HY RU EN

Կոտայքի նոր եկեղեցիները. Գագիկ Ծառուկյանից մինչեւ Գագիկ Խաչատրյան

սկիզբը

Հայաստանի անկախությունից հետո եկեղեցաշինության վերաբերյալ հերթական հոդվածը Կոտայքի թեմի մասին է:

Անտեղյակները՝ Կոտայքի մարզպետարանից

Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հարցեր էինք ուղարկել թեմին, սակայն պատասխան այդպես էլ չէինք ստացել: Քանի որ թեմի տարածքն ընդգրկում է նույնանուն մարզը, վերջերս հարցում էինք ուղարկել Կոտայքի մարզպետարան: Աշխատակազմի ղեկավար Լեւոն Պետրոսյանը պատասխանել էր, թե պահանջվող տեղեկատվությանը մարզպետարանը չի տնօրինում, եւ առաջարկել էր դիմել թեմի առաջնորդարան: Սա առնվազն տարօրինակ էր, քանի որ մինչ այդ մեր նմանատիպ հարցումներին պատասխանել էին Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզպետարանները: Ակնհայտ է, որ մարզպետարանների քաղաքաշինության վարչությունները տիրապետում են իրենց մարզերում եկեղեցաշինության մասին ինֆորմացիային:

Տավուշի մարզպետարանն, օրինակ, բացի եկեղեցիների հովանավորներին նշելուց, միակն էր, որ հայտնել էր դրանց մի մասի համար ծախսված գումարների չափը (մեծ եկեղեցիների համար ծախսված գումարները նշված չէին), սակայն Կոտայքի մարզպետարանի աշխատակցին զարմացրել էր, որ եկեղեցիների բարերարների ու ծախսված գումարների մասին ինֆորմացիա ենք ցանկանում ստանալ: Նա այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե ինչու մյուս մարզպետարանները տիրապետում են տվյալների, իսկ իրենք ոչ, բացի դրանից՝ չգիտեր, որ օրենքով պարտավոր են տրամադրել թեկուզ այն ինֆորմացիան, որին տիրապետում են: 

Այդուհանդերձ, երկրորդ հարցմամբ մեզ հաջողվեց պատասխաններ ստանալ Կոտայքի թեմից: Իսկ մինչ այդ մի փոքր նախապատմություն:

Կոտայքի թեմ

Այս թեմը ձեւավորվել է 1996-ի մայիսի 30-ին Գարեգին Ա-ի կոնդակով: Մինչ այդ Կոտայքը Արարատյան Հայրապետական թեմի կազմում էր: 1996-ի հունիսի 1-ին թեմի առաջնորդ է նշանակվել Առաքել վարդապետ Քարամյանը, ով 1997-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 2013-ին ստացել է արքության պատիվ: Թեմի առաջնորդանիստը Ծաղկաձորի Կեչառիսի վանքն է:

Թեմի առաջնորդ Առաքել արք. Քարամյանի տեղեկացմամբ՝ թեմում այսօր կա 28 գործող եկեղեցի (ներառյալ Կեչառիսի վանքը), որոնցից թեմին պատկանում են 27-ը (բացառություն է Աբովյանի նորակառույց Ս. Հովհաննես Մկրտիչը): Թեմի տարածքում է գտնվում նաեւ Գեղարդավանքը, որը, սակայն, ենթարկվում է Մայր Աթոռին:

9 եկեղեցի՝ 15 տարում

1991-ից հետո Կոտայքում կառուցվել է 9 եկեղեցի: Հարցին, թե եկեղեցի կառուցելիս արդյոք պարտադիր է Մայր Աթոռի կամ թեմի թույլտվությունը, տեր Առաքելը պատասխանել է. «Իրականում Մայր Աթոռի թույլտվությունը պարտադիր է, բայց երբեմն այն անտեսվում է» (Մայր Աթոռի արտոնության եւ կաթողիկոսին կից գործող ճարտարապետական խորհրդի հավանության անհրաժեշտության մասին մեզ հայտնել էր նաեւ վերջինիս տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը): Կոտայքի թեմում չի եղել նախադեպ, որ մերժվի եկեղեցի կառուցելու առաջարկը: Ըստ թեմի առաջնորդի՝ իրենք չեն տիրապետում ծախսված միջոցների ինֆորմացիային: Բացի դրանից, տեր Առաքելի փոխանցմամբ, Մայր Աթոռը կամ թեմը չունեն որեւէ կարգ, որով պետք է գումար փոխանցվի իրենց՝ եկեղեցի օծելու համար:

Թեմի նորակառույց եկեղեցիներն են՝

Ս. Փրկիչ (Չարենցավան, օծումը՝ 2000 թ.),
Ս. Հարություն (Նուռնուս, 2001),
Ս. Աստվածածին (Առինջ, 2002),
Ս. Նահատակաց (Թեղենիք, 2003),
Ս. Թուխ Մանուկ (Ջրառատ, 2003),
Ս. Հովհաննես Մկրտիչ (Աբովյան, 2013),
Ս. Գեւորգ (Հրազդան, 2013),
Ս. Ամենափրկիչ (Նոր Հաճն, 2015),
Ս. Խաչ (Գառնի, 2015):

(Սեղմելով քարտեզում նշված կետերի վրա՝ կարող եք տեսնել տվյալ եկեղեցու նկարագրությունը)

Չարենցավանի (քաղաքի մշտական բնակչության թիվը 2011 թ. համապետական մարդահամարի տվյալներով 20.363 է, մյուս բնակավայրերի տվյալները նույնպես մեջբերված են այս մարդահամարից) Ս. Փրկիչ եկեղեցին օծվել է 2000 թ. հուլիսի 20-ին:

Չարենցավանի քաղաքապետերանից «Հետքին» հայտնեցին, որ եկեղեցու կառուցմանը նախորդել է աղանդավորական կազմակերպությունների ակտիցավումը եկեղեցի չունեցող քաղաքում, ինչից հետո Մայր Աթոռը եկեղեցի կառուցելու համար բարերարներ է գտել: Քաղաքի կենտրոնում գտնվող բազիլիկ կառույցի հովանավորները կանադահայ Ժիրայր եւ Էլիզ Դերվիշյաններն են: Քաղաքապետարանից դժվարացան հայտնել ներդրված գումարի չափը:

Նուռնուս գյուղի (532 բնակիչ) Ս. Հարություն եկեղեցին բացվել է 2001-ին: Այն հետաքրքիր կառուցվածք ունի՝ երեք զանգակատնով բազիլիկ է: Ս. Հարությունը նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին: Գլխավոր հովանավորը Գոհար Հովհաննիսյանն է, ում ամուսինը՝ ազատամարտիկ Սերյոժա Հարությունյանը, զոհվել է 1994-ին Մարտակերտում: Եկեղեցու կառուցումը մեկնարկել է 1996-ին, Գ. Հովհաննիսյանի պատմելով՝ գումարը հավաքել է ԱՄՆ-ում բժիշկ աշխատելու տարիներին, աջակցել է նաեւ որդին՝ Էդուարդը: Վերջինիս փոխանցմամբ՝ միայն եկեղեցու կառուցումն այն տարիներին արժեցել է 100.000 դոլար, սակայն ժամանակի ընթացքում շինարարական աշխատանքները շարունակվել են` տարածքը պարսպապատվել, կից այգին բարեկարգվել է, խաչքարեր են տեղադրվել: Ամբողջ ներդրումը (ներառյալ եկեղեցին), ըստ Էդուարդի, կազմել է մոտ 300.000 դոլար:

Ս. Հարությունն օծվել է 2001-ի սեպտեմբերին, սակայն 6 տարի անց վերաօծվել է: Թեմի առաջնորդ Առաքել սրբազանը դա բացատրում է այսպես. «Գյուղը համարյա հիմնական բնակիչներ չունի, եւ ամառվա ընթացքում հովեկներ են գալիս, իսկ հոգեւորականներ այնչափ չկան, որ ծառայեն եկեղեցում այդ ամիսներին, ուստի այն չի գործել: Քանի որ եկեղեցու օծումից հետո մեկ տարի ժամանակահատվածում եկեղեցին չի գործել, ապա 2007 թ.-ին այն վերաօծվել է»: Սակայն Ս. Հարությունն այսօր, ըստ սրբազանի, կրկին չգործող եկեղեցիների շարքում է: Այդուհանդերձ, մեզ հետ զրույցներում թե գյուղապետ Մնացական Գեւորգյանը, թե հովանավորները նշեցին, որ ժամանակ առ ժամանակ այստեղ հարսանիքի ու կնունքի արարողություններ են կազմակերպվում: Գ. Հովհաննիսյանը հայտնեց, որ միակ խնդիրը եկեղեցի տանող ճանապարհն է, իսկ որդին հավելեց, որ բողոքներ են ստացել նաեւ զբոսաշրջիկներից եւ իր ուժերով մոտ 300 մ ճանապարհի բարեկարգման փորձից հետո դիմել է Կոտայքի մարզպետարան, որտեղից ասել են, թե ավելի կարեւոր ճանապարհներ ունեն իրենց օրակարգում:

Առինջ գյուղի (6220 բնակիչ) Ս. Աստվածածինը գտնվում է Երեւան-Սեւան ավտոմայրուղուն հարող բլրի վրա: Եկեղեցին պատկանում է Կոտայքի թեմին, սակայն ընկած է գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան պարսպից ներս (այն բաց է արարողությունների համար): Պարսպից այն կողմ է նաեւ մ.թ.ա. 8-րդ դարի ամրոցն ու դրա ներսում գտնվող միջնադարյան Ս. Աստվածածին եկեղեցին (15-րդ դար): Նորակառույց Ս. Աստվածածինը կառուցել է հենց Գ. Ծառուկյանը:

Նրա խոսնակ Իվետա Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ եկեղեցի կառուցելու համար Ծառուկյանին դիմել են տարբեր մարդիկ, ովքեր երազում եկեղեցի են տեսել այդ տարածքում:

Օծումը կատարվել է 2002-ի հունիսի 1-ին կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Նույն օրը հովանավորը պարգեւատրվել է եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով: 

Իվետա Տոնոյանից խնդրել էինք ճշտել, թե որքան գումար է ներդրվել այս եւ Գ. Ծառուկյանի կառուցած մյուս եկեղեցիների համար։ Գործարարն իր խոսնակի միջոցով փոխանցել է, որ եկեղեցաշինության վերաբերյալ երբեւէ հաշվարկ չի արել՝ ծախսվել է այնքան, ինչքան անհրաժեշտ է եղել։

Մարզի Թեղենիք գյուղի (471 բնակիչ) մուտքի մոտ է գտնվում Ս. Նահատակաց եկեղեցին: Կառուցել է Ս. Էջմիածնի միաբանության անդամ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը՝ իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով ու ծնողների՝ Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին: Շինարարությանը աջակցել են նաեւ Պոզապալյան ընտանիքն ու շվեյցարահայ բարերար Հակոբ Գաբրիելյանը տիկնոջ հետ:

Ս. Նահատակացի հիմնարկեքը 2000-ին կատարել էր հենց Ներսես սրբազանը: Եկեղեցին 2003-ի հուլիսի 5-ին օծել է Գարեգին Բ-ն: Վերջինս սրբազանին պարգեւատրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, իսկ եկեղեցուն Ս. Հաղորդության սկիհ է նվիրել: Նույն օրը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանն առաջին պատարագն է մատուցել Ս. Նահատակացում:

Արդեն 20 տարի Թեղենիքի գյուղապետ աշխատող Մարատ Բաղդասարյանն ասում է, որ եկեղեցու շինարարության համար ներդրվել է մոտ 250.000 դոլար:  

Մարզկենտրոն Հրազդանի (41.875 բնակիչ) Ջրառատ թաղամասը ժամանակին գյուղ է եղել, խորհրդային տարիներին ներառվել է քաղաքի շրջագծի մեջ: Հրազդան-Հանքավան ճանապարհի ձախ կողմում՝ Ջրառատի գերեզմանոցի մոտ է Ս. Թուխ Մանուկ եկեղեցին:

Այն կառուցել են հայր եւ որդի Մխիթար եւ Ժորա Գրիգորյանները, ովքեր ապրում են Ռուսաստանում, սակայն ծննդով Հրազդանից են: Եկեղեցին իր անունը ստացել է ի հիշատակ Մ. Գրիգորյանի եղբոր՝ Մանուկի: Օծվել է 2003-ի օգոստոսի 25-ին: Թեմի առաջնորդի փոխանցմամբ՝ Ս. Թուխ Մանուկը գործող եկեղեցի է, սակայն Հրազդանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնից մեզ հայտնեցին, որ այստեղ պատարագներ ու ժամերգություններ չեն կազմակերպվում, կատարվում է միայն մոմավառություն: Միաժամանակ նշեցին, որ ներդրված միջոցների մասին տեղեկություն չունեն:

Աբովյանի (43.495 բնակիչ) Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2006-ի օգոստոսի 24-ին: Հովանավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է: Իվետա Տոնոյանն ասում է, որ այս եկեղեցին էլ կառուցվել է աբովյանցիների խնդրանքով: Քաղաքն ունի Ս. Ստեփանոս գործող եկեղեցի (1851 թ.), որը գտնվում է Էլար թաղամասում՝ Աբովյանի հարավային եզրին:

Նոր եկեղեցու հիմնարկեքից 7 տարի անց՝ 2013-ի մայիսի 14-ին, Գարեգին Բ-ն օծեց այն: Եկեղեցու բացմանը ներկա էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով Ծառուկյանի մտերիմներից է, այլ պաշտոնյաներ, եկեղեցականներ, այդ թվում՝ արտերկրից:

Ս. Հովհաննես Մկրտիչն ունի 50 մ բարձրություն, ճարտարապետն Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոնյանն ու Տիգրան Դադայանը: Որմնանկարների հեղինակները հայր ու որդի են՝ Աբրահամ եւ Հայկ Ազարյանները: Եկեղեցին քանդակազարդելու վրա աշխատել է մոտ 40 քանդակագործ եւ զարդագործ-վարպետ:

Օծման արարողությունից հետո կաթողիկոսը օրհնել է Ծառուկյաններին, նաեւ գնահատական հնչեցրել թեմի առաջնորդ Առաքել սրբազանի գործունեության մասին եւ նրան շնորհել արքության պատիվ: Վերջում կաթողիկոսը նորակառույց եկեղեցուն է փոխանցել Մայր Աթոռից բերված Ս. Հովհաննես Մկրտչի մասունքից ոսկորի մի հատված, որը զետեղվել է խաչ-մասունքարանում: Խոսակցություններ կան, որ նորակառույցի համար ներդրվել է մոտ 5 մլն դոլար:

Առաքել սրբազանի տեղեկացմամբ՝ եկեղեցին չի հանձնվել թեմին, ինչից ենթադրելի է, որ այն պատկանում է Գագիկ Ծառուկյանին կամ Աբովյան համայնքին: Սակայն սա հետաքրքիր է նմանատիպ մեկ այլ օրինակի ֆոնին. Արագածոտնի Ղազարավան գյուղի եկեղեցին չի օծվել, քանի որ այն որոշակի թերություններ է ունեցել, բացի դրանից՝ հանձնված չի եղել թեմին կամ Մայր Աթոռին: Այդ առիթով 2013 թ.-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասել էր. «Իրավականորեն սրբավայրը չի կարող պատկանել այն կառուցող անհատին կամ էլ համայնքին, որտեղ որ գտնվում է: Կառուցապատումից հետո աղոթատունը պետք է հանձնվի եկեղեցական միավորին՝ թեմին, կամ էլ ուղղակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնին: Անգամ պետությունն է հնամենի վանքերն ու եկեղեցիները հանձնում ու վերադարձնում իրավատիրոջը, եւ այս լույսի ներքո այլ կեցվածք, համաձայնեք, որ ընկալելի չէ»: Արդեն 3 տարի Ծառուկյանի եկեղեցին հանձնված չէ «իրավատիրոջը», բայց Մայր Աթոռը, կարծես, չի նեղվում այս փաստից:   

Հրազդանի Վանատուր (նախկին Աթարբեկյան) թաղամասում 2013-ի օգոստոսի 23-ին թեմի առաջնորդն օծել է Ս. Գեւորգ եկեղեցին: Մարզկենտրոնի գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է (1881-1883 թթ.), որը նույնպես Վանատուրում է: Կոճոռ թաղամասում էլ գտնվում է 1861 թվականի Ս. Խաչ եկեղեցին, որը խոնարհումից հետո վերանորոգվել ու վերաօծվել է 2013-ի հոկտեմբերին: Ջրառատի Ս. Թուխ Մանուկի մասին վերեւում նշեցինք: Փաստորեն, Ս. Գեւորգը քաղաքի չորրորդ եկեղեցին է: Այն կառուցվել է մոսկվաբնակ վանատուրցի Գարիկ Առաքելյանի միջոցներով, ում միացել է նաեւ որդին՝ Գեւորգը: Եկեղեցին կրում է հենց նրա անունը: Ճարտարապետն Ա. Վիրաբյանն է, շինարարները՝ բջնեցի Համբարձումյանները՝ Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ: Ձեռնարկին աջակցել է նաեւ Արմեն Առաքելյանը, որը եկեղեցու քավորն է: Հրազդանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ չեն տիրապետում շինարարության ծախսերի մասին ինֆորմացիային: 

Դեռեւս 2011-ին գործարար Գագիկ Ծառուկյանը Նոր Հաճնի (9307 հոգի) բնակիչների խնդրանքով խոստացել էր եկեղեցի կառուցել: Բնակիչները հայտնել էին, որ եկեղեցի չունեն, սակայն կա դրա համար ընտրված վայր, իսկ համայնքի միջոցները չեն բավարարում: Նույն տարում կատարվել էր հիմնարկեքը՝ ձեռամբ Առաքել սրբազանի եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի: 4 տարի անց՝ 2015-ի հուլիսի 22-ին, Գարեգին Բ-ն օծեց նորակառույց Ս. Ամենափրկիչը:

Արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցին կառուցվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Օծման օրը կաթողիկոսի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան ստացան գործարարի ծնողները՝ Կոլյա եւ Ռոզա Ծառուկյանները:

Այս եկեղեցու ճարտարապետը եւս Արտակ Ղուլյանն է, ում 2013-ին շնորհվել էր վաստակավոր ճարտարապետի կոչում: Ս. Ամենափրկիչը Ղուլյանի 15-րդ եկեղեցին է:

Կոտայքի թեմի առայժմ վերջին նորակառույց եկեղեցին Գառնու (6910 բնակիչ) Ս. Խաչն է, որն օծվել է 2015-ի սեպտեմբերի 13-ին: Հովանավորը գառնեցի Աղասի Ալեքյանն է, ով բնակվում է Ռուսաստանում: Գառնեցիներն ասում են, որ Ալեքյանների այգին գտնվում է հին գերեզմանատան վրա, եւ նրանք պարբերաբար երազներ են տեսել, ինչից հետո որոշել են եկեղեցի կառուցել:

3 եկեղեցի դեռ կառուցվում է

Ներկայում թեմում կառուցվում է երեք եկեղեցի՝ Նոր Գեղիում, Եղվարդում, Բյուրեղավանում:

Նոր Գեղի համայնքը (5319 բնակիչ) 1986-ից ղեկավարում է Ֆրոնտիկ Թեւոսյանը, ինչը երեւի ռեկորդ է Հայաստանում: Բայց առավել հետաքրքիր է այն, որ գյուղապետն ապրում է իր անվան փողոցում: Գուցե զավեշտ է, բայց իրականություն է: Համայնքի կենտրոնական՝ Երեւանյան փողոցը անցյալ տարի անվանակոչվել է Թեւոսյանի անունով: Ըստ վերջինիս՝ դա, փաստորեն, ավագանու անդամների նվերն էր իր 70-ամյակին: 65-ամյակին էլ գյուղի երաժշտական դպրոցն էր ստացել տնտեսագետ Թեւոսյանի անունը: Լրագրողի հարցին, թե «Ձեր կլոր ամյակներին գյուղում մի բան Ձեր անունով է անվանակոչվում», համայնքի ղեկավարը պատասխանել է. «Դե, ամեն ինչ հաշվի է առնվում, հիմա էլ եկեղեցի է կառուցվում, եկեղեցին հարմար չի լինի, դե, լավ մշակույթի տուն ունենք... Չէ, մշակույթի տունը, զանգեցին, ասեցին, որ կենդանի մարդու անունով չեն նշում, ես էլ ասացի՝ դե, մեզ մոտ ճանաչված Խաչատրյան Ցոլակ կար, ինքը կառուցել էր այդ մշակույթի տունը...»:

Եկեղեցի կառուցելու միտքը ծագել է 2009-ին, շինարարությունը, ըստ գյուղապետի, ձգձգվել է ֆինանսական ճգնաժամի պատճառով: Ներկայացնում ենք «Հայկական ժամանակի» եւ Ֆրոնտիկ Թեւոսյանի զրույցից մի հատված նոր եկեղեցու մասին.    

-Եկեղեցու անունը ի՞նչ է լինելու:

-Սուրբ Հովհաննես եկեղեցի է, դա էլ իր պատմական նշանակությունը ունի, Ղալթախչիում (նկատի ունի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ համայնքը- «Հետք») մատուռ կա՝ սուրբ Հովհաննես (լուսանկարում), 60 թվից գնում-գալիս էինք, ոտքով հազիվ են գնում, գրած էր՝ Ծառուկյանից Հովհաննեսին: Ծառուկյանը 4 հատ աղջիկ ուներ, այդտեղ գնալուց հետո տղա է ունեցել, դրա համար այդ մեծ խաչքարը դրա կապակցությամբ դրել էր: Իսկ իմն էլ իմ ու քրոջս արանքում 2 եղբայր է մահացել եւ մի քույր, հայրս այն ժամանակ ուժեղ կոմունիստ էր, չէր հավատում ոչ մի բանի, մերս գողտու գնում է թուղթ նայողների մոտ, ասում են՝ պիտի տունը փոխեք եւ գնաք սուրբ Հովհաննեսում մատաղ անեք: Գնացինք, եղբայրս ծնվեց, անունը դրեցինք Հովհաննես: Ցոլակ Խաչատրյանը եկեղեցու մակետ ուներ, չհասցրեց կառուցել, էդ մակետը հասավ գյուղապետարանին, ես էլ որոշեցի՝ լավ, էս մակետը որ կա, մի հատ եկեղեցի կառուցենք:

-Ձեր միջոցներո՞վ եք կառուցում:

-Ցեմենտն ամբողջությամբ Ծառուկյանն է տվել, կողքից էլ մի թեթեւ աջակցել են, նու, 80 տոկոսով իմ հովանավորությամբ: Պատմություն է, էլի:

-Հիմա այդ եկեղեցին Ծառուկյանի տղայի անունո՞վ է Հովհաննես:

-Չէ, սուրբ Հովհաննես Լենինականի մոտի մատուռի (Հարթագյուղից Գյումրի մոտ 30 րոպեի ճանապարհ է- «Հետք»), սուրբ Հովհաննեսի գերեզմանն էլ այնտեղ է, գերեզմանի մոտից հողերը բերել ենք: Դա ոչ մեկի անունով էլ չի, սրբի անունով է:

-Այսինքն՝ Ծառուկյանն էլ է իր տղայի անունը այդ սրբի անունով դրել:

-Հա, որ գնացել է այնտեղ, եկել է, տղան ծնվել է, անունը դրել է Հովհաննես:

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն (11.672 բնակիչ) ունի Ս. Աստվածածին անունով եկեղեցի (1301 թ.), որը, սակայն, չափերով փոքր է մեծ արարողությունների համար: Ս. Սարգիս նոր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012-ին՝ Կոտայքի եւ Արարատյան Հայրապետական թեմերի առաջնորդների գլխավորությամբ: Ս. Սարգիսը խաչաձեւ հիմքով կենտրոնագմբեթ կառույց է լինելու: Գտնվում է քաղաքի արեւմտյան ծայրին՝ անավարտ ջրամբարի հարեւանությամբ: Ճարտարապետը Հրաչյա Գալստյանն է, իսկ հովանավորը՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, ով հիմնարկեքին մասնակցում էր ընտանիքով (տեսանյութում):

Չնայած այս ամենին՝ Առաքել սրբազանը «Հետքին» հայտնել է, թե հովանավորի մասին տեղեկություններ չունեն: Առնվազն տարօրինակ է, թե ինչու է արքեպիսկոպոսը խուսափում պատասխանից, երբ հիմնարկեքի ժամանակ միասին են եղել Գ. Խաչատրյանի հետ: Չնայած ճարտարապետ Գալստյանի փոխանցմամբ՝ եկեղեցին պատրաստ պիտի լիներ մոտ 3 տարուց, մինչ օրս կառուցումն ընթացքի մեջ է:

2013-ի օգոստոսի 18-ին՝ Վերափոխման տոնին, Բյուրեղավանում (9513 բնակիչ) կատարվել է Մարիամ Աստվածածնի անունը կրող նորակառույցի հիմնարկեքը՝ ձեռամբ թեմի առաջնորդի: Մինչ այս մարզի բոլոր քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն, Ծաղկաձոր) եկեղեցիներ են կառուցվել կամ արդեն իսկ եղել են գործող կառույցներ: Չնայած 2000-ին Բյուրեղավանում բացվել է Ս. Վարդան մատուռը, ըստ Առաքել սրբազանի, այն չի գործում: Քաղաքը երբեք եկեղեցի չի ունեցել:

Նորակառույցի հովանավորները ծնունդով Ջավախքից եղբայրներ Յուրա եւ Մխիթար Արոյաններն են, որոնք 28 տարի ապրել են Բյուրեղավանում, ապա տեղափոխվել Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ 2008-ին բացվել էր նրանց կառուցած Ս. Հռիփսիմե եկեղեցին: Հիմնարկեքը օրը Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հայտարարել է. «Բյուրեղավանի ավագանու որոշմամբ՝ այսուհետ այս տարածքում կատարվելու են բոլոր կարևոր միջոցառումները, իսկ օգոստոսի 18-ը նշվելու է որպես քաղաքի օր»:  

Թեմի նորակառույց մատուռները

Առաքել արք. Քարամյանի՝ «Հետքին» տրամադրած ցուցակի համաձայն՝ անկախությունից հետո թեմում 8 նոր մատուռ է կառուցվել, չնայած չի բացառվում, որ դրանք ավելի շատ լինեն: Մյուս կողմից՝ ներկայացված որոշ մատուռներ շատ ավելի հին հիմքեր ունեն:  

Ս. Վարվառա (գ. Բալահովիտ, Կույս Վարվառա անունով հայտնի մատուռն իրականում միջնադարյան կառույց է, որոշ տվյալներով՝ 9-14-րդ դդ., սակայն վերակառուցվել է 1999-ին Սամվել Գասպարյանի միջոցներով, ըստ թեմի առաջնորդի՝ չի գործում, ընդգրկված է Բալահովիտի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում),
Ս. Վարդան (ք. Բյուրեղավան, 2000 թ., գտնվում է քաղաքի արեւելյան եզրին, հովանավորը Վարդան Խանզադյանն է, չի գործում),
Ս. Հովվի (Ս. Հովվուց, Կապույտ խաչ, գտնվում է Հրազդանի Վանատուր թաղամասում, այստեղ եղել է Կապույտ խաչ անունով 9-րդ դարի մատուռ եւ 9-13-րդ դդ. գերեզմանատուն, հետագայում ավերված մատուռն այդպես է կոչվել տարածքում առկա մի խաչքարի անունով, որը, ըստ ավանդության, մարդկանց բուժել է կապույտ հազ հիվանդությունից, 1993-ին վանատուրցի Ռուբեն Գալստյանն Անիի Հովվի եկեղեցու նմանությամբ սկսել է կառուցել մատուռ՝ օգտագործելով Թորոս Թորամանյանի նախագծերը, շինարարությունն ավարտվել է 1996-ին, ըստ թեմի առաջնորդի՝ բացվել է 2000-ին, ընդգրկված է Հրազդանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում),
Ս. Խաչ (գ. Պտղնի, 2005 թ., հովանավոր՝ Սուրիկ Ասատրյան),
Ս. Նարեկ (գ. Կոտայք, 2006 թ., հովանավոր՝ Լենդրուշ Վարդանյան, չի գործում),
Ս. Գրիգոր Լուսավորիչ (գ. Զառ, 2008 թ., հովանավորներ՝ Վահագն, Սեւակ, Արսեն Սաֆարյաններ),
Ս. Աստվածածին (գ. Ձորաղբյուր, 2010 թ., հովանավոր՝ Ազատ Ստեփանյան),
Թուխ Մանուկ (գ. Արգել, 17-18-րդ դդ. կառույց է, որը վերանորոգվել է 1970-ականներին, սակայն 1990-ականներին խոնարհվել է, վերակառուցվել ու բարեկարգվել է արգելցի Արթուր Հակոբյանի միջոցներով, օծվել ու վերաբացվել՝ 2013-ի օգոստոսի 4-ին, ընդգրկված է Արգելի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում):

Առաջին լուսանկարում՝ Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Շարունակելի