HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական»․ փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբորտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։

Պատասխանողների ներկայացուցիչներ փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը և Հարություն Հարությունյանն առարկեցին, որ դատական նիստը տեսա-լուսանկարահանվի։ Ավելին, Արամ Օրբելյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով։

Դռնփակության հարցը շուրջ 10 րոպե քննելուց հետո դատարանը որոշեց նիստը շարունակել դռնբաց ռեժիմով։ Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Օրբելյանը, դատարանը որոշել է գործի քննությունն իրականացնել մասնակի դռնփակ և մասնակի դռնբաց։ «Էնտեղ, որտեղ բանկային գաղտնիքի հարցեր կլինեն, կանենք դռնփակ, մնացած հարցերում՝ դռնբաց»,- դատարանի որոշումը մեզ փոխանցեց Օրբելյանը։

Դատական նիստին Օրբելյանը ներկայացրեց միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ գոյացել է ավելի քան 20 մլն դրամ պարտավորություն պետության նկատմամբ։ Այն ներառում է վերջին տարվա գույքահարկը և հողի հարկը, ինչպես նաև նախորդ երկու տարիներին հողի հարկի ծավալի վերահաշվարկի հետ կապված առաջացած հավելյալ պարտավորությունը։ Նշենք, որ խոսքը Քոչարյանին պատկանող, Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան գույքահարկի և այդ տարածքի հողի հարկի մասին է։

Օրբելյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արգելանք է դրված Քոչարյանին պատկանող մի շարք անշարժ գույքերի և դրամական միջոցների վրա՝ ավելի քան 21․5 մլրդ դրամի չափով։ Միայն արգելանք չի դրվել Քոչարյանի կենսաթոշակային հաշվի վրա, քանի որ այդ գումարը նախատեսված է կենսական կարիքները հոգալու համար, և օրենքը թույլ չի տալիս։

Քոչարյանի ներկայացուցիչը խնդրեց թույլատրել արգելադրված հաշիվներից 20 մլն դրամի չափով արգելանքը հանել, որ կարողանան պետության նկատմամբ պարտավորություններն մարել։

Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը չառարկեց միջնորդության դեմ։ Օրբելյանը գրավոր տարբերակով բանկային հաշվի համարը կփոխանցի դատախազին, դատախազն էլ իր գրավոր համաձայնությունը կտա։

Այն փուլում, երբ դատախազը պատրաստվում էր ներկայացնել հայցադիմումը, թե ինչ գույքեր են ցանկանում բռնագանձել Քոչարյանից և նրա ընտանիքից, փաստաբաններ Հարություն Հարությունյանը և Արամ Օրբելյանը հայտնեցին, որ իրենք լիարժեք չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին և խնդրեցին դատական նիստը հետաձգել՝ իրենց ժամանակ տալու համար։

Դատախազ Գևորգ Քոչարյանն առաջարկեց սկսել ներկայացնել հայցադիմումը և քանի որ աշխատանքային օրվա ավարտը մոտ էր, նա առաջարկեց՝ հաջորդ նիստին էլ ներկայացուցիչներն իրեն հարցեր ուղղեն։ Դատարանն ասաց, որ ամբողջությամբ պետք չէ հրապարակել հայցադիմումը, քանի որ և դատարանն է դրան ծանոթ, և կողմերը։ Ըստ Նարինե Ավագյանի՝ հայցի առարկայի հիմքը պարզելու են հարցերի միջոցով։

Որոշվեց նիստը հետաձգել։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ 14։00-ին։

Արամ Օրբելյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նախնական դատական նիստերի ընթացքում նպատակահարմար չեն գտել, որ նիստերը տեսագրվեն և լուսանկարահանվեն, որ անխոչընդոտ կարողանան աշխատել։ Լրագրողների հարցին, թե ինչով են խոչընդոտում լուսանկարահանումը և տեսանկարահանումը իրենց աշխատանքին, Օրբելյանն ասաց․ «Խոչընդոտում է, երբ կողմերը փորձում են ոչ թե դատավարական գործընթաց իրականացնել, այլ փորձում են այդ գործընթացը վերածել պայմանականորեն հանրության համար ինչ-որ գործընթացի»։

Օրբելյանի խոսքով՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում, որ բոլոր դատավարությունները պարտադիր պետք է ուղիղ հեռարձակվեն և «վերածվեն շոուի»։

Անդրադառնալով Դատախազության հայցադիմումին՝ Օրբելյանն ասաց․ «Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական է»։

Իսկ դրամական պահանջի մասին խոսելիս փաստաբանն ասաց, որ Քոչարյանի հաշիվների վրա չկա այնքան գումար, որքան արգելանք է կիրառել Դատախազությունը։ Մասնավորապես, ավելի քան 21․5 մլրդ դրամ ունենալու փաստը փաստաբանը հերքեց՝ ավելացնելով, որ հաշիվների վրա առկա գումարն ընդհանրապես այդ թվին մոտիկ չէ և շատ ավելի քիչ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման հետևյալ գույքերը՝

  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում. 
  • Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
  • Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
  • Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter