HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ծառուկյանի ընկերությունները գերիշխող են գազալիցքավորման ոլորտում

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Հետքին» հայտնել են, որ 2018 թվականին Հայաստան հեղուկ գազ է ներմուծել 21 տնտեսվարող սուբյեկտ, ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 17.541 տոննա, որի 58 տոկոսը ներմուծվել է «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի կողմից:

Հանձնաժողովին հարցրել էինք, թե արդյոք տվյալներ ունի հեղուկ եւ սեղմված բնական գազի ոլորտներում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների մասին:  

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն 1/3-ը: Սա նշանակում է, որ հեղուկ գազի ձեռքբերման ոլորտում «Մուլտի-Լեոնը» գերիշխող դիրք ունի:

Այս ընկերությունը նախկինում եւս գերիշխող էր ներմուծման դաշտում: Անցյալ տարի «Հետքը» ՏՄՊՊՀ-ից տեղեկացել էր, որ 2017 թվականին հեղուկ գազի առավել մեծաքանակ ներմուծումներ են իրականացրել 3 ընկերություններ, որոնցից մեկը «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն էր. հեղուկ գազի ընդհանուր ծավալի 68 %-ը ներկրել էր հենց նա, 13-ը՝ «Ասօիլ» ՍՊԸ-ն, 6-ը՝ «Սադիրան» ՓԲԸ-ն:

«Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ն պատգամավոր Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններից է: Հիմնադրվել է 2000 թ. օգոստոսին Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում: «Մուլտի Գրուպի» կայքի տեղեկացմամբ՝ զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ: Ըստ այդմ՝ «Մուլտի-Լեոնը» գազալցակայաններ ունի թե՛ Երեւանում, թե՛ մարզերում, աշխատողների թիվը շուրջ 140 է: 2018-ին վճարած ավելի քան 1 մլրդ դրամ հարկով ընկերությունը երկրի 1000 խոշոր հարկատուների մեջ եղել է 162-րդը:

Ներկայում «Մուլտի-Լեոնի» 50 % բաժնեմասը պատկանում է «Մուլտի Գրուպին», իսկ մյուս 50-ը՝ Երեւանի Պարոնյան փողոցում գրանցված «Փաբլիք Սըփորթ Սերվիսիս Լիմիթեդ» ՓԲԸ-ին, որն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է ապահովագրական գործակալների եւ միջնորդների գործունեությամբ: Այս ընկերության բաժնետերը երեւանյան «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ն է (ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է հագուստի մեծածախ առեւտրով), որի սեփականատերն էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է՝ Սեդրակը:

Այսպիսով՝ ներկայում 50-50 համամասնությամբ «Մուլտի-Լեոնի» փայատերերն են նշված ՓԲԸ-ն (իսկ անուղղակիորեն՝ Սեդրակ Քոչարյանը) եւ «Մուլտի Գրուպը»:   

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաեւ սեղմված բնական գազի շուկան: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2016-2018 թթ. Երեւանում եւ մերձակա շրջաններում գործունեություն է ծավալել ավելի քան 180 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից առավել խոշորները չեն ունեցել գերիշխող դիրք,  նրանցից խոշորագույնի մասնաբաժինը կազմել է առավելագույնը 16 տոկոս: Բայց նկատենք, որ խոսքը Երեւանի եւ հարակից շրջանների մասին է, այլ ոչ թե ամբողջ հանրապետության: Ընդ որում՝ 2004-ին եւ 2013-ին ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ «Մուլտի-Լեոնը» 57,7 % մասնակցությամբ գերիշխող է սեղմված բնական գազի երեւանյան շուկայում: 

Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք կան գերիշխողներ ավտոգազալիցքավորման ցանցի կտրվածքով: Օրենքի համաձայն՝ այս առումով գերիշխող են համարվում այն տնտեսվարողները, որոնց կառավարման ներքո գտնվում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը: Գերիշխող են համարվում նաեւ նրանք, որոնց պատկանող կամ որոնց կողմից օգտագործվող միեւնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում են 4 կամ ավելի առեւտրային օբյեկտներ (առեւտրային ցանց), որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1,5 մլրդ դրամը:

ՏՄՊՊՀ-ն հայտնել է, որ «Մուլտի-Լեոն» եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ները դիտարկվող ժամանակահատվածում ունեցել են համապատասխանաբար 5 եւ 7 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ:

2002-ին Առինջում հիմնադրված «Մուլտի գազ» ընկերության 100 տոկոսի սեփականատերը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է: ՍՊԸ-ն անցյալ տարի ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 267-րդն էր. վճարել է 611 մլն դր հարկ: Զբաղվում է սեղմված բնական գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ:

Հիշեցնենք, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ էր անցկացրել գազալցակայաններում, ինչից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ 8 կազմակերպությունների պատկանող լցակայաններ խուսափել են մոտ 946 մլն դրամ հարկերից. հարուցվել էր քրգործ: Գազալցակայաններ ունեցողների շարքում Անանյանը նշել էր նաեւ Գ. Ծառուկյանի անունը: Հրապարակվել էր 7 ընկերության անուն, որոնք, վաճառած գազի փոքր ծավալ ցույց տալով, խուսափել էին հարկերից: Դրանց մեջ, սակայն, Ծառուկյանի ՍՊԸ-ները չկային: Այդուհանդերձ, datalex.am հարթակից տեղեկանում ենք, որ թե՛ «Մուլտի-Լեոնը», թե՛ «Մուլտի գազը» վարչական դատարանում ներկայում վիճարկում են ՊԵԿ-ի կողմից իրենց մոտ անցկացված համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը:  

Դեռ փետրվարին կառավարությունը որոշեց փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում, ըստ որի՝ սեղմված բնական գազի վաճառքը պետք է հարկվեր ոչ թե ծավալի (խմ), այլ զանգվածի (տոննա) հաշվարկով: ԱԺ-ն ապրիլի 9-ին ամբողջությամբ ընդունեց նախագիծը:

Մինչ այդ, սակայն, արդեն խոսակցություններ կային, որ գազալցակայաններում սեղմված բնական գազը թանկացել է, ինչի մասին ապրիլի 4-ին կայացած գործադիրի նիստին խոսել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը:  

«Ես ուզում եմ ասել՝ նախ, այդ օրենքն Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ: Երկրորդն էլ, մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետեւաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, եւ այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հասցեական եմ ասում: Հետեւաբար, շուկայի վերահսկողության տեսչությունը, պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են եւ գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել»,- հայտարարել էր վարչապետը:

Փաշինյանի խոսքերից օրեր անց ԱԺ-ում լրագրողներին Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ գազի գինը չի փոխվել ու փոխվելու. «Ոչ մի բան չէր կարող փոխվել: Իրոք, դա քայլ է կատարվում ավելի օգուտ վարորդների համար, բայց համապատասխան պետք է իմանանք, որ գինը չի փոխվելու՝ կիլոգրամ, թե, ասենք, խմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter