HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանի արտասահմանյան ընկերությունները

սկիզբը

Գագիկ Ծառուկյանը, նրա մերձավորներն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնը մասնակցություն ունեն նաեւ արտասահմանյան ընկերություններում: Թռուցիկ հիշեցնենք, որ «Մուլտի Գրուպում» 2002-2007 թթ. Գ. Ծառուկյանի հետ համասեփականատեր է եղել ԱՄՆ Օրեգոն նահանգում 2000-ի նոյեմբերին գրանցված եւ գործարարին պատկանող «Fortex Investments Group» ընկերությունը, որը ներկայում չի գործում: «Fortex»-ը նախկինում մասնակցություն է ունեցել նաեւ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ում եւ «Մուլտի Ռեստ Հաուս» ՍՊԸ-ում:   

Ռուսաստան

«Քվանտոնոր Օմեգա»

Գործարար պատգամավորը ներգրավված է մի քանի ռուսական ընկերություններում: «Քվանտոնոր Օմեգա» ՍՊԸ-ն («Квантонор Омега») հիմնադրվել է 2003-ի հունվարին Մոսկվայում՝ Պարկովայա 7-րդ փողոցի 12/28 հասցեում (բազմաբնակարան շենք է): Գործունեության ոլորտները տարբեր էին՝ մեծածախ եւ մանրածախ առեւտուր, ծառայությունների մատուցում, զբոսաշրջային գործակալությունների, գրադարանների, արխիվների եւ ակումբային տիպի հաստատությունների, հրատարակչական, գովազդային գործունեություն, հանգստի եւ զվարճանքների կազմակերպում եւ այլն, սակայն գլխավոր տեսակը մոլախաղերի կազմակերպումն էր: Շուրջ 20 հազ. ռուբլի կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի 51 %-ի փայատերը եղել է Գ. Ծառուկյանը, գործընկերներն էին Գագիկ Սամվելյանը (16,6 %), Սուրեն Շահգելդյանը (16,2 %), Գոռ Կաբզիմանյանը (16,2 %): Գլխավոր տնօրենը եղել է Բագրատ Չիրքինովը: Նշվածներից Շահգելդյանն ու Կաբզիմանյանը Հայաստանում հիմնել են նմանատիպ ՍՊԸ-ներ՝ ««Կոլոմբո» իմպերիա ազարտա» (2006 թ., գ. Ջրվեժ, շահումով խաղերի կազմակերպում, լուծարված է) եւ «Քինգ Գարդեն» (2011 թ., Երեւան, Սայաթ-Նովայի 40, հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում եւ զբոսայգիներում, ներկայացնում է ընտանեկան ժամանցի կենտրոն՝ ռեստորանով ու մանկական խաղասրահով):

«Քվանտոնոր Օմեգան» նախկինում փայատեր է եղել նույնպես մոլախաղերի կազմակերպմամբ զբաղվող մոսկովյան «Տանդեմ պլյուս» ՍՊԸ-ում («Тандем плюс»), որը 2010-ին լուծարվել է դատարանի որոշմամբ: 2014-ի սեպտեմբերին էլ «Քվանտոնոր Օմեգան» է օրենքի պահանջով հանվել ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից. ընկերությունը վերջին մեկ տարում ներկայացրած չի եղել ֆինանսական հաշվետվություններ եւ բանկային հաշվով որեւէ գործողություն չի կատարել: Հետաքրքիր է, սակայն, որ 2017-ին, երբ ՍՊԸ-ն արդեն 3 տարի հանված էր ՌԴ ռեեստրից, ԱԺ պատգամավոր վերընտրված Ծառուկյանը ներկայացրել է (պաշտոնի ստանձնման հայտարարագրում) նաեւ դրանում ունեցած իր 51 %-ը, իսկ ավելի ուշ (2017-ի տարեկան հայտարարագրում) նշել է, որ այդ տարի օտարել է բաժնեմասը:

«Ֆիրմա «ՏիխԻվԶ»»

ՍՊԸ-ն («Фирма «ТихИвЗ»») հիմնադրվել է 2003-ի փետրվարին, կարելի է ենթադրել, որ անունը ծագել է կրճատված ռուսական անուններից՝ «ՏիխԻվԶ»: Գրանցված է Մոսկվայի Բաքվի 26 կոմիսարների 14 հասցեի բազմաբնակարան շենքում (իրավաբանական հասցեն Մոսկվայի Նովոսլոբոդսկայա 2-ն է, որտեղ մետրոյի համանուն կայարանն է): Գործունեության տեսակները տարբեր են՝ մեծածախ ու մանրածախ առեւտուր, մեծածախ առեւտրի գործակալների գործունեություն, ռեստորանների եւ սրճարանների ծառայություններ, գովազդային գործակալությունների, անշարժ գույքի ոլորտի գործունեություն եւ այլն, սակայն հիմնական տեսակը ձեռնարկատիրությանն օժանդակող լրացուցիչ գործունեությունն է:   

Ծառուկյանը 54 հազ. ռուբլի կանոնադրական կապիտալով ընկերության 50 %-ի փայատեր է դարձել 2018-ին: Մյուս սեփականատերը երեւանցի Մոնիկա Քլոյանն է, ով մինչեւ Ծառուկյանի մուտքը եղել է միանձնյա փայատեր, իսկ մինչ այդ կապիտալը 50-50 համամասնությամբ կիսել է Էլչին Բինյագուեւի հետ: ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը Յուրի Գրիշանկինն է: 2017-ին, ըստ ՌԴ դաշնային հարկային ծառայության տվյալների, ընկերությունը եկամուտ չի ունեցել, իսկ ծախսը եղել է 494 հազ. ռուբլի:  

««Շուստով ընկերակցություն» առեւտրի տուն»

2008-ի հուլիսին Մոսկվայում հիմնադրվել է ««Շուստով ընկերակցություն» առեւտրի տուն» ՍՊԸ-ն («Торговый дом «Товарищество Шустовъ»»): Ծառուկյանի հայաստանյան բիզնեսի շարքում նշել ենք, որ 2008-ի հունիսին Երեւանում գրանցվել է ««Շուստով» առեւտրի տուն» ՓԲԸ-ն, որի 50 %-ի բաժնետերը գործարար պատգամավորն է: 2 ընկերությունները, այսպես ասած, երկվորյակներ են: Դրանց ստեղծման ժամանակ հայտնի էր դարձել, որ հիմնադիրներն են Ծառուկյանն ու ռուսական ««ՕՍՏ» ձեռնարկությունների խումբ» ՓԲԸ-ն: Թե՛ հայ գործարարը, թե՛ «ՕՍՏ»-ի հիմնադիր Վլադիմիր Պեկարեւը նշել էին, որ նպատակը կոնյակի արտադրության շուստովյան ավանդույթները շարունակելն է: Երեւանցի Իգոր Զարգարյանն էլ, ով մոսկովյան ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, ասել էր, որ կոնյակներն արտադրելու է «Արարատ» կոմբինատը, իսկ ռուսական շուկայում դրանց ներկայացման հիմնական աշխատանքը կատարելու է «ՕՍՏ»-ը, երրորդ երկրների շուկաների համար էլ օգտագործվելու է երկու կողմերի ներուժը: 

Մոսկվայի Նիժնյայա Պերվոմայսկայա 65 հասցեում գրանցված ««Շուստով ընկերակցություն» առեւտրի տուն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը եղել է 10 հազ. ռուբլի, որի 50 %-ը պատկանել է Գ. Ծառուկյանին, 25-ը՝ Իյա Պեկարեւային, 12,5-ական՝ Արթուր Օհանյանին եւ Իգոր Զարգարյանին (վերջինս 2012-2014 թթ. եղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներից է): Գործունեության ոլորտներն են գրանցվել խմիչքների մեծածախ առեւտուրը, գովազդային գործակալությունների գործունեությունը, շուկայի իրավիճակի հետազոտությունը եւ հասարակական կարծիքի ուսումնասիրումը, սակայն գլխավոր ոլորտը եղել է սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի առեւտրով զբաղվող գործակալների գործունեությունը:

Ի տարբերություն երեւանյան ««Շուստով» առեւտրի տուն» ՓԲԸ-ի՝ մոսկովյան ՍՊԸ-ն 2018-ի մարտից այլեւս չի գործում, քանի որ «Քվանտոնոր Օմեգայի» նման հանվել է ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից օրենքի պահանջով:

«Ժ Ինվեստ»

Հիմնադրվել է 2015-ի մարտին: Գտնվում է Մոսկվայի Բուրակովի 27 հասեցում, որը տնտեսական գործունեության գոտի է, այստեղ է Անվադողային արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտը, իսկ «Ժ Ինվեստ» ՍՊԸ-ի («Ж Инвест») իրավաբանական հասցեն Մոսկվայի Կիեւյան մայրուղում է: Գործունեության տեսակները բավականին շատ են. դրանք վերաբերում են շինարարությանն ու մեծածախ առեւտրին, իսկ հիմնական ոլորտը անշարժ գույքի կառավարումն է վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով:

100 հազ. ռուբլի կանոնադրական կապիտալով ընկերությունը հավասարաչափ կիսում են Գ. Ծառուկյանն ու վերոնշյալ Մոնիկա Քլոյանը, ով նաեւ տնօրենն է: Մինչեւ 2018-ին պատգամավոր գործարարը կդառնար փայատեր, Քլոյանը եղել է միանձնյա սեփականատեր: Վերջինս 2007-ին Չարենցավանում հիմնել է «Կրեստյանսկիյ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, սակայն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվել է մակարոնեղենի եւ համանման ալյուրե արտադրատեսակների արտադրությամբ: 2018-ին «Ժ Ինվեստի» եկամուտը կազմել է 18 մլն 761 հազ., ծախսը՝ 17 մլն 958 հազ., շահույթը՝ 803 հազ. ռուբլի:    

2011-2018 թթ. հայտարարագրերում Գ. Ծառուկյանը ռուբլով արտահայտված շահաբաժին չի հայտարարագրել, ինչը, թերեւս, նշանակում է, որ նա այդ ընթացքում իր ռուսական ընկերություններից շահաբաժին չի ստացել:

Ուկրաինա

Գործարար պատգամավորի ուկրաինական ընկերությունների մասին ժամանակին մանրամասն գրել ենք:

«Բիզնես-Տեխնո Պլազա»

2006-ի փետրվարին հիմնադրված «Բիզնես-Տեխնո Պլազա» ՍՊԸ-ում («Бiзнес-Техно Плаза») Ծառուկյանը փայատեր է դարձել 2008-ի հուլիսին: 2010-ի ապրիլին նրա գործընկեր է դարձել ուկրաինաբնակ Սեյրան Ռոստոմյանը, ով նաեւ ընկերության տնօրենն է: 1,9 մլն գրիվնա (35 մլն դրամ) կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի 99,98 %-ը պատկանում է Ծառուկյանին, իսկ 0,02-ը՝ Ռոստոմյանին:

Կիեւի Գոլոսեեւսկայա 7 հասցեում գրանցված ընկերության գործունեության հիմնական տեսակը անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն է, մյուսն ոլորտներն են անշարժ գույքի առքուվաճառքը, ձեռնարկատիրական ու կառավարման հարցերով խորհրդատվության տրամադրումը, մասնագիտական այլ գործունեությունը:

«Ռանեբ» եւ «Արբեն»

2010-ի դեկտեմբերին՝ նույն օրը, Կիեւում հիմնադրվել են 2 ՍՊԸ-ներ, որոնք, կարելի է ասել, երկվորյակներ են՝ «Ռանեբ» եւ «Արբեն» («Ранеб», «Арбен»): Առաջինի սկզբնական հիմնադիրը եղել է Սեյրան Ռոստոմյանի քույրը՝ Կարինե Ռոստոմյանը, երկրորդինը՝ Տատյանա Շուգաեւան, սակայն երկուսն էլ օրեր անց իրենց փայը հանձնել են Գագիկ Ծառուկյանին եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

«Ռանեբ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 5,9 մլն գրիվնա է (108 մլն դրամ), որի 99 %-ը Ծառուկյանինն է, մնացած 1-ը՝ Առուստամյանինը: Նույն համամասնությունն է նաեւ «Արբենում», սակայն սրա կապիտալն ավելի փոքր է՝ 2,1 մլն գրիվնա (39 մլն դրամ): Երկուսի տնօրենն էլ ՀՀ քաղաքացի Կարինե Ռոստոմյանն է, ով Երեւանի հաշվառում ունի: Նույնն են նաեւ ՍՊԸ-ների գործունեության ոլորտները՝ շինարարություն, վեհաժողովների, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, ֆիլմերի, հեռուստածրագրերի արտադրություն, ձեռնարկատիրական ու կառավարման այլ հարցերով խորհրդատվություն, լայն տեսականու ապրանքների առեւտրով զբաղվող գործակալների, ձեռնարկատիրությանն օժանդակող, լուսանկարչական, գովազդային գործունեություն եւ այլն: Երկու պարագայում էլ, սակայն, հիմնական գործունեությունը անտառային տնտեսության բնագավառում օժանդակ ծառայությունների մատուցումն է: «Ռանեբի» հասցեն Կիեւի Կրուգլոունիվերսիտետսկայա 14 շենքն է, իսկ «Արբենը» գրանցված է Բաստիոննայա 15-ում (երկուսն էլ բազմաբնակարան շենքեր են):

Ըստ Ծառուկյանի 2011-2018 թթ. հայտարարագրերի՝ նա ուկրաինական բիզնեսից շահաբաժին չի ստացել:

Բուլղարիա

Գործարար պատգամավորի բուլղարական բիզնեսի մասին նույնպես գրել ենք:

«Շշալցման ընկերություն-Գոռնա Բանյա»

2009-ի հոկտեմբերին Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյանները գնել են այս երկրում հայտնի «Գոռնա Բանյա» շշալցնող գործարանը («Бутилираща Компания-Горна Баня»): Վաճառողները եղել են Պավլին Իվանովը (Павлин Иванов), Եվգենի Գորանովն (Евгени Горанов) ու Ռումեն Ցվետկովը (Румен Цветков): 2,01 մլն լեւ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի 90 %-ն անցել է Գ. Ծառուկյանին, մնացած 10-ը՝ կնոջը: 2,01 մլն լեւը հավասար է 1,03 մլն եվրոյի, սակայն Ծառուկյանի 2017 թ. հայտարարագրում 90 % բաժնեմասի արժեքը նշվել է 24,8 մլն եվրո, այսինքն՝ այս տարիների ընթացքում բուլղարական ընկերության կանոնադրական կապիտալը հասել է 27,5 մլն եվրոյի:  

bc-gb.jpg (402 KB)

Ըստ Բուլղարիայի առեւտրային ռեգիստրի՝ 2009-ին հայ-բուլղարական գործարքի գինը կազմել է մոտ 25 մլն եվրո: Նախկին տնօրեն եւ համասեփականատեր Եվգենի Գորանովը, բուլղարական մամուլի հետ զրույցում հաստատելով վաճառքի լուրը, հայտնել էր, որ այդ գումարից շուրջ 20 մլն-ն ուղղվելու է ընկերության պարտավորությունների մարմանը: Բուլղարական «Dnevnik»-ի տվյալներով՝ 2008-ին «Գոռնա Բանյայի» շրջանառությունը կազմել է ավելի քան 36 մլն լեւ: Նույն աղբյուրի համաձայն՝ գործարքի պահին ընկերությունը մայրաքաղաք Սոֆիայի Գոռնա բանյա թաղամասում 3 հանքային աղբյուրների 25 տարվա շահագործման իրավունք ուներ, որը նախատեսվում էր երկարաձգել մինչեւ 35 տարի:

Չնայած «Շշալցման ընկերություն-Գոռնա Բանյա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997-ին, գործարանը շատ ավելի հին պատմություն ունի եւ, ըստ ընկերության պաշտոնական կայքի, զբաղեցնում է բուլղարական շուկայի ավելի քան 30 տոկոսը: ՍՊԸ-ն առեւտրային 20 ներկայացուցչություն ունի Սոֆիայում եւ 75-ը՝ ամբողջ երկրում: Արտադրանքն արտահանվում է Եվրոպա, Ասիա, Հյուսիսային Ամերիկա: «Գոռնա Բանյան» առաջարկում է հանքային, գազավորված եւ սեղանի ջուր: 2012-ի հունիսին ընկերության պորտֆելի մաս է դարձել հյութերի, նեկտարների եւ սառը թեյերի արտադրանքով հայտնի «BBB» («Bulgarian Best Beverage») ապրանքանիշը:

ՍՊԸ-ի նախկին տերերից Գորանովն ու Ցվետկովը անմիջական կապ են ունեցել Իլյա Պավլովի (Илия Павлов) հետ, ով ժամանակին հայտնի ու ազդեցիկ դեմք էր Բուլղարիայում: Նա նախկին ըմբիշ էր, բայց առավել հայտնի էր դարձել որպես գործարար, ով մեծ կարողություն էր կուտակել ու համարվում էր Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ամենահարուստ անձանցից մեկը: Պավլովն ու նրա «Մուլտիգրուպ» ընկերությունը («Мултигруп България» АД) հատկապես 1990-ականներին հայտնի էին իբրեւ բուլղարական հանցավոր աշխարհի գլխավոր դեմքեր: 2003-ին Իլյա Պավլովը սպանվեց դիպուկահարի կրակոցից, ընդ որում՝ մինչ այդ էլ նրա հանդեպ մահափորձ կազմակերպվել էր, բայց անհաջող: Եթե Գորանովը «Մուլտիգրուպում» տնօրենների խորհրդի անդամ էր, ինչպես նաեւ մի քանի ընկերություններ էր հիմնադրել Պավլովի հետ, ապա Ցվետկովն ընդհանուր բիզնես ուներ «Մուլտիգրուպի» հետ:

Ծառուկյանների սեփականություն դառնալուց հետո «Գոռնա Բանյայի» տնօրեն է նշանակվել բուլղարահայ Զավեն Աստադուրովը, որին 2010-ի ապրիլին փոխարինել է Սեդրակ Առուստամյանը: Ընկերության գլխամասը գտնվում է Սոֆիայի Մեսեչինկա 8 հասցեում:

Լինելով խոշոր ընկերություն՝ «Գոռնա Բանյան» նաեւ մեծածավալ անշարժ գույքի սեփականատեր է: Ըստ պաշտոնական կայքի՝ ՍՊԸ-ն արտադրական եւ պահեստավորման բազաներ ունի Սոֆիայում եւ Տրուդովեց գյուղում: Գրել էինք, որ մեր ձեռքի տակ ունենք բուլղարական անշարժ գույքի ռեգիստրի մի շարք փաստաթղթեր, որոնցում երեւում է, որ վերջին 10 տարիներին «Գոռնա Բանյան» իրավունք է ձեռք բերել իր պարտապանների ունեցվածքի հանդեպ: Հավանական է, որ պարտավորություններն առաջացել են արտադրանքի մատակարարումների դիմաց չվճարելու պատճառով: Քարտեզով ցույց էինք տվել այն բուլղարական բնակավայրերը, որոնցում Ծառուկյանների գործարանը պարտապանների գույքի հանդեպ իրավունք էր ստացել:

ԿԸՀ-ին ներկայացրած վերջին երկու հայտարարագրերում Ծառուկյանը նշել է, որ 2016-ի փետրվարից մինչեւ 2017-ի փետրվար «Գոռնա Բանյայից» ստացել է 2,9 մլն եվրո շահաբաժին, իսկ 2017-ի նոյեմբերից մինչեւ 2018-ի նոյեմբեր՝ 1,6 մլն եվրո:

«Լիբամեդ»

2000-ի նոյեմբերին «Գոռնա Բանյան» հիմնադրել է «Լիբամեդ» ՍՊԸ-ն («Либамед»), որի միանձնյա սեփականատերն է: 5000 լեւ կանոնադրական կապիտալով այս ընկերության գործունեության ոլորտը նախկինում եղել է առողջապահությունը՝ ախտորոշում, բուժում, խորհրդատվություն (ուրոլոգիական, նեֆրոլոգիական, հենաշարժողական ապարատի հիվանդություններ, չինական բժշկություն): Տնօրենն էլ եղել է բուլղարուհի Ցվետանա Ցվետանովան, որին 2016-ին, երբ «Լիբամեդը», փաստորեն, անուղղակիորեն պատկանում էր Ծառուկյաններին, փոխարինել է Վրաստանի քաղաքացի Արմեն Մնացականովը, ով նաեւ «Գոռնա Բանյայի» կառավարիչներից է: Փոխվել է նաեւ «Լիբամեդի» գործունեության ոլորտը՝ տրանսպորտային ծառայություններ, արտադրություն, առեւտուր, առեւտրային ներկայացուցչություն, միջնորդություն եւ այլն: Սկզբնապես «Լիբամեդը» գրանցվել էր Սոֆիայի Օբզոր 2 հասցեում, որտեղ «Գոռնա Բանյայի» բազան է, իսկ ներկայում ՍՊԸ-ի հասցեն Սոֆիայի Նախագահ Լինկոլն 74-ն, որը եւս շշալցնող գործարանի տարածքն է:  

«Էկոբուլպակ»

«Գոռնա Բանյան» նաեւ «Էկոբուլպակ» («Екобулпак») բաժնետիրական ընկերության մասնակիցներից է: Ըստ վերջինիս պաշտոնական կայքի՝ այն միավորում է տասնյակ բաժնետերերի, տնօրենների խորհրդի անդամներից մեկն էլ Արմեն Մնացականովն է: «Էկոբուլպակի» նպատակը աղբի տեսակավորման ու վերամշակման միջոցով շրջակա միջավայրի մաքրության պահպանությունն է: ԲԸ-ն պայմանագրային հիմունքներով ծառայություններ է մատուցում Սոֆիայում, որտեղ գրանցված է, ինչպես նաեւ Բուլղարիայի ավելի քան 30 այլ համայնքներում: Ընկերությունը նշում է, որ ստացած շահույթը ոչ թե բաշխում է բաժնետերերի միջեւ, այլ ներդնում է աղբի տեսակավորման համակարգերի ստեղծման մեջ:  

«Մուլտիգրուպ Եվրոպա»

2016-ի ապրիլին Գ. Ծառուկյանի լիազորված անձ Սեդրակ Առուստամյանը համաձայնագիր է կնքել Չեխիայում մշտական բնակություն հաստատած Գերմանիայի քաղաքացի Ալեքսանդեր Բոյցի (Alexander Beuz) հետ Բուլղարիայում «Մուլտիգրուպ Եվրոպա» («Мултигруп Европа») անունով ՍՊԸ հիմնադրելու մասին: Ընկերությունը պետական գրանցում ստացել է մայիսին: Կանոնադրական կապիտալը 2000 լեւ է, որը հավասարաչափ կիսում են Ծառուկյանն ու Բոյցը, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Գործունեության տեսակներն են՝ ապրանքների գնում եւ վերավաճառք դրանց նախնական կամ վերամշակված տեսքով, միջնորդական գործունեություն, տրանսպորտային ծառայություններ, հյուրանոցային, տուրիստական, գովազդային, ինֆորմացիոն, խորհրդատվական գործունեություն, արտահանում, ներկրում եւ այլն: «Մուլտիգրուպ Եվրոպան» գրանցված է Բուլղարիայի մայրաքաղաքի Նախագահ Լինկոլն 74 հասցեում, որը, ինչպես ասվեց, «Գոռնա Բանյայի» տարածքն է:

Հայ գործարարի հայաստանյան ընկերությունների թվում նշել էինք «Արարատ» կոմբինատի տարածքում 2016-ի հուլիսին գրանցված «ՄԳ Եվրոպա» ՍՊԸ-ի մասին, որը եւս Ծառուկյանն ու Բոյցը կիսում են 50-50 համամասնությամբ: 

«Բալկան ՊԵՏ Քոմփանի»

2016-ի հոկտեմբերին կրկին Ս. Առուստամյանի միջոցով Ծառուկյանը համաձայնագիր է կնքել ջերմուկցի Վահագն Արսենյանի հետ, ով «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է ու ընկերության հիմնադիր, 2003-2019 թթ. ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին: Նույն ամսում Ծառուկյանն ու Վ. Արսենյանը «Մուլտիգրուպ Եվրոպա» ՍՊԸ-ի նմանությամբ գրանցել են «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ն («Балкан ПЕТ Къмпани»)՝ նույն հասցեում, նույն տիպի գործունեությամբ, նույն կանոնադրական կապիտալով եւ բաժնեմասերով: Բուլղարական ընկերության տնօրեն է նշանակվել «Ջերմուկ Գրուպի» արտաքին առեւտրի տնօրեն, երեւանցի Արսեն Օհանջանյանը: 2018-ի մայիսին, սակայն, նշանակվել է «Բալկան ՊԵՏ Քոմփանի» ՍՊԸ-ի լուծարային կառավարիչ:   

Բելառուս

«Արմյանսկի ստանդարտ» ՀՁ

2011-ի փետրվարին Մինսկում հիմնադրվել է «Արմյանսկի ստանդարտ» ՀՁ ՍՊԸ-ն («Армянскі стандарт»), որի համասեփականատերերն են Ծառուկյանի «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ն (69 %) եւ Բելառուսի Հանրապետության նախագահի գործերի կառավարչության «Բելառուստորգ» արտադրաառեւտրական ունիտար ձեռնարկությունը (31 %): Ընդ որում՝ ՀՁ-ն գործում է «Բելառուստորգի» անմիջական հարեւանությամբ՝ Մինսկի Վելոսիպեդնի նրբանցքի 6/3-1 հասցեում: Տնօրենը Ալեքսանդր Խուդոլեեւն է:

sld5.jpg (311 KB)

Հայ-բելառուսական ՀՁ-ն ներկայանում է «Առասպել» ապրանքանիշի կոնյակներով, որոնք արտադրվում են Հայաստանում, իսկ Մինսկի գործարանում կատարվում է շշալցում: Գործարանը պաշտոնապես բացվել է 2012-ի հուլիսին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ: Բելառուսում հայկական կոնյակի արտադրություն հիմնելու առաջարկը դեռ 2010-ին Երեւանում Ծառուկյանին արել էր Լուկաշենկոն, երբ այցելել էր «Արարատ» կոմբինատ:

«Մուլտի Գրուպ Ինվեստբել»

2013-ի հոկտեմբերին հայ գործարար պատգամավորը Լուկաշենկոյի հրամանագրով Բելառուսի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ներդրում ունենալու համար պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը պարգեւատրման արարողության մասին ռեպորտաժում հայտնել էր, որ առաջիկայում Մինսկի կենտրոնում բացվելու է «Հայաստան» առեւտրի տուն:   

Մի քանի ամիս անց՝ 2014-ի հունիսին, «Արմյանսկի ստանդարտի» հասցեում գրանցվել է «Մուլտի Գրուպ Ինվեստբել» ՍՊԸ-ն («Мульты Груп Інвестбел»): Բելառուսական կողմի ներկայացուցիչները տեղական մամուլին հայտնել էին, որ այս ընկերությունը ներդրումներ է կատարելու իրենց տնտեսության հեռանկարային ոլորտներում: Շուտով այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, թե առաջիկա 1-2 տարում Բելառուսում բացվելու է հայկական արտադրանքի առեւտրի տուն, որի բելառուսական նմանակները կան Հայաստանում:

Ծառուկյանի այս ձեռնարկի մասին նրա լիազորված անձ Ս. Առուստամյանը հայտնել է. ««Մուլտի Գրուպ Ինվեստբել» ՍՊԸ-ն ստեղծվել է բելառուսական տնտեսության հեռանկարային ոլորտներում ներդրումներ կատարելու մտադրությամբ: Մինսկում հայկական արտադրանքի առեւտրի տուն չի բացվել հարմար պայմաններով տարածքի բացակայության, ինչպես նաեւ այդ գործունեության տնտեսապես ոչ նպատակահարմարության եւ այլ գործարար իրողություններից ելնելով»: 

Ըստ Ծառուկյանի հայտարարագրերի՝ նա «Մուլտի Գրուպ Ինվեստբել» ՍՊԸ-ի 95 %-ի փայատերն է, բաժնեմասի արժեքն ավելի քան 70 մլն բելառուսական ռուբլի է (շուրջ 16,2 մլրդ դրամ):   

Կիպրոս

«Prevelon Consulting Limited»

Կիպրական այս ընկերությունը հիմնադրվել է 2011-ի ապրիլին Նիկոսիայում: Հիմնադիրներից մեկը Գ. Ծառուկյանն է՝ 33,34 %-ով, ինչը հավասար է 333,4 եվրոյի, այսինքն՝ կանոնադրական կապիտալը 1000 եվրո է: Բայց հետաքրքիր է, որ պաշտոնյայի՝ 2011-ի տարեկան հայտարարագրում օֆշորային գոտում գրանցված ընկերության փայատեր դառնալու փաստը թաքցված է «պաշտպանված» տողի տակ:

«Prevelon Consulting Limited»-ի տնօրենը, ըստ կիպրական ռեգիստրի, Կլեյո Վասիլեուն (Kleio Vasileiou) է, իսկ քարտուղարը՝ տեղական «Ledra Services (Secretaries) Limited»-ը: Նույն աղբյուրի համաձայն՝ ընկերությունը գրանցված է Նիկոսիայի Պոսեյդոնոս 1 հասցեում գտնվող «Ledra» բիզնես կենտրոնում, որը՝ որպես մի քանի օֆշորային ընկերությունների գրանցման վայր, ներառված է «Paradise Papers» սկանդալային հետաքննության մեջ:

Կիպրական ընկերությունը 2011-ի հոկտեմբերին Մոսկվայի Գորբունովի 2 հասցեում («Գրանդ Սետուն Պլազա» բիզնես կենտրոն) հիմնադրել է «Պրեվելոն Ռուս» ՍՊԸ-ն («Превелон Рус»):

Ռուսական ընկերության կանոնադրական կապիտալը 10,01 մլն ռուբլի է, իսկ գործունեության տեսակները բազմազան են՝ տարբեր տեսականու մեծածախ ու մանրածախ առեւտուր, ծառայությունների մատուցում մի շարք սեգմենտներում: Հիմնական գործունեությունը ալկոհոլային խմիչքների (բացի գարեջրից ու սննդային էթիլային սպիրտից) մեծածախ առեւտուրն է: ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն Արթուր Ղազարյանն է: ՌԴ դաշնային հարկային ծառայության տվյալներով՝ 2017-ին «Պրեվելոն Ռուս» ընկերությունն ստացել է մոտ 615 մլն ռուբլի եկամուտ, իսկ ծախսերը կազմել են 591 մլն, շահույթը՝ 24 մլն ռուբլի:   

Ռուսական աղբյուրներում ՍՊԸ-ի միակ սեփականատեր կիպրական «Prevelon Consulting Limited»-ի գրանցման վայր է նշվում Նիկոսիայի Ստասինու 1 հասցեում գտնվող «Mitsi Building 1» շենքը, որը նույնպես հիշատակվում է «Paradise Papers»-ում:        

Լատվիա

«Mira-G» եւ «Hotel Riga»

2011-ի դեկտեմբերին Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել լատվիական «Hotel Riga» եւ «Mira-G» ՍՊԸ-ները:

«Hotel Riga»-ն (նախկինում՝ «Meža 67») գրանցվել էր 2002-ի նոյեմբերին, գործունեության ոլորտը՝ հյուրանոցային ծառայություններ, կանոնադրական կապիտալը՝ 2000 լատ (2014-ից Լատվիան փոխել է ազգային արժույթը՝ անցնելով եվրոյի, 1 լատն արժե 1,4 եվրո): Նախկինում գրանցված է եղել Ռիգայի Գերտրուդես 7 հասցեում, ապա տեղափոխվել է Ասպազիաս 22, որտեղ «Ռիգա» հյուրանոցն է: ՍՊԸ-ն հյուրանոցի շահագործողն էր:  

Իսկ այս հյուրանոցը հետաքրքիր պատմություն ունի. 1878-ին դրա տարածքում կառուցվել է «Հռոմ» հյուրանոցը, սակայն 1944-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ավիահարվածներից ավերվել է: Պատերազմից հետո «Հռոմի» տեղում նոր հյուրանոց է կառուցվել՝ «Ռիգան», որը բացվել է 1954-ին: Հյուրանոցը գտնվում է Ռիգայի պատմական կենտրոնում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Ըստ լատվիական մամուլի՝ 2001-ին «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր են դարձել Լատվիայի համալսարանն ու «Hotel Investments» ընկերությունը: Այնուհետեւ անշարժ գույքը գրավադրվել է տեղական «Lateko» բանկում, որն էլ այն 2004-ին վաճառել է Բենիամին Գուրեւիչին (Venjamins Gurevičs) պատկանող «Mira-G» ՍՊԸ-ին:

«Mira-G»-ն գրանցում է ստացել 2004-ի մայիսին, գործունեությունը սեփական կամ վարձակալած անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելն ու այլ գործառնություններ կատարելն է, կանոնադրական կապիտալը՝ 4268 եվրո: Հասցեն Ասպազիաս 22-ն է:

Տեղական մամուլի տվյալներով՝ 2005-ի օգոստոսին «Kempinski Hotels» հանրաճանաչ ընկերությունը «Ռիգա» հյուրանոցի կառավարումն ստանձնելու համաձայնագիր էր կնքել «Mira-G»-ի հետ: 2009-ին էլ հայտնի էր դարձել, որ Բ. Գուրեւիչը ցանկանում է 71 մլն եվրոյով վաճառել հյուրանոցը: Պարզ չէ, թե որքան է արժեցել գործարքը, սակայն 2011-ի դեկտեմբերին «Hotel Riga» եւ «Mira-G» ընկերությունների, այսինքն՝ նաեւ «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր է դարձել Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս 2011 թ. հայտարարագրում տեսնում ենք, որ գործարարն այդ տարի 2 ընկերությունում 13 մլն եւ 987 հազ. եվրո արժեքներով բաժնեմասեր է ձեռք բերել: Առաջինը «Mira-G»-ի կապիտալի չափն է, երկրորդը՝ «Hotel Riga»-ի:   

2012-ին «Mira-G»-ն ունեցել է 724 հազ. եվրոյի շրջանառություն, իսկ շահույթը կազմել է մոտ 200 հազ.: «Hotel Riga»-ի շրջանառությունն ավելի մեծ է եղել՝ 2,15 մլն եվրո, սակայն շահույթի փոխարեն ընկերությունը 125 հազ. եվրոյի վնասով է փակել տարին: 2014-ի մայիսին «Hotel Riga» ընկերությունը միավորվել է «Mira-G»-ին: Այդ տարվա հայտարարագրում Ծառուկյանը նշել է, թե օտարել է «Hotel Riga»-ի՝ 987 հազ. եվրո արժեքով իր բաժնեմասը: Իրականում տեղի է ունեցել միաձուլում: Այսօր էլ ԱԺ պատգամավորը 13 մլն եվրո կանոնադրական կապիտալով «Mira-G»-ի 100 %-ի փայատերն է:  

Հյուրանոցը ձեռք բերելուց որոշ ժամանակ անց Ծառուկյանը սկսել էր դրա վերանորոգումը, ինչը գնահատվել էր 30 մլն եվրո: 2014-ին հայտնի էր դարձել, որ գումարից 20 մլն եվրոն ներդնելու է շվեդական «Swedbank»-ը: 2017-ի նոյեմբերին տեղի է ունեցել «Grand Hotel Kempinski Riga» անունը ստացած 5-աստղանի հյուրանոցի վերաբացումը, որին մասնակցել են Գ. Ծառուկյանը, ավագ որդին՝ Նվերը, Ռիգայի այն ժամանակվա քաղաքապետ Նիլ Ուշակովը: Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, Ծառուկյանն ու «Kempinski Hotels»-ը համատեղ ծրագիր են իրականացնում նաեւ Երեւանում: 

Ռիգայի հյուրանոցն առաջարկում է 141 համար, այդ թվում՝ նախագահական, ռեստորան ներսում եւ շենքի տանիքին, բար, սիգարի սրահ, լողավազանով, ֆիթնես կենտրոնով ու տարբեր սենյակներով հագեցած սպա կենտրոն, հանդիսությունների սրահ, կոնֆերանսների դահլիճներ: Այս հյուրանոցում կա նաեւ «Shangri La» կազինո, ինչպիսին գործում է նաեւ Հայաստանում՝ կրկին Ծառուկյանի մասնակցությամբ:     

2018-ին «Grand Hotel Kempinski Riga» հյուրանոցի անմիջական սեփականատեր «Mira-G» ՍՊԸ-ն Լատվիայի պետբյուջեին վճարել է 1,4 մլն եվրո հարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter