HY RU EN

«Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի կառուցման առնչությամբ քրգործ է հարուցվել

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն այս ընկերությանը չի վերաբերում:

Մեզ հետ հեռախոսազրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել է, որ գործը հարուցվել է օգոստոսի 6-ին Քրեական օրենսգրքի 3152 հոդվածով, որը վերնագրված է այսպես՝ «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ  օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»: 

Այս հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն՝ քրգործի թիրախում ոչ թե «Արարատցեմենտն» է, այլ պաշտոնյաները: Սակայն գլխավոր դատախազությունը որեւէ մանրամասն չի հայտնում՝ նշելով, որ գործը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է, ընթանում է նախաքննություն:

Ահա, թե ինչ է սահմանում նշված քրեական հոդվածը. «Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաեւ հողամաuերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով» (ընդգծումը մերն է- Մ.Մ.): Այսինքն՝ մեղավորներին սպառնում է 1 մլն դրամ տուգանքից մինչեւ 1-2 տարվա ազատազրկում:

Այս տարեսկզբին գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը Կապանի համայնքապետարանը 600 հազար դրամով տուգանել է ինքնակամ, առանց թույլտվության շինարարություն իրականացնելու պատճառով: Նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանը մեզ տեղեկացրել էր, որ «Արարատցեմենտին» տուգանելու որոշում են կայացրել դեռ 2017-ի նոյեմբերի 13-ին:

Միայն դրանից հետո՝ դեկտեմբերի 22-ին էր ՓԲԸ-ն դիմել համայնքապետարան՝ ցեմենտի աղացման արտադրամասի կառուցման համար նախագծման թույլտվություն ստանալու խնդրանքով: Դեկտեմբերի 25-ին ընկերությանը տրամադրվել էր թիվ 13 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք):

Հետագայում՝ ապրիլի 9-ին, արտադրամասի տարածքում աշխատող բանվորները մեզ հայտնել էին, որ շինաշխատանքները 3-4 ամսից կավարտեն: Սա տարօրինակ էր, քանի որ ընկերությունը դեռ շինթույլտվություն էլ չէր ստացել, ընթացքի մեջ էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը: Այս պարագայում Աշոտ Հայրապետյանին հարցրել էինք, թե ինչու համայնքապետարանը չի կարողանում վերահսկել իր վարչական տարածքում ընթացող շինարարությունը, որը, փաստորեն, օրենքից դուրս է, եւ ինչ փաստացի լծակներ ունի համայնքի ղեկավարությունը՝ շինարարությունը կասեցնելու համար:

Հայրապետյանն էլ նշել էր, ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար տեղական ինքնակառավարման մարմինները որպես վարչական պատասխանատվության միջոց իրավասու են կիրառելու տուգանքի նշանակում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ 200 հազար դրամի չափով, իսկ նման իրավունք չունեցող անձանց նկատմամբ՝ 400 հազար դրամի չափով: Այսինքն՝ քանի որ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն տուգանվել էր 600 հազար դրամով, կարել էր եզրակացնել, որ այն ինքնակամ շինարարություն էր սկսել նաեւ իրեն սեփականության կամ օգտագործման (կառուցապատման) իրավունքով չպատկանող հողամասում: Նախկին համայնքապետը նաեւ հայտնել էր, որ ընկերությունն ամբողջությամբ վճարել է տուգանքը:

Մեր հարցումից հետո համայնքապետարանը կրկին վարչական վարույթ էր հարուցել «Արարատցեմենտի» նկատմամբ: Համայնքի ղեկավարը նշել էր, որ եթե հավաստի տվյալներ արձանագրվեն շինարարության իրականացման վերաբերյալ, ապա կքննարկվի «Արարատցեմենտի» նկատմամբ կրկնակի վարչական պատասխանատվության հարցը: Շաբաթներ անց Հայրապետյանը տեղեկացրել էր, որ 600 հազար դրամով տուգանվելուց հետո ՓԲԸ-ն շինաշխատանքներ չի կատարել, կառույցները գտնվում են նույն վիճակում: Նախկին ղեկավարը նշել էր, թե համայնքապետարանը հետեւում է տարածքում ընթացող գործողություններին. ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ընկերությունը միայն իր ձեռքբերած մեքենա-սարքավորումները, ագրեգատները եւ կոնստրուկցիաներն է տեղափոխել իր սեփականություն հանդիսացող տարածք եւ կատարել բեռնաթափման, պահեստավորման կամ տեղակայման բնույթ կրող աշխատանքներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի պահանջվում:

Այդուհանդերձ, կապանցի բնապահպանների ու ակտիվիստների դժգոհություններ էր առաջացրել այն հանգամանքը, որ ցեմենտի աղացման արտադրամասը, չնայած համայնքապետարանի հավաստիացումներին, գրեթե կառուցման ավարտին է հասցվել: Այս հանքամանքներում նրանք տապալեցին շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ երրորդ հանրային լսումը (երկուսն արդեն տեղի էին ունեցել, եւս երկուսը պիտի անցկացվեին):  

Դրանից հետո «Արարատցեմենտի» համար հերթական վատ լուրը ստացվեց. ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցեց «Հետքի» հրապարակումների հիման վրա: Տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում ասել է, որ վարույթը դեռեւս ընթացքի մեջ է, եւ որեւէ այլ տեղեկություն այս փուլում հայտնել չեն կարող:

Դրանից հետո կապանցիները եւս մեկ անգամ տապալեցին երրորդ հանրային լսման կայացումը: Հանրային քննարկման կրկնակի ձախողումից հետո «Մուլտի Գրուպ» կոնցեռնի («Արարատցեմենտը» այս կոնցեռնի մաս է) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը դժգոհությամբ հայտարարել էր, որ համայնքապետարանը (հուլիսի 16-ից համայնքապետի ժամանակավո պաշտոնակատարը Նարեկ Ղահրամանյանն է) չի ապահովել հանրային լսումը՝ դրանով իսկ խախտելով օրենքը: Սեպտեմբերի 4-ին կապանցիներն արդեն երրորդ անգամ են տապալել երրորդ լսման կայացումը: Այս անգամ Արայիկ Կեսոյանը համայնքապետարանից խնդրել է տրամադրել արձանագրություն՝ նշելով հանրային լսման կայացմանը դեմ արտահայվող   քաղաքացիների անունները նրանց ստորագրություններով: Ակտիվիստները սա համարել են անօրինական գործողություն:

Կապանի համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի մամուլի քարտուղար Մարգարիտա Մանուկյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, թե «Արարատցեմենտը» մեղադրում է համայնքապետարանին կողմնակալ լինելու մեջ, մինչդեռ, ըստ Մանուկյանի, երրորդ լսման թե՛ երկրորդ, թե՛ երրորդ փորձերին համայնքապետարանն իր գործառույթները կատարել է՝ դահլիճը տրամադրվել է, բոլոր պայմանները ստեղծել են, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները փակել են դահլիճի մուտքը՝ այդպիսով թույլ չտալով ոչ միայն «Արարատցեմենտի», այլեւ համայնքապետարանի աշխատակիցներին ներս մտնել:

«Այս դեպքում բռնի ուժ կիրառելը բացառվում էր, անգամ ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին հաշտարար ինչ-որ միջոցներ գտնել, բայց միեւնույնն է՝ ցուցարարները հաստատակամ էին իրենց դիրքորոշման մեջ»,- նշեց Մ. Մանուկյանը: Դեռեւս հայտնի չէ երրորդ լսման հերթական փորձի անցկացման օրը: