HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակայնությունը համաձայն չէ անտառային սեկտորում Համաշխարհային բանկի վարած քաղաքականության հետ

Համաշխարհային բանկը տեղեկատվություն տարածեց հասարակայնության հետ ENPI-FLEG ծրագրի ներկայացուցիչների' ապրիլի 12-ի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Սոցիալական ցանցերում ի հայտ եկան մասնակիցների արձագանքները, որոնք վկայում են այն մասին, որ տեղեկատվությունը չի արտացոլում Հայաստանի անտառային սեկտորի վերաբերյալ Համաշխարհային բանկի վարած քաղաքականության վերաբերյալ հասարակայնության արտահայտած դիրքորոշումը:

ENPI-FLEG միջազգային ծրագիրն ուղղված է անօրինական հատումների դեմ պայքարին եւ անտառային ոլորտում բարեփոխումների անցկացմանը, եւ իրականացվում է 6 երկրներում, այդ թվում եւ Հայաստանում: ENPI-FLEG ծրագրի գործընկերներն են' Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):

Հանդիպումը կայացավ հասարակայնության խնդրանքով: Մասնակցեցին ENPI-FLEG-ի տարածաշրջանային տնօրեն Էնդրյու Միտչելլը, Համաշխարհային բանկի խորհրդատու Նիլս Յունգեն, Հայաստանում Համաշխարհային բանկից ENPI-FLEG-ի համակարգող Արտավազդ Հակոբյանը, ինչպես նաեւ հասարակայնության ներկայացուցիչներ' Նազելի Վարդանյանը («Հայաստանի անտառներ» ՀԿ), Հակոբ Սանասարյանը (Հայաստանի կանաչների միություն), Աիդա Իսկոյանը (Էկոլոգիական իրավունքի կենտրոն), Դոլորես Կապանցյանը («Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա), Հասմիկ Ասլանյանը («Շողեր» ասոցիացիա), Գոհար Ղազինյանը (ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակ), երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, Ինգա Զարաֆյանը («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ):

Հասարակայնության եւ Համաշխարհային բանկի դիրքորոշումների գլխավոր հակասությունն այն է, որ Համաշխարհային բանկին հուզում է բացառապես անօրինական հատումների խնդիրը եւ հարկերից անտառօգտագործման միջոցների թաքցնելը: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է Համաշխարհային բանկը, եթե հարկերից թաքցված անտառահատումների ծավալը հասցվի իրական ծավալի, ապա խնդիրը կլուծվի:

Հասարակայնությունն էլ կարծում է, որ գլխավոր խնդիրը անտառների ոչնչացումը չթույլատրելն է, որոնք Հայաստանում բացառապես պաշտպանիչ գործառույթ են իրականացնում եւ արդյունաբերական նշանակության անտառներ չեն: Հետեւաբար, հարկավոր է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան հաշվի առնել մարդկանց պահանջմունքները, որոնք ստիպված օգտվում են անտառօց որպես վառելանյութից, բայց թույլ չտալ անտառի ոչնչացումը բիզնեսի նպատակների համար:

Հակոբ Սանասարյանը կարծիք հայտնեց, որ խնդիրը, որը կենտրոնացել է հատումների օրինականացման վրա, արհեստական է եւ չի արտացոլում իրական խնդիրը' անտառի պաշտպանությունը: «Դուք միլիոնավոր դոլլարներ եք տալիս Ընդերքի մասին նոր օրենսգրքի ստեղծման համար, բայց այդ գումարները գնում են ի վնաս անտառի, քանի որ նոր օրենսգրքում անտառային հողերն առանց դժվարությունների կարող են տրվել հանքարդյունաբերությանը: Դա միեւնույն ձեռքն է, որը մեծացնում է հատումները եւ քչացնում է անտառային տարածքները»:

Նազելի Վարդանյանը բարձրացրեց կայուն անտառօգտագործման իրական մեխանիզմների հարցը: «Արդեն 10 տարի է, ինչ գիտենք, թե ինչպես է պետք այդ խնդիրները լուծել: Մենք ընդունել ենք Անտառային քաղաքականություն եւ ռազմավարություն, Անտառների վերաբերյալ ազգային ծրագիր, Անտառային օրենսգիրք, առաջարկություններ արեցինք ներկրվող եւ արտահանվող փայտի մաքսավճարների փոփոխության վերաբերյալ, բայց փաստաթղթերը չեն աշխատում, առաջարկությունները չեն ընդունվում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր կողմից ընդունված փաստաթղթերը գործեն»:

Գոհար Ղազինյանը նշեց, որ անհրաժեշտ է անցկացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Բնական ռեսուրսների կառավարում եւ աղքատության նվազում» վարկային ծրագրի մոնիտորինգ, որի համաձայն ընդունվել են անտառային տարածքների, այդ թվում նաեւ հատուկ պահպանվող տարածքների' «Սեւան» եւ «Դիլիջան» ազգային պարկերի մենեջմենթ պլանները:

Մարիամ Սուխուդյանը հարց բարձրացրեց Անտառային մոնիտորինգի կենտրոնի գործունեության մասին: «Մենք կենտրոնի հետ Գուգարքում ստուգումներ անցկացրեցինք եւ հայտնաբերեցինք 200-ից ավելի անօրինական հատված ծառ: Բայց կենտրոնի տեղի աշխատակիցները ոստիկանության հետ մեզ վրա ճնշում գործադրեցին, որպեսզի մենք չհայտարարենք այդ թվերը»: Ի պատասխան Արտավազդ Հակոբյանն ասաց, որ իրենց զբաղեցրած պաշտոններից մարդիկ են ազատվել, եւ որ մոնիտորինգի դաշտային խմբերը բաց են թողնվել:

Էնդրյու Միտչելլի խոսքերով' հասարակայնության մասնակցությունը ցուցանիշն է այն բանի, թե ինչպես պետք է պայքարել անօրինական հատումների դեմ: Այդ կապակցությամբ Գոհար Ղազինյանը նկատեց. «Ստացվում է, որ պետական ծառայությունները չեն կարողանում պայքարել, եւ նրանց փոխարեն դա պետք է անեն ակտիվիստները»: Էնդրյու Միտչելն ընդգծեց, որ շատ երկրներում է նման իրավիճակ, եւ պետք է աստիճանաբար լավացնել իրավիճակը:

Հասարակայնությանը չի գոհացնում այն, որ Համաշխարհային բանկը շրջակա միջավայրը դիտում է որպես պոտենցիալ ռեսուրս: Էնդրյու Միտչելը նշեց. «Մենք գործում ենք այնպես, որպեսզի ունենանք անտառների կայուն կառավարում: Հնարավոր չէ, որպեսզի մենք հետապնդենք այլ քաղաքականություն, եթե դա կայուն կառավարում չէ: Եւ մեզ հետաքրքիր է, թե կան այնպիսի խնդիրներ, որոնք նպաստում են անօրինական հատումների ոչ կայուն կառավարմանը»:

Իսկ խնդիրներ, անխոս, կան: Անօրինական հատումների դեմ պայքարը ձեռք է բերում տարօրինակ բնույթ: Մի կողմից խստացվում են պատժիչ միջոցառումները: Տուգանքների չափերն այնպիսին են, որ անտառապետը, ով պատասխանատու է անտառի պահպանման համար, կարող է մի քանի հատված ծառի համար զրկվել տարեկան աշխատավարձից, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածի տակ ընկնել: Մյուս կողմից կառավարությունն ամեն տարի կրճատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բյուջետային ֆինանսավորումը, եւ «Հայանտառ»-ն իր գոյությունը պահպանում է անտառի վաճառքի հաշվին:

www.ecolur.org                                         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter