HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԲՀԿ-ական որոշ գործարար թեկնածուներ չեն հայտարարագրել իրենց բիզնեսները

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեջ քիչ չեն գործարար թեկնածուները, չնայած ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվում էր, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն, բիզնեսը լինելու է պաշտպանված, եւ ձեռնարկատերերը քաղաքականություն կամ ԱԺ մտնելու կարիք չունեն: Իրականությունը, սակայն, ցույց է տալիս, որ «հին ու բարի» ավանդույթները շարունակվում են. գործարարները ձգտում են մտնել օրենսդիր ոլորտ՝ դրա համար ունենալով իրենց շարժառիթները:

Գործարարներից մեկը, ով, ամենայն հավանակությամբ, կրկին կլինի ԱԺ-ում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: «Հետքն» ուսումնասիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների հայտարարագրերը՝ դրանցում ներկայացված տվյալները համեմատելով իրավաբանական անձանց պետռեգիստրի տվյալների հետ: Պարզել ենք, որ թեկնածուների մի մասը չի հայտարարագրել իր բիզնեսները կամ դրանց մի մասը: Պատճառը կա՛մ անփութությունն է, կա՛մ գործարար-բիզնեսմեն չերեւալու ձգտումը:

Արդարության համար պետք է շեշտենք, որ, ի տարբերություն ԲՀԿ ցուցակում առաջադրված նման թեկնածուների, ԲՀԿ ղեկավարն աչքի է ընկնում իր հսկայական ունեցվածքը հայտարարագրելու պարտաճանաչությամբ: Ծառուկյանը թե՛ ԿԸՀ-ին, թե՛ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարբերաբար ներկայացվող փաստաթղթերում նշում է նույնիսկ իր նորաստեղծ, դեռեւս գործունեություն չծավալող, շահույթ չբերող ընկերությունները, որոնցից մի քանիսին ժամանակին անդրադարձել ենք:   

Սերգեյ Բագրատյանը հաշվետու է միայն էթիկայի հանձնաժողովի՞ն

ԲՀԿ ցուցակի 10-րդ համարը Սերգեյ Պապաշի Բագրատյանն է, ով 2010-2012 թթ. Վայոց ձորի մարզպետն էր, 2017-ի ապրիլին «Ծառուկյան» դաշինքի կազմում ընտրվել է ԱԺ պատգամավոր: Շեշտենք, որ ինչպես 2017-ի, այնպես էլ այս ընտրություններից առաջ Բագրատյանը ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում չի նշել իր որեւէ ընկերության մասին: Փոխարենը, սակայն, նա հայտարարագրել է իր բաժնեմասերը էթիկայի հանձնաժողովի առաջ այն բանից հետո, երբ անցյալ տարի դարձել է պատգամավոր (բարձրաստիճան պաշտոնյաները հանձնաժողովին ներկայացնում են պաշտոն ստանձնելու, պաշտոնից հեռանալու եւ տարեկան հայտարարագրեր, իսկ ԿԸՀ-ին՝ թեկնածուի հայտարարագիր ընտրություններից առաջ): Այս հակասությունն, իհարկե, տարօրինակ է: Տպավորություն է, որ Ս. Բագրատյանն ուղղակի այս անգամ ԿԸՀ-ին ներկայացրել է 2017-ի ընտրությունների իր թեկնածուական հայտարարագրի նմանակը՝ մոռանալով, որ բիզնեսի տեր է:

Ահա այն ընկերությունները, որոնք ԱԺ ներկա պատգամավորն ու թեկնածուն չի հայտարարագրել:

Ս. Բագրատյանը 1,98 տոկոս փայ ունի «ԲիԷսԲի» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2001-ին նրա եւ Թելման Սահակյանի կողմից: Վերջինս նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի կնոջ պապն է (2015-2017 թթ. ընկերության մասնակից է եղել նաեւ փոխվարչապետի զոքանչը՝ Կարմեն Սահակյանը. Սահակյանները հայտնի են հէկերի ոլորտում իրենց բիզնեսով): Ընկերությունը գրանցված է Ս. Բագրատյանի երեւանյան տան հասցեում: Ըստ ՊԵԿ-ի՝ այն զբաղվում է վառքի մազութի մեծածախ առեւտրով, սակայն իրականում առավել հայտնի է հէկերի բիզնեսով, ինչին «Հետքը» ժամանակին անդրադարձել է:

ԲՀԿ-ական պաշտոնյան 50 տոկոս փայ ունի նաեւ «Բազե հէկ» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2011-ին ու գրանցված է Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում: Նշենք, որ Բագրատյանը նույն մարզի Արտաբույնք գյուղից է: Չնայած ընկերության անվանը՝ ՊԵԿ-ում դրա գործունեություն է նշված դիզվառելիքի մեծածախ առեւտուրը:

Հաջորդը 2016-ին հիմնադրված «Եվրո Օյլ» ՍՊԸ-ն է, որում Բագրատյանը նույնպես 50 տոկոս փայ ունի: Սա եւս գրանցված է նրա երեւանյան տանը: Գործունեության տեսակը վառքի մազութի մեծածախ առեւտուրն է: ՊԵԿ-ի տվյալներով՝ ՍՊԸ-ն ժամանակավորապես չի գործում, սակայն դա չի նշանակում, թե սեփականատերը կարող է չհայտարարագրել իր մասնաբաժինը:

Պատգամավորի անունն առնչվում է նաեւ 1997-ին Վայքում ստեղծված ««Վայք» հյուրանոց» ԲԲԸ-ի հետ: Ըստ պաշտոնական կենսագրության՝ 1998-2008 թթ. Բագրատյանը եղել է այս բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ: ՊԵԿ-ի համաձայն՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:  

Ս. Բագրատյանը եղել է նաեւ «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի 100 տոկոսի սեփականատեր: Ընկերությունը հիմնվել էր 1997-ին, գրանցվել Վայքում: Ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվել է վառքի մազութի մեծածախ առեւտրով: Բագրատյանը ՍՊԸ-ի փայատեր էր դարձել 2000 թ., իսկ 2002-ից եղել է միանձնյա սեփականատերը, նրա ոչ պաշտոնական կենսագրության մեջ նշում կա, որ 1998-2010 թթ. եղել է «Սերգեյ Գրուպ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 2016-ի հունիսին դատարանը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի պահանջով սնանկ է ճանաչել Ս. Բագրատյանի ընկերությանը, որն այժմ գտնվում է լուծարման վարույթում:

Հայր ու որդի չեն հայտարարագրել իրենց ընկերությունները

Մասիս քաղաքի բնակիչ Վոլոդյա Դալլաքյանը ԲՀԿ համապետական ցուցակում 23-րդն է: 2017-ի ապրիլյան ընտրություններում ԲՀԿ 122-րդ համարը նրա հայրն էր՝ Ավետիք Դալլաքյանը: Թե՛ ավագ, թե՛ կրտսեր Դալլաքյանները ԿԸՀ-ին հայտարարագիր ներկայացնելիս «մոռացել են», որ իրենք զբաղվում են ձեռնարկատիրությամբ: Եթե 2017-ին Ա. Դալլաքյանը չէր նշել, որ Մասիսի իր տան հասցեում 2008-ին գրանցված, գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի եւ գազօլինի մանրածախ առեւտուր իրականացնող «Արտ-Լուս» ՍՊԸ-ի սեփականատերն է, ապա այս անգամ նրա որդին չի հիշատակել, որ ինքն էլ այս տարվա փետրվարին կրկին իրենց տանը գրանցում ստացած, տեխնիկական փորձարկումներ եւ վերլուծություններ կատարող «Արդշին Հոլդինգ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է:

Վ. Դալլաքյանի անունը մամուլում շրջանառվել էր 2012-ի սեպտեմբերին՝ Մասիսի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, որոնց իբրեւ թեկնածու մասնակցում էր նրա հայրը, սակայն հետո ինքնաբացարկ հայտնեց:       

Նահապետ Գեւորգյանի որդին չի նշել բաժնեմասերը

Քաջիկ Գեւորգյանը «Նովո» մականունով հայտնի Նահապետ Գեւորգյանի որդին է: Ն. Գեւորգյանը ՀՀԿ-ական է, պատգամավոր է 1999-ից մինչ օրս, «թավշյա հեղափոխությունից» հետո դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Փոխարենը անկուսակցական որդին թեկնածու է ԲՀԿ-ի կազմում, ցուցակի 29-րդ համարն է:

Չնայած հայտարարագրում Ք. Գեւորգյանը նշել է, որ «Քաջ-Տրանս» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, ինչպես նաեւ որպես եկամուտ հայտարարագրել է 1,3 մլն դրամ աշխատավարձ այս ՍՊԸ-ից, արժեթղթերի եւ ներդրումների բաժնում չի ներկայացրել, որ դրա 100 տոկոսի սեփականատերն է (չի հայտարարագրել նաեւ շահաբաժին): Ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Գեւորգյանների հարազատ Սարդարապատ գյուղում՝ համագյուղացի, փաստաբան Մակբեթ Կարապետյանի կողմից, որը եղել է նաեւ տնօրենը: Անցյալ տարի նրան փոխարինել է Ք. Գեւորգյանը: Դատելով հանգամանքից, որ ՍՊԸ-ն ի սկզբանե կոչվել է «Քաջ-Տրանս» (թերեւս Ք. Գեւորգյանի անունով), կարելի է ենթադրել, որ հիմնադրումից ի վեր իրականում այն պատկանել է Գեւորգյաններին: ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է փոխադրման ծառայություններով:

Ք. Գեւորգյանը հայտարարագրում չի թաքցրել նաեւ, որ «Արջաղբյուր» ՍՊԸ-ի հիմնադիրն է, սակայն որեւէ եկամուտ դրանից չի ներկայացրել, չի հիշատակել նաեւ, որ 100 տոկոս մասնակցություն ունի ընկերությունում: Վերջինս հիմնադրվել է 2008-ին, իսկ Գեւորգյանը դրա սեփականատեր է դարձել 2017-ին: ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առեւտրով ոչ մասնագիտացված խանութներում: Դրա հասցեն Արմավիր-Երեւան մայրուղու ԱԳԼՃԿ-ներից մեկն է:           

Եկամուտը երեւում է, մասնաբաժինը՝ ոչ

Աբովյանցի Արթուր Ալբերտի Դալլաքյանը ԲՀԿ ցուցակի 41-րդ թեկնածուն է: Հայտարարագրում նշել է, որ «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի տնօրենն է ու «Եվրասիա» ՍՊԸ-ի հիմնադիրը: Որպես եկամուտ առաջինից ներկայացրել է 1,2 մլն դրամ աշխատավարձ, իսկ երկրորդից՝ 8 մլն դրամ շահաբաժին: Այսքանով հանդերձ՝ ներդրումների բաժնում չի գրել, որ «Եվրասիայի» միանձնյա սեփականատերն է: Նույն պատկերը եղել է նաեւ 2017-ի ընտրություններից առաջ, երբ Դալլաքյանը ԲՀԿ 126-րդ համարն էր: Այն ժամանակ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում նա գրել էր, որ «Եվրասիայի» տնօրենն է՝ միաժամանակ ներկայացնելով շահաբաժին ու աշխատավարձ, բայց չէր նշել, թե որքան մասնաբաժին ունի ՍՊԸ-ում:  

«Եվրասիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին՝ Ա. Դալլաքյանի կողմից: Գրանցված է Աբովյանի՝ Դալլաքյանի տան հասցեում: Ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է ավտոբուսներով ներմարզային ուղեւորափոխադրումներ կատարելով: Նույն գործունեությունն է ծավալում Աբովյանում գրանցված «Մուլտի Ավտոտրանսը», որը պատկանում է Գագիկ եւ Ջավահիր Ծառուկյաններին: Այս ընկերությունը, ըստ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության, շահագործում է թիվ 259 (Աբովյան-Երեւան-Աբովյան) եւ 275 (Չարենցավան-Երեւան-Չարենցավան) ավտոբուսային երթուղիները: Արթուր Դալլաքյանը ժամանակին ներգրավված է եղել նաեւ Ծառուկյանի շրջապատին առնչվող եւ ուղեւորափոխադրումներ կատարող այլ ընկերություններում, որոնք կա՛մ չեն գործում, կա՛մ դրանցից նա դուրս է եկել: 

Շինարար Ախոյանը իր ոչ բոլոր ընկերություններն է հիշատակել

Արագած Անդրուշի Ախոյանն ԱԺ պատգամավոր է եղել 2010-2017 թթ.: Նա այժմ ԲՀԿ ցուցակում 46-րդն է: Առավել հայտնի է իր շինարարական ընկերություններով, որոնցից, մասնավորապես, «Սպիտակ տնակը» Երեւանի Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող կառավարության մասնաշենքի (երբեմն կոչվում է Սպիտակ տուն) կառուցապատողն է: Ներկայում Ախոյանն այս ՍՊԸ-ում, ինչպես եւ մի շարք այլ ընկերություններում, մասնաբաժին չունի:

Իր հայտարարագրում Ա. Ախոյանը նշել է միայն բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի շինարարություն իրականացնող «Հայկ Արշին» եւ «Սպիտակ կամար» ՍՊԸ-ները, որոնց 100 տոկոսի սեփականատերն ու տնօրենն է: Որպես եկամուտ թեկնածուն դրանցից ներկայացրել է թե՛ աշխատավարձ, թե՛ շահաբաժին: Սակայն այս երկուսից բացի՝ նա ունի այլ ընկերություններ եւս, որոնց, չգիտես ինչու, չի անդրադարձել:    

Ա. Ախոյանը ներկայում 100 տոկոս մասնաբաժին ունի «Միրոյան Տուֆ» ՍՊԸ-ում, որը ձեռք է բերել 2011-ին, երբ պատգամավոր էր: Ընկերությունը հիմնադրվել է դեռ 1997-ին Անիավանում (նախկինում՝ Անի կայարան), այժմ հասցեն Արթիկում է: Ըստ ՊԵԿ-ի՝ զբաղվում է գեղազարդային եւ շինարարական քարերի արդյունահանմամբ: 2014-ին դատարանը «Արդշինինվեստբանկի» պահանջով սնանկ էր ճանաչել ընկերությանը, սակայն այն հետո կարողացել է առողջանալ:  

Թեկնածուն նաեւ «Նոբել Տուֆ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է, որտեղ իր լիբանանցի գործընկերոջ հետ 50-50 մասնաբաժին ունի: Ընկերությունը գրանցվել է 2016-ին Երեւանում: Սա էլ գեղազարդային եւ շինարարական քարերի արդյունահանում է կատարում:

Ախոյանն այս տարվա հոկտեմբերին տնօրեն է նշանակվել «Վարագավանք» ՍՊԸ-ում, սակայն ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում չի նշել այս աշխատավայրի մասին եւ որեւէ եկամուտ դրանից չի ներկայացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ «Վարագավանքը» զբաղվում է մետաղե դռների եւ լուսամուտների արտադրությամբ:

Մարալիկցի գործարարը հայտարարագրել է միայն սնանկացած ընկերությունը

Մարալիկցի Հակոբ Երվանդի Աղաբեկյանը ԲՀԿ ցուցակում 66-րդն է: Հայտարարագրում նշել է, որ «Նայթեքս» ԲԲԸ-ի տնօրենն է ու 42 տոկոսի տերը: 2003-ին Մարալիկում գրանցված ընկերությունը զբաղվել է պատրաստի մանածագործական արտադրատեսակների արտադրությամբ: 2016-ին դատարանը բավարարել է ԲԲԸ-ին բամբակե մանրաթել մատակարարած «ԳԱԲ Էլեկտրոմաշ» ՍՊԸ-ի դիմումը ու սնանկ ճանաչել «Նայթեքսին», որը չէր մարել պարտքը: ԲԲԸ-ն այժմ գտնվում է լուծարման վարույթում:

Համաձայն պետռեգիստրի՝ Հ. Աղաբեկյանն առնչություն է ունեցել «Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա» ԲԲԸ-ի հետ, որը լուծարվել է: Հասկանալի է, որ այս ընկերությունը շահագործել է նույնանուն ֆաբրիկան, որը հետո անցել է «Նայթեքսին»: Վերջինիս սնանկացումից հետո էլ կառույցը ձեռք է բերել «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն, որը երեկ կառավարությունից արտոնություն ստացավ. գործադիրը 3 տարով հետաձգել է ընկերության կողմից ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: ՍՊԸ-ն նախատեսում է արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, կարտադրի թել եւ բժշկական բամբակ, կզբաղվի նաեւ կտորների թափվածքների վերամշակմամբ։ «Արթիկի ՓՀԿ»-ի հետ առնչություն է ունեցել 2011-2017 թթ. ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը:

Հակոբ Աղաբեկյանը, ըստ պետռեգիստրի, կապ ունի նաեւ «Հովսեփունի-Մեդ» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրներից մեկն է: Ընկերությունը գրանցվել է 2010-ին Մարալիկի Ձիթհանքով գյուղում: ՊԵԿ-ի տվյալներով՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

Թեկնածուն չի հայտարարագրել «Գորգանի» ՍՊԸ-ն, որը 2004-ին Մարալիկում հիմնադրել է ինքը եւ որի միանձնյա սեփականատերն է մինչ օրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter