HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ստեփանակերտցի Ռոմանը Հայաստանում դպրոց չի կարողանում գնալ

9-ամյա Ռոման Բախշիյանը սենյակից միջանցք ներս ու դուրս է անում։ Ժամանակավոր կացարանի սենյակը փոքր է նրա համար։ Զբոսնելու, խաղալու տեղ չունի։ Հեռախոսով տեսանյութեր է դիտում, զուգահեռ երգում, ռիթմին համապատասխան ծափ տալիս։ Հայրը՝ Անդրանիկ Բախշիյանը, ասում է, որ որդին երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի։ Ստեփանակերտում երգի դասերի էր գնում, բայց հիմա հնարավորություն չկա։ Ռոմանի առօրյան առաջվանը չէ, նա ստիպված է ողջ օրն անցկացնել ժամանակավոր կացարանում։ Ռոմանն աուտիզմ ունի։ Նրա մոտ դա նկատվել է 3 տարեկանում։

Ստեփանակերտում հայրը նրան Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն էր տանում։ Ռոմանը դպրոց էր հաճախում, տարբեր պարապմունքների գնում։

Հիմա Ռոման Բախշիյանի ընտանիքը Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսումնական բազայի 320 համարի սենյակում է բնակվում։ Նրանք Արցախից Հայաստան են եկել Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո՝ վերջին ավտոբուսներից մեկով։ Վայքում գրանցվելուց հետո Անդրանիկին, մորը, որդուն, տատիկին և հորաքրոջը տեղափոխել են կացարան։ Նոյեմբերի 27-ին նրանց ասել են, որ դեկտեմբերի 1-ին պետք է ազատեն կացարանը։ Անդրանիկը վարձով տուն է գտել, բայց վարձը վճարելու գումար չունի։

«Մենք երբ նկատել ենք, որ իր մոտ խնդիր կա, սկսել ենք շատ լուրջ զբաղվել։ 3 տարեկանից, երբ իմացանք, որ աուտիզմ ունի, տարբեր տեղեր էինք դիմում։ Նախակրթարան, հետո՝ դպրոց, տարբեր զարգացնող խմբակների էր գնում։ Աշխատում էինք էնպես անել, որ մյուս երեխաներից հետ չմնա, դպրոցում իր հետ առանձին էին աշխատում, քանի որ ընդհանուր դասարանի հետ չէր կարողանում նստել, բայց իր հետ առանձին աշխատում էին ամեն օր։ Հիմա, երբ արդեն երկու ամիս է դպրոց չի գնացել, շատ եմ անհանգստանում, որ հետ կվարժվի ու էլ չի ուզի դպրոց գնալ»,- ասում է Ռոմանի հայրը՝ Անդրանիկը։

Ռոմանի խնամքով զբաղվում են հայրն ու տատը՝ Ռիման։ Ռիման նաև իր տարեց մոր՝ Ռոզա Պողոսյանի խնամակալն է։ Սենյակում 5 մահճակալ կա դրված, շարժվելու տեղ գրեթե չկա։ Անդրանիկն ասում է՝ Հայաստան տեղափոխվելուց հետո Ռոմանի վարքագծում բացասական փոփոխություն են նկատել՝ ավելի ագրեսիվ է դարձել։ Միջավայրի փոփոխությանը դեռ չի հարմարվել։ Կացարանում իրեն հասակակից չկա։ Հարևանները հիմնականում տարեցներ են։ Ռոմանը շփման կարիք ունի։

Անդրանիկը դիմել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է կացարան, հանդիպել Անդրանիկին ու Ռոմանին։ Տվյալները գրանցել են, բայց դեռ ոչ մի արձագանք չկա։

«Ես նաև շատ անգամներ ՄԻՊ աշխատակազմ եմ զանգել, բացատրել, որ բացի մեզնից՝ էստեղ մոտ 100 մարդ է ապրում, եղել է, երբ հեռախոսազանգերին չեն պատասխանել կամ ինչ-որ հստակ բան չեն ասել, բայց պետք է մեր հարցերով զբաղվեն։ Ես հասկանում եմ, որ պետությունն այդքան ուժ չունի՝ բոլորին 100 տոկոսով ապահովելու, բայց գոնե մինիմալ հարցերը՝ կացարանի, աշխաատանքի պետք է հոգալ, քանի որ մենք մարդիկ ենք, որ ամեն ինչ ենք կորցրել ու այսօր ձեռնունայն ենք մնացել։ Հիմա ես տուն եմ գտել, բայց չգիտեմ՝ ինչպես եմ վարձը տալու, ես ինքս էլ երրորդ կարգի հաշմանդամություն ունեմ»,- ասում է Անդրանիկը։

Նրան ամենից շատ մտահոգում է, որ Ռոմանը զրկվել է կրթության հնարավորությունից։ Աղավնաձորում Ռոմանի հետ աշխատող մասնագետ չկա, իսկ ամեն օր Հրազդան հասնելու հնարավորություն նրանք չունեն։ Անդրանիկը ցանկանում է, որ որդին շարունակի ուսումը։ Վարձով տունը, որ գտել է, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում է, բայց վարձի գումար չունեն։ Պետական աջակցությունն ընտանիքը մասամբ է ստացել։ 

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter