
«Հեզբոլահը կոչնչացնի Լիբանանը, եթե պատերազմի մեջ մտնի Իսրայելի դեմ». Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լիբանանյան Հեզբոլահ շարժմանը կրկին զգուշացրել է չմտնել Իսրայելի դեմ պատերազմի մեջ: Նա սպառնացել է, որ դա կհանգեցնի Լիբանանի կործանմանը:
«Մենք հյուսիսում և հարավում կվերականգնենք անվտանգությունը: Եթե Հեզբոլահը սխալվի և լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, ապա իր ձեռքերով կոչնչացնի Լիբանանը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Ինչպես հայտնել է Իսրայելի վարչապետը, ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ-խմբ.) հյուսիսում մշտապես գործում է Հեզբոլահի դեմ։ Նեթանյահուն հայտարարել է, որ բանակը «ոչնչացնում է ահաբեկչական ջոկատները, նրանց ավելի հեռու է մղում սահմանից, ոչնչացնում է սպառազինությունը»: Նա խոստացել է շարունակել զսպել Հեզբոլահին՝ Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ:
Գազայի հատվածում Իսրայելի դեմ պատերազմում Հեզբոլահը աջակցում է ՀԱՄԱՍ-ին: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի խոսքով՝ հակամարտության վերսկսումից ի վեր Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 հրթիռ։ ՑԱԽԱԼ-ը պատասխան հարվածներ է հասցրել։
Դեկտեմբերի 1-ին Գազայի հատվածում դադարել էր գործել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը, որը սկսել էր գործել նոյեմբերի 24-ից: Կողմերը միմյանց մեղադրել էին պայմանավորվածությունները խախտելու մեջ։
Լուսանկարը՝ Amos Ben Gershom/GPO
Մեկնաբանել