HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք չենք հասել ցանկալի արդյունքների». Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատերազմն անցնում է հաջորդ փուլ:

«Մենք պատերազմի նոր փուլ ունենք, և դա փաստ է։ Ձմեռն ընդհանուր առմամբ պատերազմի նոր փուլ է»,- ասել է Զելենսկին` Խարկովում Associated Press-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք Զելենսկին գոհ է ուկրաինական հակահարձակման արդյունքներից, նախագահն այսպես է պատասխանել.

«Տեսե՛ք, մենք չենք նահանջում, ես գոհ եմ։ Մենք կռվում ենք աշխարհի երկրորդ (լավագույն) բանակի դեմ, ես գոհ եմ։ Մենք կորցնում ենք մարդկանց, ես գոհ չեմ. մենք չենք ստացել այն բոլոր զենքերը, որոնք ցանկանում էինք, ես չեմ կարող գոհ լինել, բայց և չեմ կարող շատ բողոքել։ Մենք ուզում էինք ավելի արագ արդյունքներ (նկատի ունի հակահարձակման): Այս տեսանկյունից, ցավոք, մենք չենք հասել ցանկալի արդյունքների։ Եվ դա փաստ է»։ 

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը դաշնակիցներից չի ստացել բոլոր անհրաժեշտ զենքերը, իսկ Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակ թվաքանակը թույլ չի տալիս արագ հարձակում իրականացնել: «Բավարար ուժ չկա, որպեսզի ավելի արագ հասնենք ցանկալի արդյունքների։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք»,- հավելել է Զելենսկին։

Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակումը սկսել են 2023 թվականի ամռանը։ Հունիսի երկրորդ կեսին Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ հարձակումն ընթանում է «ավելի դանդաղ, քան ցանկալի էր»։ Խոսելով պատճառների մասին՝ Զելենսկին նշել է, որ ուկրաինական զինուժի շարժին խանգարում են նաև հսկայական ականապատ դաշտերը։ 

Սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարեցին, որ հարավային ռազմաճակատում ճեղքել են ռուսական զորքերի պաշտպանական գծերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի սկզբին մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, հայտարարել էր, որ «առայժմ արդյունքներ չկան, կան միայն հսկայական կորուստներ»:

Հոկտեմբերի սկզբին ՌԴ զինված ուժերը հարձակման անցան Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել էին, որ ռուսական ուժերը փորձում են շրջափակել քաղաքը, որտեղ ուկրաինական բանակը դեռևս 2014 թվականին ամրաշրջան էր ստեղծել: Ուկրաինայի զինված ուժերում պնդում էին, որ ռուսական բանակը Ավդեևկայի գրոհի մեկ ամսվա ընթացքում 10 հազար մարդ էր կորցրել։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի զորքերն ամենամեծ կորուստներն են կրել։

Լուսանկարը՝ Handout / UKRAINIAN PRESIDENTIAL PRESS SERVICE / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter