
Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում յոթ ամիս է՝ փորձաքննություն է իրականացվում
2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը չի կարողացել Ծաղկաձորում շահագործվող ճոպանուղում անցկացնել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2017 թվականին արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Ծաղկաձորում հանգիստը կազմակերպող անձանց զգուշացրել է, որ ճոպանուղին շահագործվում է տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների կոպտագույն խախտումներով, որի պատճառով կարող են արտադրական դժբախտ դեպքեր եւ տեխնածին վթարներ տեղի ունենալ։
ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ ճոպանուղին պարտավոր էր գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչի մասին բազմիցս տեղեկացրել էր շահագործողին, սակայն այդ հորդորները անտեսվել էին:
2018-ի հունվարին արտակարգ իրավիճակների նախարարությունը «Հետք»-ին հայտնել է, որ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերության հետ՝ մոտակա ժամանակահատվածում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Նախարարության նշած մոտակա ժամանակից անցել է յոթ ամիս, սակայն ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ճոպանուղում փորձաքննության արդյունքները դեռևս ամփոփված չեն։
Արտակարգ իրավիճակների ներկայիս նախարարը «Ծառուկյան» դաշինքի քվոտայով նախարար նշանակված Հրաչյա Ռոստոմյանն է։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 2-ին «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և ճոպանուղու սեփականատեր «Լեռնատուր» ՍՊԸ-ի միջև կնքվել է ճողապանուղու տեխնիկական անվտանգության փորձաքննության պայմանագիրը, որը սակայն դեռևս ընթացքի մեջ է։
2006 թվականից մինչ օրս արտակարգ իրավիճակների նախարարությունը ունեցել է չորս նախարար։ Սակայն նրանցից ոչ ոքի չի հաջողվել օրենքով նախատեսված փորձաքննությունն իրականացնել։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալնելով՝ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ): Կոմիտեի նախագահը պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է, իսկ ՀԱՕԿ կայքի տվյալներով ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շարունակում է մնալ կոմիտեի գլխավոր քարտուղար։
Իսկ ընկերության մնացած 50%-ի սեփականատերը «Հեսպեր Վենչըրս» ՍՊԸ-ն է, որը գրանցված է ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում։ Քաղաքապետարանի հրապարակած փաստաթղթերից մեկից կարողացանք պարզել, որ գործարքներից մեկում այս ընկերության լիազորված անձ է ներկայացել Արայիկ Կեսոյանը, ով 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան դաշինք»-ից պատգամավորի թեկնածու էր առաջադրված: Բացի այդ, Արայիկ Կեսոյանը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել