HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանի բիզնես կայսրությունը. հյուրանոցներ, կազինոներ, հագուստ, տեքստիլ, թանկարժեք իրեր, մեդիա, սպորտ, զենք, ձկնաբուծություն, կրիպտոմայնինգ

սկիզբը

ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնեսների մի մասին անդրադարձել ենք նախորդ երկու հոդվածներում: Քանի որ բիզնեսմեն պաշտոնյայի ունեցվածքը հսկայական է, իսկ ընկերությունները՝ մի քանի տասնյակ, դրանք ներկայացնում ենք մաս-մաս: Ահա հերթական ոլորտներն ու կազմակերպությունները:

Հյուրանոցային ու խաղատնային բիզնես

«Մուլտի Ռեստ Հաուս»

Ընկերությունը գրանցվել է 2000-ի դեկտեմբերին որպես «Մուլտի Էյր» ՍՊԸ: Սեփականատերերն էին Ծառուկյանի ամերիկյան «Fortex Investments Group»-ը, ինչպես նաեւ բուլղարական գրանցումով «Ագի Պրիմա» ընկերությունը: Վերջինս 2001-ին դուրս է եկել ՍՊԸ-ից: «Մուլտի Էյր» անունը եւ փաստը, որ 2003-ին այն ձեռք էր բերել «Ավիասնունդ» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը (այս մասին գրել ենք նախորդ հոդվածում), հուշում են, որ ընկերությունը ներգրավված է եղել ավիացիոն բիզնեսում, սակայն հետո գործունեության ոլորտը փոխվել է, ինչը կարելի է հասկանալ նաեւ անվան փոփոխությունից: 2006-ին ՍՊԸ-ն վերանվանվել է «Մուլտի Ռեստ Հաուս»: 2007-ին փայատեր է դարձել Գ. Ծառուկյանը: 2010-ին «Fortex»-ի մասնակցությունը դադարեցվել է, եւ գործարարը դարձել է միակ սեփականատեր: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 537 մլն դրամ է, 2017-ից գլխավոր տնօրենը երեւանցի Գեւորգ Անտոնյանն է:  

2000-2005 թթ. ընկերությունը գրանցված էր Երեւանի Զաքյան 5/1 հասցեում, հետո տեղափոխվել է Աբովյան քաղաքի Սեւանի 6 (Ծառուկյանին պատկանող Աբովյանի չափիչ սարքերի գործարանի հասցեն է), իսկ 2006-ին՝ Ծաղկաձոր: Այս ՍՊԸ-ն 2003-ին «Fortex»-ի կողմից երեւանյան նույն հասցեում հիմնադրված, բայց հետագայում լուծարված ««Ինկո» պանսիոնատ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է:

38841470.jpg (132 KB)

Ընկերության տեղափոխությունը Ծաղկաձոր պատահական չէ. 2007-ին այստեղ՝ Օլիմպիական 8 հասցեում, բացվել է «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրը (լուսանկարում), որը հյուրերին առաջարկում է ոչ միայն հյուրանոցային համարներ, այլեւ երկհարկ ու եռահարկ քոթեջներ, ինչպես նաեւ ընտանեկան ապարտամենտներ: Համալիրն ունի ռեստորան, բար, լողավազան, սաունա, տարբեր մարզաձեւերով զբաղվելու հնարավորություններ, ֆիթնես կենտրոն, գեղեցության սրահ, սպա կենտրոն, մանկական սրահ, նիստերի դահլիճ, կինոդահլիճ: Իր մասին պատմող ֆիլմում Գ. Ծառուկյանն ասում է, որ համալիրը զբաղված է լինում հիմնականում ձմռանն ու ամռանը, եւ հարցին, թե արդյոք այն իրեն չի արդարացնում, պատասխանում է, որ եթե արդարացրած լիներ, ապա էլի հյուրանոցներ կկառուցեր Ծաղկաձորում:   

«Կլեոպատրա»

ՍՊԸ-ն 2005-ի հուլիսին հիմնադրվել է Գ. Ծառուկյանի (50 %), երեւանցիներ Արսեն Ավագյանի (40 %), Գուրգեն Գեւորգյանի (5 %) եւ Արտաշես Մելիքյանի (5 %) կողմից Կոտայքի Վերին Պտղնի գյուղում: Նույն անձինք նույն համամասնությամբ նույն վայրում 2003-ին հիմնել էին «Արգեյմ» ՍՊԸ-ն, որը հետագայում լուծարվել է: «Կլեոպատրայի» տնօրենը հիմնադրման օրվանից աբովյանցի Արայիկ Գրիգորյանն է, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 2005-ի օգոստոսին ֆինանսների նախարարությունն այս ընկերությանը տվել է խաղատուն կազմակերպելու անժամկետ լիցենզիա:  

2007-ի աշնանը Ծառուկյանի գործընկերները դուրս են եկել «Կլեոպատրայից». նրանց փոխարինել է Մոսկվայում գրանցված «Շտորմբրեյն» ՍՊԸ-ն («Штормбрейн»), որը Ծառուկյանի հետ 50-50 համամասնությամբ կիսել է «Կլեոպատրան»:

«Շտորմբրեյնի» սեփականատերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված «Storm Armenia Ltd.»-ն էր, իսկ հետո՝ Լյուբով Անշինան (ընկերությունն այս տարվանից այլեւս չի գործում): «Շտորմբրեյնի» եւ «Storm Armenia»-ի անունները հիշատակվում են սկանդալային «Panama Papers» թղթապանակում:

Երկու ընկերություններն էլ նույն ցանցի մաս են կազմում: Իսկ այդ ցանցը կամ հոլդինգը հիմնել է անգլիացի Մայքլ Բոտչերը (Michael Boettcher): «Forbes»-ի ռուսական տարբերակը պատմում է, թե ինչպես է նախկին տաքսիստ Բոտչերը ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, մոլախաղերի բիզնես հիմնել Մոսկվայում՝ համագործակցելով տեղի գործարարների հետ: 1999-ին Բոտչերն այստեղ բացել է «Shangri La» անունով կազինո: 2006-ին Ռուսաստանում սահմանափակումներ են մտցվել. կազինոների համար առանձնացվել են հատուկ գոտիներ: Դրանից հետո Բոտչերն իր բիզնեսը տեղափոխել է հետխորհրդային մյուս երկրներ, որոնցից առաջինը Հայաստանն էր:

DSC_9345.jpg (162 KB)

Այսպես՝ Երեւան-Սեւան մայրուղու վրա (Վերին Պտղնու տարածքում) գտնվող «Կլեոպատրա» կազինոն 2008-ին դարձել է «Shangri La», սակայն դրա շահագործող ՍՊԸ-ն շարունակել է կոչվել «Կլեոպատրա»: Տարիներ անց այստեղից ոչ հեռու՝ Ծառուկյանի «Մուլտի Գրանդ» հյուրանոցում, բացվել է եւս մեկ «Shangri La» խաղատուն:   

Բոտչերի բիզնեսի գլխավոր ընկերությունն Ամստերդամում գրանցված «Storm International Management Services B.V.»-ն: Ցանցը «Shangri La» կազինոներ ունի նաեւ Թբիլիսիում, Մինսկում, Ռիգայում (այս վերջինը գտնվում է Ծառուկյանին պատկանող հյուրանոցում, որին կանդրադառնանք), «Storm Casino»-ներ՝ Գերմանիայի մի քանի քաղաքներում:

«Forbes»-ի տեղեկացմամբ՝ Բոտչերի բիզնեսը շարունակում է աշխատել այնպես, ինչպես Ռուսաստանում՝ դրա մեջ ներգրավվում են տեղացի գործարարներ: Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, նրանցից մեկն է: «Storm International»-ի մարքեթինգի գծով տնօրեն Լավրենտի Գուբինը «Forbes»-ին հայտնել է, որ «Shangri La» խաղատներից ամենամեծը հայկականն է, որտեղ 700 մարդ է աշխատում: Հայտնի է դարձել նաեւ, որ Մ. Բոտչերը ներկայում չի զբաղվում բիզնեսի կառավարմամբ, ամստերդամյան մայր ընկերությունում ունեցած նրա բաժնեմասը տնօրինում է մասնավոր ֆոնդ, որի անունն ու բաժնեմասի չափը չեն հանրայնացվում: 

2017-ին մոսկովյան «Շտորմբրեյնը» «Կլեոպատրա» ՍՊԸ-ի իր 50 %-ը փոխանցել է ամստերդամյան «Trinidad Sunrise Investments B.V.»-ին (նույն ցանցի կազմում է), որի լիազորված անձը Գեւորգ Անտոնյանն է՝ «Մուլտի Ռեստ Հաուսի» գլխավոր տնօրենը:

Հիշեցնենք, որ 2014-ից այս կողմ մեր երկրում օրենքով թույլատրվում է խաղատուն կազմակերպել միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ եւ Մեղրի համայնքներում, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Մյուս վայրերում խաղատան առկայությունը հնարավոր է, եթե իրականացվում է ավելի քան 40 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, որը հավանության է արժանանում կառավարության կողմից: Վերին Պտղնիի «Shangri La» խաղատները հենց այդ դրույթի հիման վրա են գործում: 

Իսկ ինչպե՞ս է «Կլեոպատրա» ՍՊԸ-ն համապատասխանել 40 մլրդ դրամ ներդրում կատարելու դրույթին: Կարելի է ասել, որ Ծառուկյանն ու գործընկերները դիմել են հնարամիտ քայլի: Այսպես՝ խաղատան, ինչպես նաեւ ռեստորանի ու բարի (հանրային սննդի կետեր) շահագործման իրավունք ունեցող այս ընկերությունը 2014-ի հունվարից փոխել է գործունեության տեսակը: Ըստ ՊԵԿ-ի՝ ներկայում դրա գործունեությունը որոշ տեսակի մեքենաների վարձույթն ու լիզինգն է: Փոխարենը խաղատան շահագործող է գրանցվել Ծառուկյաններին պատկանող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն, որի ներդրումային ծրագիրը 2013-ի դեկտեմբերին հավանություն էր ստացել կառավարության կողմից:        

«Օնիրա Քլաբ»

Այս ՍՊԸ-ն 2010-ի դեկտեմբերին հիմնադրել են Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններն (48,6-ական %) ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնը (2,8 %): Գրանցված է Վերին Պտղնիում, 2018-ից գլխավոր տնօրենն աբովյանցի Տարոն Մանուկյանն է, կանոնադրական կապիտալն էլ ավելի քան 61 մլրդ դրամ է: ՊԵԿ-ի համաձայն՝ ընկերությունը զբաղվում է խաղատների գործունեությամբ, ինչի մասին վերը նշեցինք, համապատասխան լիցենզիան ընկերությունը ֆիննախից ստացել է 2014-ի հունվարի 1-ին: Սակայն «Օնիրա Քլաբը» ներկայացնում է նաեւ «Փարավոն» հանգստի ու ժամանցի համալիրը, որը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու վրա՝ «Shangri La» կազինոյի հարեւանությամբ:

Կառավարության կողմից հաստատված եւ 45-50 մլրդ դրամ գնահատված ներդրումային ծրագիրը ներառում է հյուրանոցային մասնաշենքեր, ռեստորանային փակ եւ բաց համալիրներ, սրճարան, բացօթյա լողավազան, շահումով խաղերի եւ խաղատան համար նախատեսված մասնաշենք, օժանդակ շինություններ, կանաչապատված եւ հիմնանորոգված տարածք:  

DSC_9437.jpg (194 KB)

Համալիրը բացվել է 2013-ի մայիսին. ունի արտաքինից եգիպտական բուրգեր հիշեցնող 2 փակ սրահ՝ «Ռամզես» եւ «Կլեոպատրա» անուններով, «Օազիս» բացօթյա սրճարան, ինչպես նաեւ «Կոլիզեյ» սրահ:

Սրահները նախատեսված են հարսանեկան, ծննդյան, կնունքների, մանկական, կորպորատիվ, ակումբային միջոցառումների, կոնֆերանսների, շնորհանդեսների, բարեգործական երեկոների ու համերգների համար:

«Փարավոնի» տարածքում է նաեւ 2014-ի դեկտեմբերին բացված «Մուլտի Գրանդ» 5-աստղանի հյուրանոցը, որն առաջարկում է 82 համար եւ 6 քոթեջ: Ունի ռեստորան, ջազի եւ սիգարի բարեր, սպա կենտրոն, գեղեցկության սրահ, բաց եւ փակ լողավազաններ, համամ, ֆիթնես կենտրոն, կոնֆերանսների դահլիճ, «Shangri La X.O.» VIP խաղատուն:

Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նշվում է, որ «Փարավոն» համալիրն ու «Մուլտի Գրանդ» հյուրանոցը կառուցվել են անգլիացի գործարարների հետ համատեղ ներդրումների միջոցով (ինքը՝ Ծառուկյանը, հայտնել է, որ գործընկերները ներդրել են մոտ 150 մլն դոլար): Ավելին՝ «Shangri La» ապրանքանիշի սեփականատեր «Storm International»-ի գործադիր տնօրեն Դարեն Քինը (Darren Kean) ֆիլմում ներկայացվում է որպես «Փարավոնի» եւ «Մուլտի Գրանդի» համասեփականատեր, չնայած, պետռեգիստրի համաձայն, «Օնիրա Քլաբը» Ծառուկյանների սեփականությունն է, իսկ «Storm International»-ն անուղղակի մասնակցություն ունի միայն «Կլեոպատրա» ՍՊԸ-ում, որը «Shangri La» եւ «Shangri La X.O.» կազինոների տերն է Հայաստանում: 

Ծառուկյանի լիազորված անձ, «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն անգլիացի ներդրողների բացակայությունը «Օնիրա Քլաբի» փայատերերի ցանկում բացատրել է այսպես. «Այո, «Փարավոն» համալիրը եւ «Մուլտի Գրանդ Հոթել» հյուրանոցը կառուցվել են անգլիացի գործարարների հետ համագործակցության արդյունքում, դարձյալ Գ. Ծառուկյանի անձնական երաշխավորությամբ, իսկ կատարված ներդրումները գնահատվել են: Պարտադիր չէ, որպեսզի օտարերկրյա ներդրողը հանդիսանա ՀՀ-ում ստեղծված ընկերության հիմնադիր կամ մասնակից, որպեսզի համարվի օտարերկրյա ներդրող: Արտասահմանցի ներդրողների կատարած ներդրումների տեսակները եւ դրանց իրականացման ձեւերը սահմանված են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով»: 

2018-ին «Օնիրա Քլաբը» վճարել է 4,8 մլրդ դրամ հարկ եւ ՀՀ խոշոր հարկատուների մեջ զբաղեցրել 32-րդ տեղը:

Մի քանի խոսք Դարեն Քինի մասին, ով ժամանակին քրեական պատմության մեջ էր հայտնվել Ռուսաստանում: Խաղատների գործունեության սահմանափակումից (2006 թ.) հետո՝ 2011-ի գարնանը, ՌԴ իրավապահներն անօրինական խաղատներ էին հայտնաբերել Մոսկվայի երկու հասցեներում, որտեղ նախկինում գործունեություն էր ծավալել «Storm International»-ը: Վերջինիս գործադիր տնօրեն Քինը ձերբակալվել էր, նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունք տվել, Բոտչերի հանդեպ էլ հետախուզում էր հայտարարվել: Սակայն վերջինս հետո հայտարարել էր, թե այդ ամենն իրենց մրցակիցների ձեռքի գործն է, գործընկերոջ ձերբակալությունը թատերականացված է, իսկ նա նման ցուցմունք է տվել՝ անազատության մեջ չմնալու համար: Քինը 150 հազ. ռուբլի տուգանք էր վճարել ու հեռացել Ռուսաստանից:   

«Ա.Ա.Դ. Հոթել»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2012-ի հոկտեմբերին: Գրանցված է Երեւանի Աբովյան 5/1 հասցեում, որտեղ ժամանակին գործում էր «Աստաֆյան» համալիրը: Վերջինիս սեփականատեր «Աստաֆյան» ՓԲԸ-ի նախագահը Ծառուկյանի թիմակից Արսեն Ավագյանն էր (մականունը՝ «Տուգո», «Կլեոպատրա» ՍՊԸ-ի հիմնադիրներից), ով 2007-2012 թթ. ԱԺ պատգամավոր էր ԲՀԿ-ից: «Ա.Ա.Դ. Հոթել» ընկերությունը 1997-ին հիմնադրված «Աստաֆյան» ՓԲԸ-ի իրավահաջորդն է, սակայն վերջինս ոչ թե լուծարվել է, այլ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: 

Նախկինում «Աստաֆյան» համալիրը հյուրանոց ու կազինո էր, հետո այստեղ հագուստի խանութ հայտնվեց, ապա՝ սրճարան, իսկ 2017-ին շենքը քանդեցին: Տարածքում (Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում) կառուցապատում են իրականացնում «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ն, «Մուլտի Գրուպ» կոնցեռնը եւ փաստաբան Դավիթ Մանթաշյանը, որը Ծառուկյանի թիմից է: Մամուլը գրել է այն մասին, որ այստեղ կառուցվում է հյուրանոցային համալիր, որն ընդգրկվելու է «Kempinski» համաշխարհային ցանցի մեջ (ինչպես կտեսնենք ստորեւ, հայ գործարարն ու «Kempinski Hotels»-ը համագործակցության փորձ ունեն Լատվիայում): Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել էր, որ ներդրումների ծավալը գերազանցելու է 30 մլն դոլարը: Նախագծողը «Հայնախագիծ» ԲԲԸ-ն է: Վերջինիս ղեկավար Գրիգոր Ազիզյանը նախորդ տարի հայտնել էր, որ հյուրանոցի կառուցման մի քանի նախագիծ է կազմվել: Ըստ վերջին տարբերակի՝ կառույցը Ստանիսլավսկու անվան թատրոնի կողմից ունենալու է 17-հարկանի աշտարակ, որը հակառակ կողմից գրեթե հավասարվելու է «Ibis» հյուրանոցի հարկայնությանը: Հյուրանոցային համարները սկսվելու են 3-րդ հարկից վեր, 1-3-րդ հարկերը լինելու են հասարակական նշանակության: Համարների քանակը տատանվող է, առավելագույնը՝ 153: Հյուրանոցի 5 հարկերում կտեղակայվեն ապարտամենտներ, որոնց ընդհանուր քանակը 15 է: Կառույցն ունենալու է ստորգետնյա 3 հարկ, որոնցից մեկում լինելու է 45 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի՝ Հյուսիսային պողոտայի կողմից մուտքով: Մնացած երկու հարկերում, սպասարկման գոտիներից զատ, լինելու է սպա կենտրոն եւ լողավազան:

Նոր հյուրանոցի կառուցապատողներին եւ քաղաքապետարանին 2018-ին դատի է տվել հարեւան շենքի՝ Աբովյան 3-ի սեփականատեր Աննա Մարտիրոսյանը: Խնդիրը եղել է Աբովյան 3-ի եւ կառուցվող շենքի միջեւ սեյսմիկ կարը (հեռավորությունը): Վարչական դատարանը գտել է, որ այն ապահովված չի եղել, ու անցյալ տարվա օգոստոսին ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր է ճանաչել քաղաքապետարանի տված շինթույլտվությունները, սակայն այս տարվա մարտին վերաքննիչ ատյանը վճիռը բեկանել է եւ գործը լրիվ ծավալով ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության:  

Ըստ ՊԵԿ-ի՝ «Ա.Ա.Դ. Հոթել» ՓԲԸ-ի գործունեության ոլորտը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է: Գլխավոր տնօրենը երեւանցի Հարություն Շահբազյանն է, ով ժամանակին ԿԸՀ նախագահի տեղակալն էր, ընկերության կանոնադրական կապիտալը, ըստ պետռեգիստրի, մոտ 40 մլն դրամ է, միակ սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, սակայն գործարար պատգամավորի 2017 թ. հայտարարագրում բաժնետոմսերի արժեք է նշված 2,6 մլրդ դրամը, ինչն ավելի հավաստի տվյալ է, քանի որ պետռեգիստրում բաժնետիրական ընկերությունների ոչ բոլոր տվյալներն են ներկայացվում, իսկ առկա տվյալների մի մասն էլ երբեմն հին է լինում: 

Երեւանյան հյուրանոցն, այդուհանդերձ, կառուցվում է ոչ միայն Ծառուկյանի միջոցներով: Նրա գործընկերը քուվեյթցի շեյխ Ահմեդն Ալ Սաբահն է, որը, ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, ներգրավված է նաեւ սիլիցիումի գործարանի նախագծում: Ըստ հայ գործարարի «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժի՝ 5-աստղանի հյուրանոցի ներդրումային ծրագիրն արժենալու է ավելի քան 100 մլն դոլար: Ծառուկյանը հայտնել է, որ բացումը լինելու է 2020-ին:

Թանկարժեք աքսեսուարներ, հագուստ եւ տեքստիլ

Գործարար պատգամավորն ու նրա փեսաներից Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, դատելով կոնկրետ ընկերություններում նրանց համատեղ մասնակցությունից, հետաքրքրված են եղել ժամացույցների եւ ոսկերչական իրերի բիզնեսով: Ծառուկյանն ու դուստրերից Գայանեն նաեւ բրենդային հագուստի խանութներ ունեն:  

«ԱյրՍիրԿապ»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002-ի հուլիսին Երեւանի Մոսկովյան 31 հասցեում: Ընկերության անվանումը հիմնադիրների անուններից է կազմված՝ Արմեն Հայրապետյան (Մոսկվա, Ռուսաստան), Վարդան Սիրմաքես (նաեւ՝ Սիրմակես, Սրմաքեշ, Ժնեւ, Շվեյցարիա), Հրաչ Կապրիելյան (Նյու Յորք, ԱՄՆ): Վերջին երկուսը հին գործընկերներ են տարբեր բիզնեսներում, մասնավորապես՝ «Արցախբանկի» բաժնետերեր են: 

2003-ի նոյեմբերին «ԱյրՍիրԿապ» ՓԲԸ-ում կատարվել է բաժնետերերի փոփոխություն, ինչի արդյունքում սեփականատեր են դարձել Արմեն Հայրապետյանը (25 %), «ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ-ն (50 %, շինարարական ընկերություն է, գրանցված է Ստեփանակերտում, հիմնադիրները Վ. Սիրմաքեսն ու Հ. Կապրիելյանն են), Գագիկ Ծառուկյանն (13 %) ու նրա փեսան՝ Արգամ Աբրահամյանը (12 %):

ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը եղել է 100 հազ. դրամ: Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության գործունեության տեսակը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն էր, սակայն գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Այդուհանդերձ, այս տարվա հուլիսին ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Իսրաելյանին փոխարինել է Զարուհի Ղարիբջանյանը. երկուսն էլ Երեւանից են:

«Ֆրանկ Մյուլլեր Երեւան Ուոչ Դիսթրիբյուշն»

Այս ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002-ի հոկտեմբերին նույն Մոսկովյան 31 հասցեում: 50-50 համամասնությամբ սեփականատերերն են եղել վերոնշյալ Արմեն Հայրապետյանն ու «ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ-ն:

2003-ի նոյեմբերին՝ նույն օրը, ինչ «ԱյրՍիրԿապ» ընկերության պարագայում, կատարվել է բաժնետերերի փոփոխություն: Վարդան Սիրմաքեսը, Հրաչ Կապրիելյանն ու Արմեն Հայրապետյանը գրանցվել են որպես 25-ական, Գագիկ Ծառուկյանը՝ 13, իսկ Արգամ Աբրահամյանը՝ 12 %-ի բաժնետեր:

Ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի, ներկայում գործում է, զբաղվում է մասնագիտացված խանութներում ժամացույցների եւ ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առեւտրով: Վարդան Սիրմաքեսը շվեյցարական «Groupe Franck Muller»-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենն է: «Franck Muller»-ի խանութը ժամանակին գործում էր «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ՝ Աբովյան 18 հասցեում (լուսանկարում): Խանութի շահագործողը հենց «Ֆրանկ Մյուլլեր Երեւան Ուոչ Դիստթրիբյուշն» ՓԲԸ-ն էր:

DSC_9753.jpg (215 KB)

2001-ին էլ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 2-ում գրանցվել է Շվեյցարիայի «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլենդ» բաժնետիրական ընկերության Երեւանի մասնաճյուղը, որը գործող իրավաբանական անձ է (գործունեությունը՝ ժամացույցների եւ ժամանակի գրանցման այլ սարքերի արտադրություն): Սա, թերեւս, շվեյցարական ընկերության գործարանային արտադրամասն է Երեւանում:

«Ֆրանկ Մյուլլեր Երեւան Ուոչ Դիստթրիբյուշն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է, տնօրենն էլ վերը հիշատակված Կարինե Իսրաելյանն է:

Գ. Ծառուկյանը 2017-ին եւ 2018-ին որպես պատգամավորության թեկնածու ԿԸՀ-ին փաստաթղթեր է ներկայացրել, սակայն չի հայտարարագրել «ԱյրՍիրԿապ» եւ «Ֆրանկ Մյուլլեր Երեւան Ուոչ Դիստթրիբյուշն» ՓԲԸ-ներում ունեցած բաժնետոմսերը, այնինչ, ըստ պետռեգիստրի, դրանցում 2003-ից հետո մասնակիցների փոփոխություններ չեն եղել:

Մեր հարցին, թե ինչու 13-ական % բաժնետոմս ունեցող պատգամավորը չի հայտարարագրել դրանք, Ս. Առուստամյանը պատասխանել է. «Գ. Ծառուկյանը 2003 թվականից չի հանդիսանում «ԱյրՍիրԿապ» եւ «Ֆրանկ Մյուլլեր Երեւան Ուոչ Դիստթրիբյուշն» ՓԲԸ-ների բաժնետեր, քանի որ այդ ընկերություններում ունեցած բոլոր բաժնետոմսերն օտարել է: Որեւէ տեղեկություն չունենք, թե ինչպես կարող է Գ. Ծառուկյանի անունը՝ որպես նշված բաժնետիրական ընկերությունների բաժնետեր, ներառվել պետռեգիստրի տեղեկություններում, եթե իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը օրենքով լիազորված չէ վարել բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ռեեստր»:

Այո, պետռեգիստրը չի ներկայացնում բաժնետիրական ընկերությունների բաժնետերերին, սակայն երբեմն տեղադրում է դրանց կանոնադրությունները, որոնցում էլ հնարավոր է ծանոթանալ սեփականատերերին: Վերոնշյալ երկու ՓԲԸ-ների՝ պետռեգիստրում առկա կանոնադրություններում վերջին անգամ փոփոխություններ արվել են 2003-ի նոյեմբերին, որոնց համաձայն՝ Ծառուկյանն ու նրա փեսան դարձել են բաժնետերեր: Այնինչ, ըստ Ս. Առուստամյանի, նույն տարում գործարարը դուրս է եկել թե՛ մեկից, թե՛ մյուսից: Դատելով նրանից, որ Ծառուկյանն իր բաժնետոմսերն ու բաժնեմասերը հայտարարագրելիս պարտաճանաչ է՝ Առուստամյանի հաղորդած տվյալները կարող ենք հավաստի համարել:     

«Մուլտի Գոլդ»

ՍՊԸ-ն 2005-ի փետրվարին «Մուլտի Գրուպի» երեւանյան հասցեում՝ Թումանյան 21-ում, հիմնադրել է Գ. Ծառուկյանը: Միանգամից ասենք, որ ընկերությունը կապ չունի ներկայում «Առինջ Մոլի» հարեւանությամբ գործող «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի հետ, քանի որ մինչեւ վերջինիս ստեղծումը ՍՊԸ-ն լուծարվել է. դա տեղի է ունեցել 2007-ի սեպտեմբերին:

«Ֆորցա»

2009-ի նոյեմբերին ՍՊԸ-ն հիմնադրել են Գագիկ Ծառուկյանը (25 %), Արգամ Աբրահամյանը (25 %), ինչպես նաեւ մոսկվացի Ռաֆայել Պապյանը (20 %), նրա քույրը՝ Նարինե Պապյանը (15 %), եւ մայրը՝ Գոհար Պապյանը (15 %): Վերջինս եղել է նաեւ ընկերության տնօրենը (Գոհար եւ Նարինե Պապյանները, ըստ ԿԸՀ-ի, երեւանյան գրանցում ունեն): ՍՊԸ-ն գրանցված էր Թումանյան 21-ում: Կանոնադրական կապիտալը եղել է 50 հազ. դրամ:

Պապյաններին է պատկանում «Գ.Ռ.Ն.-Լուվր» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է ժամացույցների եւ ոսկերչական իրերի «Լուվր» խանութը Երեւանում: Ռաֆայել Պապյանն իր հերթին Մոսկվայում «Raff House» անունով կենտրոն է հիմնել ժամացույցների, ոսկերչական իրերի ու խոհանոցի գիտակների եւ սիրահարների համար: Երբ «Հետքը» մի քանի տարի առաջ Նարինե Պապյանից հետաքրքրվել էր, թե ինչ գործունեությամբ է զբաղվում «Ֆորցան», նա նախ նշել էր, թե ընկերությունում իրենց մասնակցությունը ձեւական է եղել, հետո ասել էր, որ սխալվել են այդ հարցում, ապա հրաժարվել էր կոնկրետ հարցի պատասխանել՝ փորձելով ճշտելով, թե ինչու ենք ցանկանում ՍՊԸ-ի մասին տեղեկություններ իմանալ: 

Ըստ պետռեգիստրի՝ 2017-ի դեկտեմբերին «Ֆորցա» ընկերությունը լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի:

«Մուլտի Դայմոնդ»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի օգոստոսին: Միակ մասնակիցը Գ. Ծառուկյանն է, գլխավոր տնօրենը՝ Սեդրակ Առուստամյանը: Գրանցված է Երեւանի Արգիշտիի 9 հասցեում (այստեղ է գործարար պատգամավորի «Արարատ» կոմբինատը): Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: Չնայած ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգում եւ ՍՊԸ-ի կանոնադրության մեջ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ գործունեությամբ է այն զբաղվում, «diamond» (ադամանդ) բառը կարող է մոտավոր պատկերացում տալ այդ մասին:

«Գոլդ Սիլվեր Չեյն Քամփնի»

Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ «Առինջ Մոլի» հարեւանությամբ արդեն իսկ կառուցված «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնի (Առինջ, Գ թաղամաս, 9-րդ փողոց, 2) կառավարումը ստանձնելու է Աբու Դաբիում հիմնադրված «Rotana Hotel Management Corporation»-ը, որը հայտնի է հյուրանոցների եւ առեւտրային կենտրոնների կառավարմամբ Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Արեւելյան Եվրոպայում:

DSC_9503.jpg (137 KB)

«Մուլտի Գոլդում» գործելու են ոչ միայն խանութներ, այլեւ արտադրամասեր, պահեստներ, սրճարաններ ու ավտոկայանատեղի: «Rotana»-ի հիմնադիր տնօրեն Նասեր Ալ Նովեյսը (Nasser Al Nowais) հայտնել է, որ Հայաստանում նպատակ ունեն Ծառուկյանի հետ զարգացնել նաեւ հյուրանոցային բիզնեսը:  

Հուլիսին «Մուլտի Գոլդի» հարեւանությամբ (9-րդ փողոց, 2/2) գրանցվել է «Գոլդ Սիլվեր Չեյն Քամփնի» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Գ. Ծառուկյանն ու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գրանցված «Vardi Invest Ltd»-ն, որոնք հավասարաչափ կիսում են ՍՊԸ-ի 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալը: Ընկերության գլխավոր տնօրենը երեւանցի Վահե Բոյաջյանն էր, որին օգոստոսին փոխարինել է նույնպես երեւանցի Բաբկեն Իսահակյանը: Կանոնադրության մեջ գործունեության ոլորտի հստակեցում չկա, նշվում է միայն, որ նպատակը ձեռնարկատիրական գործունեությունից շահույթ ստանալն է: 

«Բելլեզզա»

Ընկերությունը 2008-ի սեպտեմբերին հիմնել է Գ. Ծառուկյանը, ով մինչ օրս մնում է միակ սեփականատեր: ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Աբովյան 9-ում, որը նաեւ Ծառուկյանի գլխավորած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հասցեն է:

DSC_9744.jpg (217 KB)

Այստեղ է նաեւ ընկերության խանութը: «Բելլեզզան», ըստ «Մուլտի Գրուպի» կայքի, հագուստի «Brioni», «Canali» եւ «Paul & Shark» իտալական ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, գլխավոր տնօրենը երեւանցի Արամ Հարությունյանն է:

«Պրինցես Անահիտ»   

Չնայած այս ՓԲԸ-ում Գ. Ծառուկյանն անհատական մասնակցություն չունի, այն հիմնադրել է գործարարի դուստրերից Գայանեն, որը նախկին նախարար, դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է: Ընկերությունն ստեղծվել է 2011-ի փետրվարին, գրանցված է Երեւանի Կորյունի 25 հասցեում, որտեղ 2012-ին Գայանե Ծառուկյանը բացել է «Պրինց Պրինցես» («Prince Princess») մանկական հագուստի խանութը: Այստեղ ներկայացված են երեխաների հագուստ, աքսեսուարներ, տարբեր պարագաներ, այդ թվում՝ հայտնի արտասահմանյան ապրանքանիշերի: Խանութի բացմանը գործարար պատգամավորի դուստրը չի թաքցրել, որ մտահղացումն իրականացրել է հոր շնորհիվ: Ընկերությունը «Պրինցես Անահիտ» է կոչվել հիմնադրի դստեր անունով, որին էլ այդպես են անվանել Դ. Մանուկյանի մոր անունով:

Գայանե Ծառուկյանը ՓԲԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենն է: Ընկերության կանոնադրական կապիտալը 100 հազ. դրամ է: Որպես պատգամավոր ամուսնուն փոխկապակցված անձ՝ Գ. Ծառուկյանը ներկայացրել է 2017 եւ 2018 թթ. տարեկան հայտարարագրեր, որտեղ որպես ստացած շահաբաժին 2017-ի համար նշել է 15 մլն դրամ, իսկ 2018-ի մասով՝ 10 մլն դրամ (քանի որ «Պրինցես Անահիտը» նրա միակ ընկերությունն է, պարզ է, որ շահաբաժինը հենց դրանից է ստացել):

«Մոնտեբիանկո»

2015-ի սեպտեմբերին այս ՍՊԸ-ն հիմնել են Գագիկ Ծառուկյանն ու երեւանցի Գալուստ Թադեւոսյանը 50-50 համամասնությամբ: Վերջինս նաեւ ընկերության տնօրենն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: Ըստ ՊԵԿ-ի՝ ՍՊԸ-ն զբաղվում է մասնագիտացված խանութներում հագուստի մանրածախ առեւտրով: Այն գրանցված է Երեւանի Աբովյան 3/1-ում, որտեղ գործում է «Castello d’Oro» հագուստի խանութը:

DSC_9770.jpg (209 KB)

«Մոնտեբիանկոն» իտալական այս ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 2017-ի մարտին Ծառուկյանն իր փայը փոխանցել է Գ. Թադեւոսյանին՝ լքելով ընկերությունը: 

«Ծառուկյան Քոթթոն Ռոդ»

2017-ի աշնանը «Մուլտի Գրուպն» ու սիրիական «Sabbagh Group»-ը ներդրումային պայմանագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր 5 տարում տեքստիլի արդյունաբերության ոլորտում նախնական ներդնել 30 մլն դոլար եւ ավելի քան 4000 աշխատատեղ ստեղծել: «Sabbagh Group»-ի վարչական կազմի նախագահ Ամմար Սաբբաղը հայտնել էր, որ Ծառուկյանի հետ որոշել են 1 մլն քմ (100 հա) տարածքով «արդյունաբերական քաղաք» ստեղծել, որտեղ տեքստիլ արդյունաբերության ամբողջական շղթա կգործի՝ հումքի մշակումից մինչեւ պատրաստի արտադրանք (ըստ ծրագրի՝ «քաղաքում» գործելու են 10-ից ավելի գործարաններ, ներդրումների ծավալն անցնելու է 500 մլն դոլարից, աշխատատեղերի թիվը՝ 7000-ից):   

2018-ի նոյեմբերին «Առինջ Մոլի» հարեւանությամբ «Մուլտի Գրուպի» եւ «Sabbagh Group»-ի կողմից բացվեց տեքստիլի գործարան, որտեղ արտադրվում են սրբիչներ, լոգանքի խալաթներ եւ անկողնային պարագաներ, հումքը բամբակն է: Արտադրանքն իրացվում է «Առինջ Մոլում» գործող ֆիրմային խանութում, նաեւ արտահանվում Ռուսաստան, Բելառուս եւ Ուկրաինա, նպատակ կա ընդլայնվել դեպի հետխորհրդային այլ երկրներ ու Եվրոպա:

Ավելի ուշ Ծառուկյանին ու Սաբբաղին միացել է մեկ այլ սիրիացի գործարար՝ Ֆաուզի Ակֆալին (Ֆրանսիայի քաղաքացի է), որը հագուստ է արտադրում Թուրքիայում եւ Եգիպտոսում, որտեղից Ֆրանսիայի միջոցով արտահանում է Ռուսաստան: Ակֆալին նշել է, որ Առինջի տեքստիլի գործարանում արտադրելու են հագուստ, որը կիրացնեն տեղում ու կարտահանեն:

Այսքանից հետո այս տարվա ապրիլին «Արարատ» կոմբինատի հասցեում՝ Երեւանի Արգիշտիի 9-ում, հիմնվել է «Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ն: Հիմնադիրներն են Գ. Ծառուկյանը (70 %), գավառցի Գագիկ Խաչիկյանը (20 %), ով նաեւ ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, Ամմար Սաբբաղն (5 %) ու Ֆաուզի Ակֆալին (5 %) (տես ճշտումը նյութի վերջում): Ընկերության կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է:

«Cotton road» նշանակում է բամբակի ճանապարհ: Ընկերության նպատակը տեքստիլի արտադրության ամբողջ ցիկլը (բամբակի մշակումից մինչեւ արտադրանքի թողարկում) Հայաստանում իրականացնելն է:

Ծառուկյանի գործընկերներից Գավառի բնակիչ, ծովազարդցի Գ. Խաչիկյանը նոր մարդ չէ բամբակագործության եւ տեքստիլի արդյունաբերության ոլորտում: Նախկինում նա այս ճյուղի մի շարք ընկերություններ է հիմնել, որոնցից վերջինը «Ուզբեկ Տեքստիլ Գրուպն» է: Ընթերցողները հավանաբար կհիշեն կառավարության առաջ Խաչիկյանից բողոքող տաջիկ բամբակագործներին, որոնք նշում էին, որ հայ գործարարն իրենց աշխատավարձերը չի վճարում: Խաչիկյանի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Արարատյան դաշտավայրի մի քանի գյուղերի բնակիչների Ծառուկյանը հայտնել է, որ Գերմանիայում հայկական բամբակը փորձաքննության է ենթարկվել, ապացուցվել է դրա բարձր որակը: Գործարարը նշել է, որ այս տարի դաշտավայրում փորձնական 1000 հա բամբակ են աճեցնելու: Նախագծին միացած գործարարներից Բասսամ Արաբն էլ (գերմանական «Սիանո» ընկերության գլխավոր տնօրեն) ասել է, որ 2020-ին բամբակ են ցանելու 2000 հա-ի վրա: Ըստ Արաբի՝ «արդյունաբերական քաղաքում» պիտի լինի բամբակի զտման գործարան, առանձին արտադրամասեր պիտի գործեն նաեւ արտադրական պրոցեսի մյուս փուլերի համար: Դիտարկվում է ապագայում բամբակի ցանքատարածությունները մինչեւ տասնյակ հազարավոր հեկտարների, իսկ բերքը մինչեւ 50 հազ. տոննայի հասցնելու հնարավորությունը: Հայկական արտադրանքն իրացվելու է թե՛ տեղում, թե՛ արտերկրում:      

Հայկական սովետական հանրագիտարանը նշում է, որ, գրավոր աղբյուրների համաձայն, Հայաստանում բամբակ մշակվել է վաղ միջնադարում: 19-րդ դարի կեսերից դրա պահանջարկի աճին զուգահեռ ավելացել է արտադրությունը: 1870-ին մեր երկրում արտադրվել է մոտ 15 հազ. տոննա բամբակ: Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով ցանքատարածությունները կրճատվել են՝ 15 հազ. հեկտարից հասնելով 600-ի: Սակայն խորհրդային տարիներին ծավալները վերականգնվել են՝ 1923-ին մշակվել է ավելի քան 27 հազ. հա, իսկ մինչեւ 1956 թ. այդ թիվը տատանվել է 16-18 հազ. հա-ի սահմաններում: Դրանից հետո արտադրության ծավալները կրճատվել են, եւ 1969-ից հետո Հայաստանում բամբակ չի մշակվել, դրան փոխարինել են մրգատու կուլտուրաներն ու խորդենին: Միայն վերջին տարիներին է բամբակագործությունը կրկին սկսել հետաքրքրել ագրոնոմներին:

Մեդիա

«Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի»

Այս ՓԲԸ-ն ներկայացնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Հիմնադրվել է 2002-ի հուլիսին «Շարմ» անունով: Առաջին սեփականատերերն էին երեւանցիներ Ռուբեն Ջաղինյանը (60 %), Արմեն Եփրեմյանը (20 %) եւ Արսեն Դանիելյանը (20 %): 2002-ի ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը «Ա1+» հեռուստաընկերության կողմից օգտագործվող կապուղին մրցույթում հանձնեց «Շարմ» ՍՊԸ-ին, որի իրավահաջորդն է նույնանուն ՓԲԸ-ն: Այդպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած իշխանությունների քիմքին անհաճո տեղեկատվություն տարածող «Ա1+»-ը դուրս մղվեց եթերից:

«Հետքը» ժամանակին անդրադարձել է, թե ինչպես «Շարմը» մտավ հեռուստադաշտ: Վերջինիս ղեկավար Ռ. Ջաղինյանն ասել էր, թե տարիներ շարունակ փորձել են հեռուստաընկերություն ունենալ, սակայն եթեր չեն ստացել: 2002-ի մրցույթից առաջ լրագրողները բացահայտ խոսում էին այն մասին, որ «Շարմի» թիկունքում կանգնած է նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը: 2003-ի գարնանը, սակայն, «Կենտրոն» հեռուստաընկերությունը վաճառվեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 2000-2017 թթ. ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Ջաղինյանն ասել է, թե «Կենտրոնն» իրենք օտարել են ճնշման պատճառով. «Մենք ավել չդիմացանք, որովհետեւ մի տարուց հետո մենք ունեցանք շատ ուժեղ, ո՞նց ասեմ... Մենք դավկեք ունեինք ուժեղ, երեւի շատ լրագրական տեղերը, որ ունեցել են եւ ունեն բոլոր աշխարհում»: Բայց Արսենյանն էլ երկար չտիրեց թանկ ռեսուրսին: Երբ հեռուստաընկերությունը 2004-ի ապրիլին ցույց տվեց ընդդիմության երթի ցրումը ուժայինների կողմից, օրեր անց գործարար պատգամավորը «Կենտրոնը» ստիպված վաճառեց Գ. Ծառուկյանի խնամուն՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանին, որը հետո դարձավ ԲՀԿ-ական: Փաստացի, սակայն, հեռուստաընկերության տերը համարվել ու համարվում է Ծառուկյանը: «Կենտրոնի» պատասխանատուներից մեկը նույնիսկ ասել էր, թե հաշվետու է միայն Ծառուկյանին, եւ «Մուրադ Գուլոյան չկա» (մանրամասները՝ այստեղ):

2008-ին «Շարմ» ՓԲԸ-ն անվանափոխվեց՝ դառնալով «Մուլտի Մեդիա-Կենտրոն թիվի»: Վերջինիս ներկա կանոնադրական կապիտալը 1 մլն դրամ է, գլխավոր տնօրենը երեւանցի Սերգեյ Ադումյանն է: 2002-2008 թթ. ՓԲԸ-ի հասցեն Կոմիտասի 26 բնակելի շենքում էր, իսկ 2008-ից՝ Ալիխանյան եղբայրների 2 հասցեում, որտեղ ի սկզբանե գործել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Այս հասցեում նախկինում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ակումբն էր, որը, ըստ մամուլի հրապարակումների, իշխանության հովանավորությամբ անցել էր «Շարմին», որն էլ այդտեղ սկսել էր ստուդիա կառուցել: 

DSC_9609.jpg (170 KB)

Քանի որ բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի տվյալները պետռեգիստրում չեն հրապարակվում, դժվար է ասել, թե կոնկրետ ով է նշված ՓԲԸ-ի սեփականատերը ներկայում, սակայն փաստ է, որ ո՛չ 2017-ի, ո՛չ էլ 2018-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Գ. Ծառուկյանն ընկերությունում բաժնետոմս չի հայտարարագրել: Այդուհանդերձ, փաստ է նաեւ, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը անչափ մեծ եթերաժամանակ է հատկացնում թե՛ Ծառուկյանի, թե՛ ԲՀԿ-ի գործունեության լուսաբանմանը: Այս առումով արժե նշել, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել, մասնավորապես, ԱԺ պատգամավորները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաեւ կուսակցությունները, բացի դրանից՝ «արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների գործունեությանը միջամտելը»:

Սպորտ եւ ֆիթնես

Լինելով սպորտի մարդ՝ Ծառուկյանն անմասն չի մնացել այս ոլորտում ներդրումներ կատարելուց: Քանի որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ), որը նա գլխավորում է 2004-ից, հասարակական կազմակերպություն է (նախկինում իրավաբանական անձանց միություն էր), կանդրադառնանք միայն շահույթ հետապնդող ընկերություններին: 

2002-ի հուլիսին Գ. Ծառուկյանն ու Նվեր Սողոմոնյանը «Մուլտի Գրուպի» հասցեում՝ Թումանյան 21-ում, հիմնադրել էին «Ինտերսպորտսերվիս» ՍՊԸ-ն: Հետագայում գործարարն իր փայը հանձնել է «Մուլտի Գրուպին», իսկ 2012-ի օգոստոսին ընկերությունը լուծարվել է:   

«Լեռնատուր»

2008-ի դեկտեմբերին այս ՍՊԸ-ն 50-50 համամասնությամբ հիմնադրել են ՀԱՕԿ-ը եւ ԱՄՆ Արկանզաս նահանգում գրանցված «Hesper Ventures» ընկերությունը (ներկայում չի գործում): Մինչեւ 2013 թ. ընկերությունը գրանցված էր Երեւանի Թումանյան 21-ում: 2013-ից «Լեռնատուրի» հասցեն տեղափոխվել է Աբովյան քաղաքի Սեւանի 6, որտեղ գրանցված են նաեւ Ծառուկյանի «Չափիչ-1»-ը, «Ավիա-Սերվիս» ՀՁ-ն, «Մուլտի Գրուպ-Սթոունը, «Մուլտի Ավտոտրանսը»: Ընկերության կանոնադրական կապիտալ 50 հազ. դրամ է, տնօրենը մինչեւ 2017 թ. եղել է ծաղկաձորցի Ասատուր Պողոսյանը, որին փոխարինել է աբովյանցի Աշոտ Կարապետյանը, իսկ այս տարվա օգոստոսից ՍՊԸ-ն ղեկավարում է երեւանցի Հայկ Պողոսյանը:

«Լեռնատուրը» հիմնադրվել է Ծաղկաձորի ճոպանուղին շահագործելու նպատակով: Վերջինս կառուցվել էր դեռ 1967-ին: Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նրա նախկին կուսակից Իշխան Զաքարյանը, ով 2000-2004 թթ. ՀԱՕԿ-ի նախագահն էր, իսկ 2003-2007 թթ.՝ նաեւ կառավարությանն առընթեր ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահը, պատմում է, որ հին ճոպանուղին մաշված էր ու չէր աշխատում, քանի որ վտանգավոր էր: 2004-ի դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվել են նոր ճոպանուղու առաջին եւ երկրորդ գծերը: Հետագայում բացվել է եւս երեք գիծ:

Без-имени-1.jpg (587 KB)

Ճոպանուղու ստորին (1966 մ) եւ վերին (2819 մ) կետերի տարբերությունը 853 մ է: Այն զբոսաշրջիկին գրեթե հասցնում է Թեղենիս լեռան գագաթ (2851 մ): Կայանների միջեւ գործում են շուրջ 30 կմ ընդհանուր երկարությամբ տարբեր սահուղիներ, որոնցից մեկն էլ ստացել է «Քոչարյան» անունը: Ըստ Ի. Զաքարյանի՝ նոր ճոպանուղին կառուցվել է Ծառուկյանի անձնական միջոցներով: Շինարարը իտալական «Leitner Ropeways» ընկերությունն է:

«Լեռնատուրի» մասին «Հետքը» նախկինում գրել է: Անցյալ տարի, մասնավորապես, անդրադարձել էինք, որ ճոպանուղին 2006-2017 թթ. չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ինչը պարտադիր պիտի արվեր տարին մեկ անգամ: Այս հարցում հետեւողականություն չէր դրսեւորել նաեւ ԱԻՆ-ին ենթակա «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը փորձաքննություն իրականացնողն է:

Այս տարի էլ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ճոպանուղու վերաբերյալ, քիչ ուշ հանդես եկավ նաեւ գլխավոր դատախազությունը: Այսպես՝ 2004-ի ապրիլին կառավարության որոշմամբ ճոպանուղին վերցվել է «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ից ու հանձնվել սպորտպետկոմիտեին, որն էլ իր հերթին պետության անունից գույքը նվիրել է ՀԱՕԿ-ին՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առեւտրային կազմակերպության կողմից ճոպանուղին վերակառուցելու եւ շահագործելու պայմանով (ըստ մարզպետ Պետրոսյանի՝ ՀԱՕԿ-ին է փոխանցվել նաեւ շուրջ 605 հա տարածք): 2005-2008 թթ. նոր կառուցված ճոպանուղին հավատարմագրային կառավարման պայմանագրով շահագործել է «Օլիմեն» ՍՊԸ-ն, որը 2005-ի փետրվարին հիմնադրվել էր Թումանյան 21-ում ՀԱՕԿ-ի եւ նույն «Hesper Ventures»-ի կողմից (հետագայում ՍՊԸ-ն լուծարվել է): 2009-ից էլ ճոպանուղին կառավարման է հանձնվել այլ ընկերության՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ին:

Մարզպետի դժգոհությունն այն էր, որ 2004-ից ի վեր Ծաղկաձորի համայնքապետարանին շենք-շինությունների գույքահարկերը չեն վճարվել: Նրա հարցումներից հետո, սակայն, ՀԱՕԿ-ը վճարել է 2012-2018 թթ. հարկերն ու տույժ-տուգանքները, իսկ մինչեւ 2012-ը վճարելիք գումարները չմուծելու վերաբերյալ ինչ-ինչ պատճառաբանություններ է ներկայացրել, սակայն մարզպետը հայտարարել է, որ դրանք ստանալու համար իր առաջարկով Ծաղկաձոր համայնքը պատրաստվում է մտնել դատարան: Պարզվել է նաեւ, որ ճոպանուղու ղեկավարությունը չի վճարում այդտեղ հերթապահություն անող Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներին: ԳԴ-ն էլ պարզել էր, որ եթե 2005-2017 թթ. ճոպանուղին ցույց է տվել ընդհանուր մոտ 496 մլն դրամի շրջանառություն, որից վճարել է շուրջ 148 մլն դր հարկ, ապա միայն 2018-ին շրջանառությունը կազմել է 537 մլն, իսկ վճարած հարկերը՝ 241 մլն դր (2018-ին 1000 խոշոր հարկատուների մեջ «Լեռնատուրն» այս ցուցանիշով եղել է 606-րդը): Ստացվում է, որ ճոպանուղին տարիներ շարունակ ստվերում է գործել: Պարզվել է, որ պետությանը հասցվել է շուրջ 476 մլն դրամի վնաս: Բացի դրանից, քանի որ շահույթը փոքր է ցույց տրվել, ըստ ԳԴ-ի, առնվազն 198 մլն դրամի վնաս է կրել նաեւ ՀԱՕԿ-ը: Հարուցված քրգործը հանձնվել է ՊԵԿ-ի քննությանը:

Без-имени-2.jpg (482 KB)

Այս ամենից հետո ՀԱՕԿ-ը հայտարարեց, թե ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ իրեն հասցված միջոցները վերականգնելու համար: Հայտարարությունից բխում է, որ կոմիտեի թիրախում «Լեռնատուրի» նախկին տնօրեն Ասատուր Պողոսյանն է: Ճոպանուղու շահագործումից ստացած շահույթի 50 տոկոսը, համաձայն պայմանագրի, ստանում է կոմիտեն, իսկ մնացածը՝ ՍՊԸ-ն, բայց քանի որ վերջինիս երկու հիմնադիրներից մեկը նույն ՀԱՕԿ-ն է, պարզ է, որ ճոպանուղու շահույթի 75 տոկոսը Ծառուկյանի գլխավորած կոմիտեինն է, իսկ մնացած 25-ը «Լեռնատուրի» համահիմնադիրինը:

Հետաքրքիր է, որ համահիմնադիր «Hesper Ventures»-ի լիազորված անձը «Մուլտի Գրուպի» փոխտնօրեն Արայիկ Կեսոյանն էր, սակայն ամերիկյան ընկերությունը «Լեռնատուրի» իր 50 %-ը 2017-ի ապրիլին փոխանցել է բալահովիտցի Տիգրան Մանուկյանին, ով Ծառուկյանի ներկայացուցիչն է: Բանն այն է, որ Մանուկյանը ժամանակին գործարար պատգամավորի հիմնած «Ֆարմ-Ադամա» ՍՊԸ-ի փայատեր էր, 2014-2015 թթ. էլ «Օնիրա Քլաբի» գլխավոր տնօրենն էր, այսինքն՝ դե ֆակտո հենց Ծառուկյանին պիտի համարել «Լեռնատուրի» համասեփականատեր եւ ճոպանուղուց շահույթ ստացող: Մարզպետ Ռ. Պետրոսյանը կառավարությանն առաջարկում է ճոպանուղին հետ վերցնել ՀԱՕԿ-ից եւ հանձնել Ծաղկաձոր համայնքին կամ որեւէ պետական մարմնի, ապա մրցույթով փոխանցել միջազգային օպերատորի կառավարման:  

«Օլիմպավան»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013-ի հուլիսին Գ. Ծառուկյանի ու երեւանցի Թաթուլ Հովհաննիսյանի կողմից: Գործարար պաշտոնյայի բաժնեմասը 98,54 % է, իսկ գործընկերոջինը՝ 1,46: Կանոնադրական կապիտալը 31 մլրդ դրամ է: Գլխավոր տնօրենը գյումրեցի Կարեն Պապիկյանն է:

DSC_9604.jpg (231 KB)

Ընկերությունը շահագործում է Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի Միկոյան 51 հասցեում գտնվող օլիմպիական ավանը (ՍՊԸ-ն հենց այստեղ է գրանցված), որի շինարարությունը մեկնարկել էր 2013-ին: Ըստ ՀԱՕԿ-ի կայքի՝ այն կառուցվել է բացառապես Ծառուկյանի անձնական միջոցներով: Շուրջ 7500 քմ մակերեսով ավանը շահագործման է հանձնվել 2015-ի աշնանը: Այստեղ է տեղափոխվել նաեւ ՀԱՕԿ-ի աշխատակազմը: Մարզաբազայում գործում են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվոնդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի, խաղային մարզաձեւերի մարզադահլիճներ: Ավանն ունի հյուրանոցային մասնաշենք, որը կարող է հյուրընկալել մոտ 350 մարզիկի:

««Մուլտի Ուելնես» կենտրոն»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ի նոյեմբերին Գ. Ծառուկյանի կողմից, ով մինչ օրս միակ սեփականատերն է: Գրանցված է Երեւանի Ալեք Մանուկյան 11 հասցեում, որտեղ գործում է համանուն սպորտային համալիրը: Վերջինս բացվել է 2016-ի հոկտեմբերին: Ընկերության գլխավոր տնօրենը քասախցի Իշխան Սեդրակյանն է: Կանոնադրական կապիտալը 6,6 մլրդ դրամ է: Այս ՍՊԸ-ն «Մուլտի Գրուպ» կոնցեռնի իրավահաջորդն է, ստեղծվել է դրանից բաժանման եղանակով, այլ կերպ ասած՝ մինչեւ ընկերության հիմնումը համալիրը եղել է «Մուլտի Գրուպի» հաշվեկշռում:

Կոնցեռնի կայքը հայտնում է, որ համալիրը ներառում է ամառային լողավազաններ, սպա կենտրոն, գեղեցկության սրահ, ռեստորան եւ ֆիթնես սրճարան, լողավազաններ ջրային աերոբիկայի ու երեխաների համար, ջակուզի, սոլյարի, հանգստի տարածք ձմեռային ջերմոցով, սենյակներ աերոբիկայով, պարերով, պիլատեսով, բռնցքամարտով ու մարտարվեստով զբաղվելու, ինչպես նաեւ երեխաների համար: Ծառուկյանի մասին պատմող ֆիլմում նշվում է, որ այստեղ կատարվել է ավելի քան 40 մլն դոլարի ներդրում, իսկ մոտ 10 հազ. քմ տարածքով համալիրում էլ բացվել է 200 նոր աշխատատեղ:

Զենք

«Մուլտի Արմս»

ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ի օգոստոսին «Մուլտի Գրուպի» (80 %) եւ լիբանանյան «Josons» («Ժոսանզ») ընկերության (20 %) կողմից ու 2005-2015 թթ. կոչվել «Մուլտի Գրուպ-Ջոսոնս»: Ըստ ՊԵԿ-ի՝ գործունեության ոլորտը մասնագիտացված խանութներում զենքի եւ զինամթերքի մանրածախ առեւտուրն է: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: 2015-ի դեկտեմբերին լիբանանյան կողմի բաժնեմասն անցել է Գ. Ծառուկյանին, ով, փաստորեն, այժմ միակ սեփականատերն է, միեւնույն ժամանակ փոխվել է ընկերության անունը՝ դառնալով «Մուլտի Արմս»: Հիմնադրման օրվանից գլխավոր տնօրենը երեւանցի Սուրեն Ստեփանյանն է:

DSC_9713.jpg (254 KB)

Ընկերության իրավաբանական հասցեն մայրաքաղաքի Մաշտոցի 2-ն է, սակայն խանութը գտնվում է Խորենացու 4-ում:  

«Արմամենտ»

ՓԲԸ-ն հիմնադրվել է 2006-ի հոկտեմբերին Երեւանի Խորենացու 4 հասցեում, որտեղ նաեւ «Մուլտի Արմս» ՍՊԸ-ն է: «Armament» անգլերեն նշանակում է զինամթերք, ինչն էլ պարզ է դարձնում ՓԲԸ-ի գործունեության ոլորտը: Տնօրենը եղել է գյումրեցի Գագիկ Ղազարյանը, կանոնադրական կապիտալը կազմել է 100 հազ. դրամ, 50 %-ի բաժնետերն ու հիմնադիր ժողովի նախագահը եղել է Գ. Ծառուկյանը: 2017-ի դեկտեմբերին «Արմամենտ» ընկերությունը լուծարվել է՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի:

Ձկնաբուծություն

Այս ոլորտում Ծառուկյանի գործընկերները եղել են ԲՀԿ-ականներն ու խնամի Հովիկ Աբրահամյանի ազգականները, չնայած համարվում է, որ իրականում հենց նախկին վարչապետն էր բիզնեսի մեջ:

«Էկոֆիշ Թրեյդ»

ՍՊԸ-ն 2006-ի ապրիլին հիմնադրել են ռուսաստանցի Ռաֆաել Սարկիսյանն ու երեւանցի Արման Շահբազյանը: Նույն տարվա օգոստոսին Սարկիսյանին փոխարինել է երեւանցի Կարեն Շահբազյանը, ով Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Հովիկ Թադեւոսյանի քրոջ որդին է: 2010-ի մարտին Շահբազյաններն իրենց բաժնեմասերը հանձնել են գյուղապետ Թադեւոսյանին, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկի (Ջոնիկ, ԱԺ պատգամավոր 1999-2008 թթ.) որդուն՝ մխչյանցի Հովհաննես Աբրահամյանին, եւ Գ. Ծառուկյանին: 2016-ին Հ. Թադեւոսյանն ու Հ. Աբրահամյանը դուրս են եկել ՍՊԸ-ից, փոխարենը սեփականատեր է դարձել «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Ներկայում «Էկոֆիշ Թրեյդի» 67 %-ը պատկանում է Ծառուկյանին, իսկ 33-ը՝ Առուստամյանին:

Ընկերությունը գրանցված է Արարատի մարզի Զորակ համայնքում: Կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, տնօրենը մասիսցի Լեոնարդ Կարապետյանն է: Տարբեր պաշտոնյաների կողմից Արարատյան դաշտավայրում հիմնված ձկնաբուծարանների շարքում «Հետքը» նախկինում անդրադարձել է նաեւ «Էկոֆիշ Թրեյդի» տնտեսությանը, որն ամենախոշորներից է:  

«Մխչյան Ֆիշ Ֆուդ» 

2010-ի մարտին ՍՊԸ-ն հիմնադրել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը: 2012-ին իր սեփականությունը նա փոխանցել է որդուն՝ Հովհաննեսին, Հովտաշատի գյուղապետ Հովիկ Թադեւոսյանին եւ Գ. Ծառուկյանին: Ինչպես «Էկոֆիշի» պարագայում, այստեղ էլ 2016-ին Աբրահամյանն ու Թադեւոսյանն իրենց բաժնեմասերն օտարել են Ծառուկյանին եւ Ս. Առուստամյանին: Ընդ որում՝ երկու ընկերություններում էլ փոխանցումը տեղի է ունեցել նույն  օրը: «Էկոֆիշի» պես այս ՍՊԸ-ում եւս Ծառուկյանն ունի 67 %, իսկ Առուստամյանը՝ 33:

Ընկերությունը հիմնադրվել եւ գործում է Աբրահամյանների հարազատ գյուղում՝ Մխչյանում: Տնօրենը Հովտաշատի գյուղապետի կինն է՝ Սաթենիկ Թադեւոսյանը, կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է: ՊԵԿ-ի տվյալներով՝ «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ն զբաղվում է անասնակերի եւ գյուղտնտեսական հումքի մեծածախ առեւտրով: Անվանումից հասկանալի է, որ ընկերության թիրախում ձկան կերն է: «Հետքը» 2013-ին, հղում անելով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, գրել էր, որ այս, ինչպես նաեւ «Սագատի» եւ «Սագատի Ֆիշ» ՍՊԸ-ներն զբաղեցնում են ձկան կերի ներկրման շուկայի 80 %-ը, չնայած որ ներմուծում իրականացնող 32 ընկերություն կար:         

«Ալլեր Աքվա Էյ Էմ»

ՍՊԸ-ն 2018-ի փետրվարին հիմնել են Հովտաշատի գյուղապետի որդին՝ Ռազմիկ Թադեւոսյանը (13 %), Գ. Ծառուկյանը (20 %) եւ «Aller Aqua Polska» լեհական ՍՊԸ-ն (67 %): Ընկերությունը գրանցված է հենց Հովտաշատում՝ Թադեւոսյանների տանը: Կանոնադրական կապիտալը 57 հազ. դրամ է, իսկ տնօրենը Ռ. Թադեւոսյանն է:

«Aller Aqua»-ն դանիական ընկերություն է, որը հայտնի է ձկան կերի արտադրությամբ, իր տեսակի մեջ երրորդ խոշորագույն ձեռնարկությունն է Եվրոպայում: Գործարաններ ունի Դանիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում, Զամբիայում, Չինաստանում, կերերը վաճառում է ավելի քան 60 երկրում: Ընկերությունն արտադրում է կեր շուրջ 30 ձկնատեսակի համար:      

«Ալլեր Աքվա Էյ Էմ» ՍՊԸ-ն գործունեության առաջին իսկ տարում հասցրել է հայտնվել ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ. վճարած 238 մլն դր հարկով ընկերությունն անցյալ տարի 613-րդն էր:

Կրիպտոարժույթ

«Օմնիա Թեք»

Ծառուկյանն անմիջական մասնակցություն չունի այս ընկերությունում, սակայն նա եւ օտարերկրյա արմատներով ՍՊԸ-ն բիզնես գործընկերներ են, քանի որ «Օմնիա Թեքն» օգտվում է հայ գործարարի տրամադրած տարածքից ու սարքավորումներից:

Համացանցում «Omnia Tech»-ի մասին տեղեկությունները բավականին խառն են: Ըստ այդմ՝ ընկերությունը նախապես սկսել է զբաղվել կրիպտոարժույթի ցանցային մարքեթինգով (crypto-MLM)՝ մարդկանց կրիպտոարժույթի շուկա ներգրավելով: Ինչպես հայտնում է ֆինանսական ոլորտի ուսումնասիրություններով զբաղվող «The Financial Telegram»-ը, «Omnia Tech»-ի ավստրիացի հիմնադիր Ռոբերտ Վելգեն (Robert Velghe) նախկինում աշխատել է էլեկտրաէներգիայի ոլորտում, իսկ 2017-ին մտել է կրիպտոարժույթի բիզնես: Վելգեի հետ «Omnia Tech»-ի համահիմնադիրն ու տնօրենը եղել է գերմանացի Քրիստիան Միխել Շայնբեները (Christian Michel Scheinbener): Շուտով Վելգեն գործի մեջ ներգրավել է ոլորտում հայտնի Իսլամ եղբայրներին, ինչից որոշ ժամանակ անց Շայնբեները դուրս է եկել «Omnia»-ից ու հիմնել իր ցանցը: Ըստ տեղեկությունների՝ գերմանացին հակասություններ է ունեցել Իսլամների հետ: Շատ չանցած՝ լուրջ տարաձայնություններ են ունեցել նաեւ եղբայրներն ու ու Վելգեն՝ միմյանց մեղադրելով գողության մեջ: Իր ձեռնարկի մեջ միայնակ մնացած Վելգեն տնօրեն է նշանակել Միլան Սորմազին (Milan Sormaz):

Համացանցային ամենաառաջին տեղեկություններում (2017 թ.) նշվում է, որ «Omnia Tech»-ը գրանցված է Մալթայում՝ omnia-tech.eu կայքով (չի թարմացվում): Փոխարենը գործում է omnia-tech.be հարթակը, որում իբրեւ գործունեություն ծավալող նշվում է մալթայական «Blockchain Consult Limited»-ի «Omnia NL» մասնաճյուղը: Այս նույն կայքում եւ ընդհանրապես «Omnia Tech»-ն իրեն ներկայացնում է որպես կրիպտոարժույթի արտադրության առաջատար «Genesis Mining»-ի գործընկեր, սակայն վերջինս հայտարարել է, որ իրականում «Omnia Tech»-ն ուղղակի օգտվում է իր արտադրական ռեսուրսներից՝ մայնինգ ֆերմաներից: Հայտնի է նաեւ, որ 2017-ի օգոստոսին Ջիբրալթարում գրանցվել է «Omnia» ընկերությունը (կարելի է համարել մասնաճյուղ կամ դուստր ընկերություն), սակայն այս տարվա հունիսին դրա հանդեպ լուծարման գործընթաց է սկսվել, ինչի մասին տեղեկանում ենք omniatek.com կայքից (չի գործում): 2018-ի հուլիսին էլ հայտնի դարձավ, որ «Omnia Tech»-ն իր գլխամասային գրասենյակն է բացել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, իսկ մինչ այդ արտադրական ֆերմաներ էր հիմնել Շվեդիայում եւ Ավստրիայում:

Ինչ վերաբերում է հայաստանյան գործունեությանը, ապա ավստրիական Գրաց քաղաքի բնակիչ Ռ. Վելգեն 2018-ի փետրվարին Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոմբինատի հասցեում (Երեւան, Արգիշտիի 9) հիմնադրել է «Օմնիա Թեք» ՍՊԸ-ն: Վելգեն 50 հազ. դրամ կանոնադրական կապիտալով ընկերության միակ մասնակիցն է, իսկ տնօրենը սերբական Բաչկա Պալանկա քաղաքի բնակիչ Միլան Սորմազն է:

DSC_9478.jpg (162 KB)

Ընկերությունը գործունեություն է ծավալում Առինջում՝ «Առինջ Մոլ» եւ «Մուլտի Գոլդ» կենտրոնների հարեւանությամբ: «Մուլտի Գրուպի» գլխավոր տնօրեն Ս. Առուստամյանը հայտնել է, որ իրենք «Օմնիա Թեքին» վարձակալությամբ տրամադրում են տարածք եւ կրիպտոարժույթի արտադրության սարքավորումներ: 2018-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացվել է առաջին մայնինգ ֆերման Հայաստանում: Բացման ժամանակ ֆերմայում կար 3000 արտադրական մեքենա, որոնց թիվը, ըստ ծրագրի, պիտի հասցվի 120 հազարի: Գ. Ծառուկյանը նշել է, որ ֆերմայում ներդրվել է 50 մլն դոլար:   

Սպասք

«Չերամիզիա Ինթերնեշնլ»

Այս ընկերությունը, ինչպես «Օմնիա Թեքը», չի պատկանում Գ. Ծառուկյանին, սակայն նրանք գործընկերներ են:

ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա հունվարին Երեւանի Ծովակալ Իսակովի 9 հասցեում: Հիմնադիրներն են իտալական «Italian Stoneware» (50 %) եւ Հոնկոնգում գրանցված «Atreiu Asia Holding Limited» (50 %) ընկերությունները: «Չերամիզիա Ինթերնեշնլի» կանոնադրական կապիտալը 2,3 մլրդ դրամ է, տնօրենն իտալական Չիտա դի Կաստելո քաղաքի բնակիչ Ֆեդերիկո Պոլիդորին է (Federico Polidori), ով նաեւ «Ceramisia» ապրանքանիշի սեփականատեր եւ արտադրող «Italian Stoneware»-ի փոխնախագահն է:

Ֆ. Պոլիդորին դեռ 2014-ի հունիսին հանդիպել էր այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ներկայացրել Հայաստանում իրենց կողմից նախատեսվող ներդրումային ծրագիրը: Իտալական կողմը ծրագրում էր սպասքի արտադրությամբ զբաղվող գործարան կառուցել մեր երկրում, որի արտադրանքը նաեւ պիտի արտահանվեր: Նույն ամսում «Italian Stoneware»-ը հայկական «Հունիս» ՍՊԸ-ի (առաջին հիմնադիրը եղել է դիվանագետ Յուրի Չանչուրյանի որդին՝ Վահե Չանչուրյանը) հետ Երեւանում ստեղծել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ-ն: Ընկերության 1,1 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը մասնակիցները կիսել են 50-50 համամասնությամբ: ՊԵԿ-ում գործունեության տեսակ է գրանցվել տնտեսական եւ գեղազարդ (դեկորատիվ) խեցեգործական արտադրատեսակների արտադրությունը: ՍՊԸ-ի տնօրենը եղել է Ֆ. Պոլիդորին, ում այդ պաշտոնում 2015-ի փետրվարին փոխարինել է երեւանցի Տիգրան Եղոյանը, ով նաեւ ձեռք է բերել «Հունիս» ՍՊԸ-ն: Եղոյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում 2013-2018 թթ. ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մերձավորներից է: Եղոյանի մուտքից հետո հայ-իտալական համագործակցությունը երկար չի տեւել: Իտալացիները «Ռոյալ Սթոնվեյրից» դուրս են եկել 2015-ի դեկտեմբերին:    

2019-ի հունվարին հայտնի դարձավ, որ «Italian Stoneware»-ն իր արտադրությունը կազմակերպելու է Առինջում՝ «Մուլտի Գոլդի», «Մուլտի Սոլարի», «Օմնիա Թեքի» ու տեքստիլի գործարանի հարեւանությամբ, այսինքն՝ Ծառուկյանին պատկանող տարածքում: Արտադրվելու է կերամիկական սպասքի տեսականի՝ ափսե, բաժակ, տարբեր տարաներ: Նախատեսվում է առաջին տարվա արտադրանքն արտահանել միայն ԱՄՆ, իսկ հետագայի համար դիտարկվում են Ռուսաստանի, Կորեայի, ԱՄԷ-ի շուկաները: Ըստ ծրագրի՝ սկզբում այստեղ բացվելու է 150 աշխատատեղ, իսկ 3 տարում այդ թիվը հասցվելու է 450-ի: Իտալիայում նախապես պատրաստվել են սպասքի նմուշներ՝ «պատրաստված է Հայաստանում, ձեւավորված է Իտալիայում» գրությամբ, որոնք լինելու են նաեւ տեղական արտադրանքի վրա:

Ճշտում. Նյութի հրապարակումից հետո պարզել ենք, որ հոկտեմբերի սկզբին «Չերամիզիա Ինթերնեշնլի» իր 50 % բաժնեմասը «Atreiu Asia Holding Limited»-ը փոխանցել է Գագիկ Ծառուկյանին: Այսինքն՝ ներկայում ընկերության սեփականատերերն են հայ գործարար պատգամավորն ու իտալական «Italian Stoneware»-ը:

Կրկին հոկտեմբերի սկզբին փոփոխություն է տեղի ունեցել նաեւ «Ծառուկյան Քոթթոն Ռոդ» ՍՊԸ-ում. սիրիացիներ Ամմար Սաբբաղն ու Ֆաուզի Ակֆալին իրենց բաժնեմասերը փոխանցել են Գ. Ծառուկյանին, ինչից հետո այժմ ՍՊԸ-ի 80 %-ը պատկանում է գործարար պատգամավորին, իսկ 20 %-ը՝ Գագիկ Խաչիկյանին:      

Շարունակելի 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, համացանցի բաց աղբյուրների, գլխավոր լուսանկարը՝ tsarukyan.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter