
Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերականգնի ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «России-1»-ի լրագրողի Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է։ «Ամեն ինչում չէ, որ կարող ենք համաձայնել, որովհետև ՀԱՊԿ-ը պահպանում է իր պահանջվածությունը։ Բոլոր երկրները համակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման անհրաժեշտության հարցում»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ հենց այս ճանապարհով կշարունակվի աշխատանքը, «և մեր հայ բարեկամները ժամանակի ընթացքում կվերականգնեն իրենց մոտեցումը կազմակերպությանն ընդլայնված մասնակցության հարցում»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի էր ունեցել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների լարման ֆոնին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին, որ կազմակերպությունը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին մարտերի ժամանակ Երևանին օգնություն չէր ցուցաբերել:
Արդեն այս ամիս Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել էր օրակարգից հանել Հայաստանին օգնության հարցը, իսկ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցել էր, որ մտադիր չէ ժամանել Մինսկ։ Բելառուսի մայրաքաղաք չէին մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները՝ մասնակցելու իրենց պրոֆիլային հանդիպումներին։
Զուգահեռաբար, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Լուսանկարը՝ Natalia Kolesnikova/AFP/Getty Images
Մեկնաբանել