասին գրավել են շուկայի կեսից ավելին՝ 50,47 %-ը: 2011-ին շուկայում նոր գերիշխողներ են գրանցվել՝ «Միկմետալ», «Մետեքս» ՓԲԸ-ներն ու «Եվրոպա» ՍՊԸ-ն (միասին զբաղեցրել են իրացման շուկայի 85,9 %-ը):  

2013-ի սեպտեմբերին Ծառուկյանը, Մանուկյանը, Ղազարյանն ու Աղաջանյանը դուրս են եկել ՍՊԸ-ից, փոխարենը փայատեր են դարձել նախկին տնօրեն Սերգեյ Ծատուրյանն ու Համլետ Պապոյանը (երկուսն էլ Երեւանից են): 2017-ին, սակայն, Ծատուրյանը դուրս է եկել, ինչից հետո սեփականատեր են մնացել Հ. Պապոյանն (92 %) ու Վ. Մովսիսյանը (8 %): Հատկանշական է, որ դեսպան Մովսիսյանը հանկարծամահ էր եղել դեռ 2008-ի հունիսին Պեկինում, սակայն նրա անունը «Յունիմետխիմի» սեփականատերերի ցանկից այդպես էլ չի հանվել, փոխարենը նշվել է «մահացած»: 

2017-ի դեկտեմբերին «Յունիմետխիմը» լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի:

«Մուլտի Սիթի Հաուս»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008-ի հունվարին «Մուլտի Գրուպի» կողմից, որի հասցեում էլ գրանցված էր: Կանոնադրական կապիտալը եղել է 100 հազ. դրամ, իսկ տնօրենը Գուրգեն Գաբրիելյանն էր:

1474378432-13.jpg (455 KB)

Ընկերությունը, որն արդեն լուծարված է, ժամանակին ներկայացրել է Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի նույնանուն բազմաբնակարան համալիրը, որը կազմված է 3 մասնաշենքից: Վերջիններս բաղկացած են բնակելի եւ հասարակական նշանակության տարածքներից: Համալիրը պարսպապատված է, իրականացվում է շուրջօրյա հսկողություն:   

Սարքաշինություն

«Աբովյանի «Չափիչ-1»»

Այս ԲԲԸ-ն գրանցվել է 1998-ի մարտին. իրավանախորդը «Չափիչ» ՓԲԸ-ն է (ավելի վաղ՝ «Չափիչ» ՊՁ), որը ներկայացնում էր 1970-ականներին ստեղծված Աբովյանի չափիչ սարքերի գործարանը: «Չափիչ-1»-ը հիմնվել է գործարանի գույքի մասնակի, անհատույց սեփականաշնորհման արդյունքում: Ընկերության կանոնադրական նպատակներն են ռադիոչափիչ, էլեկտրատեխնիկական եւ տեխնոլոգիական սարքերի, խաղերի ու խաղալիքների արտադրությունը, գիտատեխնիկական, փորձարարական եւ նախագծակոնստրուկտորական աշխատանքներն ու առեւտրային միջնորդական գործունեությունը, սակայն ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում իբրեւ գործունեության տեսակ նշվում է սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելը: 

ԲԲԸ-ն գրանցված է գործարանի հասցեում՝ Աբովյան քաղաքի Սեւանի 6-ում: Տնօրենը երեւանցի Գարիկ Սարգսյանն է: Կանոնադրական կապիտալը շուրջ 98 մլն դրամ է, որի 76,4 %-ը, համաձայն պետռեգիստրի, պատկանում է բաժնետերերի (անունները նշված չեն), իսկ մնացած 23,6 %-ը՝ կոլեկտիվին: Գ. Ծառուկյանի պաշտոնական կենսագրության մեջ Աբովյանի չափիչ սարքերի գործարանը ներկայացված է որպես «Մուլտի Գրուպի» մաս, սակայն գործարար պատգամավորը բաժնետոմս չի հայտարարագրել ԲԲԸ-ում, ինչից կարելի է ենթադրել, որ անմիջական մասնակցություն չունի ընկերությունում:

«Մուլտի Սոլար»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի սեպտեմբերին Առինջ գյուղում: 50-50 համամասնությամբ սեփականատերերն են Գ. Ծառուկյանն ու ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Զարե Բալասանյանը, ով երեւանյան հաշվառում ունի: Վերջինս նաեւ ընկերության տնօրենն է: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«Մուլտի Սոլարը» զբաղվում է արեւային ֆոտովոլտային վահանակների նախագծմամբ, արտադրությամբ, մատակարարմամբ եւ տեղադրմամբ: Իր կայքում ընկերությունը նշում է, որ մտադիր է շարունակաբար նվազեցնել արեւային էլեկտրաէներգիայի գներն ու պլանավորում է առաջատար լինել էներգետիկ համակարգերի արտադրության ոլորտում, ինչպես նաեւ ապահովել ծառայությունների մատուցման բարձր որակ ու լուծումների առաջարկման լայն եւ համապարփակ հնարավորություն: ՍՊԸ-ն առաջարկում է արեւային համակարգեր տան, գրասենյակի, ջերմոցի, ոռոգման համակարգի, ավտոկայանատեղիի, արեւային ֆերմաների ու լուսատուների համար:

2017-ի նոյեմբերին կառավարությունը որոշեց Ծառուկյանի այս ընկերության կողմից ներկրվող ապրանքների համար ԱԱՀ գումարների վճարումը հետաձգել 3 տարով: Հայտարարվեց, որ «Մուլտի Սոլարը» նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել արեւային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն դրամի ներդրում, արդյունքում 2018-2020 թթ. պետք է ստեղծվի 97 աշխատատեղ՝ 192 հազ. դրամ միջին աշխատավարձով: Մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, գործադիրը կրկին արտոնություն տվեց ընկերությանը՝ այս անգամ նրան ազատելով ներկրվող սարքավորումների մաքսատուրքից:

«Մուլտի Սոլարի» արտադրամասը գտնվում է «Առինջ Մոլի» հարեւանությամբ, այն բացվել է 2018-ի նոյեմբերին, սակայն Ծառուկյանը հայտնել է, որ ծրագրում են ավելի մեծ արտադրություն հիմնել: Միաժամանակ նշվել է, որ ընկերության հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, չնայած առաջարկներ կան նաեւ Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից: Հայտարարվել է նաեւ, որ ավելի քան 10 մլն դոլարի ներդրումների արդյունքում կստեղծվի 200 նոր աշխատատեղ:       

Ծառայություններ եւ առեւտուր

«Ջավահիր Առաքելյան եւ ընկերներ»

Աբովյանի սեփականաշնորհված թիվ 164 սրճարանի հիմքի վրա 1998-ի ապրիլին գործարարի կինը՝ Ջավահիր Առաքելյանը (Ծառուկյան), ու երեւանցի Ռոբերտ Մկրտչյանը հիմնել են «Թիվ 164 սրճարան» ՍՊԸ-ն, որն այնուհետ վերանվանվել է «Ջավահիր Առաքելյան եւ ընկերներ»: Մկրտչյանը Ծառուկյանի շրջապատից է, «Անի», «Մուլտի Սիս» (կահույք) եւ «Մուլտի-Լեոն» (գազ) ընկերությունների նախկին սեփականատերերից է: 2002-ին երկու հիմնադիրներն ընկերությունը փոխանցել են Գ. Ծառուկյանին, սակայն վերջինս այստեղ երկար չի մնացել ու 2003-ին ամբողջ բաժնեմասը հանձնել է «Մուլտի Գրուպին»:

ՍՊԸ-ն գրանցված էր Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի 4-ում, որտեղ «Ինտերսերվիս ՄԵԿ» խանութն է: Կանոնադրական կապիտալը եղել է 4,5 մլն դրամ, տնօրենն էլ առինջեցի Վանուշ Ստյոպայի Ծառուկյանն էր, ով «Մուլտի Գրուպում» Գ. Ծառուկյանի գործընկեր ու ազգական Սամվել Ծառուկյանի (պատգամավորի հորեղբոր որդին է) հարազատ եղբայրն է: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունն զբաղվել է դիզայներական մասնագիտացված գործունեությամբ, սակայն ներկայում գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:     

«Ս. Վ. Ծառուկյան»

2000-ի հուլիսին Վանուշ եւ Սամվել Ծառուկյանները հարազատ Առինջում հիմնել են այս ՍՊԸ-ն, որը, ըստ կանոնադրության, «Էքսպրես» սննդի կոոպերատիվի իրավահաջորդն է: 2004-ի ապրիլին Սամվելն իր 50 % փայը փոխանցել է Գագիկ Ծառուկյանին, որն այստեղ համասեփականատեր է եղել մինչեւ 2014 թ.:

Այդ ընթացքում՝ 2005-ին, ընկերությունից առանձնացել ու ձեւավորվել է նոր ՍՊԸ՝ «Սեւակ Ծառուկյան», որի հիմնադիր է գրանցվել Վանուշ Ծառուկյանը: Վերջինիս որդու անունը կրող նորաստեղծ ընկերությունը, որի հասցեն կրկին Առինջ գյուղն է, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ռեստորանների ծառայություններով:

Ինչ վերաբերում է «Ս. Վ. Ծառուկյան» ՍՊԸ-ին, ապա 2014-ի օգոստոսին Գ. Ծառուկյանն իր փայը հանձնել է Նարինե Ծառուկյանին, ով Վանուշ եւ Սամվել Ծառուկյանների հարազատ քույրն է: Այսօր քույր եւ եղբայր Ծառուկյանները 50-50 համամասնությամբ կիսում են 150 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը: Տնօրենը Վ. Ծառուկյանն է:      

Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաեւ ավիացիայի ոլորտում: Մինչեւ ներկա ընկերություններին անդրադառնալը նշենք, որ 2002-ին նա Վերսանդիկ եւ Հրայր Հակոբյանների ու Լեոն Բաղդասարյանի հետ հիմնադրել էր «Արմենիան Ինթերնեյշընըլ Էյրվեյս» ՓԲԸ-ն: 2002-2005 թթ. «Armenian International Airways» («Հայկական միջազգային ավիաուղիներ») ավիաընկերությունը թռիչքներ էր կատարում Հայաստանից դեպի Եվրոպա: Նույն ընթացքում հայկական երկնքում գործում էր նաեւ «Արմավիան», որի հիմնական տերերը ռուսներ էին, գլխավոր ուղղությունն էլ Ռուսաստանն էր: 2005-ից «AIA»-ն դադարեցրեց սեփական թռիչքները, սակայն ընկերությունը չփակվեց ու մինչ օրս գործում է (մանրամասն՝ այստեղ):

«Ավիա-Սերվիս» ՀՁ

Այսօր Ծառուկյանը չունի ավիաընկերություն, բայց նրա ընկերությանն է պատկանում ավիասննդի բիզնեսը մեր երկրում: Ավիասննդի մատակարարումը մինչեւ 1998 թ. «Հայկական ավիաուղիներ» պետական ավիաընկերության գործառույթներից էր ու մեծ եկամուտ էր բերում փոխադրողին, սակայն 1998-ի մայիսին ստեղծվեց «Ավիասնունդ» պետական ՓԲԸ, այսինքն՝ սննդի բիզնեսը տարանջատվեց «ՀԱՈւ»-ից: Սա եւ որոշ այլ քայլեր, որոնց մասին «Հետքը» գրել է, աստիճանաբար պետական ավիաընկերությունը տարան սնանկացման: Դրա մեջ, շատ ավիատորների համոզմամբ, խառն էր օրվա իշխանությունների մատը, որոնք ցանկանում էին յուրայինների մեջ բաժանել ավիացիոն բիզնեսը: 2003-ի հոկտեմբերին կառավարությունը որոշեց «Ավիասնունդ» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերը, որոնք գնահատվել էին ավելի քան 587 մլն դրամ, Ծառուկյանի «Մուլտի Էյր» (ներկայում՝ «Մուլտի Ռեստ Հաուս») ՍՊԸ-ին վաճառել 50 հազ. դոլարով, ինչն այդ ժամանակ հավասար էր 28 մլն դրամի: ՓԲԸ-ն, ըստ կառավարության, ուներ շուրջ 1 մլրդ դրամի պարտավորություն: Միաժամանակ գնորդը երեք ամսում պարտավորվում էր մարել ՓԲԸ-ի չվճարած 85 մլն դրամի շահութաբաժինները:

Այսպիսով՝ 2003-ի աշնանը «Ավիասնունդը» մասնավորեցվել է: Նախկինի պես այն շարունակում էր գործել «Զվարթնոց» օդանավակայանում, տնօրենը Խաչատուր Փիլոսյանն էր: Այդուհանդերձ, ՓԲԸ-ն երկար կյանք չի ունեցել ու 2004-ին միաձուլվել է «Ավիա-Սերվիս» ՀՁ ՓԲԸ-ին, որն ավելի վաղուց էր գործում:

«Ավիա-Սերվիսը» հիմնադրվել է 1995-ի օգոստոսին Երեւանում որպես «Հայ-իռլանդական «Ավիա-Սերվիս»» ՀՁ ՓԲԸ: Վերջինիս բաժնետերերն էին «Հայ-իռլանդական «Արմենիա-1»» ՀՁ ՍՊԸ-ն եւ Դուբլինում գրանցված «Denier Trading Limited»-ը: 1997-ին ՓԲԸ-ն վերանվանվել է պարզապես «Ավիա-Սերվիս», իսկ մեկ տարի անց՝ «Ավիա-Սերվիս» ՀՁ: Մինչեւ 2005 թ. ընկերությունը գրանցված էր Երեւանի Խորենացու 24, ապա՝ Թումանյան 21 հասցեներում, ինչից հետո տեղափոխվել է Աբովյան քաղաքի Սեւանի 6: 2004-ից ՓԲԸ-ի տնօրենը Խաչատուր Փիլոսյանն է: Կանոնադրական կապիտալը 416 մլն դրամ է: «Մուլտի Գրուպի» կայքը հայտնում է, որ այս ընկերությունը 1995-ին հիմնադրվել է՝ օդանավերի եւ ուղեւորների վերգետնյա սպասարկում իրականացնելու համար, սակայն ժամանակի ընթացքում գործունեությունը փոփոխվել է, ու հիմա «Ավիա-Սերվիսի» հիմնական ուղղություններն են ուղեւորների ավիասննդի պատրաստումն ու տրամադրումը, ավիացիայի համակարգի աշխատակիցների հասարակական սննդի կազմակերպումը եւ ավիատոմսերի վաճառքը։ ՓԲԸ-ն ունի մոտ 130 աշխատակից, գլխավոր գրասենյակը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում:

«Զվարթնոց Հենդլինգ»

Հենդլինգ (handling) կամ օդանավերի վերգետնյա սպասարկում ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի ծառայությունների համակարգ, որոնք մատուցվում են օդանավը դիմավորելիս եւ ճանապարհելիս, օրինակ՝ բեռնում, բեռնաթափում, սրահի մաքրություն, օդափոխություն, լիցքավորում վառելիքով, էլեկտրասնուցում, ավիասննդի մատակարարում, օդանավի հակասառցային մշակում եւ այլն: Հենդլինգի բաղկացուցիչ է նաեւ ուղեւորների սպասարկումը օդանավակայանի տարածքում (օրինակ՝ հաշվառում, ուղեկցում):   

«Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005-ի նոյեմբերին, գրանցված է «Զվարթնոց» օդանավակայանում: Ծառայություններ է մատուցում այդ եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ընկերության 2005 թ. կանոնադրության մեջ գործունեության հիմնական տեսակներ են նշվել ուղեւորների վերգետնյա սպասարկման ծառայությունների մատուցումը, օդանավերի ընթացիկ տեխնիկական սպասարկումը, ուղեւորների, ուղեբեռների հաշվառումը։   

Ընկերության առաջին տնօրենը եղել է Արմեն Տեր-Տաճատյանը, որն այսօր «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահն է: Բանկի գլխավոր բաժնետերը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, ով նաեւ «Զվարթնոցի» ու «Շիրակի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» («ԱՄՕ») ՓԲԸ-ի սեփականատերն է: Տեր-Տաճատյանին փոխարինել է Մարսելո Վենդեն, ով եւս Էռնեկյանի թիմից է ու «ԱՄՕ»-ի գլխավոր մենեջերը: 2018-ից «Զվարթնոց Հենդլինգի» տնօրենը երեւանցի Հրանտ Հակոբյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը մոտ 500 մլն դրամ է: 2005-ին դրա 40 %-ը պատկանում էր Գ. Ծառուկյանի՝ ամերիկյան Օրեգոն նահանգում գրանցված «Fortex Investments Group»-ին, որը, ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, մի որոշ ժամանակ նաեւ «Մուլտի Գրուպում» բաժնեմաս ուներ: 60 %-ի տերն էլ ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցված «Blue Pinnacle» ընկերությունն էր: «Զվարթնոց Հենդլինգում» առաջինի լիազորված անձ էր գրանցվել Սեդրակ Առուստամյանը, երկրորդինը՝ Մարսելո Վենդեն: «Զվարթնոց Հենդլինգի» 40 %-ը ներկայում գրանցված է հենց Ծառուկյանի անունով:

2017 եւ 2018 թթ. ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրերում Ծառուկյանը «Զվարթնոց Հենդլինգից» ստացած շահաբաժիններ է նշել՝ 1,98 մլրդ դր (2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար) եւ 2 մլրդ (2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր):

2018-ին վճարած ավելի քան 1 մլրդ դր հարկով այս ՓԲԸ-ն 1000 խոշոր հարկատուների մեջ զբաղեցրել է 158-րդ տեղը:

«Առինջ»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007-ի սեպտեմբերին Առինջ գյուղում: Համաձայն կանոնադրության՝ ստեղծվել է «Առինջ» ԲԲԸ-ի՝ վերակազմավորման ձեւով վերակազմակերպման արդյունքում եւ վերջինիս գույքի, գույքային ու ոչ գույքային իրավունքների եւ պարտավորությունների իրավահաջորդն է: Չնայած պետռեգիստրում ՓԲԸ-ի բաժնետերերի անունները չեն երեւում, հայտնի է, որ ԲԲԸ-ում ներգրավված էր Գ. Ծառուկյանը: Մյուս կողմից՝ 2017 եւ 2018 թթ. ԱԺ ընտրություններին մասնակցելուց առաջ գործարարը ԿԸՀ-ին ներկայացրած փաստաթղթերում «Առինջ» ՓԲԸ-ում բաժնետոմս չի հայտարարագրել, այսինքն՝ ուղղակի մասնակցություն, ըստ էության, չունի:

ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 15 մլն դրամ է, տնօրենն առինջեցի Ռաֆաել Հարությունյանն է: ՊԵԿ-ի տվյալներով՝ ընկերությունն զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ ու նորոգմամբ:

«Թեոդոսիա»

ՍՊԸ-ն 2012-ի սեպտեմբերին Սպիտակում հիմնադրել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնն (50 %) ու սպիտակցի Սամվել Պողոսյանը (50 %): Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, 2015-ից գլխավոր տնօրենը «Մուլտի Գրուպի» փոխտնօրեն, երեւանցի Արայիկ Կեսոյանն է, իսկ մինչ այդ՝ 2013-2015 թթ., «Թեոդոսիայի» ղեկավարը եղել է վանաձորցի Հրանտ Մարգարյանը, ով 2018-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Լոռու ԲՀԿ-ական մարզպետն էր: ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալներով՝ ՍՊԸ-ի գործունեությունը հանրային սննդի կազմակերպումն է, ավելի կոնկրետ՝ կազմակերպություններին կից ճաշարանների եւ խորտկարանների ծառայությունները:

Ընկերությունը փաստացի շահագործել է Սպիտակ քաղաքի Թորոսյան 9 հասցեում գտնվող «Ուկրաինա» ռեստորանը: ՊԵԿ-ի համաձայն՝ «Թեոդոսիայի» գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:    

«ՄԳ Եվրոպա»

ՍՊԸ-ն 2016-ի հուլիսին հիմնադրել են Գ. Ծառուկյանն ու Չեխիայում բնակություն հաստատած գերմանացի Ալեքսանդեր Բոյցը (Alexander Beuz), որոնց համատեղ բուլղարական բիզնեսի մասին գրել ենք (ի դեպ, բուլղարական ընկերությունն էլ կոչվում է «Մուլտիգրուպ Եվրոպա»): «ՄԳ Եվրոպան» գրանցված է Արգիշտիի 9 հասցեում, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, որը սեփականատերերը կիսում են հավասարաչափ: Գլխավոր տնօրենը Կոտայքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Հայկ Հայրապետյանն է: Կանոնադրության մեջ գործունեության ոլորտի հստակեցում չկա, նշվում է, որ նպատակը ծառայություններ մատուցելուց, աշխատանքներ կատարելուց եւ ապրանքներ արտադրելուց շահույթ ստանալն է:

«Ասեթ Քոնթրոլ Քամփնի»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017-ի նոյեմբերին Դիլիջանի Գետափնյա 3 հասցեում: Չնայած պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների մանրամասները չեն երեւում, սակայն առկա տվյալները հուշում են, որ առաջին հիմնադիրը եղել է Գ. Ծառուկյանը, իսկ տնօրենը ի սկզբանե երեւանցի Դավիթ Իսկանդարյանն է: Ըստ ՊԵԿ-ի, ընկերությունը զբաղվում է ձեռնարկատիրական եւ կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեությամբ: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Ծառուկյանի 2017 թ. տարեկան հայտարարագրում երեւում է, որ նա նույն տարում վաճառել է իր բաժնետոմսերը:

ՓԲԸ-ի կանոնադրությունից տեղեկանում ենք, որ ներկայում դրա միակ բաժնետերը «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ն է, որը փոխկապակցված է գործարար Ռուբեն Վարդանյանի «IDeA» հիմնադրամին, եւ երկուսն էլ գործում են երեւանյան նույն հասցեում՝ Բաղրամյան 6-ում:     

Նշենք, որ 2018-ի մայիսին կառավարությունը հավանություն էր տվել Դիլիջան առողջարանային կենտրոնի ստեղծման եւ հասարակական ենթակառուցվածքների զարգացման ծրագրին, որի ներդրողներից մեկը «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն է: Ընկերությունը Դիլիջանի համայնքապետին է ներկայացրել 100 մլն դրամ արժողությամբ «Այգի եւ հանգստի գոտի Դիլիջանում» ներդրումային ծրագիրը, որն ավագանու կողմից հավանության է արժանացել:

«Արսեն-7»

Աբովյանի սեփականաշնորհված թիվ 1 խանութի հիմքի վրա 1996-ի հոկտեմբերին այս ՍՊԸ-ն գրանցել են Գ. Ծառուկյանն (80 %) ու Ջավահիր Առաքելյանը (Ծառուկյան, 20 %): 2002-ին գործարարի կինն իր բաժնեմասը հանձնել է ամուսնուն, սակայն մի քանի ամիս անց՝ 2003-ին, ընկերությունից դուրս է եկել նաեւ Ծառուկյանը՝ 100 %-ը փոխանցելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնին: Ներկայում «Արսեն-7» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը շուրջ 26 մլն դրամ է, տնօրենը Ջ. Ծառուկյանն է:  

Ընկերությունը գրանցված է Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում, որտեղ «Ինտերսերվիս ՄԵԿ» կահույքի խանութն է: Կանոնադրության համաձայն՝ «Արսեն-7»-ի գործունեության հիմնական տեսակը պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտուրն է:

«Մուլտի Մարկետ»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998-ի հուլիսին որպես «Մարկոս-Տորգ»: Սեփականատերերն էին երեւանցիներ Վոլոդյա Իսպիրյանը, Մարգարիտ Հովհաննիսյանը եւ վերջինիս եղբայրը՝ մոսկվաբնակ գործարար Լեւոն Գրիգորի Մարկոսը (Հովհաննիսյան), ով նախկինում մի շարք հայկական ձեռնարկությունների սեփականատեր էր: Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի նախագահության տարիներին Լ. Մարկոսը իշխանությունների հետ խնդիրներ ուներ, նույնիսկ քրեական հետապնդման է ենթարկվել ու զրկվել մեծածավալ ունեցվածքից:

2004-ի հունվարին «Մարկոս-Տորգ» ընկերության իր բաժնեմասը Լ. Մարկոսը փոխանցել է «Մուլտի Գրուպին», որի մուտքով փոխվել է ՍՊԸ-ի անունը՝ դառնալով «Մուլտի Մարկետ»: Հասցեն էլ Մ. Հովհաննիսյանի երեւանյան տնից տեղափոխվել է կոնցեռնի հասցե՝ Թումանյան 21: Ընկերության տնօրենը Կոտայքի Քասախ գյուղի բնակիչ Ռուբիկ Խաչատրյանն էր: 

Այս ՍՊԸ-ն Մաշտոցի պողոտայում գտնվող Երեւանի թիվ 1 շուկայի (փակ շուկա), ինչպես նաեւ Խորենացու փողոցում գործող թիվ 2 շուկայի (ԳՈւՄ-ի շուկա) սեփականատերն էր: 2007-ի դեկտեմբերին «Մուլտի Մարկետը» լուծարվել է, սակայն մինչ այդ՝ 2002-ի հուլիսին, ընկերության կողմից հիմնվել էին նոր ՍՊԸ-ներ («Երեւանի թիվ 1 շուկա», «Երեւանի թիվ 2 շուկա»), որոնք դարձել են նշված երկու շուկաների տերերը:         

Հետաքրքիր է, որ երբ 2010-ի մայիսին Լ. Մարկոսը բաց նամակով դիմել էր իր ունեցվածքին տիրացած օլիգարխներին, նշել էր, որ փակ շուկան անցել է «Մուկին»՝ նկատելի ունենալով Ծառուկյանի խնամի, այդ ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ԳՈւՄ-ի շուկան՝ «Չոռնի» Գագոյին՝ այդ ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին:

«Երեւանի թիվ 1 շուկա»

ՍՊԸ-ն 2002-ի հուլիսին հիմնադրվել է «Մուլտի Մարկետի» կողմից Երեւանի Մաշտոցի 5-ում, որտեղ փակ շուկան է: Ընկերությունը «Հայաստանի սպառողական ընկերությունների միության «Երեւանի թիվ 1 շուկա»» դուստր ձեռնարկության (1995 թ.) եւ «Աերոսփեյս» ՍՊԸ-ի (1997 թ.) իրավահաջորդն է:

2004-ին «Մուլտի Մարկետին» իբրեւ փայատեր միացել է ԱՄՆ Օրեգոն նահանգում գրանցված «Kenton Group»-ը: 2005-ին «Մուլտի Մարկետը» դուրս է եկել շուկայի փայատերերի ցանկից, իսկ 2007-ի օգոստոսին ամերիկյան ընկերությունն իր ամբողջ բաժնեմասը հանձնել է Գագիկ Ծառուկյանին, ով էլ 2011-ի նոյեմբերին 525 մլն կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ն վաճառել է մեկ այլ գործարարի՝ Սամվել Ալեքսանյանին, սակայն պետռեգիստրում իբրեւ միակ սեփականատեր է գրանցվել Ալեքսանյանի աներորդին՝ երեւանցի Վահագն Ստեփանի Մկրտչյանը: Այս տարվա հուլիսին Մկրտչյանն իր ամբողջ մասնաբաժինը հանձնել է քրոջ աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին: Ընկերության տնօրենը երեւանցի Ռուբեն Ենգիբարյանն է:          

DSC_9701.jpg (763 KB)

Երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը փակ շուկան օտարել է Ալեքսանյանին, դրա նախկին սեփականատեր Լեւոն Մարկոսը բաց նամակ ուղղեց նոր տիրոջը. «Երեւանի թիվ 1 շուկան կամ, ինչպես հայտնի է, փակ շուկան հանդիսացել եւ հանդիսանում է իմ սեփականությունը: Թե ինչպես են այն իմ կամքին հակառակ հարկադիր կարգով բռնագանձել ու հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, շատ է խոսվել եւ գրվել… Գիտե՞ք՝ ինչն է ինձ անհանգստացում, այս Լֆիկը լավ գիտե, որ դա իմ գույքն է, եւ որ ես այդ գույքը որեւէ մեկին չեմ վաճառել ու դեմ եմ եղել դրան: Ու հիմա նա լկտիաբար տիրացել է այդ գույքին ու իր միջնակարգ կրթությամբ փորձում է տնտեսագիտության լավագույն մասնագետ երեւալ… Լֆի՛կ, Հիտլերից լավ տղա չլինես: Ոչ մի անօրեն գործ հավերժ չի մնում: Այս բաց նամակով ես քեզ զգուշացրի ու հետագայում անձամբ քեզանից եմ պահանջելու իմ վնասները: Դու բարեխիղճ ձեռք բերող չես: Այս բաց նամակով ես նախազգուշացնում եմ նաեւ բոլոր քո ընկերներին եւ հովանավորներին, որոնք քեզ հետ մասնակից են այս անօրինություններին: Միեւնույն է՝ բոլորդ էլ պատասխան եք տալու օրենքի առաջ»:

««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն»

Ծառուկյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերական հարաբերությունները բերել են նրան, որ հայ գործարարը բավականին սերտ բիզնես կապեր ունի այդ երկրի հետ: ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010-ի հունվարին Երեւանում՝ Շիրակի 1ա հասցեում: 2018-ից գլխավոր տնօրենը երեւանցի Գեւորգ Հովհաննիսյանն է: Կանոնադրական կապիտալը մոտ 141 մլն դրամ է:

1473261163-32.jpeg (571 KB)

Ընկերության 54,78 %-ը պատկանում է «Մուլտի Գրուպին», բելառուսական 4 ընկերություններից յուրաքանչյուրը (««Ակվադիվ» Մալինովշչիզնայի սպիրտի-օղու գործարան», ««Ռադամիր» Գոմելի լիկյորի-օղու գործարան», ««Պրիդվինյե» Վիտեբսկի լիկյորի-օղու գործարան», «Մինսկ Կրիստալ») ունի 10,96 % բաժնեմաս, իսկ ««Բելգոսպիշչեպրոմ» առեւտրի տունը»՝ 1,37 %: Հետաքրքիր է, բայց 2016-ից ի վեր մասնակիցների մեջ իր 0,02 %-ով նշված է նաեւ հենց ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տունը»:

Այս փաստը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեկնաբանել է հետեւյալ կերպ. ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ն հանդիսացել է «Ար-Բե Թրեյդինգ» ՍՊԸ-ի միակ մասնակիցը: «Ար-Բե Թրեյդինգ» ՍՊԸ-ն միացման ձեւով վերակազմակերպվել է, միացել ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ին եւ դադարեցրել իր գոյությունը: ««Ար-Բե» հայ-բելառուսական առեւտրի տուն» ՍՊԸ-ի մասնակիցների մեջ նույն ընկերության անվանման առկայությունը (որպես մասնակից) եղել է վերակազմակերպման արդյունքում ձեւավորված կանոնադրական կապիտալում ընկերությանը պատկանող բաժնեմասի առկայության հետեւանք: Նույն ընկերության կանոնադրական կապիտալում չբաշխված (տվյալ ընկերությանը պատկանող) բաժնեմաս ունենալու հնարավորությունը նախատեսված է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով»: Այսինքն՝ քանի որ «Ար-Բե Թրեյդինգը» միացել է նշված ՍՊԸ-ին, վերջինիս կանոնադրական կապիտալն համապատասխան չափով ավելացել է, բայց ավելացած մասը չի բաշխվել մասնակիցների միջեւ:

Ըստ «Մուլտի Գրուպի» կայքի՝ առեւտրի տան խանութներում ներկայացված է բելառուսական 12 հազ. անուն ապրանք՝ գյուղտեխնիկա, մոտոցիկլետներ եւ հեծանիվներ, անվադողեր, կահույք, կենցաղային-քիմիական նյութեր, պարֆյումերային-կոսմետիկ ապրանքներ, հագուստ, արդուզարդ, մթերք:

Ընկերությունը 2018-ին վճարել է 383 մլն դր հարկ եւ 1000 խոշոր հարկատուների մեջ հայտնվել 402-րդ տեղում:

2014-ին Բելառուսի դեսպանատունը Երեւանից տեղափոխվել է Առինջ՝ Գ. Ծառուկյանի առանձնատան հարեւանությամբ: Fip.am-ը գրել է, որ դեսպանատունը հողն ու շինությունները գնել է շուկայականից բավականին թանկ՝ 2 մլն դոլարով, իսկ վաճառողը եղել է «Ար-Բե» առեւտրի տան 2010-2017 թթ. գլխավոր տնօրեն, երեւանցի Ժեւիկ Մկրտչյանը:  

Ներկայում Գ. Ծառուկյանը Երեւան-Սեւան ճանապարհի սկզբնամասում կառուցում է նոր առեւտրի կենտրոն (լուսանկարում), որն ունենալու է 11 հազ. քմ տարածք, այստեղ լինելու է հիպերմարկետ, հայկական արտադրանքի սրահ եւ հայտնի ապրանքանիշերի աութլետ բաժին: 

Սննդի արդյունաբերություն

«Աբովյանի Արայ»

ՍՊԸ-ն 1997-ի մայիսին հիմնել են աբովյանցիներ Ալբերտ եւ Էմմա Մկրտչյանները: Աբովյանի Զորավար Անդրանիկի 4 հասցեում գրանցված ընկերությունն ստեղծվել է սեփականաշնորհված թիվ 163 սրճարանի հիմքի վրա: ՍՊԸ-ն կոչվել է «Թիվ 163 սրճարան», ապա՝ «Արայ», իսկ 2000-ից՝ «Աբովյանի Արայ»:

1997-ի աշնանը Մկրտչյանների հետ համասեփականատեր է դարձել առինջեցի Հովիկ Առաքելյանը, որը, ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, թերեւս, Ծառուկյանի կնոջ ազգականն է: 1997-ի տարեվերջին Մկրտչյանները դուրս են եկել բիզնեսից՝ այն թողնելով Առաքելյանին: Վերջինս էլ 2000-ի մայիսին իր 100 % բաժնեմասը փոխանցել է Ջավահիր Առաքելյանին (Ծառուկյան), որի մուտքով փոխվել է ՍՊԸ-ի անունը: Այդ ժամանակ, ըստ ընկերության կանոնադրության, գործունեության հիմնական տեսակներն են եղել հասարակական սննդի, հանգստի եւ զվարճությունների կազմակերպումը, միջնորդական ոչ բորսային գործունեությունը, խառը գյուղատնտեսությունը, պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտուրը: Շուտով դրանց ավելացել են ալրաղացի գործունեությունը, ալյուրի, վառելանյութերի, ավտոպահեստամասերի առեւտուրը, տուրիզմը: ՊԵԿ-ի համաձայն՝ «Աբովյանի Արայ» ՍՊԸ-ի գործունեության ոլորտը ալյուրի արտադրությունն է:    

2000-ի հոկտեմբերին կնոջն է միացել Գ. Ծառուկյանը՝ դառնալով 20 %-ի փայատեր: 2002-ին Ջ. Առաքելյանը դուրս է եկել ընկերությունից, իսկ հաջորդ տարի նրան հետեւել է Գ. Ծառուկյանը, որն իր ունեցած ամբողջ բաժնեմասը հանձնել է «Մուլտի Գրուպին»: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 4,8 մլն դրամ է, տնօրենը երեւանցի Ռոբերտ Նալբանդյանն է:         

Ալյուրի թեման շարունակելով՝ նշենք, որ 2011-ի օգոստոսին Հայ ազգային կոնգրեսը հրապարակել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը հիմնավորող փաստաթուղթ, որում թվարկել էր մեծահարուստ պատգամավորների, այդ թվում՝ Գ. Ծառուկյանի ունեցվածքը: Դրանցում հիշատակվում էր նաեւ «Բաղրամյանի հացամթերքներ» ԲԲԸ-ն, որը ներկայացնում էր Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Լեռնագոգ գյուղում գործող ալրաղաց գործարանը: Ավելի քան 350 մլն դրամ կանոնադրական կապիտալով ԲԲԸ-ն հիմնադրվել էր 1998-ին, եղել է «Հայհացահատիկ» ՊՁ-ի «Բաղրամյանի հացամթերքների կոմբինատ» դուստր ձեռնարկության (ԴՁ) իրավահաջորդը: 2003-ի նոյեմբերին դատարանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պահանջով սնանկ է ճանաչել բաժնետիրական ընկերությանը, ինչից հետո սկսվել է դրա լուծարման գործընթաց, որն ավարտվել է 2012-ի դեկտեմբերին: Ինչպես հայտնի է, Բաղրամյանի ալրաղացն այնուհետ անցել է մեկ այլ գործարար պատգամավորի՝ Սամվել Ալեքսանյանին. ներկա շահագործողը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է:    

«Մուլտի Տաբակ»

ՍՊԸ-ն հիմնադրել է Գ. Ծառուկյանը այս տարվա մարտին: Նա միակ մասնակիցն է, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, ընկերության հասցեն՝ Երեւանի Արգիշտիի 9-ը: Գլխավոր տնօրենը Սեդրակ Առուստամյանն է: Կանոնադրության մեջ ասվում է, որ ՍՊԸ-ի նպատակը ծառայություններ մատուցելուց, աշխատանքներ կատարելուց եւ ապրանքներ արտադրելուց շահույթ ստանալն է, բայց «տաբակ» բառը հուշում է, թե որ ոլորտում է գործելու նորաստեղծ ընկերությունը:

Շարունակելի

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, համացանցի բաց աղբյուրների

Մեկնաբանություններ (1)

Պողոս
Հայոց արքայից արքան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter