HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 77 մլն դրամի ավանդ ունի

Վարդան Մանուկյանը Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատում է հոկտեմբերի 20-ից: Նա քննչական երկրորդ վարչության քննիչ է: 28 տարեկան է, սակայն հասցրել է խոշոր գումարներ կուտակել: Մասնավորապես՝ Հայաստանի գործող բանկերում 77 մլն դրամ ավանդ է ներդրել:

Վարդան Մանուկյանը 2023թ. նոյեմբերի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր:

Ըստ ներկայացրած հայտարարագրի՝ քննիչ Մանուկյանը 6 բանկային ավանդ ունի՝ ընդհանուր 77 մլն դրամ: Ավանդներն առևտրային 4 տարբեր բանկերում են:

Վարդան Մանուկյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է մոտ 17 մլն դրամ եկամուտ, որից միայն մոտ 6 մլն դրամը ներդրած ավանդներից ստացված տոկոսագումարներն են:

Ինչ վերաբերում է Վարդան Մանուկյանի դրամական միջոցներին, ապա պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ բանկային հաշիվներում ունեցել է 703 հազ. դրամ:  Հայտարարագրել է կանխիկ գումար՝ 6 մլն 800 հազ. դրամ, 12 հազ. 200 ԱՄՆ դոլար և 3 հազ. եվրո:

Քննիչ Մանուկյանն անշարժ գույք չունի, իսկ 2023թ. մայիսին գնել է 2017թ. արտադրության «NISSAN» մակնիշի ավտոմեքենա:

Վարդան Մանուկյանն աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ապա Հատուկ քննչական ծառայությունում, Դատախազությունում:

77 մլն դրամ ավանդի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե: Մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը փոխանցեց, որ Վարդան Մանուկյանն ունեցել է անշարժ գույք, վաճառել է գույքը և այդ գումարն է ներդրել որպես ավանդ:

Նշենք, որ ներկայացված հայտարարագրից չի երևում, թե երբ է քննիչն իրեն պատկանող նման արժեքով գույքը վաճառել, իսկ այդ մասին այլ մանրամասներ մեզ չեն փոխանցվել։ Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն գույքի օտարման մեկ գործարքի մասին է նշված, որի արժեքը եղել է 5 մլն դրամ։

Հ.Գ. Մեր հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում էր տարածել այն մասին, որ Վարդան Մանուկյանը 2019թ. վաճառել է իրեն պատկանող երկու բնակարանները, որոնցից մեկը վերջինիս ծնողների կողմից ձեռք է բերվել 2006թ.՝ տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով, և 2010թ. բնակարանի սեփականության իրավունքը փոխանցվել է Վ. Մանուկյանին: Մյուս բնակարանը Վ. Մանուկյանին ծնողների կողմից փոխանցվել է նվիրատվության պայմանագրով՝ 2007թ. հոկտեմբերի 13-ին:

2019թ. նոյեմբերի 21-ին և նույն թվականի հուլիսի 9-ին վերը նշված երկու բնակարանները քննիչի կողմից վաճառվել են համապատասխանաբար՝ 49 մլն 500 հազ. և 13 մլն 400 հազ. ՀՀ դրամով: Դրանից հետո բնակարանների վաճառքից ստացված գումարները Վ. Մանուկյանը որպես ավանդ ներդրել է ՀՀ բանկերում:

Հարկ է նշել, որ մինչև հրապարակումը դիմել էինք Հակակոռուպցիոն կոմիտեին և նման մանրամասներ մեզ չէին հայտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter