
Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակները կտրամադրվեն դեկտեմբերից․ կվճարվի նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար
Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ կարգավորվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների հարցը։
Ներկայացվող նախագծի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրացման հստակեցումն է։ Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվի փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Որոշմամբ սահմանվում է, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործը առկա է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչ 2024 թվականի հունիսի 1-ը։
Դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու, բացառությամբ որոշ դեպքերի՝ մասնավորապես, երբ, օրինակ՝ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել։ ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվելու հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար՝ անկախ բժշկասոցիալական փորձաքննության մասին տեղեկատվական բազաներում տվյալներ լինել-չլինելու հանգամանքից։ Անկախ դիմելու եղանակից՝ կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում։ ԼՂ-ի կենսաթոշակային բազա ներառված կենսաթոշակի գործում առկա հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, և սա վերաբերում է Կենսաթոշակների մասին օրենքով նախատեսված բոլոր կենսաթոշակների տեսակներին։ Կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նախագծով առաջարկվում է սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեբերի 31-ը, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, այդուհանդերձ մինչև 2028 թվականը դիմելու դեպքում ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո կենսաթոշակի նշանակման գործընթացը տեղի կունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակ կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Օրինակ՝ եթե անձի 63 տարին լրացել է 2023-ի սեպտեմբերի 15-ին և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հաշված եռամսյա ժամկետում ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմեբրի 1-ից։
Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է ներկայացնեն առցանց դիմում, որը երկու նպատակ ունի։ Անձը կարող է ինքը ընտրել այն բանկը, որից ցանկանում է ստանալ կենսաթոշակը։ Եթե անձը ԼՂ-ում բանկի միջոցով էր ստանում կենսաթոշակը, ապա այդ տեղեկատվությունը կօգտագործվի կենսաթոշակը փոխանցելու համար։ Կենսաթոշակ ստանալու համար անձը պետք է ունենա ՀՀ հաշվառում։ Իսկ այն անձինք, որոնց կենսաթոշակի իրավունքը նոր է առաջացել՝ ԼՂ-ում կամ բռնի տեղահանումից հետո, ապա իրենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ներկայացնեն դիմում։
«Այս դեպքում էլ անկանխիկ վճարման կանոնները գործում են, և բոլորը, արդեն ենթադրվում է, որ ունեն բանկային քարտեր և այս առումով էլ խնդիրներ չեն առաջանա»,- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել