
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունում, Բլինքենը «շնորհակալություն է հայտնել նախագահ Ալիևին Ադրբեջանի ու Հայաստանի միջև ամուր ու ներկայացուցչական խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության համար»: ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ «վաղեմի հակամարտությունը տառապանքներ է բերել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին», ինչպես նաև նշել, որ խաղաղության պայմանագիրը «այս տարածաշրջանում ձեռնտու կլինի բոլորին»: Բացի այդ, Բլինքենն Ալիևի հետ քննարկել է նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, «նշել մտահոգության վերջին առիթները», ինչպես նաև անդրադարձել «համագործակցության ամրապնդման հնարավորություններին»:
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունից էլ պարզ է դառնում է՝ Ալիևը նշել է, որ «Միացյալ Նահանգների վերջին գործողությունները (նկատի ունի հայկական կողմին Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը, խմբ.) լուրջ հարված են հասցրել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին»։
«Պետության ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականի նոյեմբերի 15-ին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի ենթահանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի՝ Ադրբեջանի մասին հայտարարությունները կողմնակալ են, չեն արտացոլում ճշմարտությունը և մերժվում են Ադրբեջանի կողմից»- ասված է հաղորդագրության մեջ։
«Հարաբերությունների կարգավորման նպատակով պետքարտուղար Բլինքենը թույլտվություն է խնդրել դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի՝ Ադրբեջան այցի համար: Ալիևը համաձայնել է այդ առաջարկին՝ պայմանով, որ այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ մեկնելու անհիմն արգելքը: Պետքարտուղար Բլինքենը դրական է արձագանքել»,- շարունակում է ադրբեջանական կողմը։
Մեկ այլ հաղորդագրության մեջ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ Բլինքենը Փաշինյանի հետ զրույցում «քննարկել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության պայմանագրի հասնելու ջանքերին»: Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը հայտարարել է «Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու մասին» ու ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել