HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գագիկ Խաչատրյանի գործով նիստը կրկին հետաձգվեց․ դատարանի պետքարանները համատեղելի չեն նրա առողջական խնդիրներին

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր հերթական անգամ հետաձգվեց։

Նիստին Գագիկ Խաչատրյանը ներկայացել էր ձեռնափայտով, դիմակով։ Նա ամբողջ ընթացքում կանգնած էր, ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի, առողջական խնդիրները թույլ չեն տալիս, որ նստի։ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված՝ պաշտպանական կողմը նույնիսկ չցանկացավ, որ լրագրողները լուսանկարեն իրենց։

Ներկա էր նաև Կարեն Խաչատրյանը, սակայն վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը չէր ներկայացել դատարան՝ այլ գործով ծանրաբեռնված լինելու պատճառով։ Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին նիստը հետաձգել Ամրամ Մակինյանի ներկա չլինելու պատճառով։ 

Դատախազ Գևորգ Սարգսյանը առարկեց միջնորդության դեմ, քանի որ դատարանի դահլիճում էր գործում որպես վկա ներգրավված «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որին կարելի է հարցաքննել այս նիստին։ Դատախազի համոզմամբ՝ Սեդրակ Առուստամյանի տված ցուցմունքը որևէ առնչություն չունի Կարեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ուստի Ամրամ Մակինյանի ներկայությունը պարտադիր չէ։

Դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց նիստը շարունակել, լսել Սեդրակ Առուստամյանի ցուցմունքը, ապա՝ հետաձգել։

Երեմ Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց դատարանի որոշման հետ կապված, ապա հայտարարեց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում։ Մինչ կներկայացներ միջնորդությունը՝ Երեմ Սարգսյանը հայտնեց, թե Գագիկ Խաչատրյանն իրեն լավ չի զգում և խնդրեց 5 րոպեով ընդմիջել դատական նիստը։

Ընդմիջումից հետո Երեմ Սարգսյանը դատարանի դահլիճ ներկայացավ առանց Գագիկ Խաչատրյանի։ Նա ինքնաբացարկի միջնորդությունն էլ չներկայացրեց՝ խնդրելով անցնել դռնփակ ռեժիմի, քանի որ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված հայտարարություն ունի անելու։

Մոտ 10 րոպե անց դահլիճի դուռը բացվեց, և հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է։

Երեմ Սարգսյանը մեզ պարզաբենեց․ «Առողջական վիճակով պայմանավորված՝ Գագիկ Խաչատրյանն ի վիճակի չէր շարունակել մասնակցել նիստին այսօր։ Այս պահին նաև պետքարանից օգտվելու կարիք կար, որը հարմարեցված չէ նման հիվանդություններ ունեցող անձանց համար»։ 

Դատախազ Գևորգ Սարգսյանը, սակայն, կարծում է, որ այսօրվա նիստի հետաձգումը պաշտպանության իրավունքի հերթական չարաշահումն էր։ «2023 թվականի ընթացքում արդեն 13-րդ կամ 14-րդ դատական նիստն է, որ հետաձգվում է։ 11 կամ 12 նիստ Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ հետաձգվել է, սա 3-րդ դատական նիստն էր, որին ներկայացել էր Գագիկ Խաչատրյանը, սակայն տեսաք, թե ինչպիսի գործելաոճ կրկին դրսևորվեց պաշտպանության կողմից, ինչը անընդունելի է, պաշտպանության իրավունքի չարաշահման դասական դրսևորում է»,- ասաց դատախազը։

Գևորգ Սարգսյանը հայտնեց, որ այս գործելաոճի դեմ դատախազության կողմից ձեռնարկվել էին համապատասխան միջոցներ, սակայն նիստը կրկին հետաձգվեց և հնարավորություն չեղավ, որ ներկայացնի իր միջնորդությունը։ Դատախազը չցանկացավ մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը։ 

Խաչատրյանի պաշտան Երեմ Սարգսյանի խոսքով՝ Դատախազությունը ակնհայտ ապօրինի է վերաբերվում մարդու իրավունքների հետ կապված հարցերին։ Դատական նիստերի ձգձգումները, ըստ պաշտպանի, Դատախազության մեղքով են։

«Երբ նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանին զանգել, կանչել են, այդ ժամանակ ինքը արտասահմանում վիրահատվել էր և հետվիրահատական բուժում էր ստանում, Խաչատրյանը թողել է բուժումը, վերադարձել, հարցաքննվել է։ Դրանից հետո, երբ կարիք կար, որ գնար շարունակեր հետվիրահատական բուժումը, միջնորդություն ներկայացրինք, որ թույլ տան, ուղիղ ասում եմ, թե ինչ պատասխանեցին մեզ․ «Հետաձգում ենք ձեր միջնորդության քննությունը, մինչև էական հանգամանքների պարզումը»»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ էական հանգամանքների պարզումն իրենից ենթադրում է հարցում կատարել Առողջապահության նախարարին, որ ստանան եզրակացություն՝ արդյոք ունի՞ բուժման կարիք, թե՝ ոչ, և  եթե ունի, Հայաստանում հնարավոր է, թե՝ ոչ։ Պաշտպանը պատմում է, որ եզրակացությունը հաստատել է, որ Խաչատրյանն ունի արտասահմանում բուժման կարիք։ «Ի՞նչ պետք է անի ցանկացած օրինապահ դատախազ, ցանկացած օրինապահ քննիչ, եթե կաշկանդված չի որևէ բանով․ միանգամից պետք է միջնորդությունը բավարարի։ Իրենք դա չարեցին, դրանից հետո ձերբակալեցին ու կալանավորեցին»,- ասաց Սարգսյանը։

Արտասահմանում գտնվող բժիշկը, ըստ պաշտպանի, մշտապես տեղեկացրել է, որ եթե հետվիրահատական բուժումը չստանա, նոր վիրահատության կարիք կառաջանա, եթե նոր վիրահատությունը չկատարվի, ներքին օրգանների հետ կապված այլ խնդիրներ կառաջանան։ Այդպիսի խնդիրներ առաջացել են, քանի որ տարիներ շարունակ թույլ չեն տալիս, որ Խաչատրյանը մեկնի արտասահման, ասում է Երեմ Սարգսյանը։

«Վերջին բուն փորձաքննությունը դատարանում է կատարվել, երբ միջնորդեցինք, որ թույլ տան Գագիկ Խաչատրյանը մեկնի արտերկիր վիրահատության, դատարանը կրկին հետաձգեց, մինչև էական հանգամանքների պարզումը»,- ասում է պաշտպանը՝ հավելելով, որ էական հանգամանքների պարզումը կրկին նույն բանն է ենթադրում։ Մեկ տարի անց եզրակացությունը ստանում են, ինչը կրկին հաստատում է բուժման անհրաժեշտությունը։

Երեմ Սարգսյանն ասաց, որ այս գործով վաղեմության ժամկետների խնդիր բացարձակ չկա, քանի որ այդ ժամկետները շատ հեռու են։ Նրա համոզմամբ՝ այս իրավիճակի լուծման միակ ճանապարհը այն է, որ թույլ տան Խաչատրյանը մեկնի վիրահատվի և հետ գա։ 

«Այս ամեն ինչը Եվրոպական դատարանի համար լրջագույն խախտումներ են, սա խոշտանգման ամենադասական ձևն է։ Ու այսօր իրենք իրենց մեղքը փորձում են բարդել մեր վրա»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ում այս մասին բողոք ունեն, որ խոշտանգման հիմքով վարույթ է ընդունվել և քննությունը դեռ շարունակվում է։ 

Երեմ Սարգսյանը, խոսելով դատախազության այն մտահոգության մասին, որ հնարավոր է Խաչատրյանը գնա և չվերադառնա, ասաց, որ նման մտահոգություն ունենալու պատճառ չկա, քանի որ առաջին անգամ զանգել են և վերադարձել է, նաև թեև վիրահատության չեն թողել, բայց երբ կարճաժամկետ բուժման են թույլ տվել գնա, գնացել և վերադարձել է։ Բացի այդ՝ պաշտպանի պնդմամբ՝ ընտանիքը, որդիները Հայաստանում են, նաև գրավ կա կիրառված։ 

Իսկ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը Երեմ Սարգսյանը կներկայացնի հաջորդ դատական նիստին։

Գագիկ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է Հայաստանի  պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 373 մլն դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը։

Իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ աշխատակիցների՝ մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը ՀՀ քաղաքացի Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ, զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016թթ. ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը։

Ավելին, նույն ժամանակահատվածում մաքսային տեսուչներ Տիգրան Գնունու Մամիկոնյանի, Կարեն Ռաֆայելի Հակոբյանի, Արմեն Աշխարհաբեկի Մկրտչյանի, Վարդան Լորիկի Արշակյանի, Կարեն Վաչիկի Խաչատրյանի և Մկրտիչ Ռոբերտի Վարդանյանի աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ, անձամբ ստորագրել է ՀՀ ՊԵԿ իրականացված կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1471-Ն որոշմամբ սահմանված իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավահարաբերությունների վրա ազդող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց հաճախումների վերաբերյալ տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել է աշխատավարձի գումարներ:

Խաչատրյաններն իրեն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Գագիկ Խաչատրյանը մեկ տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ազատ է արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter