HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ինչ փուլում է վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատաքննությունը

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեց վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։

Այս քրեական գործը ձգվում է արդեն 1 տարուց ավելի, և դատական քննությունն ավարտական փուլում է։ Գործով ամբաստանյալի աթոռին է ավտոմեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։

Այսօրվա նիստին շարունակվեց նախորդ նիստում սկսված դատաավտոտեխնիկ-փորձագետի հարցաքննությունը՝ իրականացրած փորձաքննության վերաբերյալ։ Հարցաքննությունն, ընդհանուր առմամբ, անցավ լարված մթնոլորտում։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը և ամբաստանյալի պաշտպաններ Ռուբեն Բալոյանը և Զարուհի Վարդանյանը պարբերաբար առարկում էին հնչող հարցերի դեմ՝ տարբեր պատճառաբանություններով․ «Հարցը չի վերաբերում փորձաքննությանը», «Հարցը պատասխան է պարունակում», «Հարցի միջոցով ճնշում է գործադրվում փորձագետի նկատմամբ» և այլն։

Փորձաքննության արդյունքները

Րաֆֆի Ասլանյանը լրագրողներին հայտնեց, որ փորձաքննությամբ բոլոր հարցերին տրվել են առավել քան սպառիչ պատասխաններ։ «Փորձագետը հերթական անգամ իր ցուցմունքում պնդեց և՛ իր կողմից կիրառված փորձագիտական մեթոդների արժանահավատությունը, և՛ կիրառված գրականության ընդունելիությունն ու վերաբերելիությունը տվյալ իրավիճակներին»,- ասաց Ասլանյանը՝ համոզմունք հայտնելով, որ պաշտպանական կողմը հաջորդ նիստին ներկայացնելու է միջնորդություն՝ կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ։ Ասլանյանը բնական է համարում պաշտպանական կողմի այս վարքագիծը՝ պաշտպանության մարտավարության տեսանկյունից, բայց իր համար ակնհայտ է, որ կրկնակի փորձաքննության հիմքեր չկան։

«Դատաավտոտեխնիկական բնագավառի փորձագետները հստակ նշել են, որ վրաերթի կատարմանն առաջին հերթին նպաստել է արագությունը։ Այսինքն՝ վարորդը, երթևեկելով սահմանված արագությունը գերազանցելով, ինքն իրեն զրկել է վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը՝ հավելելով, որ միայն այս եզրակացությունը բավարար է։ «Փորձագետն արձանագրել է, որ ՃՈ ավտոմեքենայի վարորդն ունի մեղավորություն»,- ասաց տուժողի ներկայացուցիչը։ 

Սակայն ամբաստանյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ փորձաքննությունն օբյեկտիվ չէ։ «Փորձաքննությունը մեկ օր է տևել․ դա «պատմական փորձաքննություն» է, մեկ օրում ոչ մի փորձաքննություն չի կատարվում։ Առաջին օրվանից էլ ես ասում եմ՝ այդ եզրակացությունն օբյեկտիվ չէ, ելակետային տվյալները սխալ են ներկայացված»,- ասաց նա՝ հավելելով, որ իր այս կարծիքը պնդելու է։

Նրա խոսքով՝ օբյեկտիվ չէ, քանի որ փորձ է արվում ի վնաս Արամ Նավասարդյանի՝ ելակետային տվյալներ տրամադրվեն փորձագետին, որ Նավասարդյանի մեղավորությունը հաստատվի։ Նրա խոսքով՝ Սոնա Մնացականյանն անցել է ավտոմեքենայի դիմացով, ապա հետ գնացել։ «Փորձաքննության մեջ ընդհանրապես հաշվի չի առնվել, որ ինքը (Սոնա Մնացականյանը, խմբ․) հետ է գալիս, իսկ դա պարտավոր են և՛ նախաքննության մարմինը, և՛ փորձագետները, և՛ դատարանը հաշվի առնել»,- ասում է Բալոյանը։

Նա այսօրվա նիստին հարց ուղղեց փորձագետին, թե ինչո՞վ է ղեկավարվում՝ որպես փորձագետ, ո՞րն է նրա համար առավել պարտավորեցնող, և արդյոք դատախազի ցուցումը կամ քննիչի որոշումն են իր համար կարևոր, թե ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնները)։ Բալոյանի այս հարցը մնաց անպատասխան, քանի որ չէր վերաբերում բուն փորձաքննությանը։

«Մեքենայի դիմացից անցել է, կանգնել է։ Կանգնելուց բացի՝ փոխանակ արագ ճանապարհն ազատի (դա կանոնների պահանջն է), մոտ 1․5 մետրի չափով հետ է եկել, դրա համար էլ այդ վրաերթը տեղի է ունեցել»,- շարունակեց Բալոյանը։

Սոնա Մնացականյանի հայրը, որը ևս եկել էր դատարան, նիստից հետո խոսելով դատաքննության մասին՝ անդրադարձավ նաև այս հանգամանքին․ «Պատկերացնու՞մ եք, տեսնեք, որ այդ արագությամբ մեքենան ձեզ հարվածում է։ Մտածել է երևի մեքենան իր առջևից պետք է անցներ, դրա համար հետքայլ է կատարել»։ Հոր կարծիքով՝ փողոցում անվտանգությունը փնթի ձևով է կազմակերպվել։ «Ռուսերեն մի բառ կա՝ բարդակ է եղել։ Մի հատ տեսուչ է եղել, որը չի կարողացել ապահովել հետիոտների տեղաշարժը, մեքենաների կանգ առնելը»,- ասաց Մնացական Մնացականյանը՝ մանրամասնելով, որ Լեո փողոցից մեքենաները կանգնել են լուսացույցի ազդանշանի տակ, ոչ թե տեսուչի ցուցումով։ Սոնա Մնացականյանը ևս հետիոտների համար նախատեսված լուսացույցի ցուցումով է հատել փողոցը։

Ամբաստանյալ Արամ Նավասարդյանի պաշտպանը մեզ հայտնեց նաև, որ դատախազն իրենց՝ պաշտպանական կողմի փորձաքննությանն առաջադրած հարցերը հանել է․ «Մենք էլ, չէ՞, իրավունք ունենք փորձաքննությանը հարց առաջադրենք։ Դատախազն իրավունք ունի՞ փորձագետին առաջադրված իմ հարցերը հանելու։ Իհարկե չունի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս առումով դատարանի անդրադարձի մասին դեռ վաղ է խոսելը։ 

«Գործի ընթացքն անհարկի է ձգձգվել»

Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասում է, որ այս դատական գործն անհարկի է ձգձգվել։ «Հարցաքննվեցին, եթե չեմ սխալվում, 22 վկաներ, մինչդեռ իմ կարծիքով՝ այդ վկաների հարցաքննությունն առհասարակ որևէ նշանակություն չունի սույն քրեական վարույթի համար, որովհետև վկաները ոչ թե կոնկրետ դեպքի ականատեսներ էին, այլ բժշկական հաստատության աշխատակիցներ, տվյալ վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերած աշխատակիցներ և այլն, իսկ դեպքն ամբողջությամբ տեսագրված էր, այսինքն՝ վկաների կարիք չկար»,- ասաց Ասլանյանը։

Սոնա Մնացականյանի հայրն էլ հայտնեց, որ վկաների 95-96%-ը ՆԳՆ աշխատակիցներ են եղել, մեղադրյալի բարեկամներ։ «Անհասկանալի է, թե ինչ վկայություն պետք է տային նրանք, որ օգներ գործին»,- ասում է հայրը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ միակ և վերջին խոսակցության ժամանակ վարչապետը խոստացել է, որ արդար դատաքննություն կլինի, մեղավորները կպատժվեն, սակայն, ըստ Մնացական Մնացականյանի, եթե դատավարությունը շարունակվի ձգձգվել, ապա կմտածի, որ ինչ-որ ցուցում կա։ «Միայն վարչապե՞տն է քաղաքացի, անցորդը քաղաքացի չէ՞, նրա անվտանգությունն ո՞վ պետք է ապահովեր»,- ասում է Սոնա Մնացականյանի հայրը։

Ըստ նրա՝ փողոցը նույն իրավիճակում հատել է Սոնայից կես մետր առաջ գտնվող կինը։ Պարզապես Սոնայի առջևից հատել և անցել է Լեո փողոցից եկած մի մեքենա, որը, հոր պնդմամբ, եթե չանցներ, ապա Սոնան այդ կնոջ պես կհասցներ անցնել փողոցը։ 

Մնացական Մնացականն ասում է՝ այդ կինը չի հայտնաբերվել և ցուցմունք չի տվել։ «Այնտեղ բազմաթիվ մարդիկ կային՝ փողոցում գտնվողները, կողքի հիմնարկներում աշխատողները, որ պատրաստ էին ցուցմունք տալ․ ոչ մեկը չի հրավիրվել»,- ասաց հայրը՝ հավելելով, որ նախաքննական մարմինն իր աշխատանքը լավ չի կատարել։

Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հիշատակեց նաև վկայություններից մեկը, որը, ըստ նրա, կեղծ է եղել։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, տեսագրությունում երևում է, որ երբ վրաերթը տեղի է ունեցել, լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո այնտեղ կանգնած է եղել Nissan x trail մակնիշի մեքենա։ Այնուհետև Սոնա Մնացականյանն անցել է այդ մեքենայի դիմացով և մտել շարասյան երթևեկելի գոտի։ Որպես վկա՝ հարցաքննվել է այդ մեքենայի վարորդը։ Պարզվել է, որ վերջինս Պետական պահպանության ծառայությունից է եղել, ինչը զարմանք է պատճառել տուժող կողմին։ 

Ասլանյանը պատմում է՝ այդ վարորդը դատարանում ասել է հետևյալը․ «Ես տեսա, որ խաչմերուկը կարգավորողը կանգնեցրեց Սոնա Մնացականյանին, թույլ չէր տալիս անցնել, Սոնա Մնացականյանը թևի տակով փախավ, անցավ»։ 

Սոնա Մնացականյանի հայրը երկու անգամ հարցրել է նրան՝ վստա՞հ է, որ իր աղջիկը թևի տակով փախել, անցել է, քանի որ բոլորն են տեսել տեսագրությունը, վարորդը պատասխանել է, թե այո։ Այս դեպքի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մնացականյանի և Nissan-ի վարորդի միջև։

Սոնա Մնացականյանի հոր՝ Մնացական Մնացականյանի համար անհասկանալի է նաև, թե ինչպես են անհետացել ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրությունները։ «Պետական մակարդակի ավտոշարասյուն է անցնում, ձայնագրություններ չկան, դրանից երկու օր առաջ փչացել են»,- հեգնում է Սոնայի հայրը՝ համոզմունք հայտնելով, որ եթե այդ ձայնագրությունները լինեին, պարզ կլիներ, թե ղեկավարի կողմից ինչ ցուցում է տրվել, արդյոք այդ տեսուչին ժամանակի՞ն են ասել, որ ճանապարհը փակի և այլ հարցեր։ 

Գործի անհարկի ձգձգման վերաբերյալ հարց ուղղեցինք նաև ամբաստանյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանին։ «Դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք շարունակում ենք մնալ նույն կարծիքին, որ Արամ Նավասարդյանն այդ վրաերթի մեջ մեղավոր չէ»,- ասաց նա։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը չթույլատրեց նիստը տեսանկարահանել և լուսանկարահանել

Այսօրվա դատական նիստը դատավոր Կարեն Ֆարխոյանը արգելեց տեսանկարահանել և լուսանկարահանել՝ հիմք ընդունելով ամբաստանյալի պաշտպանների առարկությունը։ Ամբաստանյալ Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասաց՝ իրենց առարկության պատճառն այն է, որ դատական գործն օբյեկտիվ չի լուսաբանվում, իրենց կարծիքը երբեք չեն հարցրել և անընդհատ տուժող կողմի մեկնաբանություններն են վերցնում լրագրողները։ 

Րաֆֆի Ասլանյանն առարկեց դատարանի այս գործողությունների դեմ՝ հայտնելով, որ դատարանը խախտում է երկու սկզբունք՝ կողմերի մրցակցության և գործի հրապարակայնության։ Նա խնդրեց դատարանին պատճառաբանել այս որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ դատարանի այս որոշումն ունի ենթատեքստ․ «Այն պայմանավորված է գործի բնույթով, որ դատարանը թույլ չի տալիս, որ լրատվամիջոցները վեր հանեն իրականությունը, ներկա լինեն տեղի ունեցողին։ Պետական պատվերի շրջանակներում քննված քրեական գործով, պետական պատվերի ուղիղ միջամտությամբ, պետական պատվերով ազատության մեջ պահվող ամբաստանյալը հերթական արտոնություններից է օգտվում,  այս անգամ՝ արդեն դատարանի ձեռքով, ինչը տուժող կողմի համար ընկալելի չէ»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ արդեն երկու տարի է՝ ականատես են լինում այդ պետական պատվերին, և նույնիսկ ամբաստանյալի պաշտոնավարումը կասեցված չէ, հետևաբար՝ դատարանի այս գործողությունը դիտարկում են այդ ամբողջի համատեքստում, թեև դատարանի կողմից մինչ այս պահը որևէ խնդրի չեն հանդիպել։ 

Դատական նիստից հետո պարզ դարձավ, որ պաշտպան Ռուբեն Բալոյանը «ոչ օբյեկտիվ լուսաբանում» ասելով նկատի էր ունեցել «Ազատություն» ռադիոկայանին։ Սակայն «Ազատության» լրագրող Նարինե Ղալեչյանը հայտնեց, որ իր բոլոր ռեպորտաժներում ներառել է պաշտպանական կողմի կարծիքը և մեկնաբանությունը՝ ի դեմս Ռուբեն Բալոյանի։

Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանի վրաերթը տեղի էր ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ին, Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ։ Արամ Նավասարդյանի մեղադրանքում նշված է, որ նա իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ։

«Երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը։ Ժամանակին չդիմելով արգելակման՝ ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31-շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականի Մնացականյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»,- ասված է մեղադրանքում։

Գլխավոր լուսանկարում՝ Սոնա Մնացականյանը, աղբյուրը՝ Սոնա Մնացականյանի ամուսնու՝ Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter