HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանի ընկերությունը շարունակում է արտադրամասի կառուցումն՝ առանց դրական եզրակացություն ունենալու

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում: Դեռևս ապրիլի 9-ին շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորները մեզ հետ զրույցում ասել էին, որ 3-4 ամսից կավարտեն շինարարությունը:

Սա՝ այն դեպքում, երբ ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային լսումը դեռ չէր կայացել (այն տեղի է ունեցել միայն ապրիլի 16-ին), և բնապահպանության նախարարությունն էլ հայտին դրական եզրակացություն չի տվել:

Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանին հարցեր էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ինչու համայնքապետարանը չի կարողանում վերահսկել իր վարչական տարածքում ընթացող շինարարությունը, որը, փաստորեն, օրենքից դուրս է, և ինչ փաստացի լծակներ ունի համայնքապետարանը՝ շինարարությունը կասեցնելու համար:

Ա. Հայրապետյանը պատասխանել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ համայնքի վարչական սահմաններում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար տեղական ինքնակառավարման մարմինները որպես վարչական պատասխանատվության միջոց իրավասու են կիրառելու տուգանքի նշանակում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց նկատմամբ 200 հազար դրամի չափով, իսկ նման իրավունք չունեցող անձանց նկատմամբ՝ 400 հազար դրամի չափով:

2017-ի նոյեմբերի 13-ին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին տուգանել 600 հազար դրամով, որը, ըստ Ա. Հայրապետյանի, ամբողջությամբ վճարվել է: Մյուս կողմից՝ ընկերությանը պահանջ էր ներկայացվել դադարեցնել շինարարությունը մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները: Համայնքապետի պատասխանից հետևում է, որ ընկերությունը ինքնակամ շինարարություն է սկսել ոչ միայն իր սեփական տարածքում, այլև դրանից դուրս, այլապես պիտի տուգանվեր միայն 200 հազար դրամով:  

Աշոտ Հայրապետյանի փոխանցմամբ՝ համայնքապետարանում հարուցվել է նոր վարչական վարույթ շինարարության իրականացման վերաբերյալ, և եթե հավաստի տվյալներ արձանագրվեն դրա շրջանակներում, ապա կքննարկվի «Արարատցեմենտի» նկատմամբ կրկնակի վարչական պատասխանատվություն կիրառելու հարցը:

Քաղաքապետարանից մինչև «Արարատցեմենտի» շինարարական հրապարակ ընդամենը 5 կմ է, և շինարարության ընթացքն արձանագրելու համար համայնքապետարանի աշխատակիցներից կպահանջվի առավելագույնը 10 րոպե:

«Արտադրամասի կառուցման տեղանքն անընդունելի է»

Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը ներկա է եղել ցեմենտ արտադրող ընկերության կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի թե՛ առաջին, թե՛ երկրորդ հանրային լսմանը: Նրա փոխանցմամբ՝ մի քանի բնապահպանական հարցեր էր բարձրացրել դեռ առաջին հանրային քննարկմանը, որոնց պատասխաններն առայժմ չի ստացել:

«Ի՞նչ քանակությամբ փոշի է արտանետվելու միավոր ժամանակում, ի՞նչ շառավղով է տարածվելու այն, ունե՞ն արդյոք հիդրոօդերևութաբանական վիճակագրական տվյալներ, թե փոշին հիմնականում որ ուղղությամբ է տարածվելու: Ինչո՞ւ պետք է պահեստը կողքերից բաց լինի, ինչպես նախատեսվում է նախագծում, չէ՞ որ փոշու տարածման ռիսկերը մեծանում են»,- նշում է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահը:

Նրա կարծիքով՝ անկախ պատասխաններից, այդ տեղանքում անընդունելի է ցեմենտի արտադրամասի կառուցումը, քանի որ հարևանությամբ սննդի արտադրության և սպասարկման մի շարք օբյեկտներ կան, բնապահապնական տեսանկյունից էլ գերբեռնված տարածք է, փոշու տարածումն էլ բացասաբար է ազդելու նաև զբոսաշրջության վրա, քանի որ այն գտնվում է միջպետական մայրուղուն կից՝ Կապանի սկզբնամասում:

«Համայնքի ղեկավարի տեղակալին հարցրել էի, թե եթե դեմ լինենք, ի՞նչ մեխանիզմներով է ազդելու ապամոնտաժել արտադրամասը, ասել է՝ դատական»,- նշում է Արմեն Փարսադանյանը՝ ավելացնելով, որ խոսակցություններ կան ցեմենտի արտադրամասի կառուցման դեմ ստորագրահավաք կազմակերպելու մասին:

Հանրային երկրորդ լսմանը թե՛ կապանցիները, թե՛ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել արտադրամասի կառուցման վերաբերյալ՝ դեմ արտահայտվելով դրան: 

Հանրային երկրորդ լսմանը «Արարատցեմենտի» ներկայացուցիչները նշել են, որ Կապանում ցեմենտի արտադրության ամբողջական ցիկլ չի լինելու, նախատեսվում է կառուցել ոչ թե գործարան, այլ արտադրամաս: Այդուհանդերձ, այն Երևան-Կապան մայրուղուց ընդամենը 80 մ հեռավորության վրա է: Ինչպես նշված է ընկերության հայտում, կլինկերը, գիպսը և հիդրավլիկ հավելանյութերը ներկրվելու են գործարանի տարածք և պահեստավորվելու բաց պահեստում: Այդտեղից նյութերը տեղափոխվելու են աղացի ընդունիչ բունկերներ, որտեղից էլ սկավառակավոր սնուցիչներով տրվելու են գնդավոր աղաց: Անցնելով գնդավոր աղացով՝ հումքախառնուրդը մանրացվելու է, և ստացվելու է ցեմենտ: Ստացված ցեմենտը էլեվատորի միջոցով տեղափոխվելու է աշտարակ պահեստներ, որտեղից էլ մատակարարվելու է սպառողին:

Ցեմենտի արտադրամասի տարեկան արտադրողականությունը լինելու է մինչև 186 հազար տոննա: 64 աշխատեղ է լինելու՝ 32 բանվորական, նույնքան էլ վարչական հատվածի համար:

Արտադրամասի կառուցման վերաբերյալ դեռ պետք է կայանա ևս 2 հանրային լսում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter