HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արմօյլ»-ի գործարանում տեխնիկական անվտանգության փորձաքննություն կանցկացվի. ՇՄԱԳ-ի մասով պետության և ընկերության կարծիքները բախվում են

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին գրավոր առաջարկություն է ներկայացրել «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքել պայմանագիր ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու նպատակով, սակայն առ այսօր պայմանագիր չի կնքվել: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ԱԻՆ-ը: Հիշեցնենք՝ խոսքը Եղվարդի Նատի թաղամասում կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որտեղ նախատեսվում է արտադրել բիտում և քսայուղեր:

Այս հարցի առնչությամբ կապվեցինք «Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիի հետ: Նա նշեց, որ պայմանագիրը չի կնքվել, քանի որ «Նոր տարվա արձակուրդներ էին», չնայած, նկատենք, որ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ը պայմանագիր կնքելու գրավոր առաջարկը ներկայացրել էր դեռևս հոկտեմբերի 9-ին: Այնուամենայնիվ, Աբեդին ասաց, որ դեկտեմբերի վերջին իրենց տված դիմումի համաձայն՝ գալիք շաբաթ գործարանում տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ պայմանագիր կկնքվի «Արմօյլ»-ի և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի միջև:

Դեկտեմբերի 17-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի որոշմամբ՝ «Արմօյլ»-ի տնօրեն Ալֆրեդ Աբեդիին պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը: Եվ հենց այս հարցում է, որ «Արմօյլ»-ի և պետության տեսակետները բախվում են: Բնապահպանության նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է, որ ըստ գործարանի նախնական գնահատման հայտի՝ գործարանում նախատեսվում է իրականացնել օրգանական նյութերի վերամշակում, և արտադրությունը դասվել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների դասին:

«Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի ա) և բ) կետերի նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության»,- նշել է բնապահպանության նախարարությունը:

Screenshot_3.jpg (229 KB)
Հատված օրենքից, կարմիրով ընդգծված են նախարարության նշած կետերը

ՇՄԱԳ փորձաքննության վերաբերյալ «Արմօյլ» ընկերության կարծիքը ժամանակի ընթացքում փոխվել է: Նախ 2018 թվականի հուլիսի 14-ին ընկերությունը տեխնիկական փաստաթղթերը ներկայացրել էր բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համար, սակայն ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ փաստաթղթերը վերադարձվել էին լրակազմման: 2018 թվականի հուլիսի 18-ին «Արմօյլ»-ը կրկին ներկայացրել է նախնական գնահատման հայտը, որը նույն հիմնավորմամբ կրկին վերադարձվել է լրակազմման: Ժամանակին փորձաքննության պատրաստ ընկերությունն այսօր հայտարարում է, որ իրենց գործունեությունը ենթակա չէ ՇՄԱԳ փորձաքննության: Այս առնչությամբ «Հետք»-ի հետ զրույցում Ալֆրեդ Աբեդին ասաց, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը ընդունվել է խորհրդային տարիներին, և այդ ժամանակվա ընդունված օրենքը չի կարող կիրառելի լինել Հայաստանի Հանրապետությունում, և չնայած որ Աբեդին օրենքը համարում է «խորհրդային տարիների», այնուամենայնիվ ասաց, որ նույնիսկ այդ դեպքում իրենց արտադրությունը ենթակա չէ փորձաքննության, քանի որ բիտում և քսայուղերի արտադրության մասով օրենքը ոչ մի փորձաքննություն չի նախատեսում:

Screenshot_4.jpg (86 KB)
Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը

Մեր դիտարկմանը, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի հունիսի 21-ին և ՀՀ նախագահի կողմից ստորագրվել նույն թվականի հուլիսի 22-ին, Ալֆրեդ Աբեդին ասաց, որ ծանոթ չէ այդ օրենքին՝ շեշտելով, որ նույնիսկ այդ պարագայում իրենց գործունեությունը սկսվել է օրենքի ընդունումից առաջ:

Բնապահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել է նավթավերամշակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության: Ալֆրեդ Աբեդին ասում է՝ իրենց գործունեությունը նավթավերամշակում չի լինելու: Մեր դիտարկման վերաբերյալ, թե նախկինում «Արմօյլ» ընկերությունը իր կայքում և ֆեյսբուքյան էջում ներկայացվում էր որպես «նավթավերամշակման գործարան», «Արմօյլ»-ի գլխավոր տնօրենն ասաց.

«Տարբեր երկրներում տարբեր ձև են մեկնաբանում, բառախաղի հետևից են ընկնում: Հիմա ասում ես նավթավերամշակում մի բան են հասկանում, ասում ես՝ նավթամթերքի վերամշակում, ուրիշ բան են հասկանում, այդ պատճառով կոնկրետացանք՝ գրելով բիտումի և քսայուղերի արտադրություն, քանի որ այստեղ ընկնում են բառերի հետևից, որ պրոբլեմ սարքեն մարդկանց համար: Սակայն աշխարհում բառերի հետևից չեն ընկնում, ներդրումների և իրենց երկրի տնտեսության զարգացման հետևից են գնում»:

Մեր այն հարցին, թե ինչու է նախկինում երկու անգամ փորձաքննության դիմած ընկերությունն այսօր հրաժարվում դրանից, Աբեդին ասաց. «Ցանկացել եմ անել քայլ, որը կարդարացնի, սակայն երբ տեսել եմ, որ բնապահպանության նախարարությունը, տեսչական մարմինը դիտավորյալ ցանկացել են խոչընդոտել, դրա համար չեմ շարունակել դիմելը»:

«Հետք»-ի հետ զրույցում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ընդգծեց, որ «Արմօյլ»-ի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ելք կա՝ ընկերությունը կարող է սկսել իր արտադրությունը միայն ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո:

«Եթե ընկերությունը համարում է, որ իր գործունեությունը ենթակա չէ փորձաքննության, ապա դա միայն իր կարծիքն է, իսկ բնապահպանության նախարարությունը պետական լիազոր մարմինն է, որը որոշում է այս կամ այն գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ-ի, թե՝ ոչ: Նախարարությունը որոշել է, որ ենթակա է, և այս պարագայում ընկերության բողոքը շատ քիչ է, քանի որ պետական լիազոր մարմինը արդեն իր որոշումը կայացրել է»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր է թույլ չտալ գործունեության իրականացումը՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության ստացումը:

Նախորդ ամիսների ընթացքում «Արմօյլ»-ի և տեսչական մարմնի միջև լարվածություն էր առաջացել: «Արմօյլ»-ը շարունակաբար բողոքարկում էր տեսչական մարմնի որոշումները, և այս պահին ընկերության բողոքներից մեկը գտնվում է Վարչական դատարանի վարույթում:

Ալֆրեդ Աբեդին նույնիսկ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին հաղորդում էր տվել Հատուկ քննչական ծառայություն՝ տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Աբեդիի դիմումը գլխավոր դատախազություն էր ստացվել սեպտեմբերի 26-ին, որտեղից էլ ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունը ստուգելու համար, նյութեր նախապատրաստելու ցուցումով: Ինչպես «Հետք»-ին տեղեկացրել է դատախազության հանրային կապերի բաժինը, ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ հոկտեմբերի 29-ին քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Արմօյլ» ընկերության փաստաբան Սահակ Դավթյանը բողոքարկել է հետաքննության մարմնի որոշումը: Նոյեմբերի 18-ին Սահակ Դավթյանի բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից մերժվել է:

Հավելենք, որ Ալֆրեդ Աբեդին այսօր ասաց, որ եթե ամեն ինչ իրենց նախատեսածի համաձայն ընթանա, ապա գործարանը երկու ամսից կգործարկվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter